Ադրբեջանը կիրառում է
LORA բալիստիկ հրթիռներ


ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ժամը 07:55-ի սահմաններում ՀՕՊ ստորաբաժանումները Արցախի հյուսիս-արեւելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի մեկ ինքնաթիռ եւ անօդաչու թռչող սարք։ Հակառակորդի՝ առանձին հատվածներում մեր զորքերի պաշտպանությունը ճեղքելու փորձերը ձախողվել են, տեղեկացնում է ՊՆ խոսնակը:

Ավելի ուշ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ՀՕՊ ուժերը Արցախի հարավարեւելյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ եւ երկու ԱԹՍ։


«Ճակատի տարբեր ուղղություններում ընթանում են մարտեր, ոչնչացվել են հակառակորդի կենդանի ուժ եւ զրահատեխնիկա, մասնավորապես՝ տանկեր»


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ Արցախի ՊԲ-ն ճշգրիտ հարվածներով ժամը 16:00-ի դրությամբ խոցել է հակառակորդի 5 ինքնաթիռ:

Նա տեղեկացնում է, որ հակառակորդը հոկտեմբերի 1-ի ընթացքում ունեցել է 540 զոհ, ավելի քան 700 վիրավոր, կորցրել է մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, որոնցից մեծ մասը օդում չի խոցվել, 3 ուղղաթիռ եւ 6 ԱԹՍ։

«Հակառակորդը բազմիցս, որոշակի փոխելով մարտավարությունը, փորձում է հարձակվողական գործողություններ իրականացնել, Արցախի զինված ուժերը հերոսաբար հետ են մղում բոլոր գրոհները»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշում է, որ Արցախի քաղաքացիական օբյեկտները Ադրբեջանի կողմից թիրախավորվում են բալիստիկ հրթիռներով։

 

LORA հրթիռային համակարգը

 

«Հավանաբար՝ նաեւ LORA հրթիռներով»,- ասել է Արծրուն Հովհաննիսյան։

LORA-ն (LOng-Range Artillery Missile) օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգ է՝ արտադրված իսրայելական Israel Aircraft Industries (IAI) ընկերության կողմից։


Հարվածներ Հադրութին եւ
Ստեփանակերտին


Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ ադրբեջանական զինուժը «Սմերչ» հրետանային համակարգից հարվածներ է հասցրել Արցախի Հադրութ քաղաքին, ինչի հետեւանքով վիրավորներ կան քաղաքացիական բնակչության շրջանում։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ Ստեփանակերտն առաջին անգամ շատ խոշոր տրամաչափի հրթիռային միջոցներից հարվածներ է ստացել։

 

Ռմբակոծված Ստեփանակերտը

 

«Ադրբեջանն այսօր 4 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ: Լրջորեն վնասվել է Արտակարգ իրավիճակների նախարարության շենքը, որը մարդասիրական գործունեություն իրականացնող մարմին է: Ակնհայտ է, որ դա դիտավորյալ է արվել՝ հաշվի առնելով հրթիռի դիպուկության աստիճանը: Տուժել են քաղաքացական օբյեկտներ ու բնակիչներ։ Քաղաքացիների շրջանում կա 7 վիրավոր: Մի մասը բավական ծանր վիճակում է»,- ասում է նա։

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտնում է, որ ադրբեջանական կողմի հրետակոծության հետեւանքով վնասվել են Ստեփանակերտի մի շարք ենթակառուցվածքներ:


«Ամբողջ բնակչության հաշվարկով ունենք թաքստոցներ եւ անհրաժեշտ ռեսուրսներ բնակիչների պահանջներն ապահովելու համար»

 

Ռմբակոծված Ստեփանակերտը

 

«Վաղվանից նախատեսում ենք սկսել բնակելի տների, շենքերի վերականգնում, որպեսզի մեր բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տները: Կառավարության կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի ապահովվի մեր հայրենակիցների բնականոն կյանքը, վճարվում են բոլոր աշխատավարձերը, թոշակները, նպաստները»,- շեշտում է պետնախարարը:


ՀՀ զորամիավորումները բերվել են
մարտական պատրաստականության


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմական դրության պայմաններում ՀՀ զինված ուժերի զորամիավորումները բերված են մարտական պատրաստականության լրիվ աստիճանի:

«Զորամասերում բացազատվել են անձնակազմի եւ տեխնիկայի ընդունման կետեր, իրականացվել է ստորաբաժանումների լրահամալրում: Միեւնույն ժամանակ, ստորաբաժանումները զբաղեցրել են պաշտպանու¬թյան շրջաններ:

Լրահամալրումն իրականացվել է տեղական ինքնակառավարման մարմինների եւ Երկրապահ կամավորական միության տեղական բաժինների հետ փոխգործակցությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ «Հայաստանի տարածքից Ադրբեջանի ուղղությամբ դեռեւս որեւէ հրթիռ չի արձակվել, չնայած հանգամանքին, որ մի քանի օր է՝ Ադրբեջանի ԱԹՍ-ներն ու տարբեր տրամաչափի հրետանային միջոցները թիրախավորում են Վարդենիս քաղաքի շրջակա բնակավայրերը»։

Խոսնակը ակնհայտ կեղծիք է որակում Ադրբեջանի հայտարարությունները, թե Հայաստանի տարածքից «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռային համալիրից թիրախավորվում եւ հրթիռակոծվում է Ադրբեջանի տարածքը։


«Պաշտպանության նախարարությունը ադրբեջանական կողմին խստորեն հորդորում է ձեռնպահ մնալ նման սադրանքներից եւ ՀՀ զինված ուժերին չդրդել իրական հրթիռային հակահարվածների՝ իր բոլոր հետեւանքներով»


Մի քանի ուղղություններով
հիմնականում ահաբեկիչներն են կռվում


Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն ասում է, որ հակառակորդի սպանված սպաներից մեկի մոտ հայտնաբերված ռադիոկայանի վերծանման արդյունքում պարզվել է, որ մի քանի ուղղություններով խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերեն լեզվով։

Նա ասում է, որ հոկտեմբերի 1-ին ինտենսիվ մարտեր են ընթացել ամբողջ ռազմաճակատով, հակառակորդը շարունակել է գրոհել ՊԲ մարտակարգերը՝ կիրառելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ, հրթիռահրետանային ողջ զինանոցն ու զրահատանկային եւ հատուկ նշանակության ստորաբաժանումներ։


«Մարտական գործողությունների դինամիկան, կիրառված սպառազինությունը, ռազմական տեխնիկան եւ անձնակազմի քանակն աննախադեպ էր հատկապես հյուսիսային եւ հարավային ուղղություններում։ Օպերատիվ մարտավարական իրադրությունում էական փոփոխություններ չեն գրանցվել: ՊԲ ստորաբաժանումներն իրենց առջեւ դրված խնդիրները կատարել են փայլուն եւ անթերի՝ ձախողելով հակառակորդի առաջախաղացման բոլոր փորձերը»


Արթուր Սարգսյանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ի մարտերում հայկական կողմն ունեցել է 54 զոհ։


Կարեն Ջալավյանը՝
«Արցախի հերոս»


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրում հրամանատար Կարեն Ջալավյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացնելու մասին:

Արցախի նախագահը հոկտեմբերի 1-ին հատուկ արարողակարգով ռադիոկապով ուղերձ է հղում ճակատի տարբեր հատվածներում գտնվող զինվորականներին:



«Այդ որոշումը կայացրել եմ՝ հաշվի առնելով անձամբ Կարեն Ջալավյանի եւ իր գլխավորած ստորաբաժանումների ցուցաբերած սխրանքները եւ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած կարեւոր ավանդը: Հոկտեմբերի 1-ին մենք ականատեսն ենք եղել լեգենդար «Եղնիկների» հերոսական մարտական գործողություններին, որոնց արդյունքում ոչ միայն գրավվել են անհրաժեշտ ռազմավարական բարձունքներ, այլեւ հակառակորդը կրել է բավականին մեծ կորուստներ»,- ասում է Արայիկ Հարությունյանը:


Հայաստանն արձագանքում է
Պուտինի, Մակրոնի եւ Թրամփի կոչին


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը:

ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է․

«Հայաստանը շարունակաբար մերժել եւ դատապարտել Է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը եւ Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի եւ Արցախի դեմ մարտական գործողություններում:

Ադրբեջանի ու Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները եւ օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը եւ խաղաղությունը՝ նշանակալիորեն բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը: Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի:

Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ»։

***

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’բրայենի հետ:

Փաշինյանն ընդգծում է ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավվածության և Ադրբեջանում Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների ու ահաբեկիչների տեղակայման փաստը: Վարչապետը շեշտում է տարածաշրջանից վարձկանների և ահաբեկիչների դուրս մղման անհրաժեշտությունը, առանց որի անհնար է հրադադարի հաստատումը:

***

Նիկոլ Փաշինյանն ու Էմանյուել Մակրոնն հերթական հեռախոսազրույցն են ունենում, որի ընթացքում Ֆրանսիայի նախագահը կարեւորում է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնում պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշման համար:

Ֆրանսիայի նախագահը կարեւորում է խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարության:

Վարչապետ Փաշինյանն անընդունելի է անվանում Թուրքիայի եւ այդ երկրի կողմից հովանավորվող ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան՝ ընդգծելով, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանային անվտանգությունը:

***

Ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասում է.

«Միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ամերիկյան հանրությունը, պետք է իմանա, որ Միացյալ Նահանգներում արտադրված F-16-ներն այսօր օգտագործվում են հայերին թիրախավորելու նպատակով։

Փաստեր կան, որոնք վկայում են, որ թուրքական ռազմական ղեկավարությունն անմիջականորեն ներգրավված է գրոհներ իրականացնելու գործում։ Անկարան Բաքու է ուղարկել ռազմական փոխադրամիջոցներ, զինամթերք, ինչպես նաեւ ռազմական խորհրդատուներ։ Մեզ հայտնի է, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսում իր գրավյալ տարածքներից հազարավոր վարձկանների է վարժեցրել եւ տեղափոխել: Այդ վարձկաններն ու ահաբեկիչներն այսօր կռվում են հայերի դեմ»:


«Ակնհայտ է, որ Անկարան է իրավիճակի բազմաթիվ կարեւորագույն հարցերում որոշում կայացնողը։ Նրանց նպատակը տարածաշրջանային ուժերի հավասարակշռությունն ի շահ իրենց խախտելն է: Թուրքիան երազում է սուլթանությանը նմանվող կայսրություն ստեղծել եւ բռնել է մի ճանապարհ, որը կարող է կրակի տալ տարածաշրջանը»


***

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցում «երկուստեք լուրջ մտահոգություն են հայտնում ռազմական գործողություններում Մերձավոր Արեւելքից գրոհայինների ներգրավվման մասին տեղեկություններով»:

Կրեմլի հաղորդասիրությունում ասվում է, որ Վլադիմիր Պուտինը «կրկին շեշտադրել է բախումների անհապաղ դադարեցման եւ հակամարտության կարգավորման քաղաքական-դիվանագիտական ջանքերի վերականգնման անհրաժեշտությունը՝ հոկտեմբերի 1-ի ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագաների հայտարարությանը համահունչ»:


Մակրոն. Թուրքիան
հատել է «կարմիր գիծը»


Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնն ասում է, որ Թուրքիան հատել է «կարմիր գիծը»:

Հոկտեմբերի 1-ին Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա ավարտին Մակրոնն ասում է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ, որոնք նախապես դուրս էին բերվել Հալեպից, թուրքական Գազիանթեպից (Այնթափ-Մեդիամաքս) փոխադրվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի:

 

Էմանյուէլ Մակրոնը

 

«Դա հաստատված փաստ է, այդ բոլոր մարդիկ կապեր ունեն «Իսլամական պետության» հետ: Ես քննարկել եմ սա Վլադիմիրի Պուտինի հետ, որը հաստատել, որ ՌԴ-ն եւս ունի այդ տեղեկությունը»:


«ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի այս վարքը մենք անընդունելի ենք համարում: Այդ դեպքում կարմիր գիծն արդեն հատված է», - նշում է Ֆրանսիայի նախագահը:


Եվրամիության կոչը


Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի առաջին օրն ամփոփող ասուլիսում Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելն ասում է, որ Եվրամիության պետությունների եւ կառավարությունների ղեկավարները կոչ են անում Թուրքիային դադարեցնել միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը եւ կառուցողական դեր խաղալ լարվածության թուլացման հարցում:

«Բոլորը պետք է ավելի կառուցողական դեր խաղան` դեէսկալացիան հեշտացնելու համար: Մենք ուզում ենք, որ արտաքին միջամտությունը դադարի, դա բարդացնում է իրավիճակը»,- ասում է նա:

 

Շառլ Միշելը

 

Ինչպես նշվում էր գագաթնաժողովի հայտարարության մեջ, «Եվրոպական խորհուրդը կոչ է անում կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերահաստատել հավատարմությունը կայուն հրադադարի եւ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»:


«Չի կարող լինել հակամարտության ոչ ռազմական լուծում, ոչ էլ արտաքին միջամտություն: Ադրբեջանը եւ Հայաստանը պետք է սկսեն առարկայական բանակցություններ առանց նախապայմանների»


Թուրքիան Պուտինի,
Թրամփի և Մակրոնի
կոչը համարում է «ոչ անկեղծ»


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն «անհամոզիչ» ու «ոչ անկեղծ» է անվանում ԵԱՀԿ Մինսկի խմբի կոչերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի մասին:

 

Հուլուսի Աքարն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը

 

«Հրադադարի կոչերը, որոնք հնչեցրել են այն երկրները, որոնք տարիներ ի վեր չեն կարողանում գտնել արդար լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար, անհամոզիչ են ու ոչ անկեղծ: Թուրքիան մինչև վերջին պահը կաջակցի եղբայրական Ադրբեջանին ՝ իր հայրենի հողերի ազատագրման արդար պայքարում», - ասում է Ակարը:


Սաուդյան թերթը գրում է
Թուրքիայի «խելագարության» մասին


«Ո՞վ է վերակենդանացրել խելագարությունը Լեռնային Ղարաբաղում» հոդվածում սաուդյան Asharq al-Awsat թերթը գրում է, որ «Մոսկվան կսպասի, թե որ կետին կփորձի հասնել Թուրքիայի նախագահը»:

«Ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նա դանդաղ կգործի՝ սպասելով Ռուսաստանի հանկարծակի արձագանքին»,- նշում է հոդվածի հեղինակը:

«Թուրքիան ձգտում է լինել միջազգային ասպարեզում կարեւոր դերակատար եւ ոչ միայն ընդլայնում է իր ներկայությունը հակամարտության գոտիներում, այլեւ բացում է հակամարտության մի քանի ճակատ եվրոպացիների, արաբների եւ ռուսների հետ` նրանց ազդեցության ավանդական գոտիներում»,- գրում է թերթը:

«Ռուսաստանը Կովկասի տարածաշրջանի մի մասն է, որտեղ գերակշռում է, եւ, հետեւաբար, Թուրքիան չի կարող այստեղ շատ հեռու գնալ: Մյուս կողմից, Նախիջեւանի շրջանը բաժանված է Ադրբեջանի Հայաստանի տարածքով: Այն տեղակայված է Թուրքիայի հարեւանությամբ եւ, ամենայն հավանականությամբ, կդառնա Թուրքիայի ռազմական հենակետը՝ Ադրբեջանին օգնելու համար», - նշում է Asharq al-Awsat-ը:


Haaretz. Ղարաբաղում Թուրքիայի
եւ Իսրայելի թիրախը Իրանն է


Իսրայելական Haaretz թերթը գրում է Արցախյան պատերազմի մասին՝ նշելով, որ «շատ երկար դադարից հետո անգամ Իսրայելը, ըստ երեւույթին, Թուրքիայի հետ նույն ճամբարում է»:

«Նեգեւում գտնվող իսրայելական ավիաբազաներում վայրէջք կատարող ադրբեջանական բեռնատար ինքնաթիռները գրեթե սովորական տեսարան են, ինչը վկայում է երկու երկրների միջեւ լայնածավալ ռազմական գործարքների մասին: Սակայն բեռնատար ինքնաթիռների ժամանման հաճախականությունն ու ժամկետները վկայում են Լեռնային Ղարաբաղի համար նոր մարտից առաջ ադրբեջանական ուժերի համալրման մասին»,- գրում է թերթը:

«Հարցը միայն զենքի վաճառքի շահութաբեր գործարքները չեն: Իսրայելը Ադրբեջանին համարում է իր ռազմավարական դաշնակիցը: Կասպից ծովի ափին գտնվող այս կլեպտոկրատիան Իսրայելի գնած նավթի աղբյուրն է, իսկ իր դիրքի պատճառով ծառայում է որպես չափազանց օգտակար «ետնադուռ» դեպի Իրան, որը կարելի է օգտագործել հետախուզական եւ այլ գաղտնի նպատակներով»,- նշում է թերթը:


«Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ Հայաստանի հիմնական աջակիցներից մեկն է, ինչը Իսրայելին հնարավորություն է տալիս ոչ պաշտոնական խողովակներով երկխոսություն հաստատել Էրդողանի Թուրքիայի հետ, ինչպես նաեւ մեծացնել Անկարայի եւ Թեհրանի պառակտումը»


Լավրովն ու Զարիֆը
մտահոգված են
զինյալների ներթափանցմամբ


Ռուսաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցում մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների կապակցությամբ:

 

Սերգեյ Լավրովը եւ Մոհամադ Ջավադ Զարիֆը

 

«Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաեւ Սիրիայից եւ Լիբիայից անօրինական զինված խմբավորումների զինյալների ներգրավման կապակցությամբ: Նախարարները նշել են, որ տարածաշրջանի երկրները, հատկապես Ադրբեջանի եւ Հայաստանի հարեւանները, կարող են մեծ դեր խաղալ բանակցային սեղանի շուրջ կողմերի շուտափույթ վերադարձի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում», - ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:


Պատրուշեւն ու Օ'Բրայենը քննարկում են
Արցախի հարցը Ժնեւում


Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն Ժնեւում հանդիպում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայենի հետ:

Նրանք նշում են, որ Լեռնային Ղարաբաղի խնդրում Ռուսաստանի եւ ԱՄՆ մոտեցումները համընկնում են:

 

Նիկոլայ Պատրուշեւը

 

«Կողմերն արձանագրել են մոտեցումների համընկնումը ղարաբաղյան հարցում, եւ հաստատել են քաղաքական-դիվանագիտական գործընթացի շուտափույթ մեկնարկի կարեւորությունը՝ խնդրի լուծումը գտնելու համար», - ասում է Պատրուշեւի մամուլի խոսնակը:

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Արիս Մեսինիսի, Reuters-ի եւ Ֆոտոլուրի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: