Պատերազմի սկիզբը

Ժամը 07:10-ին հայտնի է դառնում, որ Ադրբեջանը հարձակման է անցել արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում` Ստեփանակերտը:

***

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է հակառակորդի երկու ուղղաթիռի եւ երեք ԱԹՍ-ների խոցման մասին:

***

Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է «թեժ մարտերի» մասին:

***

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ ադրբեջանական հրետակոծությունների հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:

«Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են: Հրետակոծել են նաեւ դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում» - տեղեկացնում էր Բեգլարյանը:

 

 

 

«Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են: Հրետակոծել են նաեւ դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում»:
 

 
ՀՀ պաշտպանության նախարարությունը հակառակորդի տանկերի խոցման տեսանյութեր է հրապարակում.

  

***

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական ուժերը հարվածներ են հասցրել նաեւ Հայաստանի տարածքի՝ Վարդենիսի ուղղությամբ:

***

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ասում է, որ Պաշտպանության բանակը լիովին վերահսկում է իրավիճակը եւ հերքում է Ադրբեջանի տարածած լուրերն այն մասին, թե ադրբեջանական բանակը 6 բնակավայր է գրավել: 

***

Մի քանի ժամ անց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ Արցախն ունի դիրքային կորուստներ՝ Թալիշի ուղղությամբ եւ հարավային թեւում: 

«Դիրքեր կորցրել ենք, հնարավոր է՝ կորցնենք, բայց նաեւ գրավելու ենք, իսկ պատերազմի ելքը կանխատեսելի է, եւ թշնամու ծրագիրը ձախողվելու է», - ասում է նա:

 

«Դիրքեր կորցրել ենք, հնարավոր է՝ կորցնենք, բայց նաեւ գրավելու ենք, իսկ պատերազմի ելքը կանխատեսելի է, եւ թշնամու ծրագիրը ձախողվելու է»:

 

Արայիկ Հարությունյանն ավելացնում է, որ «սպասում էինք այս պատերազմին, հաշվի առնելով   Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների վերջին ամիսների հայտարարությունները»: 

***

Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ «ադրբեջանական բանակը օգտագործում է իր զինանոցում եղած բոլոր 300 եւ ավելի մեծ տրամաչափի ռեակտիվ համազարկի կայանքները` Սմերչ, Քասիրգա, Պոլոնեզ եւ այլն»:

 

 

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ վկայակոչելով Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Արթուր Սարգսյանին, հայտնում է, որ նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ եւ 100-ից ավելի վիրավոր:

***

Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ հակառակորդը մոտ 200 զոհ ունի,   կորցրել է մոտ 30 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, 2 տասնյակին մոտ ԱԹՍ-ներ:

 

Մարտակոչերն ու հորդորները

Առավոտյան Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է գալիս մարտակոչով:

Դրանում, մասնավորապես, ասված էր.

«2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:

 

 

Վստահ եղեք, այս անգամ եւս հակառակորդը  ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը, նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգեւորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու եւ անօգնական ծերունու միջեւ. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում եւ երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր  կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը, անհրաժեշտության դեպքում նաեւ ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն»:

***

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը՝ դիմելով Հայոց բանակի մարտիկներին, ասել է, որ «եկել է ժամանակը ցույց տալու ձեր ոգու արիությունը, բազկի ուժը եւ անսահման ատելությունը քոչվոր ու անհայրենիք քարանձավային ցեղի մնացորդների նկատմամբ»:

 

 

«Ադրբեջանը, ոգեկոչվելով մեր ազգի դարավոր թշնամու՝ Թուրքիայի   բազմակողմանի աջակցությունից, չի հաշտվել 2016թ. ապրիլին Արցախում եւ 2020թ.հուլիսին Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւելքում իր կողմից սադրած մարտական գործողություններում ջախջախիչ պարտություն կրելու հետ ու կրկին պատերազմ է սանձազերծել: Մեր գործն արդար է, մենք պաշտպանում ենք մեր պապերի սուրբ հողը, հայկական տունը, մեր պատիվն ու մեր ժողովրդի` ազատ երկրում խաղաղ ապրելու իրավունքը: Մենք  հաղթե՛լու ենք», - ասել էր Օնիկ Գասպարյանը:

***

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն իր ուղերձում, մասնավորապես, նշել էր.

«Հանդիսանալով Արցախի անվտանգության երաշխավորը՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը պատրաստ են ցուցաբերելու ցանկացած աջակցություն՝ ապահովելու Արցախի բնակչության անվտանգությունը: 

Արդեն իսկ ակներեւ է, որ դասեր չքաղելով նախկինում ունեցած անփառունակ պարտություններից՝ Ադրբեջանի իշխանությունները կրկին գերագնահատել են ունեցած կարողությունները, ինչի համար, վստահ եմ, խստագույնս կպատժվեն: 

Այս արկածախնդրությունը ծանր հետեւանքներ է ունենալու թշնամու համար: Մեր պատասխանը լինելու է կոշտ ինչպես երբեք: Հայկական բանակը տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ հերթական անգամ ջախջախելու մեր Հայրենիքի նկատմամբ ոտնձգություն իրականացնող թշնամուն»:

***

ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ-ներին եւ սոցցանցերի օգտատերերին «համոզիչ կերպով» կոչ է անում զերծ մնալ չստուգված, ոչ պաշտոնական տեղեկատվություն տարածելուց։ 

«Անհրաժեշտ է հստակ գիտակցել, որ հակառակորդը, բացի բուն մարտական գործողություններից, իրականացնում է նաեւ տեղեկատվական լայնամասշտաբ հարձակում հնարավոր բոլոր խողովակներով, ինչը ենթադրում է հսկայական ծավալով ապատեղեկատվության տարածում՝ մասնավորապես նաեւ սոցիալական հարթակներում։ Հորդորում ենք դրսեւորել զգոնություն եւ կամա թե ակամա մասնակիցը չդառնալ հակառակորդի ձեռնարկած հերթական սադրանքին», - ասված էր ՊՆ հաղորդագրության մեջ:

 

«Մենք պիտի հաղթենք, քանի որ պարտվելու տարբերակ չունենք»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առավոտյան գրառում է կատարում Ֆեյսբուքում՝ տեղեկացնելով, որ «հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել»։ 

«Պաշտպանության բանակը հաջողությամբ դիմակայում է հարձակմանը։ Իրավիճակը օպերատիվ զարգացման մեջ է, տեղեկությունները ըստ անհրաժեշտության կամփոփվեն եւ կհաղորդվեն։ Կոչ եմ անում վստահել միայն պաշտոնական աղբյուրներին եւ զգոն լինել թշնամական տեղեկատվական հոսանքներին տրվելուց։ Ամուր կանգենք մեր պետության, մեր բանակի թիկունքին՝ մեր սուրբ հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Ու մենք կհաղթենք։ Կեցցե՜ հայոց փառապանծ բանակը։ Կեցցե՜ հայոց պետականությունը։ Կեցցե՜ հայ ժողովուրդը», - գրել էր Փաշինյանը։

***

Այնուհետեւ հանդես գալով ուղերձով Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Որպես 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ ՀՀ-ն քաղաքական, դիվանագիտական ու ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու, հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով»։

 

  «Որպես 1994 թվականի հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ ՀՀ-ն քաղաքական, դիվանագիտական ու ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ապահովելու, հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով»։ 

 

Նա նշել էր, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների, եւ դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է»։

 

 

«Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին, քանզի միշտ սթափ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքն ու ատելությունը, որով տասնամյակներ ադրբեջանական բռնապետությունը սնում էր իր ժողովրդին, չէր կարող որեւէ այլ արդյունքի հանգեցնել»,- ասել էր վարչապետը։

Փաշինյանը նաեւ նշել էր, որ Ադրբեջանը կրում է մարդկային ու զինտեխնիկայի զգալի կորուստներ եւ պետք է գիտակցի, որ հայկական բանակի մարտունակությունը բարձր է, քան երբեւէ։ 

«Մենք լավ գիտակցում ենք, որ Ադրբեջանի բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել նաեւ Հայաստանի սահմանների ուղղությամբ ու դիմել տարբեր սադրանքների՝ տարածաշրջանում իրավիճակն ամբողջությամբ ապակայունացնելու համար։ Այս է պատճառը, որ կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն ու ընդհանուր զորահավաք»,- նշել էր Նիկոլ Փաշինյանը։ 

***

Ազգային Ժողովի արտահերթ նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Փաշինյանն ասում է, որ Արցախի անկախության ճանաչման հարցը եղել է եւ մնում է Հայաստանի օրակարգում: Նա ավելացնում է, որ պետք է քննարկվի նաեւ Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հարցը:

***

Ազգային Ժողովի իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ասում է, «որ հայ ժողովուրդը ծնկած չի եղել եւ չի լինի»:

«Մեր ժողովրդի առաջ երկընտրանք է դրվում՝ հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից կամ ստանալ պատերազմ: Այս ողջ ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը եղել է այդպիսին: Այսօր ես եկել եմ ասելու, որ պատրաստ եմ զոհվելու՝ հանուն մեր հայրենիքի:

 

 

Հայ ժողովուրդը ծնկած չի եղել եւ չի լինի: Այսօր բոլորս մի ուղերձ ունենք հղելու իրար ու աշխարհին՝ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն հայրենիքի, մեր հայրենիքի ու մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջելու: Մենք պիտի հաղթենք, քանի որ պարտվելու տարբերակ չունենք»,- հայտարարում է Փաշինյանը:

***

Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ Արցախում է. 

«Ստեփանակերտում եմ։ Եկել եմ արցախցի մեր քույրերի եւ եղբայրների կողքին լինելու»:

 

«Պատասխանը լինելու է համաչափ»

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է, որ «մեր զինված ուժերն իրենց դիրքերում ամուր են, իսկ պատասխանը լինելու է համաչափ»:

«Սա կենաց-մահու կռիվ է, որն ընդունում ենք ազգովի եւ ազգովի հաղթանակ ենք տանելու», - նշում է Արցախի նախագահը:

 

 

Արայիկ Հարությունյանն ասում է, որ «մեզ հետ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, մեզ հետ կռվում է Թուրքիան»:

***

Ելույթ ունենալով ճեպազրույցում, Արցախի նախագահը նշում է, որ ագրեսիայի ընթացքում հենց թուրքական բանակի ներկայացուցիչներն են կառավարում թուրքական արտադրության հարվածային ԱԹՍ-ները: 

Արայիկ Հարությունյանն ասում է նաեւ, որ առավոտյան հարվածներին ներգրավված էին թուրքական F-16 ինքնաթիռները, որոնք մասնակցում էին Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ վարժանքներին եւ մնացել էին Ադրբեջանի տարածքում:

 

Ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ «այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա»:

«Վերջին ժամերին գրանցվում են բազմաթիվ դեպքեր, երբ հանրապետության ողջ տարածքում զինվորական կոմիսարիատներ են դիմում անհատ քաղաքացիներ եւ խմբեր (մինչեւ 10 000 մարդ)՝ զինվորագրման եւ արցախա-ադրբեջանական շփման գիծ մեկնելու խնդրանքով։ ՀՀ պաշտպանության նախարարությունը, բարձր գնահատելով մեր հայրենակիցների պատրաստակամությունը, հայտնում է, որ այս պահին կամավորագրման անհրաժեշտություն չկա, իսկ առաջանալու դեպքում ՀՀ ՊՆ-ն հանդես կգա առանձին, հատուկ հայտարարությամբ», - ասված էր հայտարարության մեջ:

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ կառավարության որոշմամբ Հայաստանում հայտարարվում է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք:

 

 

«Որոշումը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:  Զորքերին կցագրված անձնակազմերին՝ կոչ եմ անում ներկայանալ իրենց տարածքային զինկոմիսարիատներ: Հանուն հայրենիքի, հանուն հաղթանակի», - ասում է վարչապետը:

***

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում ասում է, որ 18-ից բարձր տարիքային խմբի համար համատարած զորահավաք կհայտարարվի։ 

***

Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը կոչ է անում «կենտրոնացնել մոբիլիզացիոն ռեսուրսը՝ որքան շուտ կազմակերպվենք, այնքան արագ այս ամենը կավարտվի»:

 

«Կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է իրավիճակի լրջության վրա, ասելով, որ «Հարավային Կովկասում լայնածավալ պատերազմի բռնկումը, որի շեմին կանգնած ենք, կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ, դուրս գալ տարածաշրջանի սահմաններից եւ ձեռք բերել շատ ավելի լայն մասշտաբներ»։ 

«Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում»,- ասել էր Փաշինյանը։

 


 

«Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելու Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում»։ 

***

Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանն ասում է, որ արցախա-ադրբեջանական շփման գծի ռազմական գործողություններում «Թուրքիայի ներգրավվածությունը շատ վտանգավոր տարրեր է իր մեջ պարունակում»:

«Միջազգային հանրությունը ոչ միայն Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը եւ գործողությունները պետք է զսպի, այլեւ Թուրքիային պետք է հեռու պահել այս ամբողջ գործընթացից, որովհետեւ դա էականորեն կարող է փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում»,- նկատում է Մայիս Մայիլյանը:

***

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիան Արցախի Հանրապետության նկատմամբ։

***

ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասում է, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմում: 

«Դեսպանները ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն  են փոխանցել երկրների համապատասխան կառույցներին: 

Նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Ռուսաստանի, Վրաստանի արտաքին գործերի նախարարների հետ, որոնց պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում շփման գծում իրավիճակի վերաբերյալ»,- տեղեկացնում է Աննա Նաղդալյանը: 

«Մեր առաջնային խնդիրը լարվածության թուլացումն է: Միջազգային գործընկերների հետ ունենք լիակատար փոխըմբռնում առ այն, որ նախեւառաջ պետք է քայլեր ձեռնարկվեն լարվածության թուլացման ուղղությամբ»,- ասում է ԱԳՆ խոսնակը:

***

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ընդհատում է իր պաշտոնական այցը Վատիկան եւ վերադառնում է Հայաստան։ Մինչեւ Հռոմից մեկնելը նա   հանդիպում է Ֆրանցիսկոս Պապին: 

 


 

Ռազմական գործողությունների դադարեցման եւ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարեւորում է Կաթոլիկ Եկեղեցու եւ նրա հովվապետի ձայնը։

 

Կոչերն ու մտահոգությունները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է գալիս հայտարարությամբ.

«Ստացվող տեղեկությունների համաձայն, կտրուկ լարվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում: Կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը եւ բանակցություններ սկսել իրավիճակի կայունացման համար»:

***

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները եւ վերսկսել հակամարտության կայուն լուծմանն ուղղված բանակցությունները:

***

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հանդես է գալիս հայտարարությամբ:

«Եվրախորհրդին անդամակցելիս երկու երկրներն էլ պարտավորվել են լուծել հակամարտությունը խաղաղ ճանապարհով, եւ այդ պարտավորությունը պետք է խստորեն հարգել: Եվրախորհրդի անունից ես կոչ եմ անում մեր երկու անդամ պետությունների իշխանություններին անել հնարավորը մարդկային կյանքը պաշտպանելու եւ ռազմական բախումների մեջ չմտնելու համար: Ոչ մի ջանք չպետք է խնայվի՝ էսկալացիան դադարեցնելու համար»:

***

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ առանց նախապայմանների վերադառնալ   ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին:

 

Հեռախոսազրույցները

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայանում է Նիկոլ Փաշինյանի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:

Կրեմլի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասված էր. «Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ լարումը: Ռուսաստանյան կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնածավալ բախումների կապակցությամբ: Նշվել է, որ հիմա կարեւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ դիմակայության հետագա սրացումը թույլ չտալու համար, իսկ ամենակարեւորը ռազմական գործողությունների դադարեցումն է»:

 

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ լարումը: Ռուսաստանյան կողմը լուրջ մտահոգություն է հայտնել լայնածավալ բախումների կապակցությամբ: Նշվել է, որ հիմա կարեւոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ դիմակայության հետագա սրացումը թույլ չտալու համար, իսկ ամենակարեւորը ռազմական գործողությունների դադարեցումն է»:

***

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ:

ՀՀ վարչապետը զրուցակցի ուշադրությունն առանձնակի հրավիրում է Թուրքիայի խիստ կողմնակալ եւ ագրեսիվ դիրքորոշման եւ այդ երկրի հնարավոր միջամտությունը կասեցնելու անհրաժեշտության վրա:    

***

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգել Լավրովն ու Մեվլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույւց են ունենում:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նրանք ընդգծել են շփման գծում կրակի դադարեցման ու իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը, ցավակցություն են հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին», - ասված էր Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

 

Ձեւավորումը՝  Աննա Աբրահամյանի,   Թամար Դանիելյանի
Էջադրումը՝  Աննա Ալավերդյանի,   Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝  Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Վաղինակ Ղազարյանի, Հավհաննես Վարդանյանի, Ֆոտոլուրի, ՀՀ կառավարության, Արցախի նախագահի մամուլի ծռայությունների լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: