Հարվածներ
Հայաստանի տարածքին


Միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ հակառակորդը հրետանի է կիրառել Հայաստանի Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ:

Հակառակորդը նաեւ հարվածային ԱԹՍ-ից հրթիռ է արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետեւանքով զոհվել է 1967 թվականին ծնված Գեւորգ Վարդանյանը։

ՀՕՊ ուժերը ոչնչացնում են հակառակորդի երեք ԱԹՍ, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրին հրթիռային հարված հասցրած անօդաչու թռչող սարքը։

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյան հայտնում է, որ ՀՀ Կոտայքի մարզի օդային սահմաններում ՀՀ Զինված ուժերի ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի անօդաչու թռչող սարք։


Զոհեր եւ վիրավորներ
Մարտունիում


Արցախի Մարտունու շրջանում Ադրբեջանի ռմբակոծությունից վիրավորվում ֆրանսիական Le Monde-ի երկու լրագրողներ եւ «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականի օպերատոր Արամ Գրիգորյանը։

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպոան Արման Թաթոյանը՝ Le Monde-ի վիրավոր լրագրողների հետ

 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ Ադրբեջանի կողմից Մարտունի քաղաքի հրթիռակոծման հետեւանքով 4 մարդ է զոհվել, 11 մարդ՝ վիրավորվել։


«Ստանալու են կործանարար
հարվածներ»


ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ անցած գիշերվա ընթացքում թեժ մարտեր չեն եղել, հակառակորդը կատարել է որոշակի վերախմբավորման գործընթաց։


«Գիշերվա եւ վաղ առավոտվա մարտերի ընթացքում հակառակորդի հարձակողական փորձերը անհաջողության են մատնվել. ունեցել են ավելի քան 350 զոհ, մոտ 600 վիրավոր, խոցվել է 3 ուղղաթիռ, 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա, 1 «Սմերչ» կայան եւ 6 ԱԹՍ»


Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանն ասում է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով:

 

Դավիթ Տոնոյանը

 

Ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ, եւ այդ գործընթացն արդեն սկսվել է, նշում է Տոնոյանը:


Սեյրան Օհանյանի գնահատականը


Արցախի եւ Հայաստանի նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասում է, որ Ջալալ Հարությունյանի ղեկավարությամբ Արցախի ՊԲ-ն հմուտ գործողություններ է իրականացնում՝ կանխարգելելու Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական գործողությունները:


«ՊԲ հրամանատարական կազմն ու շտաբը ապահովել են իրենց շարունակական զարգացումը, ու այսօրվա հրամանատարն իր ենթակաների հետ միասին հմուտ կերպով ղեկավարում է մարտական գործողությունները»


Նա նաեւ նշում է, որ ՊԲ-ն հետեւություններ է արել նախկինում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի փորձից ու այս մարտական գործողությունների ժամանակ հակառակորդի տասն անգամ ավելի շատ ԱԹՍ է խոցել, քան ապրիլյան գործողությունների ընթացքում։

***

Արցախի պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանն ասում է, որ Պաշտպանության բանակը պատրաստ է իրադրության զարգացման բոլոր սցենարներին՝ ե՛ւ մարելուն, ե՛ւ առավել լարվելուն։


«Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա»


Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարում է.

«Իրանը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները մեր երկրի հյուսիսային սահմաններին հարակից շրջանները մեր ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն:

 

Սաիդ Խաթիբզադեն

 

Բախումների Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան Ղարաբաղյան հակամարտությունը»:

Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ Վարազաթումբի (Լելե Թեփե) տարածքում ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի տարածքում:

 

Վարազաթումբը (Լելե Թեփեն)

 

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որեւէ միտումնավորություն չի պարունակում, եւ քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են Իրանի սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են»


«Քաղաքակրթական առաջնագիծ»


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ միջազգային հանրությունը հստակ արձանագրել է, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։

«Այսպիսով՝ արցախյան առաջնագիծը դառնում է քաղաքակրթական առաջնագիծ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհաքաղաքական սահմաններով։
Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային եւ Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության»,- ասում է վարչապետը:


Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի
նախկին գլխավոր
հրամանատարի կարծիքը


Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գլխավոր հրամանատար, ամերիկացի ծովակալ Ջեյմս Ստավրիդիսը կարծիք է հայտնում, որ Արցախյան պատերազմը «զգալի հետեւանքներ կունենա տարածաշրջանային անվտանգության, էներգետիկ շուկաների եւ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավակնությունների համար»:

«ՆԱՏՕ-ում իմ ծառայության չորս տարվա ընթացքում ադրբեջանցիները բազմիցս անվճռական հարձակողական գործողություններ էին սկսում Լեռնային Ղարաբաղում, որոնք հայերը հեշտությամբ կանգնեցնում էին: Մեր հետախուզության գնահատմամբ, եթե խոսքը լուրջ բախումների մասին լիներ, հայերը գրեթե հաստատ կհաղթեին», - նշում էր Ստավրիդիսը:

«Վաշինգտոնը ամբողջությամբ զբաղված է առաջիկա ընտրություններով: Թուրքիան եւ Ռուսաստանը հակառակ կողմերում են (ոչ միայն Կովկասում, այլեւ Սիրիայում եւ Լիբիայում): Եվրամիությունը տարված է Բրեքսիթի հանգուցալուծմամբ եւ Միջերկրական ծովի արեւելքում Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության աճով: ՆԱՏՕ-ն, որը համագործակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ, ասում է, որ «կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները», եւ որ «հակամարտությունը ռազմական լուծում չունի»: Բայց կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- նշում էր Ստավրիդիսը:

 

Ջեյմս Ստավրիդիսը

 

«Խաղաղ կարգավորման հնարավորությունները քիչ են: Մինսկի խմբի նոր տարբերակը, որը ներառում է Թուրքիան (Թուրքիան իրականում Մինսկի խմբի անդամ է-Մեդիամաքս), կարող է ամրապնդել վստահությունը համաձայնության նկատմամբ: Պուտինը լավ հարաբերություններ է պահպանում երկու երկրների ղեկավարների հետ, չնայած Ռուսաստանն ընդհանուր առմամբ շատ է հակված դեպի քրիստոնյա Հայաստան: Միգուցե Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ ջանքերով կարողանան համոզել հակամարտության կողմերին փոխել այն աղետալի ուղին, որով այժմ գնում են»,- գրում էր Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի նախկին գլխավոր հրամանատարը:


Միակ միջոցը Թուրքիայի վրա
ճնշում գործադրելն է


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ «միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ եթե չմիջամտեն հիմա, Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր իրենց համար՝ մեկ այլ Սիրիա»:

***

Բրիտանական The Spectator-ը գրում է, որ, ամենայն հավանականությամբ, տարածաշրջանում պատերազմը դադարեցնելու միակ միջոցը Թուրքիայի վրա ճնշում գործադրելն է:

«Միայն Անկարան ունի քաղաքական եւ ռազմական ուժ, որոնք անհրաժեշտ են ակնթարթային հրադադարի համար, բայց նույնիսկ եթե հակամարտությունը խորանա, Թուրքիան ոչինչ չի կորցնի: Արեւմուտքը հնարավորություն ունի իր խոսքը ասելու եւ իր հեղինակությունը վերականգնելու:

Սակայն, հակառակորդների կողմից լուրջ վերաբերմունքի համար անհրաժեշտ է ավելին, քան «խորը մտահոգության» արտահայտումը: Ի վերջո, նրանք հիանալի հասկանում են, որ Արեւմուտքին պակասում է վճռականությունը, այլ ոչ թե ուժը », - գրում է The Spectator-ը:

 

Ռեջեփ Թայիփ Էրդողանը

 

«Հարձակումների ծավալները թույլ են տալիս ենթադրել, որ դրանց հետեւում զգալի նախապատրաստություն կա: Ադրբեջանը դժվար թե ռազմական գործողություններ սկսեր առանց Թուրքիայի կողմից օգնության երաշխիքների ապահովման: Էրդողանն իրականում միջազգային ասպարեզում ապացուցելու բան ունի: Չնայած ագրեսիվ հայտարարություններին, որոնք ուղեկցում էին Հունաստանի եւ Թուրքիայի հակամարտությունը Միջերկրական ծովի արեւելյան մասում օգոստոսին, Թուրքիան հանգիստ նահանջեց, երբ ԱՄԷ-ն, Հորդանանը, Եգիպտոսը եւ Իսրայելը դուրս եկան Աթենքին աջակցություն ցուցաբերելու (ԱՄԷ-ն նույնիսկ ռազմական ինքնաթիռ ուղարկեց հույների հետ վարժանքներ անցկացնելու համար):

Հայաստանն ավելի հեշտ թիրախ է հանդիսանում: Ի տարբերություն Հունաստանի, այն ՆԱՏՕ-ի անդամ չէ եւ չի կարող հույս դնել Մերձավոր Արեւելքում հզոր դաշնակիցների վրա: Ռուսաստանը, որը Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստանի հիմնական միջազգային գործընկերն էր, զինադադարի կոչ է արել, բայց ոչ մի բանով չի հասկացրել, որ նա Երեւանի կողմից է», - գրում էր թերթը:

***

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդես է գալիս հայտարարությամբ՝ զգուշացնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ծանր ճգնաժամի վտանգի մասին:


«Լեռնային Ղարաբաղում զինված բախումը սրվում է եւ ավելանում է քաղաքացիական զոհերի թիվը: Ես սգում եմ բազմաթիվ մարդկանց, այդ թվում ՝ խաղաղ բնակիչների մահը:

Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց եւ երեխաների սարսափն ու տառապանքը: Ես խնդրում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ առանց հապաղելու իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցառումները: Խաղաղ լուծումը պետք է գտնել բանակցությունների սեղանի շուրջ`հումանիտար ծանր ճգնաժամը կանխելու համար»


Պուտինի, Թրամփի եւ Մակրոնի
հայտարարությանը եւ
Էրդողանի արձագանքը


Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը եւ Էմանյուէլ Մակրոնն համատեղ հայտարարություն ընդունում՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները Լեռնային Ղարաբաղում:

«Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ ենք անում անհապաղ պարտավորվել բարեխղճորեն եւ առանց նախապայմաններ առաջ քաշելու վերականգնել բովանդակային բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ», - ասվում է փաստաթղթում:

 

Թրամփը, Մերկելը, Մակրոնը՝ տիկնոջ հետ եւ Պուտինը

 

Թուրքիայի նախագան Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքում Պուտինի, Թրամփի եւ Մակրոնի համատեղ հայտարարությանը: Ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում, նա ասում է, որ երկարատեւ խաղաղության հասնելու համար «Հայաստանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից»:

«Հաշվի առնելով, որ Ռուսաստանն, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիա այս խնդիրը արհամարհել են գրեթե 30 տարի, անընդունելի է, երբ նրանք փորձում են հրադադար սահմանել», - շեշտում է Թուրքիայի նախագահը:

***

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Րյաբկովն ասում է, Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները ինտենսիվ կապի մեջ են ԼՂ հարցի շուրջ:


«Հույս ունենք, որ այդ աշխատանքը քաղաքականապես նշանակալի կլինի ներկայիս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար: Երկխոսությունն ուղղված է քաղաքական խթանի ձեւավորմանը, որը կօգնի նվազեցնել լարվածությունը, կայունացնել իրավիճակը տարածաշրջանում»

 

***

Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում «հաստատում են պատրաստակամությունը սերտորեն համակարգել Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուտափույթ խաղաղ բանակցային ընթացքը վերականգնելու հարցում»:

«Հանգամանորեն քննարկվել է լարվածության աճը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Նախարարները լուրջ մտահոգություն են արտահայտել շարունակվող զինված առճակատմամբ, եւ հանդես են եկել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման օգտին: Ընդգծվել է հակամարտությունում այլ տարածաշրջաններից անօրինական զինված միավորումներից գրոհայինների մասնակցության անթույլատրելիությունը: Ընդգծվել է Բաքվին եւ Երեւանին քաղաքական-դիվանագիտական աջակցության հարցում ծայրաստիճան հավասարակշռված քայլերի անհրաժեշտությունը: Ռուսական կողմը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկվող քայլերը, այդ թվում Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների 2020թ. հոկտեմբերի 1-ին արված հայտարարությունը», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

***

ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան «իրականությանը չհամապատասխանող» է անվանում պնդումներն այն մասին, որ Ռուսաստանը եւ Թուրքիան աջակցում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարբեր կողմերին:

 

Վասիլի Նեբենզյան

 

«Այո, Թուրքիան միանշանակ աջակցում է Ադրբեջանին: Մենք դա գիտենք: Բայց դա չի նշանակում, որ մենք այլ կողմում ենք՝ աջակցելով Հայաստանին ընդդեմ Ադրբեջանի: Դա այդպես չէ: Մենք աջակցում ենք արդար կարգավորմանը եւ ռազմական գործողությունների դադարեցմանը», - ասում է Նեբենզյան:


Մակրոնը փաստեր ունի


Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնն ասում է, որ իր երկիրը փաստեր ունի, որոնք վկայում են Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններին Թուրքիայից ժամանած սիրիացի իսլամիստների մասնակցության մասին.

«Մենք հստակ տեղեկատվություն ունենք, որը վկայում այն մասին, որ սիրիական գրոհայինները թողել են մարտի դաշտը Ղազիանթեփում, որպեսզի միանան Լեռնային Ղարաբաղի մարտերին: Սա շատ լուրջ է եւ մենք սա քննարկելու ենք այսօրվա Եվրամիության գագաթնաժողովում»:

***

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասում է, որ Թուրքիայի կողմից Սիրիայից ու Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան ունի հեռահար նպատակներ ու անվտանգության, կայունության առումով կործանարար հետեւանքներ կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում եւ դրանից դուրս։

«Ահաբեկիչ զինյալները, իսլամիստ արմատականները, ջիհադիստական շարժումները դարձել են Թուրքիայի վարձկաններ եւ լայնորեն կիրառվում են՝ նախագծելու Թուրքիայի ներկայիս ղեկավարության շահերն ու ազդեցությունը, հարեւան տարածաշրջաններ արտահանելու Թուրքիայի քաղաքականությունը։ Ադրբեջանը հանդես է գալիս որպես այդ քաղաքականությանը ծառայելու միջոց։ Կասկած չունենաք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես այդպիսի խմբավորումների տեղակայման վայր, եւ նրանց ներկայությունը Ադրբեջանը եւ տարածաշրջանը կվերածի արյունահեղության հերթական վայրի»,- ասում է ԱԳՆ խոսնակը:


Դեսպանի հետկանչ Իսրայելից


Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինության տրամադրումը Հայաստանի համար անընդունելի է, ասում է Աննա Նաղդալյանը:

«Դիվանագիտական խողովակներով բազմիցս մեր իսրայելական գործընկերներին հայտնել ենք դրա մասին եւ նշել, որ դա հատկապես ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում Արցախի եւ Հայաստանի նկատմամբ»,- ասել է խոսնակը:

 

Իսրայելից հետ կանչված ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը

 

«Իսրայելի այս դիրքորոշումը, գործելաոճը մեզ համար անընդունելի է: Ելնելով այս իրավիճակից՝ ԱԳՆ-ն որոշում է կայացրել խորհրդակցությունների նպատակով հետ կանչել Իսրայելում ՀՀ դեսպանին»

 


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են AP-ի, Reuters-ի, Ֆոտոլուրի, Sputnik-ի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: