«Շուշիի շրջակայքում
իրավիճակը փոխված է»
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ թշնամական ուժերի հարձակողական գործողությունները ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են:
Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաեւ հարավ-արեւմտյան՝ Բերձորի հատվածում»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը երեկոյան ասում է, որ շուրջ երկու օր չեն դադարել մարտերը Շուշիի շրջակայքում:
Նա հայտնում է, որ ինտենսիվ ու ծանր մարտեր են ընթացել Շուշիի տանող ճանապարհներին, քաղաքի մերձակայքում ու շրջակա բնակավայրերում:
«Հայոց պատմության մեջ, հավանաբար, անցնող օրերը կմնան որպես Շուշիի պաշտպանության փայլուն օրեր: Հակառակորդի հետախուզադիվերսիոն, առանձին վաշտային մարտավարական խմբերի, վարձկանների ոչնչացման ռազմագործողությունը հաջողությամբ շարունակվում է: Մեր հրետանին, հետեւակն ու այլ ստորաբաժանումները հրաշքներ են գործել, փայլուն են աշխատել, Շուշի տանող ձորակներում հակառակորդի տասնյակ դիակներ են մնացել»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշում է, որ թշնամու դեմ հերոսաբար մարտնչել են նաեւ Քարին տակի եւ այլ գյուղերի բնակիչները:
«Ծանր մարտեր են եղել, բայց իրավիճակը փոխված է, վաղը դժվար թե նույն իրադրությունը լինի»
«Ռուսաստանին հասկանալի չէ
Ալիեւի հուզական արձագանքը»
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հուզական արձագանքը Լեռնային Ղարաբաղում օտարերկրյա վարձկանների մասին Սերգեյ Լավրովի խոսքերին Ռուսաստանի համար հասկանալի չէ»: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրը Ռուսաստանի ԱԳՆ-ում:
«Ճիշտն ասած, այնքան էլ լավ չենք հասկանում հարգարժան Իլհամ Հեյդարովիչ Ալիեւի հուզական արձագանքը Սերգեյ Վիկտորովիչ Լավրովի մեկնաբանությանը: Միգուցե, Ադրբեջանի նախագահի օգնականները նրան ցույց են տվել ուրիշի նյութերը կամ ներկայացրել են սեփական մեկնաբանությունը», - ասել է ՌԴ ԱԳՆ-ում:
Ռուսաստանի ԱԳՆ շենքը
Այստեղ նշում են, որ Լավրովի մեկնաբանություններում «նախատինք չկար ո՛չ Ադրբեջանի, ոչ էլ որևէ այլ երկրի հասցեին»: «Խոսքը գնում էր մեր ծայրաստիճան մտահոգության մասին՝ Անդրկովկասյան տարածաշրջան վարձկան-զինյալների մուտք գործելու վերաբերյալ: Այս կապակցությամբ կխնդրեինք մեր ադրբեջանցի ընկերներին ավելի ուշադիր լինել սկզբաղբյուրներին ծանոթանալիս», - ասում է ՏԱՍՍ-ի զրուցակիցը:
Նա նշում է, որ Մոսկվան մշտապես «առավելագույնս նրբանկատ» է վերաբերվել միջնորդի իր դերակատարությանը:
«Նախագահ Ալիևը ինքն է բազմիցս հայտարարել այդ մասին: Մենք վերահաստատում ենք մեր հանձառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը նպաստելու հարցում: Միեւնույն ժամանակ, մնում ենք համոզված, որ վարձկան գրոհայինների ներթափանցումը Անդրկովկաս սպառնում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի եւ Ռուսաստանի կայունությանը և անվտանգությանը»
Նարիշկին. Տեսնում ենք Թուրքիայի
հետախուզության մասնակցությունը
Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինն ասում է, որ թուրքական հետախուզությունը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններում:
«Մենք զգում ենք Թուրքիայի հետախուզական ծառայության աշխատանքը, տեսնում ենք այդ աշխատանքի որոշակի տարրեր», - ասում է Նարիշկինը Russia Today- ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին:
Ալեքսանդր Բորտնիկովը, Վլադիմիր Պուտինը
եւ Սերգեյ Նարիշկինը
Սերգեյ Նարիշկինն ասում է նաև, որ ԱՀԾ-ն ստացել է «ճշգրիտ տեղեկատվություն» ղարաբաղյան հակամարտությանը Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության վերաբերյալ:
Խոսելով Հայաստանի կողմից գերեվարված Սիրիայից զինյալի հարցաքննության տեսագրության մասին՝ Նարիշկինն ասել է, որ այն հաստատում է ԱՀԾ-ի տեղեկատվությանը:
Լը Դրիանը՝ Թուրքիայի «ագրեսիվ
գործողությունների» մասին
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասում է, որ եթե Անկարան չփոխի իր քաղաքականությունը, Ֆրանսիան ձգտելու է Թուրքիայի դեմ Եվրամիության պատժամիջոցների սահմանմանը:
Նախարարի խոսքով ՝ Թուրքիայի ղեկավարության գործողությունները դուր չեն գալիս ամբողջ Եվրամիությանը. «Դա վերաբերում է ոչ միայն Ֆրանսիային, այդ հարցում առկա է լիակատար եվրոպական համերաշխություն»:
Ժան-Իվ Լը Դրիանը
Նախորդ օրը, ելույթ ունենալով Ֆրանսիայի Սենատում, Ժան-Իվ Լը Դրիանն ասել էր.
«Մենք Անկարայի հետ լուրջ տարաձայնությունների երկար ցուցակ ունենք, բայց վերջին շաբաթներին մենք տեղափոխվել ենք հարաբերությունների անընդունելի մակարդակ: Վիրավորանքները, զրպարտությունները, Ֆրանսիայի եւ Եվրոպայի դեմ ատելության արշավ հրահրելու ցանկությունը բոլորովին այլ բնույթ ունեն: Դրանք սպառնալիքներ են: Ուստի մենք ակնկալում ենք, որ Թուրքիայի նախագահը անհապաղ վերջ կդնի այս պահվածքին»:
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Էրիկ Գրիգորյանի, Դավիթ Ղահրամանյանի, REUTERS-ի լուսանկարները: