Թշնամին հարավում
կորուստներ է կրել
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ «առավոտյան հարավային ուղղությամբ առաջխաղացման փորձ ձեռնարկող թշնամական տեխնիկային եւ կենդանի ուժին ՊԲ-ն հասցրել է դիպուկ կրակային խոցում՝ պատճառելով կորուստներ եւ ստիպելով նահանջել ելման դիրքեր»:
«Արեւելյան ուղղությամբ ճակատային գծի փոքր հատվածում, մարտավարական նկատառումներից ելնելով, ՊԲ ուժերը հետ են քաշվել՝ զբաղեցնելով հետագա մարտական գործողությունների համար առավել նպաստավոր բնագծեր:
Այս պահին մարտավարական առավելությունը իր կողմը թեքելու թշնամական ուժերի փորձերը շարունակվում են»
Արցախի ԱԻՆ-ից հայտնում են, որ լուսադեմին թշնամին «Սմերչ» կայանքներից կրակ է բացել Մարտունի եւ Շուշի քաղաքների ուղղությամբ։
Շուշիում
Ավելի ուշ Պաշտպանության բանակից հայտնում են, որ թշնամական ուժերի տեղաբաշխման շրջաններում շարունակվում են լրահետախուզման եւ կրակային խոցման գործողությունները:
«Վերջին օրերին տեղի ունեցած եւ առայսօր հարավ-արեւելյան ճակատային գծում (Շեխեր-Կարմիր Շուկա-Թաղավարդ բնագիծ) շարունակվող մարտական գործողությունների արդյունքում ՊԲ ուժերն ու կամավորականները հակառակորդի համար իսկական «դժոխք» են կազմակերպել անտառներում ու ձորերում:
Ահաբեկչական խմբավորումները, հատուկ նշանակության ստորաբաժանումները կրել ու շարունակում են կրել մարդկային ու ռազմատեխնիկական մեծ կորուստներ»,- ասվում է ՊԲ հաղորդագրությունում:
Օրվա ավարտին Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ Քարվաճառի ուղղությամբ, ծխածածկույթ ապահովելով՝ հակառակորդը դիակները դուրս բերելու պատրվակով փորձել է դիվերսիոն գործողություն իրականացնել դեպի ՊԲ միջդիրքային տարածություններ, բայց հայտնաբերվել է եւ հեռահար հրետանու կրակով ոչնչացվել:
Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Արցախի ՊԲ ստորաբաժանումները լիովին վերահսկում են իրավիճակը, շատ տեղերում հակառակորդին հետ շպրտելիս հետապնդում են ու բնագծերի փոփոխություն կատարում։
Փաշինյանը զգուշացնում է
Իսրայելին
«կոնկրետ հետեւանքների»
մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է Իսրայելի իշխանություններին մարդասիրական օգնություն տրամադրել ոչ թե հայերին, այլ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմում կռվող սիրիացի վարձկաններին:
«Մի երկրի մարդասիրական օգնություն, որը զենք է վաճառում վարձկաններին, որն օգտագործվում է քաղաքացիական խաղաղ բնակչությանը հարվածելու համա՞ր: Ես առաջարկում եմ Իսրայելին ուղարկել այս օգնությունը վարձկաններին եւ ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»
Նիկոլ Փաշինյանը
«Իսրայելը պետք է իրեն հարց տա. արդյո՞ք նա վարձկանների հետ միասին չի պայքարում Լեռնային Ղարաբաղի դեմ: Որքանո՞վ է նման հարեւանությունը հարմարավետ իր համար: Եթե հարմարավետ է, Աստված նրա հետ: Բայց ես կարծում եմ, որ լինելու են կոնկրետ հետեւանքներ, որոնց դուք ստիպված կլինեք բախվել»
«Համաշխարհային հիբրիդային
պատերազմ»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «սկսվել է համաշխարհային հիբրիդային պատերազմ եւ որքան աշխարհը շարունակի այն չնկատելու տալ, այն առավել նկատելի կդառնա»։
«Այդ պատերազմը հավասարապես ուղղված է քրիստոնյաների, մուսուլմանների, հուդայականների դեմ։ Լեռնային Ղարաբաղը, ի դեպ, այդ պատերազմի հակաահաբեկչական առաջնագիծն է եւ առանց չափազանցության՝ այստեղ որոշվում է նաեւ քաղաքակրթության ճակատագիրը։ Քաղաքակրթությունը պիտի՛ հաղթի։ Քեզ հետ ենք Վիեննա»,- ասում է Հայաստանի վարչապետը՝ մեկնաբանելով
Ավստրիայի մայրաքաղաքում զինված անձանց հարձակումները, որոնց հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ:
«Ռուսաստանն անում է այն ամենը,
ինչ հնարավոր է այս պահին»
Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ռուսաստանը ստեղծված իրավիճակում Հայաստանին աջակցելու համար անում է այն ամենը, ինչ հնարավոր է այս պահին:
«Հայաստանն, ընդհանուր առմամբ, գոհ է Ռուսաստանի դաշնակցային պարտավորությունների կատարման որակից»
«Ես այս ընթացքում մշտական կապի մեջ եմ եղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Մենք անընդհատ խորհրդակցությունների մեջ ենք եղել ու հետեւել ենք զարգացումներին: Եվ քանի որ ռազմական գործողությունները մոտեցել են Հայաստանի սահմանին, կա սպառնալիք, որ այդ գործողությունները կարող են անմիջական վտանգ ներկայացնել Հայաստանի տարածքի համար, մենք պայմանագրով նախատեսված ընթացակարգեր ենք մեկնարկել, որպեսզի շարունակենք մեր խորհրդակցությունները՝ իրավիճակի հետագա կառավարման վերաբերյալ»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:
Լավրովը՝ զինյալների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Ղարաբաղյան հակամարտությունում ներգրավված Մերձավոր Արեւելքից զինյալների թիվը մոտենում է 2000-ին:
Սերգեյ Լավրովը
«Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում Լավրովն ասում է.
«Մեզ, իհարկե, մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության միջազգայնացումը եւ Մերձավոր Արեւելքից զինյալների ներգրավվումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվը հակամարտության գոտում, ըստ առկա տվյալների, մոտենում է 2000-ին:
Այս թեման, մասնավորապես, Վլադիմիր Պուտինը բարձրացրել է հոկտեմբերի 27-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ կանոնավոր շփումների ընթացքում: Մենք համառորեն շարունակում ենք առաջ տանել մեր դիրքորոշումը տարբեր խողովակներով»:
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Դավիթ Ղահրամանյանի, Ֆոտոլուրի, REUTERS-ի, ՀՀ կառավարության մամուլի ծառայության լուսանկարները: