Խոցվել է հակառակորդի
Սու-25 ինքնաթիռը


ՀՀ հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսեսյանն ասում է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի Սու-25 ինքնաթիռ։

Անդրադառնալով հայկական կողմի ՀՕՊ համակարգերին՝ նա նշում է, որ «բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են, որպեսզի հակաօդային պաշտպանության միջոցները լինեն ինքնաբավ, կարողանան կատարել օդային սահմանների պաշտպանության մարտական խնդիրները»։

Խոսելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած հարձակողական գործողությունների մասին՝ Գարիկ Մովսեսյանն ասել է, որ հենց սկզբից Հայաստանի եւ Արցախի տարածքների ռմբակոծման ու հրթիռակոծման գործողություններին ակտիվորեն մասնակցել են Թուրքիայի F-16 ինքնաթիռները։

«Սեպտեմբերի 27-ին Գյանջա-Սոթք-Վարդենիս օդային ուղղությամբ Մեծ Մասրիկ եւ Սոթք բնակավայրերին հարվածներ հասցնելու ընթացքում Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 տեսակի երկու ինքնաթիռ խախտել է ՀՀ օդային տարածքը մինչեւ 6 կմ խորությամբ»,- ասել է նա։


Ջալալ Հարությունյանը՝
գեներալ-լեյտենանտ


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանին շնորհվում է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ ՀՀ նախագահին միջնորդություն է ներկայացրել ՀՀ ԶՈւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արայիկ Հարությունյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանին գեներալ-մայորի, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանին գեներալ-գնդապետի զինվորական կոչում շնորհելու մասին:


Վահագն Ասատրյանը՝
Ազգային հերոս


Հայրենիքի պաշտպանության եւ անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած անձնուրացության եւ անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ Վահագն Ֆելիքսի Ասատրյանը հետմահու պարգեւատրվում է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

 

Վահագն Ասատրյանը

 

Կարդացեք Մեդիամաքսի Հերոսապատում․ Վահագն Ասատրյան հրապարակումը:


«Միայն Թուրքիան է
դեմ հրադադարին»


ՌԴ արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասում է.

«Ռուսաստանի գլխավոր ուղերձն այն է, որ պետք է անհապաղ հանդիպումներ կազմակերպել եւ կրակի դադարեցման վերահսկման մեխանիզմները համաձայնեցնել»։

 

Ժան-Իվ Լը Դրիանը

 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը քննադատում է Թուրքիայի դերակատարությունը.

«Այս հարցում ռազմական հաղթանակ լինել չի կարող եւ հրադադարը պետք է իրագործվի: Այսօր մենք տեսնում ենք, որ կա միայն մեկ երկիր, որը հրադադարի պահպանման կոչ չի անում, եւ այդ երկիրը Թուրքիան է»:


«Սխալմունքի» հետեւանք


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունում է, որ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցուն հասցված հարվածները կարող էին «սխալմունքի» հետեւանք լինել:

 

Իլհամ Ալիեւը

 

France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա ասում է.

«Մենք պետք է ուսումնասիրենք այս փաստը: Մենք վստահ չենք, թե ինչ է տեղի ունեցել: Կասկածներ ունենք, որ դա հայերի գործն է, որոնք ցանկանում են մեզ մեղադրել: Եթե դա արվել է ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից, ուրեմն, սխալմունք է տեղի ունեցել: Մենք չենք թիրախավորում պատմական կամ կրոնական վայրերը»:


Ռամիլ Սաֆարովի
հոր նամակը Ալիեւին


Ադրբեջանի նախագահի կայքէջում հրապարակվում են «քաղաքացիների նամակներ», որոնք սատարում են Իլհամ Ալիեւի «հեռանկարային ներքին ու արտաքին քաղաքականությանը»: Նամակներից մեկի հեղինակը Սահիբ Սաֆարովն է՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանորեն սպանած եւ Ալիեւի կողմից ներման եւ պարգեւների արժանացած Ռամիլ Սաֆարովի հայրը:

«Ձեր հրամանատարությամբ մեր խիզախ բանակի կողմից գրեթե 30 տարի Հայաստանի եւ նրա հովանավորների օկուպացիայի տակ մնացած Ադրբեջանի հողերի ազատագրումը մեզ ուրախության եւ հպարտության զգացում է հաղորդում: Երբ 2012-ին որդուս ներում շնորհվեց եւ նա Հունգարիայից վերադարձավ Ադրբեջան, որոշ երկրներ եւ միջազգային կազմակերպություններ կրկին ցուցաբերեցին կողմնակալ, միակողմանի դիրքորոշում: Չնայած այս ամենին ՝ Դուք ողջ աշխարհին ապացուցեցիք, որ պետությունը կանգնած է իր սպայի եւ քաղաքացու թիկունքում ՝ անկախ նրա բնակության վայրից: Ադրբեջանի պետությունը, ժողովուրդը եւ բանակը ի վիճակի են ազատագրել իրենց պատմական հողերը բռնազավթումից: Սաֆարովների ընտանիքի եւ ողջ ադրբեջանական ժողովրդի անունից մենք մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում ձեզ, մեր փառավոր բանակին, 27 տարի անց մեր հայրենի Ջեբրայիլը հայկական օկուպացիայից ազատագրելու համար», - գրում է մարդասպանի հայրը:


Պոմպեոյի հույսերը


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնում, որ «հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ անում են ադրբեջանցիները»։

WSB Atlanta-ին տված հարցազրույցում նա, մասնավորապես, ասում է․

«Այն, ինչ կատարվում է այսօր Ադրբեջանում եւ Հայաստանում, վտանգավոր է։ Թուրքերը խառնվել են եւ միջոցներ են տրամադրել Ադրբեջանին՝ ավելացնելով ռիսկը Լեռնային Ղարաբաղ կոչվող այս տարածքի համար պատմական մարտում։ Այն փոքր տարածք է՝ 150 հազար բնակչությամբ։

 

Մայք Պոմպեոն

 

Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն խաղաղ միջոցներով, ոչ թե զինված հակամարտության եւ հաստատ առանց երրորդ երկրների, որոնք տրամադրում են իրենց կրակային ուժը մի վայրում, որն արդեն վառոդի տակառ է։ Մենք հույս ունենք, որ հայերը կկարողանան պաշտպանվել նրանից, ինչ որ անում են ադրբեջանցիները, եւ հետո նրանք բոլորը հրադադար կունենան, այնուհետեւ կնստեն բանակցային սեղանի շուրջ եւ կփորձեն լուծել այդ իսկապես պատմական եւ բարդ խնդիրների հավաքածուն»։


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Էրիկ Գրիգորյանի եւ Գիլադ Սադեի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: