«Այսօր վճռվում է
տարածաշրջանի ճակատագիրը»
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդում է, որ hակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով Արցախի սահմանի հյուսիսային եւ հրավային ուղղություններում, անցել է հարձակման։
«Հայկական ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի առաջխաղացումը՝ պատճառելով մեծ կորուստներ», - նշում է նա:
Հայաստանի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ «այսօր վճռվում է ոչ միայն բոլորիս այլ տարածաշրջանի ճակատագիրը»։ «Մեր հերոսական զորքը ծանր ու համառ մարտեր է մղում, հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ», - ավելացնում է նա:
Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Արցախի Պաշտպանության բանակին հաջողվել է կասեցնել հակառակորդի ձեռնարկած լայնածավալ հարձակումը, իսկ ուղղություններից մեկով հայկական ուժերը հակահարձակման են անցել։
Արծրուն Հովհաննիսյանը, վկայակոչելով հետախուզական տվյալները, ասում է, որ ադրբեջանական զոհերի քանակը գերազանցում է 3 000-ը:
Օրվա ավարտին պաշտպանության նախարարության ներկայացուցիչն ասում է, որ հոկտեմբերի 3-ին շատ ծանր մարտական գործողություններ են ընթացել հյուսիսում եւ հարավում՝ հակառակորդը, օգտագործելով մեծաքանակ զրահատեխնիկա եւ հրետանի, փորձել է լայնածավալ հարձակում իրականացնել եւ ճեղքել ռազմաճակատի գիծը:
Մարտերը տեւել են 6-7 ժամ՝ առանց դադարների, որոնց արդյունքում հնարավոր է եղել հակառակորդի առաջխաղացումը կասեցնել՝ պատճառելով մեծ կորուստներ:
Արծրուն Հովհաննիսյանը
«Անցնող օրվա ընթացքում հակառակորդը տվել է մոտ 450 զոհ, 800-ից ավել վիրավոր: Այսօր խոցվել է մարտի մեջ մտած 45 զրահատեխնիկա: Եւս 8-9 միավոր մարտի մեջ չմտած միավոր խոցվել է հեռահար կրակով: Այսօր խոցվել է 10 ԱԹՍ, ընդհանուր առմամբ խոցված անօդաչուների թիվը հասցնելով 113-ի»,- ասում է ՊՆ ներկայացուցիչը:
«Մեր զորքերը իրենց հերոսական մարտով որոշում են հայ ժողովրդի ճակատագիրը»,- նշում է Արծրուն Հովհաննիսյանը:
Նա ասում է, որ դիրքային փոփոխությունները հաճախ են լինում եւ չպետք է առանձնահատուկ ֆիքսվել դրանց վրա:
***
Արցախի ՊԲ մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանն ասում է, որ հակառակորդը շարունակում է խախտել պատերազմի բոլոր գրված ու չգրված օրենքները՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում գտնվող բնակավայրերը։
***
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է գալիս հայտարարությամբ եւ ասում է, որ մեկնում է առաջնագիծ:
«Ազգն ու Հայրենիքը վտանգված են. վտանգված է մեր քաջ հայորդիների արյան գնով ազատագրված սեփական հողի վրա ազատ, անկախ ու արժանապատիվ կերպով ապրելու եւ արարելու իրավունքը: Ուստի, հատուկ նշանակության ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ՝ իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդեն առաջնագծում ավելի արժեքավոր կլինեմ, քան՝ թիկունքում:
Կոչ եմ անում բոլորիդ՝ անհապաղ ոտքի կանգնել եւ անմնացորդ նվիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրավունքը:
Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պետք է հաղթենք յուրաքանչյուրի առավելագույն մասնակցությամբ ու նվիրումով», - ասում է Արցախի նախագահը:
«Միակ ավարտը
մեր հաղթանակն է,
սա նոր Սարդարապատ է»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին:
Նա ասում է, որ շուրջ մեկ շաբաթ հայությունը դիմակայում է «ադրբեջանա-թուրքական ահաբեկչական հարձակմանը, որն աննախադեպ ծավալ ունի»:
Մեկ դիրքի վրա գրոհում է 150-ից 200 զինվոր, ընդ որում, այդ գրոհները օրական կրկնվում են մի քանի անգամ: Մեր դեմ են կռվում նաեւ սիրիացի ահաբեկիչներ եւ թուրքական բանակի հատուկ ջոկատայիններ: Տեղեկություններ ունենք այն մասին, որ 150 թուրք բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի բանակի տարբեր հրամանատարական օղակներում եւ ղեկավարում են գործողությունները»
Նիկոլ Փաշինյանը
«Աներեւակայելի է մեր զինվորների, կամավորների, սպաների տոկունությունը», - շեշտում է կառավարության ղեկավարը:
«Այսօր մենք ապրում ենք մեր պատմության թերեւս ամենավճռական պահը:
Նրանք չեն եկել միայն Ղարաբաղի կամ տարածքների հետեւից: Նրանց նպատակը հայությունն է ու Ցեղասպանության շարունակությունը: Բայց այսօրվա հայն այլեւս Դեր Զորի ճամփորդ չի դառնալու: Երեկ երեկոյան խոսել եմ մեր մի հրամանատարների եւ շարքայինների հետ՝ նրանք լի են անխորտակելի վճռականությամբ: Բացառապես հաղթանակն է այն ավարտը, որը մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում:
Այսօր մեր ուժերը էական հաջողություններ են ունեցել եւ ջախջախել են հակառակորդի մի քանի հատուկ ստորաբաժանում: Մենք պետք է կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որպեսզի նա այլեւս երբեք իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին: Սա մի նոր Սարդարապատ է եւ մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է նվիրվել նպատակին, որի անունն է հաղթանակ: Ու մենք անպայման կհաղթենք: Փա՛ռք ընկած հերոսներին, փա՛ռք Հայոց բանակին», - ասում է Նիկոլ Փաշինյանը:
***
Հոկտեմբերի 3-ին կայանում է Նիկոլ Փաշինյանի երկրորդ հեռախոսազրույցը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ Ադրբեջանի հրահրած ագրեսիայից հետո:
Հայաստանի վարչապետը Գերմանիայի կանցլերին տեղեկացնում է պատերազմին թուրք զինվորականների մասնակցության, Թուրքիայի կողմից գրոհայիններ Ադրբեջան փոխադրելու վերջին բացահայտումների մասին:
«Ադրբեջանի ղեկավարությունը
ծանր գին է վճարելու»
Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ծանր գին է վճարելու արցախահայության հանդեպ ծանր հանցագործություններ գործելու, տարածաշրջան ահաբեկիչներ ներմուծելու եւ տարածաշրջանային անվտանգությունը խաթարելու համար»։
ԼՂ հակամարտության գոտում վերջին զարգացումների վերաբերյալ ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է.
«Արհամարհելով անհապաղ հրադադարի հաստատման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ ողջ միջազգային հանրության հետեւողական կոչերը՝ ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու նպատակով Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունները։
Այս նպատակով գործի է դրվել Ադրբեջանի ողջ ռազմական ներուժը՝ համալրված թուրքական ռազմական աջակցությամբ, որն արտահայտվում է նաեւ մերձավորարեւելյան հակամարտության գոտիներից Ադրբեջան փոխադրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին ռազմի դաշտ նետելով։ Արցախի ողջ տարածքում համակարգված եւ զանգվածային ձեւով թիրախավորվում են խաղաղ բնակավայրերը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները՝ հանգեցնելով մարդկային կորուստների եւ ավերածությունների։
Այս ռազմական գործողությունների նպատակն է Արցախի ժողովրդի հանդեպ զանգվածային ոճրագործություններ իրագործելու միջոցով վերջիններիս զրկել պատմական հայրենիքից։
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր, ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ կանխարգելելու այդ զանգվածային ոճրագործությունը»։
«Էրդողանը մշտապես
պատճառ է գտնում»
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մեկնաբանում է Թուրքիայի նախագահի խոսքերն այն մասին, որ Հայաստանը «սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության համար»։
Արմեն Սարգսյանը
«Նա կարող է Հայաստանն անվանել գերտերություն, սակայն արդյո՞ք դա որևէ բան կփոխի։ Ինչպե՞ս կարող է Հայաստանը սպառնալիք լինել։ Եթե նա կարողանա տրամաբանորեն բացատրել, թե որտեղ է սպառնալիքը տարածաշրջանին այն դեպքում, երբ Հայաստանը տարածաշրջանում որևէ մեկի հետ որևէ խնդիր չունի... Հայաստանը հիանալի հարաբերություններ ունի հարևան Վրաստանի հետ, հիանալի հարաբերություններ Ռուսաստանի հետ, Իրանի հետ։ Միակ պետությունը, որի հետ մենք հարաբերություններ չունենք, Թուրքիան է։ Առաջին անգամը չէ, որ նախագահ Էրդողանը ինչ-որ բան է հայտարարում: Օրինակ Իրաքում, Լիբիայում, Սիրիայում։ Նա մշտապես պատճառ է գտնում ներգրավված լինելու համար։ Հայաստանը սպառնալիք չէ, այդ Թուրքիան է այժմ սպառնալիք ողջ տարածաշրջանի համար», - ասում է Արմեն Սարգսյանը հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
ԱԱԾ-ն փաստեր է հրապարակում
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը փաստեր է ներկայացնում ռազմական գործողություններում թուրքական կողմի մասնակցության, վարձկան-ահաբեկիչների ներկայության եւ նրանց շրջանում առկա խուճապի վերաբերյալ:
Նյութերում արձանագրված են թուրք եւ ադրբեջանցի զինվորականների միջեւ խոսակցություններ, որոնցում ակնհայտ է Արցախի օդային տարածքում Թուրքիայի մասնակցությունն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի մարտական գործողություններին:
«Առկա են նաեւ ադրբեջանական կողմից ահաբեկիչների մասնակցության իրողությունը հաստատող փաստական տվյալներ, որոնք առավել քան հավաստի են դառնում ադրբեջանցի զինվորի եւ արաբ վարձկան ահաբեկչի միջեւ ռազմական գործողությունների վերաբերյալ ծավալվող զրույցի ընթացքում: Ձեռք է բերվել նաեւ օպերատիվ տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանական կողմում գտնվող վարձկան ահաբեկիչների շրջանում առկա են ծայրահեղ խուճապային տրամադրություններ, որոնք փաստվում են նրանց խոսակցությունների տրամաբանությամբ»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
«Հաջի, երդվում եմ Աստծով, մի արի: Տղերքը ոչ ինձ գիտեն, ոչ էլ իրենց: Ուղղակի մեզ հետ են, մեզ խաբել են, ամեն ինչ սուտ է: Սա պատերազմ չէ, սա մսաղաց է, մարդիկ մեռնում են, դիակները չեն կարողանում դուրս բերել»,- ասում է վարձկան ահաբեկիչը զրույցի ընթացքում:
Մեկ այլ խոսակցության մեջ նշվում է, որ 100 հոգանոց խումբ է ժամանել Ադրբեջան, բայց նրանց չեն թողնում մասնակցել պատերազմին:
«Եռյակը» պետք է չեզոք լինի,
հայտարարում է Ալիեւը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, որ Ռուսաստանը օբյեկտիվորեն ավելի մեծ դեր ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, քան մյուս միջնորդները:
«Ռուսաստանը, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ միջնորդ երկրներից մեկն է: Նրանք համակարգման բավականին բարձր մակարդակ ունեն: Իհարկե, Ռուսաստանը հատուկ դիրք ունի, քանի որ տարածաշրջանում Ադրբեջանի հարևան երկիր է, Հայաստանի հետ պետական սահման չունի: Ռուսաստանը մի երկիր է, որը պատմականորեն լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի և Հայաստանի հետ: Հետևաբար, նրա դերն ու միջնորդության հնարավորությունները, օբյեկտիվ պատճառներով, ավելի մեծ են, քան տարածաշրջանից հեռու գտնվողներինը», - ասում է Ալիեւը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Իլհամ Ալիեւը
Նա նշում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ձեւաչափը պետք է պահպանվի, բայց միայն դրա մեջ մտնող երկրների չեզոքության պահպանման դեպքում:
Ալիեւը շնորհակալություն է
հայտնում Էրդողանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նամակ է հղում իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որում շնորհակալություն է հայտնում «ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին իրադարձությունների կապակցությամբ» ցուցաբերած աջակցության համար:
«Ձեր շատ անկեղծ եւ կոշտ հայտարարությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ Ադրբեջանը միայնակ չէ իր արդար գործում», - ասվում է Ալիեւի ուղերձում:
Նա շեշտում է, որ դա «ադբեջանա-թուրքական միասնություն հերթական ակներեւ օրինակն է»:
Ռուս քաղաքագետները խոսում են
Ադրբեջանի ձախողման մասին
Ռուսաստանցի քաղաքագետները ՏԱՍՍ գործակալության համար մեկնաբանում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների հեռանկարը:
«Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովն ասում է, որ Բաքուն առաջադրում է ի սկզբանե անիրականալի նախապայման, երբ հայտարարում է, որ կդադարեցնի ռազմական գործողությունները, եթե հայկական ուժերը դուրս գան տարածաշրջանից:
«Դեռեւս, ըստ ամենայնի, ադրբեջանական կողմը կարծում է, որ կարելի է ինչ-որ մի բանի հասնել ռազմական ճանապարհով: Երբ նրանք գան այն եզրակացության, որ ռազմական ճանապարհով ոչնչի արդեն հասնել չի կարելի, այդ ժամանակ էլ կսկսվեն բանակցությունները», - նշում է վերլուծաբանը:
ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեեւի խոսքերով, «Ադրբեջանը չի հասել գեթ մեկ նպատակի»:
«Այդ պատճառով, հնարավոր է, նա կփորձի ինչ-որ կերպ փոխել բալանսը առաջնագծում, բայց այդքան էլ հասկանալի չէ, թե ինչի հաշվին», - նշում է փորձագետը:
Նա ավելացնում է, որ սպառազինություն որոշ տեսակներ դեռեւս կողմերը չեն գործադրել:
«Էրդողանին պետք է
հարցնեք այդ որոշման մասին»
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հույս է հայտնում, որ սիրիացի զինյալներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխելու մասին հաղորդագրությունները չեն հաստատվի: Բայց, միեւնույն ժամանակ, նա նշում է, որ «Էրդողանին պետք է հարցնել այդ որոշման դրդապատճառների մասին»:
Խորվաթիայում կայացած ճեպազրույցում Պոմպեոն ասում է.
«Դուք հարցնում եք սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխման մասին հաղորդագրությունների մասին: Տեսել եմ այս հաղորդագրությունները, բայց այս պահին միայն դա կարող եմ ասել: Հուսով եմ ՝ այդպես չէ: Մենք տեսանք, թե ինչպես սիրիացի զինյալները Սիրիայից տեղափոխվեցին Լիբիա: Դա ավելացրեց անկայունությունը, ստեղծեց ավելի շատ անկարգություններ, ավելի շատ բախումներ, ավելի շատ մարտեր: Կարծում եմ ՝ նույնը կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա շուրջ:
Մայք Պոմպեոն եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Նախագահ Էրդողանին պետք է հարցնեք, թե ինչու է նա այդ որոշումը կայացրել, բայց մենք մեր տեսակետները շատ հետեւողականորեն ենք հայտնել: Երբ կա քաղաքական եւ էթնիկական լարվածություն եւ երկարատեւ հակամարտություն այս սահմանային գոտում, իսկ երրորդ կողմերը սկսում են զինամթերք, ռազմական խորհրդականներ մատակարարել, դրանով բարդացնում են իրավիճակը եւ նվազեցնում խաղաղության հասնելու հնարավորությունները»:
Միջազգային հանրությունը
«անօգնական» է Ղարաբաղում
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն հայտարարում է, որ միջազգային հանրությունը «անօգնական գտնվեց Լեռնային Ղարաբաղի հարցում»:
Ալեքսանդր Վուչիչը
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Reuters-ի եւ Արցախի նախագահի մամուլի ծառայության լուսանկարները: