Խաղաղ բնակիչների
սպանություններ Հադրութում


Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն հայտնում է, որ «թուրքական օդուժի օդային ղեկավարման կետերը, որոնք թռչում են Թուրքիայի օդային տարածքում, ղեկավարում են ադրբեջանական օդուժի կազմում գործող թուրքական ԱԹՍ-ներին»։


«ԱԹՍ-ները վեց միավոր F-16-երի ուղեկցմամբ հարվածներ են հասցնում Արցախի խաղաղ բնակչությանը եւ ենթակառուցվածքներին»

***

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ հյուսիս-արեւելյան ուղղությամբ թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակողական գործողություններ:

 

 

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ «խախտելով հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ ձեռնարկում են գրոհներ՝ կիրառելով զրահատեխնիկա եւ հրթիռահրետանային միջոցներ»։

***

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հաղորդում է, որ Հադրութ քաղաք ներխուժած դիվերսիոն խմբի անդամները գնդակահարել են առնվազն չորս քաղաքացիական անձի՝ հաշմանդամություն ունեցող Միշա Մովսիսյանին, նրա մորը՝ Անահիտ Մովսիսյանին, Նվեր Գրիգորյանին եւ Արտյոմ Միրզոյանին:


«Կարող ենք դիմել Հայաստանին`
Արցախի ճանաչման հարցով»


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է, որ եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում Ադրբեջանը շարունակի խախտել Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը մարդասիրական հրադադարի մասին, ապա Ստեփանակերտը դիմելու է Հայաստանին՝ Արցախի անկախությունը ճանաչելու համար:

 

Արայիկ Հարությունյանը

 

«Այն պետությունները, որոնք այսօր աջակցում են Ադրբեջանին, պետք է գիտակցեն, որ աջակցում են միջազգային ահաբեկչությանը եւ իրենց հասարակությունները եւս պետք է այդ մասին իմանան: Ժամանակն է, որ քաղաքակիրթ աշխարհը կոչերից անցնի ավելի առարկայական քայլերի եւ գիտակցի, որ միջազգային ահաբեկչությունն այսօր ներթափանցում է տարածաշրջան», - ասում է Արցախի նախագահը:

Արցախի նախագահը շարունակում է.


«Ադրբեջանը խաղաղ բնակչության դեմ օգտագործում է համազարկային կրակի հրթիռային համակարգեր եւ հարվածող ԱԹՍ-ներ եւ դրանից հետո ակնկալում է, որ մենք համաձայնելու ենք իրենց ձեւակերպված պահանջներին: Դա չի լինելու: Արցախը Ադրբեջանի մաս չի լինելու: Աշխարհում ամենաշատը Արցախն է խաղաղություն ցանկանում, բայց մենք չենք կարող ընդունել մի պետության պայմանները, որի նպատակը մեզ բնաջնջելն է»:


«Թուրքիան ցանկանում է տապալել»


Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ «Թուրքիան ստանձնել է հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՀՀ, Ադրբեջանի եւ ՌԴ ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության դրույթների տապալման նպատակով Ադրբեջանի սանձազերծած տեղեկատվական եւ քաղաքական արշավի հովանավորչությունը»։

«Այսօր Թուրքիայի ԱԳՆ հանդես է եկել մի հայտարարությամբ, որը պարունակում է մի շարք մերկապարանոց մեղադրանքներ Հայաստանի Հանրապետության հասցեին։ Ակնհայտ է՝ Թուրքիան, որի անմիջական մասնակցությամբ նախապատրաստվեց եւ շարունակվում է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, չի հրաժարվում իրավիճակի հետագա ապակայունացմանը եւ ձեռք բերված պայմանավորվածությունների տապալմանն ուղղված իր կեցվածքից։

Չսահմանափակվելով Մերձավոր Արեւելքից ահաբեկիչ զինյալների, ռազմական սպառազինության ու մասնագետների մատակարարմամբ Ադրբեջանին` Թուրքիան ստանձնել է նաեւ ս․թ․ հոկտեմբերի 10-ին ՌԴ նախագահ Պուտինի նախաձեռնությամբ ՀՀ, ԱՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների մակարդակով ձեռք բերված կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածության դրույթների տապալման նպատակով Ադրբեջանի սանձազերծած տեղեկատվական եւ քաղաքական արշավի հովանավորչությունը», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:


Փաշինյանը տեղեկացնում է Մերկելին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվություն է տրամադրում հոկտեմբերի 10-ին հայտարարված մարդասիրական հրադադարից հետո տեղի ունեցող զարգացումների մասին:


«Նա մտահոգություն է հայտնել Ստեփանակերտի չդադարող ռմբակոծության եւ ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադադարի մասին պայմանավորվածության խախտման կապակցությամբ: Գերմանիայի կանցլերը խոր մտահոգություն է հայտնել իրավիճակի լարվածության կապակցությամբ: ՀՀ վարչապետն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի կիրառման կարեւորությունը», - ասվում է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:


«Փաշինյանը պետք է
շնորհակալություն հայտնի Պուտինին»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, որ Հայաստանի վարչապետը պետք է «շնորհակալություն հայտնի Պուտինին այն բանի համար, որ Ռուսաստանը հերթական անգամ եկավ Հայաստանը փրկելու»:

 

Իլհամ Ալիեւը

 

«Հայաստանի ղեկավարությունը վերջապես պետք է հասկանա, որ Ադրբեջանի հետ հնարավոր չէ խոսել վերջնագրերի, վիրավորանքների եւ շանտաժի լեզվով: Ես ինձ երբեք թույլ չեմ տվել որեւէ մեկի հետ շփման նման ձեւ՝ ոչ երկրի ներսում, ոչ էլ առավել եւս արտերկրում: Բայց երբ Փաշինյանը վերջնագիր ներկայացրեց բոլորիս, երբ վիրավորեց ադրբեջանցիների զգացմունքները, նա պետք է պատժվեր դրա համար, եւ մենք դա արեցինք: Եվ թող նա շնորհակալություն հայտնի Պուտինին այն բանի համար, որ Ռուսաստանը հերթական անգամ եկավ Հայաստանը փրկելու»», - ասում է Ալիեւը:

Նա նաեւ հայտարարում է, որ «Ադրբեջանը Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում չէր պնդում Հայաստանի լիակատար կապիտուլյացիան»:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Reuters-ի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: