Թեժ մարտեր Ավետարանոցում
եւ Սղնախում


Կեսգիշերից հետո եւ վաղ առավոտյան հակառակորդը վերսկսում է Արցախի խաղաղ բնակավայրերի թիրախավորումը:

Պաշտպանության բանակը հայտնում է, որ համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվում Ստեփանակերտը, Շուշին եւ հարակից խաղաղ բնակավայրերը:

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ «Պաշտպանության բանակը հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում»:


«Օրերի ընթացքում պետք է
բեկում մտցնենք»


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Շուշիից ուղերձ է հղում ողջ հայությանը՝ կոչ անելով միանալ Արցախի պաշտպանության գործին:


«Ինչպես 1992 թվականին, երբ սկսվեց մեր հաղթարշավը Շուշիի ազատագրումից, այսօր էլ մեր հաղթարշավը պայմանավորված է Շուշիի պաշտպանությամբ: Թշնամին այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, առավելագույնը՝ հինգ: Եվ թշնամու նպատակն է գրավել Շուշին: Ինչպես ասում են, ով տիրում է Շուշիին, տիրում է Արցախին: Ուզում եմ, որ գիտակցենք այս պահը եւ ոչ միայն խոսքերով, այլեւ անմիջականորեն մասնակցենք Շուշիի պաշտպանությանը»




Նա ասում է, որ հավատում է, որ «հաղթելու ենք, եւ այս օրերը լինելու են բեկումնային»:

«Դրա համար մեզ պետք է միավորվել: Պետք է կռվել, պատժել թշնամուն, բայց դրա համար պետք է նաեւ ժամ առաջ հասնել Արցախ: Իհարկե, սա խուճապային ելույթ չէ, հակառակը՝ նորից կրկնում եմ՝ աներկբա հավատում ենք մեր հաղթանակին եւ օրերի ընթացքում պետք է բեկում մտցնենք ճակատում, պետք է պատժենք հակառակորդին հենց Շուշիի դարպասներում: Եկեք միավորվենք եւ միասին կռվենք»,- նշում է նա:

«Շուշին լոկ քաղաք չէ, այն հայ ժողովրդի սեփական բնօրրանում ապրելու վճռականության խորհրդանիշն է, հայ ժողովրդի հաղթանակների խորհրդանիշը։ Շուշին համայն հայության բաբախող սիրտն է: Որպես Արցախի գերագույն գլխավոր հրամանատար՝ եւս մեկ անգամ կոչ եմ անում՝ միացե՛ք, միասին պաշտպանենք մեր Շուշին, մեր Արցախը, մեր ազգային արժանապատվությունը»,- ասում է Արցախի նախագահը։

 

Շուշին

 

Օրվա ավարտին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ողջ երկայքնով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ:

«Հարավային հատվածում՝ Բերձորից մինչեւ Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ եղել են որոշակի մարտական գործողություններ: Մեր զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքային բարելավում իրականացնել: Արցախի Մարտունու եւ Ասկերանի շրջանների գյուղերում՝ փոքր բնակավայրերին հարկակից անտառային տարածքներում, շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողությունները»,- ասում է Հովհաննիսյանը:


Բաքուն զրոյացնում է համանախագահ
երկրների ջանքերը


Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն իր ֆրանսիացի պաշտոնակից Ժան-Իվ Լը Դրիանի հետ հեռախոսազրույցում ասում է, որ Ադրբեջանը փորձում է զրոյացնել կայուն հրադադարի հաստատման ուղղությամբ համանախագահ երկրների ջանքերը, ինչը անվերապահ խրախուսման է արժանանում Թուրքիայի կողմից:

ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ զրույցում Զոհրաբ Մնացականյանը ներկայացնում է ադրբեջանական գործողությունների հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրությանը:

Անդրադառնալով Թուրքիայի՝ Հարավային Կովկասում ապակայունացնող գործողություններին՝ Մնացականյանն ընդգծում է, որ նմանօրինակ գործողությունները սպառնալիք են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար:


Պուտինը մի շարք
հայտարարություններ է անում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով «Ռուսաստանը կանչում է» ներդրումային ֆորումի մասնակիցների հարցերին, մի շարք հայտարարություններ է անում ԼՂ խնդրի վերաբերյալ:

Մասնավորապես, նա ասում է, որ երբ սկսվում էր Ղարաբաղյան հակամարտությունը, ԽՍՀՄ ղեկավարությունը արդյունավետ միջոցներ չձեռնարկեց մարդկանց անվտանգությունն ապահովելու համար:


«Հակամարտությունը սկսվել էր էթնիկական բախումներից՝ սկզբում Սումգայիթում, ապա՝ Լեռնային Ղարաբաղում: Խորհրդային Միության ղեկավարությունը ոչ մի միջոց չձեռնարկեց մարդկանց անվտանգությունն ապահովելու համար: Հայերը զենք վերցրեցին եւ ինքնուրույն արեցին դա»


Նրա խոսքերով, դա հանգեցրեց նրան, որ Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանի եւս յոթ շրջաններ հայտնվեցին Հայաստանի վերահսկողության տակ:

 

Վլադիմիր Պուտինը

 

«Ադրբեջանն ասում է, որ այս յոթ շրջանները ոչ մի կապ չունեն ոչ հակամարտության, ոչ էլ Հայաստանի հետ: Դրանք ադրբեջանական տարածքներ են: Ադրբեջանն ասում է, որ իրավունք ունի այդ տարածքները վերադարձնելու: Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը: Այստեղ հեշտ լուծում չի կարող լինել, քանի որ հանգույցը շատ բարդ է կապված», - ասում է Պուտինը:

Նա նշում է, որ Ռուսաստանը խոսել էր «հինգ եւ եւս երկու» շրջաններ Ադրբեջանին վերադարձնելու հնարավորության մասին՝ «Ղարաբաղի որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի հետ փոխգործակցությամբ եւ այլն»:

Պուտինը նկատում է, որ հակամարտության լուծումը կարող է լինել երկարաժամկետ միայն այն դեպքում, եթե հնարավոր լինի գտնել «շահերի հավասարակշռություն, որը կբավարարի երկու կողմերին, որպեսզի մարդիկ իրենց անվտանգ զգան եւ միեւնույն ժամանակ հնարավորություններ ստեղծեն տարածաշրջանային արդյունավետ զարգացման համար»:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Աքիլեաս Զավալիսի եւ REUTERS-ի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: