Մարտեր Հադրութում


Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ Հադրութի ուղղությամբ շարունակվում է ներթափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի շրջափակման եւ ոչնչացման գործողությունը:

«Ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն մասին, որ իբր Կարմիր Շուկայի ուղղությամբ նահանջող ՊԲ ստորաբաժանումներին հասցվել են հրետանային հարվածներ, որոնց արդյունքում կան լուրջ կորուստներ:
Ադրբեջանական քարոզչամեքենան, սովորության համաձայն, խեղաթյուրում է իրականությունը՝ փորձելով ամեն գնով ապացուցել Հադրութը վերահսկողության տակ վերցնելու մասին Իլհամ Ալիեւի մերկապարանոց հայտարարությունը:
ՊԲ ստորաբաժանումները ռազմաճակատի ամբողջ երկարությամբ շարունակում են վստահորեն կատարել առաջադրված մարտական խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Ավելի ուշ Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ Հադրութի հատվածում լայնածավալ մարտական գործողությունները շարունակվում են.

«Թշնամին, մեծաքանակ ուժեր կենտրոնացրելով այդ ուղղությամբ, ամեն կերպ փորձում է ներխուժել քաղաք: Պաշտպանության բանակը ամեն թիզ հողի համար ծանր մարտեր է մղում»:


Արծրուն Հովհաննիսյանը կոչ է անում
վստահել բանակին

 

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը բանակին վստահելու կոչ է անում:

«Մի քանի անգամ անդրադարձել եմ այն հարցին, որ հստակ դիրքեր, բնագծեր, նույնիսկ բնակավայրեր նշելը պատերազմի այս փուլում տեղին չէ: Պատերազմը սաստիկ է, հայկական բանակը վարում է ծանր մարտեր, իրեն մի քանի անգամ գերազանցող թուրք-ադրբեջանական ուժերի դեմ, որոնց աջակցում է թուրքական օդուժը, հետախուզական և այլ համակարգերը, մեծ թվով վարձկաններ, ահաբեկիչներ և մասնավոր զինվորական կազմակերպություններ: Այդ գերազանցող ուժերին հայկական բանակը դիմակայում է մեծ հաջողությամբ, այնպիսի հաջողությամբ, որ համաշխարհային փորձագետներն են անգամ նշում դրա մասին:
Ըստ մարտավարական և օպերատիվ անհրաժեշտության Պաշտպանության բանակը կատարում է ինչպես նահանջ ու բնագծերի փոփոխություն, այնպես էլ հարձակում ու հակահարձակում: Վստահենք մեր բանակին: Մենք, անկասկած, հաղթելու ենք», - ասում է Արծրուն Հովհաննիսյանը:


«Այնքան մարդ ենք կորցրել,
որ հաշվելն անհնար է»


Արաբական Միացյալ Էմիրություններում լույս տեսնող The National պարբերականը նոր վկայություններ է ներկացնում Ադրբեջանի կողմից կռվող սիրիացի զինյալների մասին:

Պարբերականի զրուցակից զինյալներից մեկն ասում է.

«Մենք այնքան մարդ ենք կորցրել, որ չեմ կարող նույնիսկ հաշվել»:

«Չգիտեմ, թե այստեղ ինչ ենք անում»:

«Թուրքերը մեզ այնպիսի իրավիճակի մեջ են դրել, որ չենք կարող այստեղից փախչել»:

Երեք երեխաների հայր Իբրահիմը The National-ին պատմում է, որ ադրբեջանական զորքերը իրենցից մի քանի կիլոմետր ետ են մնում եւ իրենց աջակցում են միայն թուրքական ԱԹՍ-ները:

«Սուլթան Մուրադի բրիգադ» խմբավորման անդամ Իբրահիմն ասում է, որ իրենք տեղակայված են Իրանի սահմանին մոտ: Նրա հաշվարկով, մոտ 3 000 սիրիացի զինյալ է կռվում Ղարաբաղում:


«Իրավիճակը շարունակում է
օրհասական մնալ»


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ «արցախյան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրավում են պայքարի մեջ»:


 

Նա առաջին անգամ անում է հայտարարություն, որը վկայում է իրավիճակի լրջության մասին.

 


«Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիվ հանդիպումներ եմ ունենում աշխարհազորի հետ: Բոլորս մեկ մարդու պես պետք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկության հարցն է: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամության եւ համախմբված կերպով հող հայրենին պաշտպանելու համար»:


Փաշինյանի հանդիպումները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադառնում է Ադրբեջանի ստեղծված իրավիճակին, կառավարության քայլերին եւ գործողություններին, այդ թվում՝ դիվանագիտական ասպարեզում:


 

Նույն օրը հանդիպելով Երեւանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շատ մոտ ենք հումանիտար ճգնաժամի վիճակին, եթե չասենք արդեն իսկ հումանիտար ճգնաժամի առաջ ենք»:

Նա նշում է, որ հումանիտար ճգնաժամը կանխարգելելու միակ արդյունավետ միջոցը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ընդհուպ՝ անկախության ճանաչումը:

 



 

«Այս պահին իրավիճակը լարված է հատկապես հարավային հատվածում, եւ ըստ էության, հրադադար մենք չունենք: Հայաստանը հստակ արձանագրել է հրադադարի ռեժիմը պահպանելու հայտարարությունը: Մեր ակնկալիքն է, որ համանախագահող երկրներն իրենց ջանքերը կշարունակեն գործադրել, եւ մենք պատրաստ ենք այս գործընթացում լինել կառուցողական: Բայց կարծում ենք, որ բանակցային գործընթացի վերականգնումը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, ինչպես ընդունված է Մոսկվայի հայտարարության մեջ»


Լավրովն ու Մնացականյանն
արձանագրում են,
որ հրադադարը չի գործում


Ռուսաստանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում կայացած հանդիպմանը արձանագրում են, որ հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունները չեն պահպանվում:

Հայաստանի արտգործնախարարը հոկտեմբերի 12-ին ժամանում է Մոսկվա նախապես ծրագրված պաշտոնական այցով:

 

Սերգեյ Լավրովն ու Զոհրաբ Մնացականյանը

 

Հանդիպման սկզբում Լավրովը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ից 10-ը Մոսկվայում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ բանակցություններ էին կայացել, որոնց արդյունքը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հայտարարությունն էր:

«Սակայն հրադադարը լիովին չի պահպանվում, ռազմական գործողությունները շարունակվում են», - ասում է Լավրովը՝ նշելով, որ ռուսական կողմը կշարունակի աշխատանքը կողմերի հետ՝ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը հասնելու նպատակով:

Զոհրաբ Մնացականյանը հայտարարում է, որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, «իրական սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը» եւ դարձել է «մեր հայրենակիցների կյանքին սպառնացող գոյաբանական սպառնալիքի մարմնացումը, որը հասունանում էր տասնամյակների ընթացքում եւ որի մասին մենք անընդհատ խոսում էինք»:

«Այսօր կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը չի կատարում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ շարունակում է լայնածավալ ագրեսիան», - ասում է Զոհրաբ Մնացականյանը: Նա շեշտում է, որ Ադրբեջանը նպատակաուղղված թիրախավորում է Արցախի խաղաղ բնակիչներին եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում օգտագործելով արգելված զինատեսակներ:

Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները մեկնաբանում են Ադրբեջանի հայտարարությունները ԼՂ կարգավորման գործընթացում Թուրքիայի դերի մասին:

 

Զոհրաբ Մնացականյանը


Զոհրաբ Մնացականյանն ասում է, որ «Թուրքիայի ակտիվ դերը ներկա պահին արտահայտվում է Ադրբեջանին ռազմական աջակցությամբ եւ տարածաշրջանում ահաբեկիչների առկայությամբ»։

Նա շեշտում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը կարգավորման միակ արդյունավետ ձեւաչափն է։

Սերգեյ Լավրովն էլ ընդգծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական լիազորությունները վստահվել են երեք համանախագահներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, եւ վերջին օրերին համաշխարհային մայրաքաղաքներից հնչող հայտարարություններն էլ հաստատել են համանախագահների մանդատի պահպանումը։

 


«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերահաստատել են բանակցությունների անփոփոխ ընթացքն ու ձեւաչափը, եռակողմ հայտարարությամբ էլ հաստատել ենք քաղաքական կարգավորումը՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք մշակվել են համանախագահների մասնակցությամբ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ողջունել է մոսկովյան պայմանավորվածությունները։ Ես խոսել եմ նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ, նա հաստատել է, որ սատարում են Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունը։ Այժմ անհրաժեշտ է, որ այդ որոշումը կյանքի կոչվի»


Հայաստանը «մտադիր է տարածաշրջանը
մաքրել ահաբեկիչներից»


Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հայտարարում է, որ «Հայաստանը Արցախի անվտանգության միակ երաշխավորն է եւ կձեռնարկի բոլոր միջոցները տարածաշրջանը ահաբեկիչներից եւ նրանց հովանավորներից մաքրելու համար»:

 

Զոհրաբ Մնացականյանը


«Ադրբեջանը դարձել է Թուրքիայի ազդեցության ընդլայնման հարթակ եւ միջազգային ահաբեկչության օջախ, որը հղի է ահաբեկչության ակտիվության աճով ինչպես բուն տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս»,- նկատում է Հայաստանի արտգործնախարարը:


ԵՄ-ն մտադիր է շարունակել
գործակցել Մոսկվայի հետ ԼՂ հարցում

 

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության Գերագույն ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը խոսում է ԼՂ կարգավորման հարցում Եվրամիության եւ Ռուսաստանի համագործակցության մասին:

Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո պատասխանելով ԵՄ եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին հարցին՝ Ալեքսեյ Նավալնիի թունավորման եւ հնարավոր պատժամիջոցների լույսի ներքո, Ջոզեպ Բորելն ասել է, որ ՌԴ-ն եւ Եվրամիությունը համագործակցում են տարբեր հարցերում:

 


«Օրինակ, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է, եւ նախագահը Մակրոնը պետք է խոսի նախագահ Պուտինի հետ, եթե մենք ուզում ենք հրադադար հաստատել: Մենք չենք պատրաստվում դադարեցնել դա՝ Նավալնիի գործով պատժամիջոցների պատճառով»

 

Նա ասում է, որ հանդիպմանը Ֆրանսիայի ԱԳ նախարարը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանը եւ բանակցությունների վերսկսմանը:

«Մենք քննարկեցինք, թե ինչպես կարող ենք էական աջակցություն ցուցաբերել հոկտեմբերի 10-ին համաձայնեցված հրադադարին, որի իրագործումը շատ կարեւոր է: Նախարարները նաեւ շեշտեցին, որ տարածաշրջանային բոլոր դերակատարները պետք է նպաստեն ռազմական դիմակայության դադարեցմանը եւ խաղաղությանը», - ասում է Բորելը:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Էրիկ Գրիգորյանի, Reuters-ի, Ֆոտոլուրի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: