Ճակատային գծի
բոլոր ուղղություններում


Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում:

«ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ կանխում են հակառակորդի հարձակողական գործողությունները՝ վերահսկողության ներքո պահելով օպերատիվ-մարտավարական իրադրությունը»,- ասվում է ՊԲ հաղորդագրության մեջ:

Օրվա վերջում ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ ռազմաճակատի տարբեր հատվածներում համեմատաբար մեծ լարվածություն չի եղել:


«Կենտրոնական ուղղությունից՝ Մարտունուց դեպի հարավ եւ Հադրութից համեմատաբար հյուսիսային կողմ անտառների եւ բնակավայրերի հարակից տարածքներում այսօր չեզոքացվել է մեկ դիվերսիոն հետախուզական խումբ, բայց մարտերը դիվերսիոն խմբերի դեմ շարունակվում են: Հարավային ուղղությամբ եւս շատ թեժ մարտեր չեն եղել: Հակառակորդը մի քանի անգամ փորձել է հարձակողական գործողություններ իրականացնել փոքր օջախային գրոհների տեսքով՝ կիրառելով տարբեր տեսակի տեխնիկա: Կատարված փորձերը մի քանի անգամ կանխվել են, հետ են շպրտվել, որոշ հատվածներում հակառակորդը նահանջ է ունեցել»


***


Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորվան հետեւանքով առնվազն 37 խաղաղ բնակիչ է զոհվել, 108-ը՝ վիրավորվել:

«Դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհերի եւ վիրավորների վերաբերյալ որոշակի նախնական տվյալներ ունենք: Հաշվի առնելով ադրբեջանական բանակի ձեռագիրը՝ ռիսկը մեծ է, որ կարող են խոշտանգման եւ սպանությունների այլ դեպքեր էլ լինել, որովհետեւ անհայտ կորած քաղաքացիական անձինք կան»,- ասում է Արտակ Բեգլարյանը:



Նա նշում է, որ վերջին օրերին ավիացիայով եւ հրթիռներով թիրախավորվում են Մարտակերտի, Մարտունու, Հադրութի բնակավայրերն ու քաղաքացիական օբյեկտները, կենսական նշանակության ճանապարհներ, որոշակի պարբերականությամբ նաեւ Ստեփանակերտն է հրթիռակոծվում:


Մնացականյանը հանդիպում է
համանախագահների հետ


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վաշինգտոնում հանդիպում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Նախարարը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի կողմից՝ հոկտեմբերի 10-ին եւ 17-ին կրակի դադարեցման վերաբերյալ ձեռքբերված համաձայնությունների տապալման առնչությամբ եւ ընդգծում է, որ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նկրտումները մարտահրավեր են ողջ տարածաշրջանի համար:


«Ռազմական լուծում չկա»


ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը բավական կոշտ է նկարագրում իր հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

 


«Ես պնդել եմ անհապաղ հրադադարի եւ այնուհետեւ՝ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին վերադարձի անհրաժեշտությունը, ինչպես նաեւ դրսի դերակատարների կողմից իրավիճակի հետագա ապակայունացման մերժումը: Ռազմական լուծում չկա»

 

Ռոբերտ Օ’Բրայենը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման մասին գրառման տոնայնությունը տարբեր է.

«Քննարկել ենք անհապաղ հրադադարի եւ Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի հետ բանակցություններին վերադառնալու անհրաժեշտությունը: ԱՄՆ-ն կշարունակի լրջագույն դիվանագիտական ջանքերը բոլոր մակարդակներում՝ մինչեւ չհասնենք հակամարտության կարգավորմանը»:


Bombardier-ն դադարեցնում է
ավիացիոն շարժիչների
վաճառքը Թուրքիային


Կանադական Bombardier Recreational Products (BRP) ընկերությունը հայտնում է, որ դադարեցնում է ԱԹՍ-ների շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»:

Քվեբեք նահանգում գործող BRP ընկերությունը, որն առավել հայտնի է որպես Ski-Doo եւ Lynx ձյունագնացների արտադրող, հայտնում է, որ միայն նախորդ շաբաթ է տեղեկացնել այն մասին, որ Ավստրիայում գտնվող իր Rotax դուստր ընկերության արտադրած շարժիչներն օգտագործվում են թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներում:

 




BRP-ի ավագ փոխնախագահ Մարտին Լանգելյեն Կանադային միջազգային ռադիոյին ասում է, որ տեղեկանալուց անմիջապես հետո իրենք մանրամասն հետաքննություն են սկսել՝ միաժամանակ դադարեցնելով ավիացիոն շարժիչների մատակարարումը «անհստակ գործածությամբ երկրներ»: Լանգելյեն շեշտում է, որ Ավստրիայում Rotax-ի արտադրած բոլոր շարժիչները սերտիֆիկացված են բացառապես քաղաքացիական նպատակներով օգտագործվելու համար:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են ՀՀ կառավարության, ՀՀ նախագահի մամուլի ծառայությունների եւ REUTERS-ի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: