Մարտերը շարունակվում են 
 Օմարից մինչեւ Արաքս


Հայաստանի ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ «գիշերը մարտական գործողությունները շարունակվել են, մեր Զինված ուժերը ունեն նշանակալի հաջողություններ»:

***

Արցախի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ գիշերային մարտերի ընթացքում վերականգնել է կորցրած մի շարք դիրքեր:

***

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները՝ կիրառելով հրետանային միջոցներ, զրահատեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ» ծանր հրանետային համակարգ։

***

Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ ՊԲ ստորաբաժանումների կողմից նախկինում կորցրած մի շարք դիրքերի վերականգնման արդյունքում հակառակորդի մի քանի տասնյակ դիակ գտնվում է հայկական կողմում։

***

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը չի հաստատում լայնորեն տարածված լուրերը ադրբեջանցի գեներալի գերի ընկնելու մասին լուրը:

 

 

«Այս պահին հայկական կողմում որեւէ կենդանի զինվորական չկա գերության մեջ: Բայց քանի որ մեր կողմում կան ադրբեջանցի զինծառայողների բազում դիեր, որեւէ բան հաստատել կամ հերքել չեմ կարող»


***

Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը նախաձեռնել էր տանկային գրոհ, «սակայն հանդիպելով ՊԲ տանկային ու հակատանկային ստորաբաժանումների համառ դիմադրությանը, ծավալված տանկային մարտում կորցրել է 10 միավոր զրահատեխնիկա»:

***

Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ:

«Օրվա ընթացքում հրետանու կիրառությունը բավականին մեծ է եղել: Հրետակոծվել են նաեւ հյուսիսային հատվածի հայկական բնակավայրերը, մասնավորապես՝ Մարտակերտն ու հարակից բնակավայրերը: Կրակի տակ են ընկել նաև լրատվամիջոցների ներկայացուցիչները»,- ասել էր Հովհաննիսյանը:

***

Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը տեղեկացնում է, որ «մարտական գործողությունների վարման ինտենսիվությունն ու բարձր դինամիկան պահպանվում է ժամանակակից համազորային մարտին բնորոշ»:

 

 

«Ժամը 17:00-ի դրությամբ հակառակորդը հետեւյալ կորուստներն ունի՝ շուրջ 36 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 47 զրահատեխնիկա եւ 400-ից ավելի անվերադարձ կորուստ անձնակազմի մոտ»,- ասել էր նա:

***

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ հակառակորդը լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն է սկսել Արաքսի հովտի հատվածում եւ Մատաղիս-Թալիշ հատվածներում։

«Արցախի ՊԲ-ը հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին՝ հակառակորդին հասցնելով անձնակազմի եւ տեխնիկայի զգալի կորուստներ։ Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ եւ 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ»,- ասել էր Հովհաննիսյանը։

***

Հանդիպելով լրագրողներին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է, որ ամբողջ օրվա ընթացքում մարտերը շարունակվել են Օմարից մինչեւ Արաքս եւ առավել ինտենսիվ են եղել Ֆիզուլիի եւ Ջաբրայիլի, Տալիշ-Մատաղիս-«Եղնիկներ» հատվածներում:

 

 

Կեսօրից հետո հակառակորդը հարձակում է սկսել Մռավի ուղղությամբ, սակայն հաջողություն չի ունեցել:


«Հարավային ուղղությամբ ունեինք այսպիսի պատկեր՝ գալիս են տեխնիկայի տասնյակ միավորներ, խոցում ենք, նորից են գալիս: Առնվազն 50 միավոր տեխնիկա ենք խփել»


Նրա խոսքով, որ այս փուլում Պաշտպանության բանակը նպատակ ունի տեխնիկայի եւ կենդանի ուժի հնարավորինս մեծ վնասներ պատճառել հակառակորդին եւ «հրադադարի քաղաքական հնարավորություն չենք տեսնում»:


«Իրավիճակը
լիովին վերահսկվում է»


ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացնում բարձրաստիճան զինվորականների հետ:

***

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու Դավիթ Տոնոյանն այցելում են Արցախի Պաշտպանության բանակի մարտական կառավարման կենտրոն:

 

 

«ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը ներկայացրել է օպերատիվ-մարտավարական իրադրությունը, անդրադարձել այն բոլոր գործընթացներին, որոնք իրականացվում են ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից՝ ադրբեջանական ագրեսիային դիմակայելու ուղղությամբ: Բանակի հրամանատարը վստահեցրել է, որ իրավիճակը լիովին վերահսկվում է եւ ստեղծվել են լավ հնարավորություններ արձանագրված հաջողությունները հետագայում զարգացնելու համար»,- հաղորդում են ՊԲ-ից:


Փաշինյանի
«բացահայտումը»


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացնում 2018 թվականի սեպտեմբերին Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ձեռք բերված համաձայնության մասին, որով կողմերը պայմանավորվել էին նվազեցնել լարվածությունը շփման գծում եւ պետական սահմանին:

Այդ մասին Փաշինյանն ասել է Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում, որից մի հատված վարչապետը հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում: Հարցազրույցը ձայնագրվել էր նախքան Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան եւ պետք է հեռարձակվեր սեպտեմբերի 27-ի երեկոյան:


«Երկու տարի այս մասին չէի խոսում կոռեկտությունից ելնելով, բայց հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, այսօր կխոսեմ»


Նիկոլ Փաշինյանը նշում է, որ իրականում ոչ թե ինքն է խնդրանքով դիմել Իլհամ Ալիեւին, այլ հակառակը:

 

 

«Այդ ժամանակ մենք պատրաստվում էինք Երեւանի քաղաքապետի ընտրություններին, գրեթե ամեն օր հանրահավաքներ էինք անուն, եւ մի շարք ելույթներում ես քննադատում էի Ադրբեջանում տիրող իրավիճակը եւ փորձում էի խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ: Քանի որ հեղափոխությունը նոր էր տեղի ունեցել ու տարածաշրջանի ընդդիմադիր ուժերի մոտ ոգեւորություն կար, Իլհամ Ալիեւը ինձ խնդրեց, որ ձեռնպահ մնամ Ադրբեջանի իրավիճակի մասին խոսելուց:

Դուշանբեի համաձայնության կետերը ինքս եմ ձեռքով գրել բլոկնոտում, մենք դրանք քննարկել ենք եւ արձանագրել, որ եկանք համաձայնության: Ես գոհ եմ այդ համաձայնությունից, որովհետեւ արդյունքում խնայվեցին հայ զինվորների կյանքեր: Իսկ հիմա Ալիեւն ասում է, որ մեծահոգաբար թույլ է տվել, որ հետհեղափոխական իշխանությունը Հայաստանում կայանա: Այս եւ հետագա զարգացումները ապացուցում են, որ Արցախի հարցը Ալիեւի համար ոչ թե ազգային շահի հարց է, այլ սեփական իշխանությունը եւ բռնատիրական համակարգը պահպանելու միջոց», - ասել էր Փաշինյանը:


«Հաղթանակի ընթացքն
անկասելի է»


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է, որ «այն միասնությունն ու հավաքական կամքը, որ դրսևորում են մեր հայրենակիցները, անկասելի են դարձնում մեր հաղթանակի ընթացքը»:


«Այսօր, քան երբևէ հզոր ենք՝ մեր լեռների պես, իսկ թշնամին ամենուրեք տապալվում է մեր ոտքերի տակ: Հաղթանակը մերն է»


Հանդիպելով լրագրողների հետ՝ Արայիկ Հարությունյանն ասում է, որ Ադրբեջանի «խաբեբա իշխանության» հետ երկխոսություն վարելու հնարավորություն չի տեսնում: Նա պնդում է, որ Ադրբեջանը շատ վաղուց էր պատրաստվում այս պատերազմին, առնվազն՝ մի քանի ամիս:

 

 

«Սակայն Ադրբեջանի խաբեբա ղեկավարությունը ստում է ամբողջ աշխարհին՝ պնդելով, թե մենք ենք հարձակում սկսել, իրենք էլ անցել են հակահարձակման: Եվ ամբողջ աշխարհը գիտի, որ սուտ են ասում», - ասել էր Արայիկ Հարությունյանը:

«Սա կենաց-մահու պատերազմ է, որը մենք հաղթելու ենք: Մենք մարտնչում ենք թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ, եւ խնդիրն այս պարագայում միայն Արցախը չէ», - ասել էր Արցախի նախագահը


Կադիրովն ու Սաակաշվիլին


Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է անում «եղբայրական ադրբեջանցի եւ հայ ժողովուրդներին դադարեցնել անիմաստ արյունահեղությունը»:

«Այս իրավիճակում չարժե փնտրել հակառակ կողմում մեղավորներին եւ նրանց, ովքեր առաջինն են կրակել»,- ասել էր Կադիրովը:

Նա նշել էր, որ Լեռնային Ղարաբաղը դարձել է «արյունահոսող վերք, որը որոշ ուժեր հնարավորություն չեն տալիս բուժել, եւ ամբողջ Կովկասը, տարածաշրջանի բոլոր եղբայրական ժողովուրդները տառապում են այդ ցավից»:


«Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում՝ ստիպելու հակամարտության կողմերին նստել բանակցությունների սեղանի շուրջ: Բայց դրա համար անհրաժեշտ է մեկընդմիշտ դադարեցնել ռազմական գործողությունները»


***

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հանդես է գալիս ի պաշտպանություն Ադրբեջանի:

 

 

«Իմ դիրքորոշումը բավականին պարզ է եւ հիմնված է պետության ամբողջականության սկզբունքի վրա, այսինքն ՝ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, եւ դա ոչինչ չի կարող փոխել»

 


Կապի խնդիրը

  

Հայաստանի շարժական կապի երեք օպերատորները՝ Ucom-ը, Beeline-ը եւ Վիվա-ՄՏՍ-ը, հայտարարություն են տարածում՝ հորդորելով «առանց ծայրահեղ անհրաժեշտության» չզանգահարել Արցախ եւ չծանրաբեռնել Ղարաբաղ Տելեկոմի ցանցը՝ անդադար զանգերով եւ հաղորդագրություններով.

«Հայաստանյան օպերատորների եւ Արցախի օպերատորի հնարավորություններն ու բաժանորդների քանակն անհամեմատելի են։ Ղարաբաղ Տելեկոմի կողմից զանգերի սպասարկումը դժվարացել է նաեւ այն պատճառով, որ նշանառության տակ են առնվել Արցախի միակ օպերատորի ցանցային ենթակառուցվածքը եւ մեր տվյալներով պատճառել այնպիսի վնաս, որի վերականգնումը պահանջում է ժամանակ, ինչպես նաեւ մարդկային եւ ֆինանսական լուրջ ռեսուրսներ»:


Թուրքիայի ապակայունացնող դերն ակնառու է


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է, որ «ամենից անհանգստացնող հանգամանքը նոր գործոնի՝ Թուրքիայի ապակայունացնող ուժի առկայությունն է, որն առավել քան ակնառու է այս հակամարտությունում, քանի որ այն ներկա է իր ռազմական ուժով եւ ավիացիայով»:

Ֆրանսիական France 24 լրատվականին տված հարցազրույցում նախարարը նշում է, որ Ադրբեջանը մտադրություն չունի գործել լարվածության թուլացման ուղղությամբ:

«Մենք պատրաստ ենք պաշտպանվել ամենավճռական կերպով: Դժբախտաբար, մենք առերեսվում ենք Ադրբեջանի բացառապես առավելապաշտական դիրքորոշման հետ, որը մերժում է Արցախի ժողովրդի եւ նրա իշխանությունների, հայ ժողովրդի շահերի եւ մտահոգությունների որեւէ դիտարկում: Առավելապաշտական մոտեցումը եղել եւ մնում է մերժված:
Մենք պատրաստ ենք փոխզիջման: Այնուամենայնիվ, այս լայնածավալ էսկալացիան բերում է նոր իրավիճակ, որին մենք ստիպված ենք առերեսվել»,- ասում է Մնացականյանը:

***

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն հայտարարում է.

«Ադրբեջանի ներկա ագրեսիան Արցախի դեմ բնութագրվում է երկու կարեւոր առանձնահատկությամբ.

Ադրբեջանի նախագահ Ալիեւի մակարդակով հրապարակավ hրաժարվել է խաղաղ գործընթացից եւ խնդիր է դրել ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել լայնածավալ պատերազմով,

Երկրորդ, այս նպատակի հետապնդման համար Ադրբեջանը ստանում է Թուրքիայի լայնածավալ ռազմաքաղաքական աջակցությունը։

Հատկանշական է, որ Թուրքիան սատարել է Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության շրջանակներում դեռեւս անցյալ դարի 90-ական թվականներից, երբ ցամաքային շրջափակման ենթարկեց Հայաստանի Հանրապետությանը։ Այնուհանդերձ, այս ագրեսիայի եւ դրան նախապատրաստվելու ընթացքում Թուրքիայի աջակցությունը կրել է որակական փոփոխություններ եւ բնութագրվում է ռազմական գործողությունների թատերաբեմում Թուրքիայի ուղղակի ներկայությամբ:

Ադրբեջանի հետ կողք-կողքի մարտնչում են թուրքական ռազմական մասնագետները, որոնք օգտագործում են թուրքական արտադրության սպառազինություն, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր եւ ռազմական ինքնաթիռներ: Արժանահավատ աղբյուրներից ստացվող տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան հավաքագրում է օտարազգի ահաբեկիչ զինյալների եւ տեղափոխում վերջիններիս Ադրբեջան: Միաժամանակ Թուրքիան բարձրագույն ղեկավարության մակարդակով լիարժեք քաղաքական եւ քարոզչական աջակցություն է տրամադրվում Ադրբեջանին:

Փաստացիորեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախի ժողովուրդը մարտնչում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ։ Թուրքիան, որը մեկ դար առաջ բնաջնջել է իր պատմական հայրենիքում ապրող հայ ժողովրդին եւ մինչ օրս արդարացնում է այդ ոճիրը, ներկայումս հնարավոր բոլոր միջոցներով սատարում է Ադրբեջանին՝ այդ նույն ցեղասպան գործողությունները Հարավային Կովկասում իրականացնելու համար: Թուրք-ադրբեջանական այս ցեղասպան դաշինքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի ժողովուրդների համար»:


ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ակնարկներն
«արտաքին ուժերին»


ԱՄՆ Պետական դեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը հայտարարություն է տարածում, որում, մասնավորապես, ասված է.

 

 

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է բռնության այս սրացումը:

Պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգենը զանգահարել է Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովին եւ Զոհրաբ Մնացականյանին`կողմերին հորդորելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, օգտագործել ուղիղ կապի միջոցները՝ հետագա սրացումներից, ապարդյուն հռետորաբանությունից եւ լարվածությանը սրող գործողություններից խուսափելու համար:

ԱՄՆ-ն կարծում է, որ արտաքին կողմերի մասնակցությունը իրավիճակի սրմանը ծայրահեղ անօգուտ կլինի եւ միայն կխորացնի տարածաշրջանային լարվածությունը: Կողմերին կոչ ենք անում հնարավորինս արագ բանակցությունների վերադառնալու համար աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ԱՄՆ, ինչպես նախկինում, հավատարիմ է հակամարտության խաղաղ եւ կայուն կարգավորմանը հասնելու հարցում կողմերին օգնություն տրամադրելու գործին»:

***

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն ասում է.

 

 

«Մենք կոչ ենք անում բոլոր արտաքին եւ ներքին խաղացողներին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, այդ թվում ՝ հռետորաբանության առումով: Հիմա կարեւոր է հնարավորինս զգույշ լինել՝ հրադադարի ռեժիմի անհապաղ հասնելու եւ կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու համար»:


***

ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան դատապարտող հայտարարություն է ընդունում, որում, մասնավորապես, ասվում է.

«Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլեւ նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու Արցախյան հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող՝ Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, որն անպայմանորեն պետք է արժանանա միջազգային հանրության իրավաքաղաքական գնահատականին: Մենք պահանջում ենք իրերն իրենց անուններով կոչել. հստակորեն արձանագրել ավտորիտար Ադրբեջանի կողմից ժողովրդավար Արցախի Հանրապետության դեմ իրականացվող ագրեսիան, սահման գծել մարդասիրության եւ մարդատյացության միջեւ»:


«Օսմանյան կայսրության
ուրվականը»


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ասում է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին՝ անօդաչու թռչող սարքերի, խորհրդատուների, վարձկանների եւ անգամ F-16 կործանիչների միջոցով:

 

 

«Սա ողջ աշխարհում բնակվող ցանկացած հայի համար ինչ-որ առումով ուրվականի վերադարձ է: Եվ եթե այդ ուրվականը ի սկզբանե վիրտուալ էր, ապա այն այժմ դարձել է նյութական: Դա Օսմանյան կայսրության ուրվականն է, որը 105 տարի առաջ ծրագրեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Ոչ մի դեպքում մենք չենք կարող թույլ տալ, որ այդ ցեղասպանությունը կրկնվի», - ասում է նախագահը՝ առցանց ելույթ ունենալով CYBERSEC2020 համաժողովում, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությամբ:

***

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասում է, որ հայկական կողմն ունի միջազգային հանրության անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումն ու տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության խաթարմանն ուղղված քայլերը։

***

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հեռախոսազրույցում կոչ է անում «գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ եւ ապակառուցողական կեցվածքը սանձելու եւ տարածաշրջանում նրա ներգրավվածությունը բացառելու համար»:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի, Reuters-ի, ՀՀ կառավարության եւ ՊՆ մամուլի ծառայությունների լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: