Գյանջայի ռազմական
նշանակետերի ցանկը


Լուսադեմին թշնամական ուժերը վերսկսում են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվում Ստեփանակերտի եւ Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ասում է, որ հոկտեմբերի 10-ի հումանիտար հրադադարի հայտարարումից հետո, որից հետո Ադրբեջանը շարունակել է թիրախավորել խաղաղ բնակավայրերը, սպանվել է առնվազն 8 քաղաքացիական անձ։

 

Ռմբակոծված Շուշին

 

«Երեկ եւ այսօր 6 քաղաքացիական անձ է վիրավորվել, 3-ը՝ Շոշ գյուղում, 3-ը՝ Ստեփանակերտում։ Երկու բնակավայրում էլ թիրախավորվել են բացառապես բնակելի հատվածները»,- տեղեկացնում է Բեգլարյանը:


«Միջազգային հանրությունը ձախողում է իր պարտականությունների կատարման հարցում։ Վաղուց փաստեր կան, որ այստեղ կատարվում են լայնածավալ դիտավորյալ հանցագործություններ եւ ադրբեջանա-թուրքական, ահաբեկչական գործոններով, արգելված զենքերի ու մեթոդների կիրառմամբ պայմանավորված՝ ռիսկերը մեծանում են։ Միջազգային հանրությունը պետք է օր առաջ միջամտի, կանխարգելելու համար Արցախի բնակչության հանդեպ ցեղասպանական գործողությունները»

 

Գյանջայի համայնապատկերը

 

Արցախի Պաշտպանության բանակը հրապարակում է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկը.

- ՊՆ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա,

- ԶՈՒ Գլխավոր շտաբի մոտոհրաձգային բրիգադի մշտական տեղակայման վայր,

- Ներքին զորքերի առանձնահատուկ նշանակության բրիգադ,

- ՊՆ մարտական կառավարման կենտրոն,

- ԶՈՒ Գլխավոր շտաբի ռադիոտեխնիկական գումարտակ,

- ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,

- Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան եւ հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:


Համառ մարտեր հարավում


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ հակառակորդը վերջին օրերին մեծաթիվ զրահատեխնիկա մարտի չի հանում, բայց ակտիվորեն կիրառում է օդուժ, ԱԹՍ-ներ եւ հրետանային կրակ։

«Հյուսիսային ուղղությամբ նախորդ 2-3 օրերի համեմատ մարտերը թեժ չեն եղել։ Առավել թեժ մարտեր են ընթացել հարավայի ուղղությամբ, որտեղ հակառակորդը ձեռնարկել է լայնամասշտաբ գրոհ։ Ուղղություններից մեկում 20-30 ավտոմեքենայից բաղկացած շարասյունը փորձել է մոտենալ ու հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում հակառակորդը ստիպված է եղել նահանջել։ Այլ ուղղություններում համառ մարտեր են ընթացել, որոշ տեղերում դրանք դեռ շարունակվում են»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն, իր հերթին, տեղեկացնում է.

«Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջեւ դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ»:


«Համարժեք պատասխան
կստանան»


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հոկտեմբերի 16-ի երեկոյան ադրբեջանական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել ՀՀ տարածքում:

«ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած ոտնձգություն ստանալու է համարժեք պատասխան: Ադրբեջանի չդադարող փորձերը՝ ընդարձակել հակամարտության աշխարհագրությունը եւ դրանով անդառնալի հարված հասցրել ողջ տարածաշրջանային անվտանգային համակարգին խստագույնս դատապարտելի են»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:


«Հատկանշական է, որ ժամեր առաջ ադրբեջանական կողմը նաեւ տարածեց սադրիչ եւ բացարձակապես կեղծ տեղեկատվություն՝ ՀՀ ԶՈՒ կողմից Նախիջեւանի ինքնավար հանրապետության Օրդուբադ բնակավայրի հռթիռակոծման մասին: Եվ ըստ արդեն իսկ իրենց ավանդական գործելաոճի՝ ապատեղեկատվության այս ալիքին հաջորդել է իրական ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ»


Պայմանավորվածություն
մարդասիրական
զինադադարի մասին


ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

«Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության եւ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ողջունում է մարդասիրական զինադադարի համաձայնությունը:

Նա ասում է, որ համաձայնությունը հնարավոր է դարձել վերջին օրերին Ֆրանսիայի ձեռնարկած միջնորդական ջանքերի շնորհիվ, որոնք համաձայնեցվել են Մինսկի խմբի համանախագահների հետ:

 

Էմանյուել Մակրոնը եւ Վլադիմիր Պուտինը

 

«Երկու կողմերը պետք է այս զինադադարը պահպանեն խստորեն եւ առանց նախապայմանների: Ֆրանսիան հետեւելու է մեծ ուշադրությամբ եւ շարունակելու է ներգրավված մնալ», - նշում է Մակրոնը՝ բանակցությունների արագ վերսկսման հույս հայտնելով:


«Սա պատերազմի ավարտ չէ»


Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան հայտարարում է, որ Բաքուն մտադիր չէ երկարատեւ զինադադար պահպանել:

«Ադրբեջանի նպատակը բոլոր հողերի ազատագրումն է, եւ սա նախագահի մակարդակով բազմիցս ասվել է։ Մենք մինչեւ վերջ ենք գնալու, «մի քանի գյուղ ազատագրվեց, մնացածը մնաց» խոսակցություններ չեն կարող լինել։ Այս մարդասիրական հրադադարի նպատակը գերիների եւ դիակների փոխանակումն է, սակայն սա պատերազմի ավարտ չէ:

 

Լեյլա Աբդուլաեւան

 

Հիմա ամեն կողմից մեզ հրադադարի, էսկալացիայի նվազեցման կոչեր են գալիս, բայց մենք ասում ենք, որ 30 տարի բանակցեցինք, արդյունք չեղավ։ Հրադադարը ոչ մի կերպ չպետք է մեկնաբանվի որպես հողերի ազատագրման դադարեցում», - ասում է Լեյլա Աբդուլաեւան CNN Turk-ի ուղիղ եթերում:


«Որտեղի՞ց Հայաստանին
այդքան զենք»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ խոսում է հայկական կողմի սպառազինության մասին:

«Հարց է առաջանում. որտեղի՞ց Հայաստանին այդքան զենք, այդքան տեխնիկա: Հայտնի է Հայաստանի ռազմական բյուջեն, պետբյուջեն: Ի՞նչ միջոցներով են գնում այն զենքն ու տեխնիկան: Հարց է առաջանում. ո՞վ է նրանց զինում: Երբեմն մեզ ներկայացնում են մեղադրանքներ, թե մենք զինվում ենք, եւ դա կարող է սրել իրավիճակը, տանել այն անընդունելի ուղղությամբ:

 

Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը

 

Իսկ ե՞րբ Հայաստանն է զինվում: Որտեղի՞ց նրան այդքան զենք եւ տեխնիկա: Նույնիսկ այսօր մաքսանենգ սխեմաներով նրանց մատակարարում են զենք եւ տեխնիկա, ընդ որում՝ շատ վտանգավոր, մեծ կործանարար ուժ ունեցող տեխնիկա: Ուստի մենք ցանկանում ենք ստանալ այս հարցերի պատասխանները, եւ ես համոզված եմ, որ կստանանք », - ասում է Ալիեւը:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Reuters-ի, Ֆոտոլուրի, AFP-ի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: