Հարավային ուղղությամբ
թեժ մարտեր են
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախյան ճակատի հարավային ուղղությամբ։
«Ընթանում են թեժ մարտեր։ ՊԲ ստորաբաժանումները արժանի հակահարված են հասցնում թշնամական ուժերին»,- ասում է Շուշան Ստեփանյանը։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեկեղացնում է, որ վաղ առավոտից եղել է առաջնագծի հարավային թևում:
«Պաշտպանության բանակը ոչ միայն այդ ուղղությամբ, այլև շփման գծի ողջ երկայնքով շարունակում է յուրաքանչյուր սանտիմետր հողի համար կենաց ու մահվան պայքար մղել: Թշնամուն ջախջախելու մեր ջանքերը պսակվելու են հաջողությամբ», - ասում է Արցախի նախագահը:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ասում է, որ հակառակորդին «պատասխան հուժկու հարվածներն արդեն հասցվել են», թիրախները հաջողությամբ խոցված են:
Նա ավելացնում է, որ «թշնամին կենդանի ուժի եւ զինտեխնիկայի սարսափելի մեծ կորուստներ է կրում»։
Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ շփման գծի առաջնագծի որոշ ուղղություններում Պաշտպանության բանակը մարտավարական նպատակով հետ է քաշել զորքերը, որպեսզի բանակը խուսափի ավելորդ զոհերից եւ ավելի մեծ վնասներ հասցնի թշնամուն։
«Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։ Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ կերպով վարել մարտերը, եւ հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Արցախի Պաշտպանության բանակն այսօր ռազմաճակատի ամենաբարդ ուղղություններից մեկում կիրառել է մարտավարական հնարքներ, մասնավորապես՝ ադրբեջանական ստորաբաժանումների մոտ ստեղծել է նահանջի տպավորություն։
«Հակառակորդը, փորձելով արագ կերպով զբաղեցնել հայկական ուժերի թողած դիրքերը, հայտնվել է ծուղակում։ Այնուհետև, հրետանային հուժկու հարվածի արդյունքում ոչնչացվել է ադրբեջանական ստորաբաժանման մեծ մասը։ Մարտադաշտում թողնելով ավելի քան 200 սպանված զինծառայող, հակառակորդը անկանոն կերպով դիմել է փախուստի», - հայտնել է ՊՆ խոսնակը:
«Ադրբեջանի զինծառայողներն այսօր փախել են այնպես, ինչպես երեկ Մատաղիսից էին փախչում»,- հավելում է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Զարգացումները կարող են աղետալի լինել
տարածաջրջանի համար»
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին ասում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի այս տեմպերով զարգացումը աղետալի կլինի ամբողջ տարածաշրջանի համար:
Դավիթ Տոնոյանը
Պաշտպանության նախարարը ներկայացնում է ռազմական գործողությունների ընթացքը՝ ընդգծելով Թուրքիայի աննախադեպ անմիջական ներգրավվածությունն ու աջակցությունը ադրբեջանական կողմին։
Փաշինյանի
կամավորագրման կոչը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին մեկ տարվա ընթացքում բանակից զորացրված տղաներին կոչ է անում ներկայանալ Կենտրոնական զինվորական հավաքակայան եւ զինվորագրվել։
«Վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված տղաները օրենքով զորահավաքային մոբիլիզացիոն ռեսուրսի մեջ չեն մտնում, բայց ես հիմա նրանց բոլորին խնդրում եմ որպես կամավորական զինվորագրվել։ Ուզում եմ հրավիրել այդ մարդկանց եւ անկեղծ ասել, որ իրենք ուղղակի մարտական հերթապահություն չեն անցկացնելու, այլ հրավիրվում են կենաց-մահու կռիվ տալու եւ այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար»
Վարչապետը նշում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում զորացրվածների մարտական պատրաստությունն ավելի բարձր է, ինչի համար էլ որոշել է այդ կոչով հանդես գալ։
Նա ասում է, որ այդպիսի 10 000 տղա կա Հայաստանում, և եթե նրանցից գոնե կեսը ներկայանա այս կոչին ի պատասխան, «դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»։
«Ամեն սադրանք համարժեք
պատասխան է ստանալու»
Պաշտոնական Երեւանը հայտարարում է, որ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ եւ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավմամբ Արցախի նկատմամբ սանձազերծված ագրեսիան «ուղեկցվում է ողջամտության սահմաններն անցնող ապատեղեկատվության եւ կեղծիքների արշավով»:
ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ «անկարող լինելով ռազմաճակատում որեւէ հաջողության հասնելու՝ ադրբեջանական կողմը մի կողմից խոսում է երեւակայական հաջողությունների մասին, իսկ մյուս կողմից կեղծ լուրեր տարածում առ այն, իբրեւ թե Հայաստանն ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ հարվածներ է հասցնում»:
«Նման ստահոդ լուրերի տարածմամբ Ադրբեջանը նաեւ հող է նախապատրաստում իր հանցավոր քաղաքականության շարունակման եւ պատերազմի աշխարհագրության ընդլայնման համար: Ադրբեջանական կողմի յուրաքանչյուր սադրանք կստանա համարժեք պատասխան Հայաստանի Հանրապետության կողմից», - ասվում է հայտարարության մեջ:
«Թող որեւէ մեկը չմտածի,
թե սա շատ հեռու է Եվրոպայից»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե որեւէ կասկած չունի, որ Թուրքիան ցանկանում է ազատվել հայերից:
«Դա Թուրքիայի պատմական նպատակն է», - ասում է վարչապետը «Ֆրանս24»-ին:
«Սա Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է: Թուրքիան 100 տարի անց վերադարձել է Հարավային Կովկասի տարածաշրջան՝ շարունակելու հայերի ցեղասպանությունը: Ընդ որում, դա ոչ թե ուղղակի հայերից վրեժ լուծելու կամ հայատյացությունը պարպելու միջոց է, այլ Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ ընդլայնելու իրենց էքսպանսիան»
Արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, վարչապետն ասում է.
Նիկոլ Փաշինյանը եւ «Ֆրանս24»-ի լրագրողը
«Այդ ՆԱՏՕ-ի անդամն ընդամենը մեկ ամիս առաջ հարձակվել էր ՆԱՏՕ-ի մեկ ուրիշ անդամ Հունաստանի վրա: Ի՞նչ է անում Թուրքիան Միջերկրական ծովում, Սիրիայում, Իրաքում: Այսօր Թուրքիան հստակ խնդիր ունի՝ վերականգնել թուրքական կայսրությունը»:
Նիկոլ Փաշինյանը շեշտում է, որ «խաղաղ կարգավորման մասին լրջորեն կարելի է խոսել այն ժամանակ, երբ ահաբեկիչները եւ Թուրքիան այս տարածաշրջանից հեռանան:
«Թող որեւէ մեկը հանկարծ չմտածի, թե սա շատ հեռու է Եվրոպայից: Սա շատ հեռու չէ Եվրոպայից, եւ այս է պատճառը, որ ասում եմ՝ Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են քաղաքակրթական առաջնագծեր», - ասում է Փաշինյանը:
Պուտինի եւ Փաշինյանի
չորրորդ հեռախոսազրույցը
Կայանում է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի սկսվելուց ի վեր Նիկոլ Փաշինյանի չորրորդ հեռախոսազրույցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների եւ քաղաքացիական բնակչության զոհերի: Ռուսական կողմը վերստին ընդգծել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման կարևորությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանում է, թե ինչու հակամարտության սրման սկզբից ի վեր Վլադիմիր Պուտինը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետի հետ եւ ոչ մի անգամ չի զրուցել Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների հետ:
Պեսկովը նշում է, որ «դա պայմանավորված է նախագահների աշխատանքային ժամանակացույցերով եւ նպատակահարմարությամբ»:
«Դա ամենեւին չի նշանակում, որ ռուսական կողմը աշխատանքային շփումների դեֆիցիտ ունի: ՌԴ արտաքին գործերի նախարար Լավրովը մշտական կապի մեջ է Ադրբեջանի եւ Թուրքիայի իր գործընկերների հետ: Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ռուս-թուրքական եւ ռուս-ադրբեջանական երկխոսությունը, ինչպես նաեւ ռուս-հայկական երկխոսությունն իրականացվում են բարձր մակարդակով եւ շարունակական հիմունքներով»
Միեւնույն ժամանակ, նա ասում է, որ անհրաժեշտության դեպքում Պուտինը կզրուցի Ալիեւի եւ Էրդողանի հետ:
Ռուբեն Վարդանյանի ուղերձը
Սոցիալական ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը հանդես է գալիս տեսաուղերձով, ասելով, որ «կանգնած ենք հումանիտար աղետի շեմին»:
Դիմելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նա, մասնավորապես, ասում է.
«Դիմում եմ Ձեզ որպես Ռուսաստանի քաղաքացի: Մենք տեսնվել ենք մեկ անգամ, «Սկոլկովո» բիզնես-դպրոցի հիմնարկեքին: Ես միշտ ձգտել եմ լինել Ռուսաստանի լավ քաղաքացի եւ անել եմ ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը բարգավաճի: Որպես առաջնորդ, Դուք կարող եք շատ բան անել, եւ Ձեր մասնակցությունը եւ վերաբերմունքն այսօր շատ բան են որոշում: Սա տարածքային կոնֆլիկտ չէ, սա պատերազմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ամեն ինչ շատ ավելի լուրջ է: Եվ եթե ամեն ինչ ավարտվի արհավիրքով, դա անբուժելի վերք կդառնա Ռուսաստանի համար: Ես երազում եմ, որ Ռուսաստանը հասկանա, որ մասնակցությունն այս գործընթացին սկզբունքային կարեւորություն ունի Ռուսաստանի ժողովրդի համար: Սա աշխարհաքաղաքական ռումբ է, որը կարող է պայթել Ռուսաստանում»:
Ռուբեն Վարդանյանը
«Եթե դուք չանեք այն, ինչ պարտավոր եք անել որպես երդում տված եւ բարոյական արժեքներ ունեցող մարդիկ, դուք ամոթով եք ապրելու տասնյակ տարիներ: Մի վերացրեք ձեր վերջին դաշնակիցներին, մի արեք այնպես, որպեսզի ոչ ոք չհավատա, որ Ռուսաստանի հետ կարելի է լինել հաջողակ եւ ուժեղ», -ասում է Վարդանյանը՝ դիմելով Ռուսաստանի ռազմաքաղաքական էլիտային:
«Միջազգային ընդգծված
համակրանքն ակնհայտ է»
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնում, որ «մեր բարեկամները եւ առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։
Արարատ Միրզոյանը հավելում է, որ «միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է»։
Երեւանը Իսրայելին հորդորում է
զենք չմատակարարել Ադրբեջանին
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի նախագահ Ռյուվեն Ռիվլինին հորդորում է օգտագործել ազդեցությունն իր երկրի կառավարության վրա՝ անհապաղ դադարեցնելու զենքի մատակարարումներն Ադրբեջանին:
Արմեն Սարգսյանը եւ Ռյուվեն Ռիվլինը
«Այդ զինատեսակները լայնորեն կիրառվում են հայկական բնակավայրերը հրետակոծելու նպատակով եւ քաղաքացիական խաղաղ բնակչության դեմ՝ հանգեցնելով մարդկային բազմաթիվ զոհերի ու հսկայական ավերածությունների», - ասում է Արմեն Սարգսյանը՝ ընդգծելով, որ զենքի մատակարարումը լրջորեն կարող է վտանգել հայ-իսրայելական հարաբերությունները:
Իսրայելը մեղադրում է Թուրքիային
Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը մեղադրում է Թուրքիային տարածաշրջանը ապակայունացնելու համար:
Խոսելով Սիրիայի հյուսիսում եւ արեւելյան Միջերկրականում Թուրքիայի գործողությունների, ինչպես նաեւ Լիբիա ներխուժելու մասին, Իսրայելի պաշտպանության նախարարն ասում է, որ «այս ամենը հեռացնում է մեզ կայունությունից»:
Գանցը նկատում է, որ «Թուրքիայի խնդիրը բարդ է, քանի որ այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է»:
«Ուստի մենք պետք է օգտագործենք բոլոր տարբերակները եւ փորձենք գործել նրանց վրա միջազգային ճնշում բանեցնելու միջոցով, որպեսզի համոզված լինենք, որ նրանք ուղղակիորեն չեն ներգրավվի ահաբեկչության մեջ»
Թուրքիան Հայաստանին
«ռազմական հանցագործ» է անվանում
Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները Հայաստանին մեղադրում են «ռազմական հանցագործություններ» գործելու մեջ:
«Հայաստանը թիրախավորում է Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը, ինչը ռազմական հանցագործուն է», - ասում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ բարձրաստիճան զինվորականների հետ օնլայն հանդիպմանն ասում է, որ «Հայաստանը պետք է դուրս գա գրավյալ տարածքներից եւ դադարեցնի համագործակցությունը ահաբեկչական կազմակերպությունների հետ եւ ազատվի վարձկաններից»:
Նա ավելացնում է, որ «թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, Հայաստանը ռազմական հանցագործություն է գործում, եւ այդ մասին պետք է իմանան բոլորը»:
Արաբական լիգայի քարտուղար.
«Սա լավ չի ավարտվի Թուրքիայի համար»
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը նախազգուշացնում է Թուրքիային՝ Կովկասում և Միջերկրածովյան տարածաշրջաններում լարվածությունը մեծացնելու համար՝ ասելով, որ «դա լավ չի ավարտվի»:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռազմական միջամտություն է ունենում Եգիպտոսում, Սիրիայում, Իրաքում և Լիբիայում: Էրդողանը նաև միջամտել է Կովկասում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, բախումներ ունեցել Հունաստանի և Կիպրոսի հետ և հարձակվել է Միջերկրական ծովի արևելյան տարածքների վրա, ինչը ստիպել է Ֆրանսիայի նման մեծ ու ազդեցիկ երկրին կործանիչներ ու ավիակիր ուղարկել Կիպրոս: Բոլորն այժմ ասում են Էրդողանին, որ իր գործողությունները հետևանքներ են ունենալու», - ասում է Ահմեդ Աբուլ Գեյթը հեռուստատեսային ելույթում, որը մեջբերում է Arab News-ը:
Ահմեդ Աբուլ Գեյթը
«Ինձ զայրացնում է այն փաստը, որ սիրիացի վարձկաններ են օգտագործվում Ադրբեջանի օգտին Հայաստանի դեմ կռվելու համար... Շատ ցավալի է, որ սիրիացի վարձկաններ են Էրդողանի կողմից օգտագործվում են Թուրքիայի հետ կապ չունեցող դեպքերում», - ավելացնում է նա:
Լավրովը, Լե Դրիանը եւ
Պոմպեոն կոչ են անում
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի գործերով եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ դը Դրիանը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն «ամենավճռորոշ կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում եւ դրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ եւ վտանգավոր սրումը»:
Նախարարների համատեղ հայտարարությունում ասվում է.
«Նախարարներն անվերապահորեն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց թիրախը ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն էին, ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքներում՝ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս, ինչպես նաեւ նման հարձակումների անհամաչափությունը, անընդունելի սպառնալիք են ստեղծում տարածաշրջանում կայունության համար:
Վկայակոչելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների առաջնորդների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը, նախարարները կրկին հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ եւ անվերապահորեն զինադադար հաստատել:
Համանախագահ-երկրները հաստատակամորեն տրամադրված են լիարժեք իրականացնել ԵԱՀԿ եւ միջազգային հանրության կողմից տրված մանդատը՝ Մինսկի խմբի անդամ-երկրների աջակցությամբ: Համաձայն այդ մանդատի նրանք կշարունակեն հետեւողականորեն մեծացնել համագործակցությունը կողմերի հետ, կոչ անելով նրանց առանց հապաղելու ստանձնել կարգավորման գործընթացի վերականգնման պարտավորությունը՝ գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների եւ համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք քաջ ծանոթ են երկու կողմերին»:
Ալիեւը շարունակում է
քննադատել Մակրոնին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության դեէսկալացիայի մասին «անընդունելի են», եւ Փարիզն «ինքն իրեն հեռացնում է» կարգավորման գործընթացից:
«Նա մեզ մեղադրեց, զրպարտեց, եւ դա մեզ համար անընդունելի է: Նրա հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին ահաբեկիչներ է բերել տարածաշրջան, ապա մեկ այլ հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանը ցանկանում է գրավել Լեռնային Ղարաբաղը, եւ մենք դա թույլ չենք տա: Լեռնային Ղարաբաղը մեր հողն է, ինչպե՞ս կարող է պետությունը գրավել սեփական հողերը: Ֆրանսիան ինքն իրեն դուրս դրեց այս եռյակից, եւ մենք չենք կարող լռել այս մասին»
Կանադան դադարեցնում է
ԱԹՍ-ների
մասերի վաճառքը Թուրքիային
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը հայտարարում է, որ իր երկիրը դադարեցնում է Թուրքիա արտահանել այն տեխնոլոգիական մասերը, որոնք օգտագործվում են անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ:
«Վերջին օրերին պնդումներ եղան այն մասին, որ կանադական տեխնոլոգիաներն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում: Ես հանձնարարել էի հետաքննել դրանք եւ որոշում եմ կայացնել դադարեցնել արտահանման թույլտվությունը՝ մինչեւ հարցի հետագա ուսումնասիրությունը», - ասում է Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպանը:
Ջասթին Թրյուդոն եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Իսկ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն տեղեկացնում է, որ իր երկրի արտաքին գործերի նախարարը կմեկնի Եվրոպա.
«Ուզում եմ տեղեկացնել մեր քաղաքացիներին, որ խնդրել եմ արտաքին գործերի նախարարին ուղեւորվել Եվրոպա եւ մեր դաշնակիցների հետ քննարկել Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի զարգացումները, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղում»:
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Reuters-ի եւ Ֆոտոոլուրի լուսանկարները: