Հակառակորդը սպիտակ
ֆոսֆոր է կիրառում
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ հակառակորդը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
Թշնամական ուժերը կիրառել են նաեւ Ժնեւյան կոնվենցիաներով արգելված եւ քիմիական զենքի տարրեր (սպիտակ ֆոսֆոր) պարունակող զինատեսակ:
«Հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում գիշերվա ընթացքում շարունակվել են լրահետախուզման եւ կրակային խոցման միջոցառումները: Ոչնչացվել է զինամթերքով բեռնված թշնամական մեկ ավտոմեքենա: Ուժերի դասավորվածությունը ճակատային գծի բոլոր ուղղություններում մնացել է անփոփոխ: ՊԲ ստորաբաժանումները հաջող պաշտպանական մարտեր են վարել հյուսիս-արեւելյան, հարավային եւ հարավ-արեւմտյան ուղղություններում»
Օրվա ավարտին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ «կենտրոնական ուղղությամբ մեկ-երկու դիրքի վրա նետելով մեծաքանակ հետեւակային ուժեր եւ զրախատեպնիկա, օգտագործելով հրետանի, միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, հակառակորդի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխություններ»:
Սրան հակառակ, հարավային եւ հարավ-արեւելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում, ՊԲ զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշ դիրքեր եւ ապահովել որոշակի առաջխաղացում»,- տեղեկացնում է Արծրուն Հովհաննիսյանը:
Փաշինյանը դիմում է Պուտինին՝
անհապաղ խորհրդակցությունների
համար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծած իրադրությունը եւ առաջացած մարտահրավերները:
ԱԳՆ-ից հայտնում են.
«Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արեւելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման եւ վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:
Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը
Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները եւ չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունները եւ 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը»:
Մոսկվան արձագանքում է
նամակին
ՌԴ ԱԳՆ հայտարարությունում ասվում է, որ Ռուսաստանը Երեւանին կցուցաբերի ամբողջ անհրաժեշտ օգնությունը, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք:
«Հաստատում ենք Ռուսաստանի Դաշնության հավատարմությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դաշնակցային պարտավորությունների մասով, այդ թվում պարտավորությունների, որոնք բխում են 1997թ. օգոստոսի 29-ի՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրից: Այդ Պայմանագրի որոշ հոդվածներ նախատեսում են կոնկրետ գործողություններ՝ միմյանց տարածքների նկատմամբ զինված հարձակումների եւ կամ ագրեսիայի ակտերի սպառնալիքի առաջացման դեպքում:
Պայմանագրի համաձայն, Ռուսաստանը Երեւանին կցուցաբերի ամբողջ անհրաժեշտ օգնությունը, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջականորեն Հայաստանի տարածք:
Նիկոլ Փաշինյանը եւ Վլադիմիր Պուտինը
Կրկին կոչ ենք անում ղարաբաղյան հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, նպաստել դեէսկալացիային եւ վերադառնալ առարկայական բանակցությունների խաղաղ կարգավորմանը հիմնարար սկզբունքների հիման վրա հասնելու նպատակով՝ հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանին Հանրապետության արտգործնախարարների ձեռքբերված պայմանավորվածություններին համահունչ», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են AP-ի եւ ՀՀ կառավարության մամուլի ծառայության լուսանկարները: