Մարտերը շարունակվում են


Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ նոյեմբերի 1-ի ժամը 20:30-ից 23:40-նն ընկած ժամանակահատվածում թեժ մարտեր են ընթացել հյուսիս-արեւմտյան հատվածում:

ՊԲ երկու հանգուցային դիրքի ուղղությամբ ադրբեջանական կողմը վաշտի կազմով ձեռնարկել է հարձակում, որը միջդիրքային համառ մարտերի արդյունքում կասեցվել է: Թշնամին մեծ կորուստներով դիմել է փախուստի:


«Փախչող հակառակորդը արգելափակվել է ձորերից մեկում, եւ հայկական ուժերը ականանետային դիպուկ կրակով շարունակել են վերջինիս լիակատար ոչնչացման գործողությունը: Նույն ուղղությամբ հակառակորդը եւս մեկ հարձակում է ձեռնարկել դասակի կազմով, որը նույնպես ՊԲ-ի կողմից ժամանակին հավաստանշվել ու ձեռնարկված գրագետ գործողությունների շնորհիվ կասեցվել է: ՊԲ ստորաբաժանումները հետապնդել են փախչող թշնամուն եւ ոչնչացրել նրան»


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ գիշերվա ընթացքում Արցախի հյուսիս-արեւմտյան սահմանագոտու ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել է լայնածավալ հարձակման մի քանի փորձ, որոնք բոլորը տապալվել են։

«Որոշ տեղերում թշնամուն հետ մղելիս մեր ստորաբաժանումներին նաեւ հաջողվել է հետապնդել ու որոշակի դիրքային փոփոխություններ ունենալ։ Սակայն, Մարտունիից հարավ՝ Ճարտարի ուղղությամբ, թշնամուն հաջողվել է վերցնել մեկ-երկու դիրք»,- նշում է Հովհաննիսյանը։


Պարգեւատրվում են Բալայանի եւ
Մեղրյանի անվան
ջոկատների անդամները


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է Արցախյան առաջին պատերազմի լեգենդար հրամանատարներ Վլադիմիր Բալայանի և Շահեն Մեղրյանի անվան կամավորական ջոկատների ազատամարտիկների հետ:

«Հայոց պատմության այս կարեւորագույն շրջափուլում, երբ վտանգված են մեր ժողովրդի անվտանգությունն ու մեր ազգային շահերը, ձեր դերակատարությունն անգնահատելի է, ինչպես եւ եղել է Վլադիմիր Բալայանի ու Շահեն Մեղրյանի դեպքում: Այդ հերոսների տղաները, բարեկամները այսօր պայքարում են աշխարհի առաջատար սպառազինություն ունեցող բանակի դեմ եւ ոչ միայն կռվում, այլեւ պատժում, ոչնչացնում են Թուրքիայի, տարբեր երկրներից ժամանած վարձկանների եւ Ադրբեջանի ուժերին»,- ասում է Արցախի նախագահը:



Նա նշում է, որ Վլադիմիր Բալայանի անվան ջոկատի 5 հոգանոց խմբին հաջողվել է հերթական ապացույցն ունենալ եւ աշխարհին ցույց տալ, որ Արցախի ՊԲ-ն կռվում է վարձկանների դեմ, իսկ Շահեն Մեղրյանի անվան խումբը մի քանի օր պայքարում էր ադրբեջանա-թուրքական ամենաէլիտար հատուկ ստորաբաժանումների դեմ՝ Սղնախ-Ավետարանոց հատվածում ու մեծ վնասներ է հասցրել նրանց։

Արցախի նախագահը Շահեն Մեղրյանի անվան ջոկատի 5 կամավորականի հետմահու պարգեւատրվում են «Արիության մեդալով»։ Վարձկան-ահաբեկչին գերեվարած Վլադիմիր Բալայանի ջոկատի 5 հոգանոց խումբը եւս պարգեւատրվում է։

Արցախի հերոս Վլադիմիր Բալայանի որդուն՝ Ալեքսեյ Բալայանին «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան է շնորհվում, ջոկատի մյուս 4 անդամներին՝ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններ։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն էլ հատնում է, որ Շահեն Մեղրյանի անվան շահումյանցիներից կազմված կամավորական ջոկատը՝ հրամանատար Ռոլանդ Այդինյանի գլխավորությամբ, Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի շրջակայքում մերձամարտ են վարել 22 հոգուց կազմված թուրքական հատուկ նշանակության ջոկատի հետ՝ վերացնելով նրանցից 20-ին:


«Միայն 2-ին է հաջողվել ճողոպրել: Հրամանատարն ասում է, որ, մեծ ցանկության դեպքում, կարող էին նաև այդ երկուսին էլ վերացնել, բայց աչքերով տեսածի մասին յուրայիններին պատմելու հնարավորություն են տվել»


Հայաստանը շարունակելու է
պայքարը միջազգային
ահաբեկչության դեմ


Հայաստանը շարունակելու է հետեւողական քայլեր ձեռնարկել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ՝ համագործակցելով բոլոր շահագրգիռ գործընկերների հետ:

Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ հայտարարության մեջ՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից տարածաշրջան օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ:

«Նոյեմբերի 1-ին մարտական գործողությունների ընթացքում Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից գերեվարվել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական գործողությունների համար ներգրավված օտարերկրյա զինյալ երկրորդ ահաբեկիչը, որը ներկայացել է որպես Սիրիայի Իդլիբ նահանգի Ջիսր ալ-Շուղուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջի: Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Արցախի ՊԲ գերեվարել էր մեկ այլ զինյալ ահաբեկիչ, որը ներկայացել էր որպես Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիր՝ Սիրիայի Համա քաղաքից:

 

 

Հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել Թուրքիայի կողմից Մերձավոր Արեւելքի տարբեր «թեժ կետերից», մասնավորապես՝ Սիրիայի` իր վերահսկողության տակ գտնվող շրջաններից եւ Լիբիայից Արցախի ժողովրդի դեմ վայրագություններ իրականացնելու նպատակով օտարերկրյա զինյալ ահաբեկիչների եւ ջիհադիստների հավաքագրման, տարածաշրջան տեղափոխման եւ տեղակայման մասին: Վերոնշյալ փաստը ներկայումս ոչ միայն հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հատուկ ծառայությունների, մեր բազմաթիվ գործընկերների եւ միջազգային հանրության կողմից, այլեւ արդեն հենց ահաբեկիչների ուղղակի վկայություններով:

Իրենց վկայություններում վերոնշյալ ահաբեկիչները մանրամասն տեղեկատվություն են փոխանցել իրենց հավաքագրման գործընթացի, «գյավուր» (անհավատների) դեմ պայքարի համար ակնկալվելիք ամսական վճարների եւ յուրաքանչյուր «անհավատի» գլուխ կտրելու համար «պարգեւավճարների», ինչպես նաեւ իրենց կողմից իրականացվելիք ահաբեկչական ծրագրերի մասին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ջիհադիստների տեղափոխումը բացահայտում է հակամարտությանը միջկրոնական բնույթ հաղորդելու թուրք-ադրբեջանական ղեկավարության նպատակը:

Սա ահաբեկչության տարածման լիովին նոր դրսեւորում է, երբ ԵԱՀԿ տարածքում գտնվող հակամարտության գոտում են տեղակայվում Մերձավոր Արեւելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ եւ ջիհադիստներ, ինչը լուրջ սպառնալիք է միջազգային եւ տարածաշրջանի անվտանգության եւ կայունության համար», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:


Ալիեւ. «Ռուսաստանը
պետք է չեզոք մնա»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, որ «Ռուսաստանը պետք է չեզոք դիրք պահպանի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում՝ ԵԱՀԿ կողմից Մինսկի խմբի համանախագահներին տրված մանդատին համապատասխան»:

 

Իլհամ Ալիեւը

 

«Նախ, մենք չենք հարձակվել Հայաստանի վրա: Երկրորդը, Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահ է, եւ նա, ինչպես բոլոր համանախագահները, պետք է հավատարիմ մնա չեզոք դիրքին՝ ԵԱՀԿ-ի կողմից տրված մանդատին համապատասխան»


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Արիս Մեսինիսի, REUTERS-ի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: