«Թիրախավորելու են Ադրբեջանի
ռազմական օբյեկտները»
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ այսուհետ ՀՀ զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ։
«Այսօր ադրբեջանական զինուժը թիրախավորել է Հայաստանի տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գոտում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկա՝ ընդամենը ենթադրությունների հիման վրա, թե, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարվածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին: Վերահաստատելով, որ մինչեւ այս պահը ՀՀ տարածքից որեւէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակվել Ադրբեջանի ուղղությամբ, միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ այսուհետ ՀՀ զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում նույն տրամաբանությամբ թիրախավորել Ադրբեջանի տարածքում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ կամ ռազմական տեղաշարժ»
***
Արցախի պաշտպանության բանակը հայտնում է, որ հակառակորդը շարունակում է խախտել հումանիտար հրադադարը՝ դարձյալ թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու գյուղերը:
«Մասնավորապես, Մարտակերտ քաղաքին հրթիռահրետանային հարվածներ հասցնելուց բացի, այդ ուղղությամբ այսօր թշնամին կիրառել է նաեւ ռազմական ավիացիա»,- ասվում է հաղորդագրության մեջ։
***
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ Ադրբեջանը հյուսիսային եւ հարավային ուղղությամբ կիրառել է մեծաքանակ հետեւակ եւ մինիմիալ զրահատեխնիկա:
«Հատկապես բարձունքները գրոհելիս շատ մեծ խտությամբ հետեւակ են կիրառում, որին ՊԲ-ն հետ է շպրում՝ կենդանի ուժի շատ մեծ կորուստներ պատճառելով»,- ասում է նա:
***
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի տարածքում Ադրբեջանի անօդաչու թռչող սարքի հարվածից տուժել է 14 տարեկան երեխա, ով մեքենայով գնալիս է եղել դաշտ հողագործական աշխատանքի:
«Պատանին բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր»
«Մեկ ճանապարհ ունենք՝
պարտադրել զինադադար»
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է, որ «Պաշտպանության բանակը շարունակում է հերոսաբար դիմադրել եւ ուժգին հակահարվածներ հասցնել թշնամում՝ պատճառելով մարդկային եւ զինտեխնիկայի ահռելի կորուստներ»։
«Մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության եւ միջազգային հանրության ակտիվ ջանքերը պատերազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ եւ բարձր ենք գնահատում դրանք»,- նշում է Արայիկ Հարությունյանը։
Անդրադառնալով Մոսկվայում հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հումանիտար հրադադարի պայմանավորվածությանը եւ Ադրբեջանի կողմից դրա պարտավորությունների անտեսմանը, Արայիկ Հարությունյանն ասում է.
«Հակառակորդը, օգտվելով առիթից, այդ հայտարարության արդեն հաջորդ օրը սկսել է ավելի հուժկու մարտական գործողություններ՝ ճակատի գրեթե ողջ երկայնքով, մանավանդ՝ հարավային ուղղությամբ։ Հակառակորդին հաջողվել է ինչ-որ տեղ մխրճվել, ինչ-որ տեղ ունենալ առավելություններ եւ օր օրի ճակատը տեղափոխել ավելի խորը տարածքներ։ Հասկանում ենք, որ հակառակորդին զինադադար ստիպելու ընդամենը մեկ ճանապարհ ունենք՝ պարտադրել զինադադար»։
Արցախի նախագահի
հատուկ կոչը
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ կոչով դիմում է «Արցախից դուրս գտնվող զինապարտ եւ զենք բռնելու ունակ հայրենակիցներին՝ գալ և միանալ սահմանին կանգնած զինվորներին»:
Կոչում ասվում է.
«Մեր Հայրենիքն այսօր առավել, քան երբեւէ բոլորիս պաշտպանության կարիքն ունի: Ձեր օջախները, պապերի գերեզմանները, ձեր զավակների ապագան անպաշտպան թողնելու առաջին հերթին բարոյական իրավունք չունեք: Եթե որեւէ մեկդ մտածում եք, որ Արցախից դուրս կարող եք ապահով ապրելու եւ արարելու համար արժանապատիվ կյանք գտնել ձեզ եւ ձեր ընտանիքների համար, չարաչար սխալվում եք:
Արայիկ Հարությունյանը
Մենք պատմականորեն բացառիկ հնարավորություն ենք ունեցել ազատ եւ անկախ պետականություն ունենալու, որի համար մեկ անգամ արդեն մեծ գին ենք վճարել: Սա մեր վերջին ճակատամարտն է, որն իրավունք չունենք զիջելու, որտեղ դասալքությունը հավասարազոր է դավաճանության: Այստեղ տերը մենք ենք եւ իրավունք չունենք ոսոխին ներս թողնելու եւ թույլ տալու, որ նա պղծի մեր սրբությունները:
Շտապեք միանալ ձեր եղբայրներին, ովքեր անսասան կանգնած են իրենց հայրենի հողի վրա, ովքեր սահմանին կանգնելով, հաց թխելով, մեքենա վարելով առաջնագիծն ու թիկունքը դարձնում են ամուր ու ավելի ուժեղ:
Ետ դարձեք, քանի դեռ ուշ չէ, քանի որ բոլորիդ արարքները գնահատելու են ժողովուրդն ու պատմությունը: Անեծքի փոխարեն՝ ընտրեք օրհնության ճանապարհը: Արցախը սպասում է բոլորիդ»
«Հրադադարը
վիժեցրել է Թուրքիան»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել՝ Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները:
Reuters-ին տված հարցազրույցում Փաշինյանը Թուրքիային մեղադրում է հրադադարի ռեժիմը վիժեցնելու մեջ:
«Թուրքիան ամենեւին էլ Ղարաբաղի հարց չի լուծում: Թուրքիան փորձում է շարունակել հայերի ցեղասպանության իր քաղաքականությունը, որովհետեւ Հարավային Կովկասում Հայաստանը եւ հայությունը վերջին խոչընդոտն են նրա էքսպանսիայի ճանապարհին՝ դեպի հյուսիս, դեպի արեւելք եւ դեպի հարավ-արեւելք: Ամբողջ Հարավային Կովկասը կդառնա Սիրիա, եւ այդ կրակը կտարածվի դեպի հյուսիս, դեպի հարավ՝ շատ արագ, ամիսների ընթացքում եւ ավելի երկարաժամկետ՝ դեպի արեւելք»
Փաշինյանի ուղերձը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին:
Նա ասում է, որ 2020թ. հուլիսի Տավուշի հաղթական մարտերը ապացուցեցին, որ Ադրբեջանի զինված ուժերը ի վիճակի չեն խնդիրը լուծել ռազմական ճանապարհով եւ «սա ցնցող ազդեցություն ունեցավ ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի վրա»:
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ այդ դեպքերից անմիջապես հետո տեղի ունեցան աննախադեպ ծավալի թուրք-ադրբեջանական զորավարժությունները, «որոնց ժամանակ Թուրքիան կրկին համոզվեց, որ ադրբեջանական բանակը ի վիճակի չէ լուծել խնդիրը եւ որոշեց, որ ինքը պետք է զբաղվի՝ ներգրավվելով մեծ թվով ահաբեկիչների»:
Վարչապետն ասում է, որ երբ Ադրբեջանի, Թուրքիայի եւ ահաբեկիչների դաշինքը պատերազմ սանձազերծեց, Հայաստանը փորձեց գործի դնել ռազմավարական զսպման մեխանիզմները եւ մատնացույց անել, որ խնդիրը միայն Արցախը չէ եւ լինելու է շղթայական ռեակցիա: Սակայն, նկատում է Փաշինյանը, «ռազմավարական զսպման մեխանիզմներ ունեցողները տարօրինակ կերպով պատշաճ չգնահատեցին վտանգը եւ շարունակեցին դիտարկել խնդիրը միայն ղարաբաղյան կարգավորման համատեքստում»:
Վարչապետն ասում է, որ առաջին շաբաթվա ընթացքում Ադրբեջանի, Թուրքիայի եւ ահաբեկիչների դաշինքը, չնայած աննախադեպ մարդուժի եւ տեխնիկայի կիրառմանը, որեւէ հաջողության չէր հասել: Վերջին օրերին թշնամին որդեգրել է նոր մարտավարություն եւ փորձում է դիվերսիոն խմբերով ներթափանցել եւ խառնաշփոթ առաջացնել, ասում է նա:
Նիկոլ Փաշինյանը
«Իրադրությունը ծանր է, բայց սա չեմ ասում հուսահատության կամ անելանելիության բերումով, այլ որովհետեւ պարտավորություն ունեմ ճշմարտության լեզվով խոսել ձեզ հետ», - ընդգծում է Նիկոլ Փաշինյանը:
«Մենք չենք ընկրկելու, մեզ հնարավոր չէ կոտրել, հնարավոր չէ հաղթել: Այսօր մենք ունենք մեկ անելիք՝ կենտրոնացնել եւ համախմբել մեր ողջ ներուժը՝ Արցախի խնդրի վերջնական լուծման համար: Մենք մեր սուգը պետք է վերացնենք ցասման: Այսօր մենք կերտում ենք մեր նոր պատմությունը, մեր նոր էպոսը», - ասում է կառավարության ղեկավարը:
***
Հայաստանի արտգործնախարարությունը «խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ զինված ագրեսիայի փորձը եւ նախազգուշացնում է, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններն ունենալու են անդառնալի ռազմաքաղաքական հետեւանքներ, որոնց ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ղեկավարությունը»:
Պեսկովի եւ Ալիեւի
«հեռավար բանավեճը»
Ռուսաստանը ելնում է ԼՂ կարգավորման բանակցային ձեւաչափի անփոփոխության սկզբունքից, որը հաստատվել է Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:
Այդ մասին ասում է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Ռուսաստանը Ղարաբաղի շուրջ քառակողմ բանակցություններ վարելու առաջարկին՝ Մոսկվայի, Բաքվի, Անկարայի եւ Երեւանի մասնակցությամբ:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ «առանց Թուրքիայի մասնակցության Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը չի լուծվելու» եւ որ Թուրքիան պետք է միանա Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցություններին:
Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովն ասում է, որ Անկարայի մասնակցությունը ԼՂ բանակցություններին ոչ միայն չի նպաստի խաղաղ կարգավորմանը, այլեւ, ավելի կսրի իրավիճակը:
«Նման ձևաչափը, իմ կարծիքով, կործանարար կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարների համար: Այս ձևաչափում Անկարան, ի տարբերություն Մոսկվայի և ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ այլ երկրների, ավելորդ է, քանի որ նրա դիրքորոշումը Բաքվի դիրքորոշման կրկնօրինակն է: Հետևաբար, դրանում չկա հավելյալ արժեք, սակայն կա ներուժ հակամարտության կողմերի մոտեցումների հետագա արմատականացման համար»
«Այս պատերազմից հետո
աշխարհը կփոխվի»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է.
«Ղարաբաղյան պատերազմից հետո ոչ միայն տարածաշրջանը, այլեւ աշխարհը կփոխվի: Արդեն փոխվում է: Բոլորը տեսան մեր ուժը, մեզ հետ ավելի բարձր մակարդակով կհաշվի կնստեն: Ադրբեջանի դերը տարածաշրջանային հարցերում էլ ավելի կբարձրանա: Թուրք-ադրբեջանական միությունն էլ ավելի կամրապնդվի, ինչը կենսական նշանակություն ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար»:
Թուրքական Haber Turk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ալիեւը նշում է.
«Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու Հայաստանի ջանքերը անտեղի են եւ վնասակար առաջին հերթին հենց իրենց համար: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչված է ամբողջ աշխարհի կողմից, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների: Չեմ հավատում, որ որեւէ երկիր կճանաչի Լեռնային Ղարաբաղը, քանի որ դրանից ընդամենը մեկ ժամ հետո մենք կխզենք դիվանագիտական հարաբերությունները այդ երկրի հետ: Հայաստանի այս ջանքերը նախատեսված են միայն ներքին լսարանի համար»:
Իլհամ Ալիեւը
Խոսելով խաղաղապահների տեղակայման հեռանկարի մասին, նա ասում է.
«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի առկայությունը հնարավոր է միայն երկու երկրների համաձայնությամբ: Երբ մարդիկ խոսում են խաղաղապահների մասին, նկատի ունեն Ադրբեջանի ինքնիշխան տարածքը: Առանց մեր համաձայնության ոչ մի երկիր չի կարող խաղաղապահներ ուղարկել մեր տարածք:
Հիմնական սկզբունքներում խաղաղապահների ներկայությունը վերջին կետն է: Առաջին հերթին պետք է տարածքները վերադարձվեն Ադրբեջանին, արտագաղթածները պետք է վերադառնան իրենց հողերը, սահմանները բացվեն, առեւտուր հաստատվի եւ միայն դրանից հետո չի բացառվում խաղաղապահների ժամանումը»:
«Ահաբեկիչները սպառնում են
ամբողջ տարածաշրջանին»
Ռուսաստանի Դաշնության Խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասում է, որ օտարերկրյա գրոհայինների մասնակցությունը ղարաբաղյան հակամարտությանը մեծ վտանգ է տարածաշրջանի համար:
Վալենտինա Մատվիենկոն
«Չնայած դա հերքում են, բայց Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ շատ այլ երկրների հետախուզական ծառայություններն արդեն հայտարարել են, որ ռազմական գործողություններում ներգրավված են այլ պետությունների ահաբեկչական խմբավորումներ: Սա արդեն շատ լուրջ պատմություն է եւ շատ լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլեւ ամբողջ տարածաշրջանի համար», - ասում է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավարը:
Իլհամ Ալիեւը շարունակում է հերքել այն փաստը, որ օտարերկրյա զինյալները կռվում են Ադրբեջանի կողմից:
«Մեզ չի ներկայացվել ադրբեջանական բանակում օտարերկրյա վարձկանների ներկայության գոնե մեկ ապացույց: Հայտարարություններ են եղել ֆրանսիական եւ ռուսական կողմերից, բայց դրանից ոչ ավելին, ոչ մի մանրամասն տեղեկատվություն չի տրամադրվել: Մեր հետախուզական ծառայությունները կապ էին հաստատել այդ երկրների հետ` ապացույցներ ստանալու համար, սակայն նրանք ոչինչ չներկայացրեցին: Պետք է ապացույցներ ներկայացնել, կամ խոսքերը հետ վերցնեք»
***
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորը մտահոգություն է հայտնել Ղարաբաղում ռազմական գործողություններում մերձավորարեւելյան տարածաշրջանից ժամանած զինյալների մասնակցության կապակցությամբ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ընդգծվել է համատեղ ջանքերի մեծ կարեւորությունը արյունահեղությունը շուտափույթ դադարեցնելու եւ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանն անցնելու նպատակով: Հույս է հայտնվել, որ Թուրքիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կառուցողական ներդրում կունենա հակամարտության դեէսկալացիայի գործում», - ասվում է հաղորդագրությունում:
Լավրովը չի կիսում
Ալիեւի կարծիքը
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Արցախում իրավիճակի մասին մի շարք հայտարարություններ է անում «Սպուտնիկ», «Կոմսոմոլսկայա պրավդա» եւ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայաններին տված հարցազրույցում:
«Մենք համաձայն չենք այն դիրքորոշման հետ, որը հնչեցրել է Թուրքիան եւ մի քանի անգամ արտահայտել է նախագահ Ալիեւը: Այստեղ ոչ մի գաղտնիք չկա. կարծիքը, որ խնդիրը հնարավոր է լուծել ռազմական ճանապարհով, մենք չենք կիսում», - ասում է Լավրովը:
Բայդենի կոչը Թրամփին
ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը հանդես է գալիս հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է.
«Ես խորապես մտահոգված եմ հոկտեմբերի 10-ի հրադադարի ռեժիմի պայմանավորվածության խախտմամբ եւ Լեռնային Ղարաբաղում եւ հարակից տարածներում մարտերի վերսկսմամբ:
Բայդենի եւ Թրամփի բանավեճը
Անհասկանալիորեն, այս հակամարտության վերջին սրացման ընթացքում Թրամփի վարչակազմը հիմնականում պասիվ էր եւ չներգրավված: Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների բռնկումից ի վեր ոչ նախագահ Թրամփը, ոչ էլ պետքարտուղար Պոմպեոն անգամ մեկ հեռախոսազանգ չեն ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Դիվանագիտությունը Մոսկվային պատվիրակելու փոխարեն, ԱՄՆ վարչակազմը պետք է առավելագույն ներգրավվածություն ունենա ամենաբարձր մակարդակներում ՝ աշխատելով մեր եվրոպացի գործընկերների հետ ՝ մարտերը դադարեցնելու եւ երկու կողմերին բանակցությունների վերադարձնելու համար»:
ԱՄՆ նախագահի թեկնածուն նշում է, որ Թրամփի վարչակազմը պետք է հստակ հայտնի Ադրբեջանին, որ չի հանդուրժելու այս հակամարտության ռազմական լուծում պարտադրելու Բաքվի ջանքերը:
«Այն պետք է հասկացնի Հայաստանին, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող շրջանները չեն կարող անորոշ ժամանակ գրավված մնալ եւ որ հրադադարի կնքումից անմիջապես հետո պետք է սկսվեն արժանահավատ բանակցությունները հակամարտության տեւական լուծման շուրջ: Վերջապես, ԱՄՆ վարչակազմը պետք է վերջ տա Անկարայի համար դայակի տեր տանելը եւ ինչպես Թուրքիային, այնպես էլ Իրանին ասի, որ հեռու մնան այս հակամարտությունից: Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի տրամադրումը, ինչպես նաեւ ռազմական լուծումը խրախուսող ռազմաշունչ հռետորաբանությունը անպատասխանատու պահվածք է:
Բայդենի եւ Թրամփի բանավեճը
Դիվանագիտական լուծման հասնելը դյուրին չի լինի, բայց Թրամփի վարչակազմը դա փորձելու պարտավորություն ունի»,- ասում է Ջո Բայդենը:
***
Լրագրողների հետ հեռախոսային ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ասում է, որ Թուրքիան լրացուցիչ ուժեր է տրամադրում Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում, եւ Վաշինգտոնը կոչ է անում Անկարային չանել դա:
«Մենք տեսանք, որ Թուրքիան սկսել է լրացուցիչ ուժեր է տրամադրել
Ադրբեջանին: Մենք դիմել ենք միջազգային բոլոր դերակատարներին, որպեսզի նրանք չխառնվեն տարածաշրջանում իրավիճակին»,- ավելացնում է նա:
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Սիփան Գյուլումյանի, Reuters-ի, Ֆոտոլուրի լուսանկարները: