Արցախի նախագահը
հանդիպում է Շուշիի
պաշտպանների հետ


Միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ լուսադեմին Ադրբեջանը վերսկսել է խաղաղ բնակչության ու քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը։

Ծանր հրետանի է կիրառվել Մարտունի քաղաքի ուղղությամբ, ամենատարբեր զինատեսակներով հրետակոծվել է Շուշին։

Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ առավոտից հակառակորդը շարունակում է հարձակման փորձերը արեւելյան, հարավ-արեւելյան ու հարավային ուղղություններում:

 

Շուշիում

 

«Հակառակորդի գրոհային խմբերի կողմից ձեռնարկված բազմակի գրոհները ՊԲ ստորաբաժանումների կողմից հաջողությամբ կասեցվել են: Թշնամին կրել է մարդկային ուժի եւ զինտեխնիկայի լուրջ կորուստներ: Հակառակորդը երկու գրոհային խմբերի կազմով հարձակման փորձ է ձեռնարկել նաեւ հյուսիսային հատվածում, որոնք ժամանակին հավաստանշվել եւ ոչնչացվել են»


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ այցելել է Շուշի եւ քաղաքի պաշտպանների հետ քննարկել է «թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը»:

«Պրոֆեսիոնալ զինվորականների եւ կամավորականների համատեղ ջանքերով ստեղծված պաշտպանական ամրությունները եւ տղաների վճռականությունը հույս են ներշնչում, որ բերդաքաղաքն անառիկ պահելու համար գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերը», - ասում է Արցախի նախագահը՝ հատուկ շնորհակալություն հայտնելով գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանին:


Մարտեր տարբեր
ուղղություններով


Երեկոյան ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ մարտերի ինտենսիվությունը որոշ չափով նվազել է, բայց դրանք շարունակվում են։

«Առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ հրետանու կիրառությամբ, օրվա ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը հյուսիսում, կենտրոնական ուղղությամբ Կարմիր շուկայի հատվածում եւ հարավային ուղղությամբ փոքր գրոհող խմբերով, նվազագույն զրահատեխնիկայով եւ հրետանու կրակի աջակցությամբ փորձել են առաջ գալ, սակայն հետ են շպրտվել՝ կրելով կորուստներ»,- ասում է Հովհաննիսյանը։

Նա հավելում է, որ Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամին փորձել է ճեղքում իրականացնել, սակայն հետ է շպռտվել, խոցվել է հակառակորդի մի քանի մեքենա, այդ թվում՝ անձնակազմով։

Խոսելով Շուշիի մերձակա տարածքներում գտնվող դիվերսիոն խմբեր մասին՝ ՊՆ ներկայացուցիչն ասում է, որ դրանք հայկական ստորաբաժանումների դիմադրությանը հանդիպելիս երկար մարտերի չեն բռնվում։


«Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել եւ ոչնչացնել, կորուստներ պատճառելով հետ շպրտել բնագծերից։ Քիչ առաջ էլ տեղեկություն ստացա, որ 30 հոգանոց մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել ու չեզոքացվել, ոմանք հասցրել են փախչել, ոմանք էլ ոչնչացված են»


«Արցախը ապագա չունի
Ադրբեջանի կազմում»


Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է, որ «այսօրվա իրավիճակն առավել ընդգծում է այն պարզ ճշմարտությունը, որ Արցախը ապագա չունի Ադրբեջանի կազմում»:

«Արցախն առանց հայերի չի լինելու։ Սա առավել ընդգծված է այսօր։ Չեմ կարծում, որ կա հայ, որը կարող է համակերպվել այն մտքի հետ, որ մեր 150 հազար հայրենակիցները կարող են վտանգի ենթարկվել։ Մեր ամբողջ համազգային ռեսուրսն ուղղված է այդ վտանգի դեմ», - Ազգային Ժողովում ասում է նախարարը:

 

Զոհրաբ Մնացականյանը

 

Նախարարը նշում է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մնացել է կայուն եւ հետեւողական: «Մենք աշխարհում բարեկամների պակաս չունենք, համագործակցում ենք տարբեր հարթակներում, տարբեր ուղղություններով: Շատ հստակ է մեր արտաքին քաղաքականության գերակայությունների ձեւավորման տրամաբանությունը»,- հավելում է Զոհրաբ Մնացականյանը:


Զախարովան՝ «ահաբեկչական
անկլավի» վտանգի մասին


Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասում է, որ «ըստ ստացվող տեղեկությունների՝ ներկայում իրականացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Մերձավոր Արեւելքից միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների տեղափոխումը, որոնց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են»:

 

Մարիա Զախարովան

 

«Ընդ որում՝ խոսքը գնում է ծայրահեղական վարձկանների մասին, նրանք դավանում են ջիհադիստական գաղափարախոսությանը, եւ այդ ամենը չի կարող մեզ մոտ լրջագույն անհանգստություն չառաջացնել, քանի որ նման իրավիճակի զարգացման հեռանկարում ակնհայտ է նոր ահաբեկչական անկլավի առաջացումն արդեն Անկդրկովկասում: Այդ մասին Ռուսաստանը բաց հայտարարել է անմիջապես, երբ ստացել ենք համապատասխան տեղեկություններ»,- ասում է Մարիա Զախարովան:


Ալիեւն ասում է, որ Լավրովն
օգտվել է «ասեկոսեներից»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մեկնաբանում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունն այն մասին, որ ԼՂ հակամարտության գոտում 2 հազարից ավել վարձկան կա Մերձավոր Արեւելքից:

Իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում, Ալիեւն ասում է.


«Ցավում եմ, որ այն երկրների բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք պետք է չեզոք լինեն եւ գործեն ԵԱՀԿ-ի կողմից իրենց տրված մանդատի հիման վրա, օգտվում են հաստատում չգտած տեղեկատվությունից եւ ասեկոսեներից։ Ավելի քան մեկ ամսվա ընթացքում մեզ ոչ մի ապացույց, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի փաստարկ չի տրամադրվել։ Միայն հայտարարություններ։ Ուրեմն ինչու նրանք այն ժամանակ չեն տեսնում հայկական կողմում տեղի ունեցածը, քանի վարձկաններ են կռվում նրանց կողմից։ Ինչու մեզ մեղադրող Ռուսաստանը, Ֆրանսիան այդ մասին ոչինչ չեն ասել»։

 

Իլհամ Ալիեւը եւ Սերգեյ Լավրովը

 



«Սա խտրական մոտեցում է, որը չի կարող մեր կողմից ընդունվել, դա չի համապատասխանում համանախագահների մանդատին։ Ես բազմիցս ասել եմ՝ միջնորդները պետք է չեզոք լինեն։ Եթե նրանք ինչ-որ մեկի կողմն են կանգնում, ապա դա նրանց գործն է, բայց այդ դեպքում նրանք պետք է դուրս գան միջնորդությունից։ Եթե մենք սկսենք մեղադրել նրանց, ովքեր մեղադրում են մեզ վարձկանների հետ կապված, թե ինչ են արել աշխարհի տարբեր անկյուններում, ապա դա շատ երկար խնդիր կլինի։ Մենք դա չենք անում։ Այդ պատճառով էլ գործընկերներից նույն բանն ենք ակնկալում»,- ասում է Իլհամ Ալիեւը։

Նա նաեւ Ռուսաստանին մեղադրում է Հայաստանին զենք մատակարարելու մեջ։


«Ինչո՞ւ նրանք, ովքեր համառորեն խոսում են Թուրքիայի կողմից մեզ ռազմական աջակցություն ցուցաբերելու մասին, չեն խոսում միջնորդի, Մինսկի խմբի համանախագահի, Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու մասին։ Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում այդ մասին։ Եկեք խոսենք այդ մասին, եկեք արդար լինենք»։


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Էրիկ Գրիգորյանի, Ֆոտոլուրի, REUTERS-ի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: