«Անդառնալի կորուստներ»
պատճառելու քննարկումը


Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ առավոտից տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում:

Երեկոյան ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն տեղեկացնում, որ օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ ընկած մի քանի գյուղերում, Ավետարանոց գյուղի հարակից անտառներում երեւացել են դիվերսիոն խմբեր։
 

Ավետարանոց գյուղը


«Շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական եւ ոչնչացման աշխատանքները, այս պահին էլ դրանք ընթանում են։ Դիվերսիոն խմբերը, որպես կանոն, մարտի չեն բռնվում եւ փախչում են այն վայրերից, որտեղ հայտնվում են հայկական ստորաբաժանումները»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նաեւ նշում է, որ հարավային ուղղությամբ՝ դեպի հյուսիս եւ արեւմուտք, ողջ օրվա ընթացքում հակառակորդը ձեռնարկել է տասնյակ գրոհներ ու հարձակումներ, ինտենսիվ մարտական գործողությունները ողջ օրվա ընթացքում շարունակվել են:

***

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն հայտնում է, որ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի եւ անվտանգության համակարգի մյուս պատասխանատուների հետ այցելել է հարավ-արեւելյան հատված:

«Տեղում քննարկել ենք այն հիմնական անելիքները, որոնք պետք է զսպեն թշնամու լկտի եւ ագրեսիվ գործողությունները եւ հասցնեն նրան անդառնալի կորուստներ:


 

Թե՛ բանակը, թե՛ աշխարհազորն ամուր կանգնած են իրենց զբաղեցրած դիրքերում եւ Հայրենիքի պաշտպանության համար հերոսական ջանքեր են գործադրում:

Փա ՛ռք մեր ժողովրդի քաջազուն զավակներին, որոնց սխրանքների շնորհիվ ամուր կանգնած ենք մեր հողին»,- ասում է Արցախի նախագահը:


«Պարզ չէ, թե որտեղ է
ավարտվում Բաքվի ախորժակը»


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ Ադրբեջանը մերժում է հրադադարի հետ կապված միջազգային ջանքերը։

Նիկոլ Փաշինյանը նշում է, որ ամեն անգամ, երբ հրադադարի մասին քննարկումներ են գնում՝ Թուրքիայից արտգործնախարարի կամ նախագահի մակարդակով լսում ենք հայտարարություն, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի մարտական գործողությունները:


«Սա շատ կարեւոր նրբություն է, որովհետեւ ըստ էության կարող ենք ընկալել, որ մարտական գործողությունների ամենաշատը 1/3-րդն է կառավարվում Ադրբեջանի նախագահի կողմից, որովհետեւ այնտեղ ներգրավված են թուրքական զինվորականներ, ահաբեկիչներ եւ վարձկաններ, որոնք կառավարվում են թուրք զինվորականների կողմից, որոնք գտնվում են հենց Ադրբեջանում»

 

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է
ֆրանսիական պատվիրակության հետ

 

«Հայաստանը ինչպես նախկինում, հիմա էլ պատրաստ է փոխզիջումների, բայց այստեղ առաջ գնալու հիմնական խոչընդոտն այն է, որ ցանկացած իրավիճակ, երբ Հայաստանի համար փոխզիջումային տրամաբանության մեջ կլինի ընդունելի, նույն պահից Ադրբեջանի համար դառնում է անընդունելի եւ նրանք ամեն անգամ, իհարկե Թուրքիայի աջակցությամբ շարունակում են պահանջել ավելին: Եվ այս պարագայում պարզ չէ, թե որտեղ է ավարտվում նրանց պահանջների եւ ախորժակի սահմանը: Հետեւաբար, այս տրամաբանությամբ առաջին խնդիրը մնում է Լեռնային Ղարաբաղի եւ նրա ժողովրդի ինքնապաշտպանությունը, որպեսզի հնարավոր դառնա դիվանագիտական իսկապես փոխզիջումային լուծումը»,- ասում է Փաշինյանը:


«Հայաստանն ամենաժամանակից
զենքերն է ստանում»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է դժգոհել, որ Հայաստանը զենք է ստանում արտերկրից։


Պաշտպանության նախարարության ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ Ալիեւն ասում է.

«Այսօր Հայաստանը զինվում է։ Ամեն օր Հայաստանին ամենաժամանակից զենքերն են ուղարկում։ Մենք ունենք այդ սպառազինության ցուցակը։ Տվյալներ ունենք բոլոր չվերթների մասին՝ որ քաղաքից է դուրս եկել, երբ է Երեւան հասել»։


ԱՄՆ-ն աշխատում է Բաքվին
հրադադարի «դրդելու» ուղղությամբ


ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենն ասում է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանի իշխանություններին «դրդում են» Հայաստանի հետ հրադադարի ռեժիմի ընդունմանը։

Ռոբերտ Օ’Բրայենը


CBS հեռուստաընկերության եթերում նա նշում է․

«Այս շաբաթվա վերջում մենք աշխատել ենք, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության մասին պայմանավորվենք։ Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ»։


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Էրիկ Գրիգորյանի, ՀՀ կառավարության եւ Արցախի նախագահի մամուլի ծառայությունների լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: