«Կործանարար հարվածներ»
Առավոտյան Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում:
«ՊԲ ստորաբաժանումների կողմից շարունակվում է վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման եւ ոչնչացման գործողությունը», - ասվում է հաղորդագրության մեջ:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում:
Երեկոյան ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ օրվա ընթացքում հրթիռակոծվել են Մարտակերտն ու Բերձորը՝ հարակից բնակավայրերով։ Երեկոյան հրթիռակոծվել է նաեւ Ստեփանակերտը։
Արծրուն Հովհաննիսյանը
Նա տեղեկացնում է, որ հարավային ուղղությամբ ողջ օրվա ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումները փորձել են գրոհել Որոտանի ուղղությամբ, մի քանի հարձակման փորձ տապալվել է։
«Լարվածությունը պահպանվում է, հիմնականում մարտերն օջախային են, հստակ բնագծեր չկան։ Տարբեր ճանապարհների, գետերի, հանգույցների շուրջ ադրբեջանական զինված ուժերը փորձում են հարձակումներ իրականացնել, որոնք չեզոքացվում են։ Մեր հաջողությունները հաստատուն են, մեր Զինված ուժերը լիովին տիրապետում է իրավիճակին։ Չնայած նրան, որ հակառակորդը որոշ տեղերում ունի առաջխաղացումներ՝ հասցնում ենք կործանարար հարվածներ»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը։
Արցախի նախագահը դիմում է
Վլադիմիր Պուտինին
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը դիմում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին.
«Դուք այն անհատականությունը եւ պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում եւ մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը, խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերը պատերազմի դադարեցման եւ քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ։
Արմեն Սարգսյանը հանդիպում է
Մակրոնի հետ
Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Արմեն Սարգսյանն ու Էմանյուել Մակրոնը Փարիզում քննարկում են իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում:
«Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Մակրոնին՝ նշելով, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի եւ անձամբ նախագահ Մակրոնի ջանքերն ու դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում:
Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումը
Ֆրանսիայի նախագահը մտահոգություն է հայտնել շարունակվող ռազմական գործողությունների եւ ստեղծված իրավիճակի առնչությամբ: Նախագահները համակարծիք են եղել, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ կարեւորել են հրադադարի հաստատման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման անհրաժեշտությունը», - ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Զոհրաբ Մնացականյանը
հանդիպում է Պոմպեոի հետ
ՀՀ ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպմանն ասում է, որ ադրբեջանական կողմի ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավմամբ, արտահայտվում անմիջական ռազմատեխնիկական աջակցությամբ՝ վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ:
«Ադրբեջանի՝ Թուրքիայի ազդեցության գոտի եւ միջազգային ահաբեկչության դառնալու որոշումը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության համար»
Զոհրաբ Մնացականյանը եւ Մայք Պոմպեոն
«Ադրբեջանի կողմից հրադադարի վերաբերյալ համաձայնությունների խախտումը եւ Արցախի ժողովրդի դեմ ռազմական գործողությունների շարունակությունը եւս մեկ անգամ ի ցույց են դնում հիմնախնդրի ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նպատակը»,- նշում է Զոհրաբ Մնացականյանը:
Թրամփ.
«Մենք կօգնենք հայերին»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ «մենք աշխատում ենք Հայաստանի հետ»:
«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ: Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Նրանք շատ լավ մարդիկ են, շատ նվիրված: Եվ տեսնենք, թե ինչ կլինի: Կարծում եմ, լավ առաջընթացի ենք հասել: Այս երկրում շատ մարդիկ ունենք, որոնք Հայաստանից են եկել: Նրանք շատ լավ մարդիկ են եւ մենք կօգնենք նրանց», - նշում է Թրամփը:
Էրդողան. Կարգավորմանը
մասնակցելու ՌԴ-ից
ոչ պակաս իրավունք ունենք
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ Թուրքիան, ինչպես եւ Ռուսաստանը, իրավունք ունի մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանը
«Եթե Ռուսաստանը ցանկանում է մասնակցել ղարաբաղյան խնդրի լուծմանը, ապա Թուրքիան կարծում է, որ ինքը մասնակցելու ոչ պակաս իրավունք ունի: Ես ոչ մի լուր չեմ ստացել այս հարցում Ռուսաստանի բացասական դիրքորոշման
մասին: Մենք շարունակում ենք աշխատել Ռուսաստանի հետ Սիրիայի եւ Լիբիայի հարցերով: Հուսով եմ, որ մենք կկարողանանք ճիշտ քայլեր ձեռնարկել նաեւ Ղարաբաղի հարցում եւ վերջապես լուծել այս խնդիրը», - հավելում է Թուրքիայի նախագահը:
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են ՀՀ նախագահի մամուլի ծառայության, Ֆոտոլուրի եւ REUTERS-ի լուսանկարները: