Մարտերը շարունակվում են
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:
«Այդ հրետանային կայանքները գտնվում են Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում, ինչը նշանակում է, որ սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում ՊԲ իրականացրած թիրախային հարվածների հետևանքով Ադրբեջանի ԶՈւ կորպուսային հրետանին կրել է լուրջ կորուստներ»,- հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից:
DANA ինքնագնաց հրետանային կայանքը
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ օրվա ընթացքում մարտական գործողությունները շարունակվել են բոլոր ուղղություններով, այդ թվում՝ կենտրոնական:
«Հյուսիսում Ադրբեջանի ԶՈՒ-ն հարձակման մի քանի փորձ է ձեռնարկել, որոնք հետ են մղվել՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ: Կիրառվել է ավիացիա, հիմնականում մարտավարական ինքնաթիռներ, որոնք որեւէ հաջողության չեն հասել»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշում է, որ Կենտրոնական ուղղությամբ մի քանի դիվերսիոն խմբեր փորձել են ներթափանցել ՊԲ դիրքեր եւ առաջանալ, սակայն հրետանու դիպուկ կրակից հետո դիմել են փախուստի:
«Հարավային ուղղությամբ օջախային մարտերը շարունակվել են, ուղղությունը թեքվել է ավելի մոտ Արաքս գետի հունին: Մի քանի տեղերում մեր զինված ուժերը հակառակորդի առաջխաղացման բոլոր փորձերը կասեցրել են՝ զգալի կորուստներ պատճառելով»
Հայաստանի եւ Արցախի
նախկին նախագահների
հանդիպումը
Տեղի է ունենում խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը:
Այդ մասին տեղեկացնում է առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Արման Մուսինյանը:
«Այս փուլում Արցախի խնդիրը
դիվանագիտական լուծում չունի»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «Արցախի խնդիրը գոնե այս փուլում դիվանագիտական լուծում չունի»:
«Բոլոր այն հույսերը, թե պետք է դիվանագիտական լուծում գտնել, այս իրավիճակում պետք է ավարտված համարել», - ասում է Փաշինյանը՝ դիմելով ժողովրդին:
«Մեր անելիքը մեկն է՝ զենք վերցնել ու մինչեւ վերջ պայքարել մեր ժողովրդի իրավունքների համար, որպեսզի վերջում դիվանագիտական եղանակով հասնենք որեւէ ընդունելի տարբերակի, որը վերջնական կլինի», - նշում է Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը
Նա տեղական կառավարման մարմինների, կուսակցությունների, հասարականան կազմակերպությունների ղեկավարներին կոչ է անում ձեւավորել կամավորական ջոկատներ եւ հանձնել դրանք Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո:
Վարչապետն ասում է, որ «առաջնագծում բավականին բարդ ու դժվար իրավիճակ է, ողջ հարավով մարտական գործողություններ են ընթանում»:
Նրա խոսքով, «հակառակորդը մարտի է նետում վերջին ռեզերվները»:
«Այո, նրանց ռեսուրսները մեծ են, բայց մեր բանակը աննկարագրելի ծավալի կորուստներ է պատճառում հակառակորդին ու Ադրբեջանը հումանիտար հրադադարի չի համաձայնում նաեւ այս պատճառով, քանի որ ունի 10 հազարին մոտ կորուստներ: Ադրբեջանը վախենում է նաեւ սպանված վարձկանների եւ թուրք զինծառայողների դիակների առկայության փաստերի ի հայտ գալուց»
Նախագահը հանդիպում է ԵՄ եւ
ՆԱՏՕ-ի ղեկավարներին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով ժամանում է Բրյուսել:
Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելն ասում է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է վերջ դրվի բռնությանը:
Արմեն Սարգսյանն ու Շարլ Միշելը
«Կողմերը պետք է հարգեն հրադադարը եւ առանց նախապայմանների վերադառնան բանակցություններին: Արտաքին միջամտությունն անընդունելի է», - նշում է նա:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ճեպազրույցում Արմեն Սարգսյանն ասում է, որ եթե դաշինքի անդամ Թուրքիան դադարի խառնվել ԼՂ հակամարտությանը, դա կողմերին հնարավորություն կտա պահպանել զինադադարը եւ վերադառնալ բանակցություններին:
Արմեն Սարգսյանն ու Յենս Ստոլտենբերգը
«Ցավոք, հակամարտության մեջ ներգրավվել է երրորդ կողմը, որը ոչ միայն քաղաքական եւ դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, այլեւ՝ ռազմական: Եվ ցավոք, այդ երկիրը ՆԱՏՕ-ի անդամ է՝ դա Թուրքիան է», - ասում է Արմեն Սարգսյանը:
Լավրովի հանդիպումները
Բայրամովի եւ
Մնացականյանի հետ
Հոկտեմբերի 20-ին եւ 21-ին Մոսկվայում տեղի են ունենում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի առանձին հանդիպումները Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հրատապ հարցեր:
«Գործ ունենք
բարդ իրավիճակի հետ»
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասում է, որ արտաքին դերակատարները չպետք է «յուղ լցնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա»:
Պոմպեոն ասել է, որ «գործ ունենք բարդ իրավիճակի հետ», որը կարգավորելու համար արտաքին ուժերը չպետք է «յուղ լցնեն», ինչպես նաեւ զենք մատակարարեն, որպեսզի կողմերը կարողանան դիվանագիտական լուծում գտնել:
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են ՀՀ կառավարության, ՀՀ նախագահի մամուլի ծառայությունների եւ REUTERS-ի լուսանկարները: