Ծանր եւ համառ
մարտեր Շուշիի մոտ
Արցախի ՊՆ-ն հայտնում է, որ գիշերը առավել համառ ու ինտենսիվ մարտեր են ընթացել Շուշի-Քարին տակ հատվածում: Հայկական ստորաբաժանումները հաջողությամբ կասեցրել են թշնամական ուժերի հարձակման բազմակի փորձերը՝ ոչնչացնելով մեծ քանակությամբ մարդկային ուժ, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ «ծանր մարտեր են ընթանում, որպեսզի Շուշին դիմակայի եւ կանգուն մնա»:
«Շուշիի հարակից տարածքներում, քաղաքի մոտակայքում, ճանապարհների ուղղությամբ թշնամուն հաջողվել է մոտենալ, եւ մարտերը չեն դադարում գիշեր, թե ցերեկ: Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թեւերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են եւ շարունակական»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը:
Նա տեղեկացնում է, որ մարտեր են ընթանում նաեւ Քարին Տակի, Լիսագորի եւ այլ հատվածներում:
Օրվա ընթացքում մարտերը շարունակվել են նաեւ այլ ուղղություններում:
«Մարտունի ուղղությամբ թշնամին փորձել է զրահատեխնիկայի աջակցությամբ հարձակում իրականացնել, սակայն հետ է շպրտվել՝ տալով կորուստներ:
Բերձորից հարավ մարտեր են ընթացել, մի քանի անգամ փորձել են առաջ գալ, չեն հաջողել, կորուստներ են կրել, մեր ստորաբաժանումներին հաջողվել է բարելավում իրականացնել այդ ուղղությամբ»
Պուտինն ու Մակրոնը քննարկում են
վարձկանների թեման
Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույցում քննարկում են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Վլադիմիր Պուտինն ու Էմանյուել Մակրոնը
«Նրանք լուրջ մտահոգություն են հայտնել հակամարտության գոտում շարունակվող լայնամասշտաբ բախումների եւ Սիրիայից եւ Լիբիայից ժամանող ծայրահեղականների ավելի ակտիվ ներգրավվածության վերաբերյալ: Վլադիմիր Պուտինը մանրամասնորեն տեղեկացրել է Էմանյուել Մակրոնին Ռուսաստանի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, որոնք ուղղված են կրակի շուտափույթ դադարեցմանը եւ քաղաքական-դիվանագիտական լուծում ապահովելու համար բանակցությունների վերսկսմանը:
Հաստատվել է Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համակարգված միջնորդական ջանքերը շարունակելու տրամադրվածությունը, այդ թվում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», - հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Էրիկ Գրիգորյանի, REUTERS-ի լուսանկարները: