Կայուն-լարված

 

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված.


«Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաեւ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը եւ պատրաստ են ցանկացած զարգացման»

 

Վահրամ Պողոսյանը

 


Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ասում է.

«Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում Արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Եթե նրա բանակում դեռեւս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված մեծ հույսեր փայփայել պետք չէ»:


Արծրուն Հովհաննիսյան. «Ալիեւը հայտնվել է ծուղակում»


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ հոկտեմբերի 9-ին հյուսիսում ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը, բայց ավելի ծանր է եղել հարավային ուղղությամբ:

«Հայկական զինուժը շարունակում է դիմադրել հակառակորդի հարձակվողական նկրտումներին եւ անհրաժեշտ հակահարված տալով՝ ետ շպրտել ելման դիրքերը: Այսօր հակառակորդը որոշակի կորուստներ է կրել, միայն նախնական տվյալներով՝ 2 տասնյակ զրահատեխնիկա»,- ասում է նա:

 


«Ադրբեջանական զինուժի «մեքենայի» ինտենսիվ թափը Պաշտպանության բանակը կոտրել եւ ջախջախել է: Ադրբեջանի բանակի ամենաէլիտար՝ 4-րդ բանակային կորպուսը, որ զինված է բացառապես Տ-90 տանկերով, պետք է 5 օրում կարողանար 30-40 կմ խորության հասներ: Եթե նման ուժ ես կիրառում եւ չես հասնում խորության, ուրեմն տապալել ես օպերացիան» 



Մեկնաբանելով Ջեբրայիլը, Հադրութը եւ հարակից գյուղերը գրավելու վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտարարություններին, նա ասում է.

Արծրուն Հովհաննիսյանը


«Դա, մեղմ ասած, ծիծաղելի էր, որովհետեւ հենց այդ ժամանակ ես Հադրութում էի: Ավելին ասեմ՝ կոնկրետ այդ ուղղությամբ ընդհանրապես մարտական գործողություններ չկային: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալիեւի զինված ուժերում մեծ ազդեցություն ունի այլ պետության ռազմական ղեկավարությունը, այս պատերազմի ընթացքում առնվազն մի քանի անգամ տեսել ենք, որ Ալիեւը հայտարարում է բաներ, որ ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը: Շատ մեծ կասկած եւ մտահոգություն կա, որ ռազմավարական առումով Ադրբեջանում կառավարման համակարգը խաթարված է: Շատ հնարավոր է, որ ինքը հայտնվել է այդ ծուղակում»:


Ալիեւը «վերջին հնարավորությունն» է
տալիս Հայաստանին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն հայտարարում է, որ «վերջին հնարավորությունն է» տալիս Երեւանին բանակցային ձեւաչափին վերադառնալու եւ զորքերը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու համար:

 


«Այսօր մարտերն ընթանում են բոլոր ուղղություններում, մեր զորքերն ամրապնդում են դիրքերը: Մենք պարտադրում ենք ագրեսորին խաղաղության: Մենք նրանց ցույց տվեցինք, եւ՛ ռազմի դաշտում, եւ՛ բանակցությունների սեղանին հաղթում ենք մենք»



«Ես փոխեցի ստատուս-քվոն: Այնտեղ, ռազմադաշտում: Այլեւս ստատուս-քվո գոյություն չունի», - ավելացնում է նա:


Փաշինյան. Հավատարիմ ենք
ԼՂ խաղաղ կարգավորման սկզբունքին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հայկական կողմը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման սկզբունքին։



«Մենք պատրաստ ենք խաղաղ գործընթացի վերսկսմանը՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների, արտաքին գործերի նախարարների վերջին մի քանի օրերի հայտարարությունների»,- Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասում է ՀՀ վարչապետը:


Ռազմական դրության
ռեժիմը խստացվում է


Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշումը լրացվում է նոր կետերով.

«9.1. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է:

9.2. Արգելվում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

9.3. Սույն հավելվածի 9-րդ, 9.1-ին եւ 9.2-րդ կետերով նախատեսված կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն իրավասու է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել ապահովելու հրապարակված հաղորդումների եւ տեղեկությունների վերացումը, իրականացնելու տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք»:


«Հանդիպման օրակարգում
բացառապես հումանիտար հարցերն են»


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնում է Մոսկվա, որտեղ կայանալու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների խորհրդակցությունները:

 

Աննա Նաղդալյանը

 

«Ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիակների և գերիների փոխանակման հարցերն են», - ասում է Աննա Նաղդալյանը:


Փաշինյանը Ֆրանսիայից
Արցախի ճանաչում է ակնկալում


Tv5Monde հեռուստաալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ֆրանսիայից Արցախի անկախության ճանաչում է ակնկալում:

 


«Կարող եմ ուղիղ ասել՝ ակնկալում եմ, որ Ֆրանսիայի նախագահը և Ֆրանսիան ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը, որովհետև այն մտահոգությունները, որ Էմանյուել Մակրոնը բարձրացրել է, այսօրվա իրավիճակում լուծելու այլ տարբերակ ուղղակի չկա, որովհետև սա կարող է վերածվել մի մեծ հումանիտար աղետի: Եվ իհարկե, սա ուղիղ սպառնալիք է գլոբալ անվտանգությանը՝ հաշվի առնելով Թուրքիայի գործոնը և քաղաքականությունը: Իմ ակնկալիքն իրոք այն է, որ Ֆրանսիան ուղղակի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»


Նիկոլ Փաշինյանի հետ հերթական հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կարեւորում է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։


«Թեհրանը բարդ
ընտրության առջեւ է»


Լիբանանյան Al Modon թերթը գրում է, որ «կուտակված այլ խնդիրներ ունեցող Իրանի ղեկավարության համար Ղարաբաղի ճգնաժամը ամենախճճված հակամարտություններից մեկն է դարձել»:

«Այս իրադարձությունները Թեհրանին դրել են դժվար ընտրության առջեւ: Մի կողմից, նա պետք է հայտարարի հայ դաշնակցին աջակցելու մասին` երկկողմ ռազմավարական հարաբերությունները պահպանելու համար, որի շնորհիվ միջանցքի դեր է խաղում, որի միջոցով Իրանի ռեժիմը շարունակում է պահպանել առեւտրատնտեսական կապերը աշխարհի հետ ի հեճուկս միջազգային պատժամիջոցների:

Բացի այդ, այս սցենարը ենթադրում է ռազմավարական համագործակցության ամրապնդում Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ, որը կարող է օգտագործվել եվրոպացիների, հատկապես, Ֆրանսիայի հետ խնդիրների լուծման համար:

Վերջապես, այն կպատասխանի Թուրքիայի ընդլայնման հետ կապված այն մտահոգություններին, որոնք ազդում են Իրանի ռազմավարական եւ տնտեսական շահերի վրա:

Բայց նման զարգացումը մեծացնում է ներքին «պայթյունի» հավանականությունը, քանի որ այս պարագայում Իրանի ղեկավարությունը դեմ է գնալու ադրբեջանցիների ազգային զգացմունքների դեմ, որոնք երկրի քանակությամբ երկրորդ էթնիկ խումբ են եւ նրա քաղաքական, տնտեսական եւ ռազմական կառուցվածքի մաս են կազմում:

Թեհրանը գիտակցում է կովկասյան ճգնաժամի արդյունքում ծագած դժվարությունները: Չնայած զինված ուժերի եւ անվտանգության ծառայությունների, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերի մոբիլիզացիային իրանական Ադրբեջանում, Թուրքիայի ուղղակի եւ բացահայտ միջամտությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությանը ստիպում է Թեհրանին ուշադիր լինել ցանկացած քայլի եւ հայտարարությունների նկատմամբ:

Թուրքերի հետ հնարավոր հակամարտությունը կբերի ավելի մեծ ներքին ճնշման, որը սկսել է ի ցույց դրվել հրապարակայնորեն եւ կարող է իրական սպառնալիք հանդիսանալ Ադրբեջանին սահմանակից տարածքներում եւ մյուս նահանգներում, որտեղ ադրբեջանցիները մեծամասնություն են կազմում»,- գրում է Al Modon-ը «Իրանը եւ Կովկասյան թեւը» հոդվածում:


«Էրդողանը Թրամփին ու
Պուտինին հեռուն է ուղարկում»


Ֆրանսիական Le Monde-ը գրում է, որ «Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտահրավեր է նետել համաշխարհային հսկաներին եւ «չի վախենում ոչ Մոսկվայից, ոչ Վաշինգտոնից»։

«Որտե՞ղ էր ամերիկյան ղեկավարությունը, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Լեռնային Ղարաբաղում ներքաշվում է ռազմական գործողությունների մեջ՝ անգամ չզգուշացնելով «դաշնակիցներին»։ Որտե՞ղ է ռուսական վերահսկողությունը «ազդեցության ավանդական գոտում», երբ նախկին խորհրդային երկրներից մեկը՝ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ ռմբակոծում է Հայաստանը։ Թուրքիան՝ ահռելի ախորժակով տարածաշրջանային տերությունը, չի պատրաստվում հաշվի նստել Պուտինի կամ Թրամփի հետ»,- գրում է Le Monde-ը՝ «Էրդողանի Թուրքիան անտեսում է Կրեմլը եւ Սպիտակ տունը» հոդվածում։

 


«Եթե ԱՄՆ-ը կարծում է, որ ՆԱՏՕ-ում Թուրքիայի անդամակցության պահպանումն արդարացնում է Էրդողանի բոլոր կամակորությունները, ուրեմն Թուրքիան լիովին ազատ է շարունակելու ծավալապաշտական քաղաքականությունը Կովկասում, Մերձավոր Արեւելքում, Մեհրիբում եւ Արեւելյան Միջերկրականում։ Հստակ է, որ դա ԱՄՆ-ին դուր չի գալիս, բայց նա հաշտվում է դրա հետ։

Ռուսաստանը լավագույն դիրքում չէ։ Պուտինը սխալվել է, եթե կարծում է, որ նախորդ տարի С-400 հրթիռային համակարգ վաճառելով՝ շահել է Թուրքիայի նախագահի համակրանքը: Կրեմլի ռազմավարն այսօր նորից ստիպված է գործ ունենալ Թուրքիայի եւ նրա ուժերի հետ իր համար կարեւոր առնվազն երկու ճակատներում՝ Սիրիայում (Թուրքիան օկուպացրել է երկրի տարածքի մի մասը) եւ Լիբիայում (Մոսկվան եւ Անկարան այնտեղ տարբեր ճակատներում են)։

Երբ ԱՄՆ նախագահ Էյզենհաուերը 1956 թվականին հրամայեց (ԽՍՀՄ-ի քաջալերմամբ) բրիտանացիներին, ֆրանսիացիներին եւ իսրայելացիներին դադարեցնել արշավը Եգիպտոսում, նրան լսեցին։ 1990-ականների սկզբին, երբ ԱՄՆ-ը, Ռուսաստանի աջակցությամբ, Բալկաններում խաղաղության կոչ էր անում, զենքերը լռեցին։ Ծանրակշիռ դերակատարներն այն ժամանակ դեռեւս ազդեցություն ունեին։ Իսկ այսօր Պուտինին ու Թրամփին ուժով զիջող Էրդողանը նրանց հեռուն է ուղարկում», - եզրափակում է Le Monde-ը:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Էրիկ Գրիգորյանի, Reuters-ի, Ֆոտոլուրի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: