Մարտերի ուժգնությունը
որոշակիորեն թուլացել է


Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ երեկոյան հարավային ուղղությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է:

Նա նշում է, որ վաղ առավոտից հյուսիսային եւ հարավային ուղղությամբ հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել:


«Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը հետ է շպրտվել մեկ-երկու գրոհից հետո, իսկ հարավային ուղղությամբ տեւական ժամանակ ծանր մարտերը շարունակվել են, սակայն կողմերը դիրքային փոփոխություններ գրեթե չեն ունեցել»


Անվտանգության խորհրդի
արտահերթ նիստ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ:

Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցում են նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արման Աբովյանը:

 

 

Նույն օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպում է նաեւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:


Նախագահը պատրաստ է
մեկնել Եվրոպա


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ պատրաստ է մեկնել Փարիզ, Լոնդոն եւ Բեռլին՝ Հայաստանի դիրքորոշումը Եվրոպայի ղեկավարներին ներկայացնելու համար։

«Պատրաստ եմ Անգելա Մերկելին ասել, որ ես հասկանում եմ՝ Եվրոպան զբաղված է COVID-19-ով, բայց այն, ինչ դուք, հավանաբար, պարզ չեք տեսնում, Կովկասից դեպի ձեզ եկող մեկ այլ աղետ է, որը ոչ թե կենսաբանական, այլ անկայունության եւ պատերազմի վիրուս է»,- POLITICO-ի հետ հարցազրույցում ասում է Արմեն Սարգսյանը։

Նախագահ ասում է, որ անհրաժեշտություն չի տեսնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին հիշեցնել հակամարտության հնարավոր աշխարհաքաղաքական հետեւանքների մասին.


«Կարծում եմ՝ Մակրոնը հասկանում է, որ Կովկասում անկայունությունը հարվածելու է տարածաշրջանի ավելի հեռու հատվածներին, իսկ հետո ազդեցություն կունենա Արեւմտյան Եվրոպայի վրա: Նա հասկանում է, որ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում նշանակում է, որ Հարավային Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան կախվածություն մեջ կլինեն Թուրքիայից, եւ Թուրքիան կդառնա տարածաշրջանային գերտերություն: Դա հենց այն է, ինչին ցանկանում է հասնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը»:

 

Արմեն Սարգսյանը

 

Հայաստանի նախագահը նաեւ նշում է, որ «ցանկանում է այցելել Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայան՝ «բացատրություններ ստանալու», թե ինչու են «հսկայական քանակությամբ թուրքական զենքեր, դրոններ եւ F-16-ներ ներառված հայ խաղաղ բնակչությանը ռմբակոծելու գործընթացում»:

«Դրանք ՆԱՏՕ-ի արտադրության զենքեր են. շարժիչներն Ավստրիայից են, ավիացիոն ռադիոտեխնիկան՝ Կանադայից, հրթիռային մասերը՝ Բրիտանիայից եւ այլն», - նկատում է Արմեն Սարգսյանը:

Նույն օրը՝ Հունաստանի լրագրողների միության կազմակերպած հեռավար կոնֆերանսի ժամանակ նախագահը Ռուսաստանին, ԱՄՆ-ին, ԵՄ-ին կոչ է անում ամբողջությամբ հասկանալ հակամարտություն էությունը եւ հստակ հանդես գալ պատերազմը դադարեցնելու հայտարարություններով:


«Հայաստանն իրավունք ունի
ձեռնարկել բոլոր
անհրաժեշտ քայլերը»


Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ «պահպանելով հավատարմությունը ձեռք բերված պայմանավորվածություններին՝ Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ վճռականորեն մերժելու հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի մտադրությունը»։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Սա կրակի դադարեցման վերաբերյալ երկրորդ պայմանավորվածությունն է, որն Ադրբեջանը չի ցանկանում կամ չի կարողանում կյանքի կոչել՝ միաժամանակ մոլորեցնելով միջազգային հանրությանը եւ առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին: Մենք հավատարիմ ենք հոկտեմբերի 10-ի Մոսկովյան համատեղ հայտարարությամբ եւ հոկտեմբերի 17-ի հայտարարությամբ ստանձնած հանձնառություններին՝ որպես առաջնահերթ նպատակ ունենալով վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի հաստատումը:

Այդ առումով կրկին վերահաստատում ենք այդ հայտարարությունները, որոնք կիրառական արտահայտություն են տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հոկտեմբերի 1-ի, ինչպես նաեւ համանախագահ երկրների ԱԳ նախարարների հոկտեմբերի 5-ի հայտարարություններին:

Հավատարիմ ենք կարգավորմանը բացառապես խաղաղ միջոցներով՝ բանակցային գործընթացի միջոցով»։


«Թուրքիան նպատակ ունի
Ռուսաստանը դուրս մղել Կովկասից»


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «Թուրքիայի գործողություններն ուղղված են Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելուն»:

«Համոզված եմ, որ մինչ այժմ մեզ չի հաջողվել իրականացնել Մոսկվայի համաձայնությունը, քանի որ կան ուժեր, որոնք դրան խանգարում են: Առաջին հերթին դա Թուրքիան է: Թուրքիայի գործողություններն ուղղված են Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս մղելուն: Այս համաձայնությունն ընդունվել է Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ: Որոշ ուժեր, մասնավորապես, Թուրքիան, շահագրգռված են, որ Ռուսաստանի նախաձեռնությունը չհաջողվի, նրանք հույս ունեն խարխլել Ռուսաստանի հեղինակությունը Հարավային Կովկասում», - ասում է Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

 

Նիկոլ Փաշինյանը

 

Խոսելով պատերազմին միջազգային ահաբեկիչների մասնակցության մասին ՝ Հայաստանի վարչապետն ասում է.


«Հարցն այն է, թե ինչպես կշարունակվի այս ամբողջ գործընթացը. Արդյո՞ք Ռուսաստանը կսպասի, որ այդ ահաբեկչական տարրերը տեղափոխվեն իր տարածք: Ես չգիտեմ, միգուցե Ռուսաստանի կառավարությունը կամ հատուկ ծառայությունները քննարկում են, որ հնարավոր է հակաահաբեկչական գործողություն սկսել հենց տեղում՝ Լեռնային Ղարաբաղում: Ռուսաստանը հակաահաբեկչական գործողություններ էր ձեռնարկել Սիրիայում, որը բավականին հեռու է Ռուսաստանից, քանի որ սիրիացի զինյալների ու ահաբեկիչների գործողությունները ուղղակի սպառնալիք էին ներկայացնում Ռուսաստանի ազգային անվտանգության համար: Փորձագետների կարծիքով, այսօր նրանք գտնվում են Ռուսաստանի սահմաններից 80 կիլոմետր հեռավորության վրա: Սա բոլորովին այլ իրավիճակ է, եւ ես կարծում եմ, որ Ռուսաստանն ունի այս իրավիճակին արձագանքելու օրինական իրավունք եւ հիմքեր»:


Ալիեւ. Մոսկվայի մտահոգություններն
«անհիմն են»


Իլհամ Ալիեւը շարունակում է հերքել, որ Արցախում Ադրբեջանի համար կռվում են վարձկաններ Սիրիայից եւ Լիբիայից:

ՏԱՍՍ-ի խնդրանքով մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության մտահոգությունը Մերձավոր Արեւելքից հակամարտության գոտի զինյալների տեղափոխման առնչությամբ, Ադրբեջանի նախագահն ասել է.

«Ես արդեն բազմիցս ասել եմ, որ նման մտահոգություններն անհիմն են: Մինչեւ հիմա որեւէ կողմ մեզ որեւէ ապացույց չի ներկայացրել: Նման հայտարարություններ արվել են ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Ֆրանսիայի կողմից, եւ մենք խնդրել ենք կոնկրետ փաստեր ներկայացնել: Բառերից բացի որեւէ ապացույց չի ներկայացվել: Վկայակոչում եմ ինչ-որ հրապարակումներ: Գիտեք, հիմա ինչ ուզես կարելի է գրել: Ուստի սա այն մոտեցումը չէ, որը մենք կարող ենք ընդունել եւ ողջունել»:


Ալիեւը դժգոհ է Հայաստան
ռուսական զենքի մատակարարումից


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, որ իր երկիրը մտահոգություն է արտահայտել ռուսական կողմին` կապված նրա հետ, որ «առճակատման ակտիվ փուլում Ռուսաստանի քաղաքներից հսկայական քանակությամբ զենք է տեղափոխվում Հայաստանի տարածք»:

«Սա մեր հասարակության մոտ շատ հարցեր եւ տարակուսանք է առաջացնում: Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք հրապարակել այս ընթացքում ռուսական կողմից Հայաստան առաքումների ցանկը` ինչ տրանսպորտային միջոցներով եւ որ ավիաընկերություններով են դրանք է առաքվել:

 

Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը

 

Մեզ համար դժվար է հավատալ, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, զինում էր հայկական կողմը հակամարտության ակտիվ փուլում: Մեր տեղեկություններով, այս սխեմայում ներգրավված են հայկական ծագմամբ ռուսաստանյան խոշոր ձեռնարկատերեր եւ զենքի վաճառքով զբաղվող հայտնի գործարարներ, ովքեր գտնվում են միջազգային պատժամիջոցների ներքո: Եվ ռուսական կողմին դիմելու մեր նպատակներից մեկն այն էր, որպեսզի կարգավորեն այդ հարցը», - ասում է Ալիեւը:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են ՀՀ կառավարության, ՀՀ նախագահի մամուլի ծառայությունների եւ REUTERS-ի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: