«Հաղթանակը մերն է լինելու,
վստահ եղեք»


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ անցած գիշեր առաջնագծում, ընդհանուր առմամբ, պահպանվել է հարաբերական կայուն վիճակը:


«Պաշտպանության բանակը շարունակում է փայլուն եւ արհեստավարժ կերպով կատարել իր առջեւ դրված մարտական խնդիրը: Պատերազմական իրավիճակին հատուկ պայմաններում արդյունավետ են գործում նաեւ պետական կառավարման բոլոր օղակները: Թե թիկունքում, թե առաջնագծում բոլորը քաջ գիտակցում են իրենց անելիքները: Ամեն ինչ գտնվում է իմ անմիջական ու լիարժեք վերահսկողության ու համակարգման ներքո: Հաղթանակը մերն է լինելու, վստահ եղեք»


«Բարի գալուստ դժոխք»


ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ կեսօրից հետո հակառակորդը լայնամասշտաբ գրոհ է սկսել:

«Բարի գալուստ դժոխք»,- գրում է Շուշան Ստեփանյանն ու տեղեկացնում, որ կեսօրին մոտ Ադրբեջանի զինված ուժերը, մարտադաշտ նետելով ռեզերվային ուժեր եւ մեծաքանակ ռազմական տեխնիկա, լայնամասշտաբ գրոհ են սկսել հարավային ուղղությամբ:

«Հակառակորդի կողմից անտեսվում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության տարածքի անվտանգությունը: Մեթոդաբար եւ շարունակաբար ոչնչացվում են հակառակորդի մեծաթիվ կարողություններ»,- ասում է Շուշան Ստեփանյանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանի լայնամասշտաբ գրոհը տեղի է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Բաքու այցի ընթացքում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների հայտարարությունից ժամեր անց։

«Հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ «ՊԲ հուժկու հարվածների արդյունքում թշնամին ունի կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ»։

Նա նշում է, որ «ժամեր առաջ առաջնագծի հարավային թեւով ձեռնարկած լայնամասշտաբ գրոհները վերջին ապարդյուն փորձերն են ինչ-որ արդյունքի հասնելու համար»։

 

 

Օրվա վերջում ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ հայկական զինված ուժերը միայն պաշտպանական մարտեր չեն վարում, «հաճախ իրականացնում են այլ տիպի զորաշարժեր, որոնց բնույթը, հաջողությունները շատ հաճախ արձանագրում ենք միայն ավարտից հետո»:


«Այդպիսի օր չկա, որ մեր զինված ուժերը ադրբեջանական ռազմական որեւէ օբյեկտ շարքից չհանեն, դրանք ոչ միշտ են ենթակա լուսաբանման: Պատերազմն ընթանում է, լայնածավալ է, լինում են տարբեր ծավալի մարտեր, խուսանավումներ, հաջողություններ կամ անհաջողություններ»


Խորհրդակցություն Արցախում


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ստեփանակերտում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ խորհրդակցություն է անցկացնում:



Ըստ պաշտոնական հաղորդագրության, «Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը զեկուցում առաջնագծում օպերատիվ իրավիճակի, հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու, ինչպես նաեւ ԶՈՒ առաջիկա քայլերի մասին»:

Պատերազմի ավարտից հետո հրապարակումներ եղան այն մասին, որ հենց այս խորհրդակցության ժամանակ է հաստատվել Լելե Թեփե բարձունքը գրոհելու օպերացիան: 2021 թվականի ապրիլի 14՝ ելույթ ունենալով Ազգային Ժողովում, Նիկոլ Փաշինյանն ասել էր.

«Ասում են՝ ես որոշում եմ կայացրել, ես ասել եմ՝ գնացեք, գրավեք եւ 700 զոհ է եղել։ Կատարյալ անհեթեթություն է։ Այդ առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, կյանքի կոչելու հնարավորությունն իրականացրել եւ որոշումը կայացրել է գեներալ։ Ընդ որում, այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին որոշում իրականացնելու հնարավորություն ունեցել են։ Այո, քննարկման մի հատվածին ես ներկա եղել եմ, մոդերացիա եմ արել խոսակցությունը եւ սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել՝ դա լավ տարբերակ է, թե՝ վատ։ Կարծիքներ եմ հարցրել եւ ամենաբարձրաստիճան զինվորականն ասել է՝ «լավ միտք է», որից հետո գնահատել է իրադրությունն ու ասել, որ օպերացիան պետք է եւ կարելի է իրականացնել» ։


«Ստեղծենք միջազգային
հակաահաբեկչական կոալիցիա»


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն հանդես է գալիս միջազգային հակաահաբեկչական նոր կոալիցիա հիմնելու կոչով:

Նա, մասնավորապես, ասում է.


«Հայաստանն ու Արցախն այսօր պայքարի առաջնագծում են, որովհետեւ արժանապատվորեն ընդունել են մեզ նետված մարտահրավերը։ Ու մենք պայքարելու ենք մինչեւ վերջնական հաղթանակ։ Սակայն սա միայն Արցախի եւ Հայաստանի խնդիրը չէ։ Որպես իր անկախության համար պայքար մղող պետության նախագահ՝ կոչ եմ անում քաղաքակիրթ աշխարհին ակտիվ մասնակցություն ունենալ այս պայքարում»։


«Հրադադար չենք խնդրելու»


Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ասում է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ծրագիրը ձախողվել է»։

«Իլհամ Ալիեւն արդեն չկա իշխանության ղեկին, որովհետեւ ցանկացած առաջարկին, որ այս ընթացքում արվում է ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների կողմից, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանը լինում է այն, որ «Թուրքիան պետք է մասնակցի բանակցություններին»։ Արդեն աշխարհին է հայտնի, որ այս պատերազմն Ադրբեջանում կառավարվում է Թուրքիայի կողմից»,- ասում է Արթուր Թովմասյանը։

 

Արթուր Թովմասյանը (ձախից)

 

«Պատերազմը սկսել են Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունները, վարում են Թուրքիայի իշխանությունները, իսկ մեր հարեւան գերտերություններն արդեն հասկանում են, որ սա միայն Արցախի հարց չէ, եւ Թուրքիայի նախագահն ուզում է քիթը խոթել Կովկաս։ Կարծում եմ, գերտերություններն արդեն մտահոգված են նաեւ իրենց շահերով, եւ շուտով կոշտ արձագանքներ կլինեն»,- ասում է նա։

«Մենք չենք աղերսելու, հրադադար չենք խնդրելու։ Միայն մենք՝ արցախցիներս իրավունք ունենք որոշելու մեր ճակատագիրը՝ մեր թիկունքում ունենալով Հայաստանն ու հայկական սփյուռքը»,- շեշտում է Արթուր Թովմասյանը։

Նա նաեւ ասում է, որ «Ռուսաստանում արդեն փորձում են բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին»:


Amnesty International. Ադրբեջանը
օգտագործել է կասետային ռումբեր


Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության փորձագետները հաստատում են, որ Ստեփանակերտն ու Շուշին հրթիռակործվել են ադրբեջանական զինուժի կողմից իսրայելական արտադրության M095 DPICM կասետային ռումբերով:

 

 

«Կասետային ռումբերի օգտագործումը որեւէ պարագայում արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով եւ դրանց կիրառումը քաղաքացիական վայրերին հարվածելու համար առանձնահատուկ վտանգավոր է եւ հղի է նոր մահերով եւ վիրավորումներով», - ասում է Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Amnesty International-ի ղեկավար Դենիս Կրիվոշեեւը:


Նարիշկին. «Թուրքիան առաջին
անգամ այդքան բացահայտ
անցավ Ադրբեջանի կողմը»


Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինն ասում է, որ «ահաբեկչական կազմակերպությունների գրոհայինները մեկնում են ԼՂ հակամարտության գոտի»:


«ԱՀԾ տեղեկատվության համաձայն, հակամարտության գոտի ակտիվորեն մեկնում են Մերձավոր Արեւելքում գործող ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ: Նրանք ներկայացնում են «Ջեբհատ ան-Նուսրան», «Ֆիրքատ ալ-Ամզա», «Սուլթան Մուրադ» խմբավորումները»

 

Սերգեյ Նարիշկինը

 

Նա նշում է, որ խոսքը «հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր» արմատականների մասին է:

«Լեռնային Ղարաբաղում շփման գծում բախումներ նախկինում եւս եղել են: Իրավիճակի ներկա սրացումը հատուկ անհանգստություն է առաջացնում ոչ միայն իր ծավալով, այլեւ արտաքին գործոնների հիմնովին նոր ազդեցությամբ: Թուրքիան առաջին անգամ այդքան բացահայտ ու միանշանակ անցավ Ադրբեջանի կողմը», - ասում է Նարիշկինը:


«Ավելի ակտիվ քայլեր
դժվար է պատկերացնել»


Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասում է, որ «ՌԴ ջանքերն այժմ կենտրոնացած են Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման համար շփումների վրա»:

«Ավելի ակտիվ քայլեր, քան հիմա արվում են, դժվար է պատկերացնել», - նկատում է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ջանքերն ուղղված են նրան, որ պատերազմող կողմերը դադարեցնեն կրակն ու սկսեն կարգավորման քաղաքական-դիվանագիտական գործընթացը:


Լավրովն ու Զարիֆը
կրկին խոսել են
գրոհայինների վտանգի մասին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր իրանցի գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հեռախոսազրույցում մատնանշում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Սիրիայից եւ Լիբիայից զինյալների ներքաշման վտանգը:

«Մոսկվայի եւ Թեհրանը լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում աննախադեպ սրման կապակցությամբ: Ընդգծվել է Սիրիայից եւ Լիբիայից անօրինական զինված խմբավորումների արմատական գրոհայինների ներգրավման վտանգը», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Նախարարները հայտարարում են, որ դիվանագիտական կարգավորումը այլընտրանք չունի եւ «այդ պետք է սկսվի զինադադարով՝ առանց նախապայմանների»:


Թուրքիան Կանադային
մեղադրում է
«երկակի ստանդարտների» համար


Անկարան դատապարտում է Կանադայի իշխանությունների որոշումը՝ պաշտպանական տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման լիցենզիաները հայ-ադրբեջանական հակամարտության գոտում օգտագործման պատճառով սառեցնելու վերաբերյալ:


«Նույն Կանադան որեւէ խոչընդոտ չի դնում մեր ժամանակների ամենաարյունալի մարդասիրական դրամաներից մեկի՝ Եմենի հակամարտության մեջ ակտիվորեն ներգրավված երկրներին զենք մատակարարելու ճանապարհին: Օտտավայի դիրքորոշումը, որը զենքի մատակարարումներ է կատարում Մերձավոր Արեւելք սուր քննադատության է արժանացել նույնիսկ ՄԱԿ-ի փորձագետների կողմից»


«Կանադայի իշխանությունները պետք է դուրս գան հակաթուրքական շրջանակների ազդեցությունից եւ չաշխատեն նեղ քաղաքական նպատակներով»,- նշվում է փաստաթղթում:


Ասադ. Այս պատերազմի գլխավոր
նախաձեռնողը Էրդողանն է


Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ասում է, որ Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի գլխավոր նախաձեռնողը Թուրքիայի նախագ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է:

 

Ասադը եւ Էրդողանը՝ 2010 թվականին

 

«Նա աջակցում է ահաբեկիչներին Լիբիայում, նա է Լեռնային Ղարաբաղում նոր հակամարտության գլխավոր նախաձեռնողն ու հրահրողը», - ասում է Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Reuters-ի, Ֆոտոլուրի, Regnum-ի, Էրիկ Գրիգորյանի, Պավել Վոլկովի (Նովայա Գազետա), Այվոր Փրիքետի (The New York Times) լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: