11 ժամանոց
բանակցությունների արդյունքը


Մոտ 11 ժամ տեւած բանակցություններից հետո հոկտեմբերի 10-ի վաղ առավոտյան Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդես են գալիս համատեղ հայտարարությամբ, որը ընթերցում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Փաստաթղթում ասվում է.

«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի եւ համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիեւի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորեւ ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների եւ պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ եւ վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3.Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4.Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձեւաչափի անփոփոխությունը»։

 

Ջեյհուն Բայրամովը, Սերգեյ Լավրովը եւ
Զոհրաբ Մնացականյանը

 

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը բանակցությունները «չափազանց բարդ» է որակում:

Նախարարն ասել է, որ հայկական կողմի համար կարեւոր էր «վերջ դնել այս ագրեսիային, որն առանձնահատուկ էր նրանով, որ Ադրբեջանը գործում էր Թուրքիայի եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների աջակցությամբ»:


«Իրավիճակը տարածաշրջանում մնում է բավականին փխրուն, մեզ անհրաժեշտ է հասնել կրակի դադարեցման եւ հաղթահարել այս լուրջ մարտահրավերը: Առանց այս իրավիճակին վերջ դնելու որեւէ առաջընթացի մասին խոսելն անիմաստ է»


Նա կարեւորում է այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը մնում է միջազգայնորեն ճանաչված միակ ձեւաչափը եւ «որեւէ այլ ուժ, մասնավորապես, Թուրքիան, չի կարող որեւէ դերակատարություն ունենալ կարգավորման գործընթացում»:

 

Զոհրաբ Մնացականյանը


Նախարարը նշում է, որ ագրեսիայի առաջին օրվանից կարեւոր դերակատարություն են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները: Նա հիշեցրել է, որ ընդունվել էին համատեղ հայտարարություններ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների եւ ԱԳ նախարարների մակարդակով:


«Սակայն պետք է առանձնահատուկ նշեմ Ռուսաստանի եւ անձամբ նախագահ Պուտինի ջանքերը: Ըստ էության, մեր այսօրվա աշխատանքը կոչված էր ամրագրել այն պայմանավորվածությունները, որոնք Ռուսաստանի նախագահը ձեռք էր բերել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ շփումների ընթացքում»


Հրադադարը խախտվում է


Առավոտյան ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարությունից հետո հարավային ուղղությամբ ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։

«ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները ՝ պատճառելով մարդուժի եւ ԱԹՍ-ի մեծ կորուստներ։ Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչեւ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախահարձակ մտադրությունները», - ասում է Ստեփանյանը:

 

 

Քիչ անց նա հայտնում է, որ անտեսելով ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ։

Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակի տակ են պահում Հադրութ քաղաքը։

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ հակառակորդը հրթիռային հարված է հասցրել Սյունիքի մարզի Կապանի շրջանի Արծվանիկ բնակավայրի ուղղությամբ։


Դիվերսիոն խմբեր Հադրութում


Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ նախքան հումանիտար հրադադարի հաստատումը ադրբեջանական կողմը դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ է ձեռնարկել Հադրութի ուղղությամբ:


«Չնայած հրադադարի հաստատումից անցել է շուրջ 3 ժամ՝ ներթափանցած խմբի շրջափակման եւ ոչնչացման գործողությունները շարունակվում են: Ռազմաճակատի մյուս հատվածներում համեմատաբար հանգիստ է: Ադրբեջանական կողմի գործողությունները, ըստ երեւույթին, թելադրված են Հադրութը գրավելու մասին Ադրբեջանի նախագահի նախօրեին կատարած հայտարարությունը ապացուցելու նպատակով»


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է, որ իրավիճակը Հադրութում գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։

 

Արայիկ Հարությունյանը հանդիպումն է կամավորների հետ

 

«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ», - ասում է Արցախի նախագահը:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամները սպանել են Հադրութի երկու բնակչի՝ մոր ու նրա հաշմանդամություն ունեցող որդուն:


Պուտինի եւ Ռոհանիի զրույցը


Թեհրանի նախաձեռնությամբ Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Հասան Ռոհանիի միջեւ հեռախոսազրույց է տեղի ունենում, որի ընթացքում կողմերը «մանրամասն մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակի վերաբերյալ»:

 

Վլադիմիր Պուտինը եւ Հասան Ռոհանին

 

«Վլադիմիր Պուտինը իր իրանցի գործընկերոջը մանրամասն տեղեկացրել էր տարածաշրջանում դեէսկալացիայի թուլացման ուղղությամբ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռնարկվող ջանքերի մասին: Իրանի նախագահը աջակցություն է հայտնել Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ խորհրդակցությունների արդյունքում ձեռք բերված մարդասիրական հրադադարի, ինչպես նաեւ հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելուն ուղղված բովանդակային բանակցությունների մասին պայմանավորվածություններին», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Էրիկ Գրիգորյանի, Reuters-ի, Արմենպրեսի եև Արցախի նախագահի մամուլի ծառայության լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: