Հակառակորդը վերսկսել է
ակտիվ գործողությունները


Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ առավոտյան հարավային, հյուսիսային, հյուսիս-արեւելյան եւ արեւելյան ուղղություններով հակառակորդը վերսկսվել է հրթիռահրետանային ակտիվ կրակով ուղեկցվող գործողություններ: Թշնամին հատկապես ակտիվ է ճակատային գծի հյուսիս-արեւելյան հատվածում:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ասում է, որ Ադրբեջանը վաղ առավոտից շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը՝ հրետանային զինատեսակներից գնդակոծելով են նաեւ խաղաղ բնակավայրերը:


«Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչեւ ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու եւ հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար»


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ «այսօր հյուսիսում եղել է այս պատերազմի ամենաթեժ մարտերից մեկը, որի ընթացքում մեր ուժերը հետ են շպրտել թշնամուն՝ նրան պատճառելով էական կորուստներ»:

«Համատեղ ուժերով հերոսական մարտեր են մղել բանակը, պահեստազորն ու աշխարհազորը», - ասում է Արծրուն Հովհաննիսյանը: Նա նշում է, որ հակառակորդը որեւէ էական առաջխաղացում չունի նաեւ այլ ուղղություններով:

«14-15 օրվա ընթացքում հակառակորդի 3-4 բանակային կորպուսներ չեն կարողացել լուծել խնդիրներ, որոնք նախատեսված են 1 գնդի համար», - նշում է Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ առաջիկա ժամերի եւ օրերի ընթացքում Պաշտպանության բանակը կհամալրվի պատերազմի եւ զինվորական արհեստավարժ ծառայության հարուստ փորձ ու գիտելիքներ ունեցող քաղաքացիներով:

 

 

Ասկերանի շրջանային ղեկավարության հետ քննարկմանը նա համոզմունք է հայտնում, որ «նրանց մասնակցությունն էականորեն նպաստելու է մարտի դաշտում իրականացվող մեր զորքերի գործողությունների արդյունավետության բարձրացմանը»:


Միջնորդները «աղետալի
հետեւանքները»
կանխելու կոչ են անում


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ադրբեջանի նախագահին եւ Հայաստանի վարչապետին կոչ են անում «անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի Մոսկվայի հայտարարությամբ կողմերի ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարման համար՝ տարածաշրջանի համար աղետալի հետեւանքները կանխելու նպատակով»:

 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է միջնորդներին

 

Հայաստանի արտաքին գործերի նախարարը Զոհրաբ Մնացականյանը Մոսկվայում հանդիպում է համանախագահների հետ: Նա նշում է, որ «չնայած հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով համատեղ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը եւ շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության եւ ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը»։


Շոյգուն մտահոգված է


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ «ակտիվ մասնակցություն է ունենում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայունացման գործում»:

 

Սերգեյ Շոյգուն

 

«Ռուսաստանի պաշտպանության նախարարության հատուկ մտահոգության առարկա է Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկչական խմբավորումների զինյալներին տեղափոխման մասին ստացվող տեղեկատվությունը», - նշում են ՌԴ ռազմական գերատեսչությունում: Այստեղ հավելում են, որ այդ մտահոգությունը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն արտահայտել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ կայացած հեռախոսազրույցում:


Պոմպեոն կոչ է անում


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում իրագործել հրադադարի պարտավորությունները:

 

Մայք Պոմպեոն

 

«Միացյալ Նահանգները Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ են անում իրագործել հրադադարի պարտավորությունները եւ դադարեցնել թիրախավորել քաղաքացիական բնակավայրերը՝ ինչպիսին են Գյանջան եւ Ստեփանակերտը: Մենք դատապարտում ենք մարդկային կորուստները եւ հավատարիմ ենք մնում խաղաղ կարգավորմանը», - ասում է Պոմպեոն:


«ԵՄ եւ ՆԱՏՕ-ի ձայները
բավականաչափ լսելի չեն»


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ «ՆԱՏՕ-ի ձայնը լսելի չէ, բավականաչափ լսելի չէ նաեւ Եվրամիության ձայնը»:

«Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում ներկայացնում է Եվրոպան, բայց մենք ավելի շատ լսում ենք միայն Ֆրանսիայի, քան Եվրոպայի ձայնը»,- ասում է Հայաստանի նախագահը՝ եվրոպացի մի խումբ լրագրողների հետ հանդիպմանը։

 

Արմեն Սարգսյանը հանդիպում է եվրոպացի լրագրողների հետ

 

Խոսելով պատերազմում Թուրքիայի դերակատարության մասին, Արմեն Սարգսյանը նշում է.


«ՆԱՏՕ-ի անդամ երկիրը չի կարող կապ ունենալ ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող հակամարտության հետ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի կողմից վերապատրաստված զինվորականներին, ժամանակակից տեխնիկան ու տեխնոլոգիաները: Սա մեծ խնդիր է Եվրամիության, ՆԱՏՕ-ի համար: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն թույլ է տվել իր անդամին անել այն, ինչ նա անում է հիմա, եթե այո՝ թող ասեն մեզ, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ են թույլ տալիս, որ այս ամենը տեղի ունենա»:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Reuters-ի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: