Հակառակորդը նահանջում է
Խուդաֆերինի ջրամբարի մոտ
Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հյուսիսային թեւում հակառակորդը կիրառում է ավիացիա եւ հրետանի, իսկ հարավային ուղղությամբ շարունակվում են ինտենսիվ ծանր մարտերը։
Ընդունելով ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է, որ առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական եւ Միջնավան համայնքների տարածքներում:
Ավելի ուշ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբարի մոտ նահանջում է, մեծ կորուստներ կրելով:
«Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում», - նշում է նա:
Խուդաֆերինի ջրամբարը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը եւ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը կարժանանան Ազգային հերոսի կոչման։
«Հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, նրանք փառքով պսակեցին իրենց անունը։ Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի»
Հանդիպում Արկադի Ղուկասյանի եւ
Բակո Սահակյանի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին դիմագրավելու ուղղությամբ քայլերը, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Կասեցնել «Բայրաքթարի»
մասերի արտահանումը Թուրքիա
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հայկական կողմում հայտնված «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքի բեկորները ապացուցում են Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում եւ դրա նախապատրաստություններին:
«Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ մեկ տասնյակ թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարք է խոցել, որոնք, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել:
Վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք. այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին:
Այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային, պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները»,- նշում է Նիկոլ Փաշինյանը:
Պուտինի եւ Մակրոնի զրույցը
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնը «մանրամասն քննարկում» են անցկացնում հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ:
«Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է ռազմական գործողությունների հետագա սրումը կանխելու եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական եւ դիվանագիտական կարգավորման ուղղությամբ բանակցությունների շուտափույթ վերսկսմանն ուղղված քայլերի մասին: Շեշտվել է հոկտեմբերի 10-ին եւ 17-ին ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունները պահպանելու կարեւորությունը:
Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնը
Ընդգծվել է նաեւ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի սերտ համակարգված աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարգավիճակում, այնպես էլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով», - ասվում է Կրեմլի հաղորդագրությունում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը
քննարկում է հրադադարի
վերահսկումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի վերահսկողությունն ապահովելու անհրաժեշտությունը:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան Լեռնային Ղարաբաղի հարցով Անվտանգության խորհրդի փակ հանդիպումից հետո ասում է.
«Այժմ անհրաժեշտ է ապահովել հրադադարի ռեժիմի իրականացումը, սա ամենահրատապ խնդիրն է: Պայմանավորվածությունը ձեռք է բերվել, բայց չի իրականացվել: Հիմնական հարցը մնում է այն, թե ինչպես ապահովել դրա իրականացման վերահսկողությունը: Այս հարցը քննարկվել է խորհրդակցությունների ընթացքում, եւ Անվտանգության խորհուրդը բավականին միակարծիք է եղել իր մոտեցումներում»:
Նա բացատրում է, որ ՄԱԿ-ի դիտորդական առաքելություն տարածաշրջան ուղարկելու համար Անվտանգության խորհրդի կողմից հատուկ մանդատ է պահանջելու: «Դա արագ գործընթաց չէ», - նկատում է Նեբենզյան:
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Արցախի ՊԲ-ի, REUTERS-ի լուսանկարները: