Համառ մարտեր
հարավային ուղղությամբ


Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են.

 


«Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է կայուն-լարված: Օպերատիվ-մարտավարական իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել: Առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրթիռա-հրետանային հարվածներ: ՊԲ ստորաբաժանումները են ճնշում հակառակորդի ակտիվությունը»:

 

Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ առավոտյան ժամը 08:30-ի շրջանում հարավային ուղղությամբ հակառակորդը կենտրոնացման շրջանից գրոհի փորձ է ձեռնարկել, սակայն, կորցնելով երեք միավոր ռազմական տեխնիկա եւ տալով ավելի քան քսան զոհ ու վիրավոր, Ջեբրայիլի մատույցներից գումարտակի կազմով դիմել է փախուստի։

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինված ուժերն հարձակում են նախաձեռնել հյուսիսային եւ ավելի մեծ ուժերով եւ ստատիկ՝ հարավային ուղղությամբ:

«Հայկական զինված ուժերը պատասխան կրակով զգալի թվով կենդանի ուժ, զինտեխնիկա եւ այլ միջոցներ են ոչնչացրել՝ հակառակորդին հետ շպրտելով ելման բնագծերը: Նման մանր փորձեր կատարվել են նաեւ այլ ուղղություններով, սակայն այս պահի դրությամբ համառ մարտեր են ընթանում հատկապես հարավային ուղղությամբ»,- ասում է Հովհաննիսյանը:

Նա նշում է, որ առաջին 5 օրերին Ադրբեջանի սպառազինության կորուստները չափազանց բարձր են եղել.

Արծրուն Հովհաննիսյանը


«Այժմ մի փոքր անկում են ապրում, որովհետեւ այնքան տեխնիկա չկա, որպեսզի նույն ինտենսիվությամբ կիրառեն։ Այժմ հակառակորդը լայնորեն կիրառում է հրետանի, որի կուտակված միջոցներն ավելի շատ են, քան տանկերն ու հետեւակի մարտական մեքենաները, բայց այն, որ նրանք փորձում են լրացնել բացն ու համառորեն շարունակել ցեղասպան ու մարդասպան գործունեությունը, ակնհայտ է»։


Հարվածներ Շուշիի
Սբ. Ամենափրկիչ եկեղեցուն

 

Ադրբեջանական օդուժը հոկտեմբերի 8-ին երկու հարված է հասցնում Շուշիի խորհրդանիշ համարվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցուն՝ լրջորեն վնասելով գմբեթը:

Երկրորդ հարվածի հետեւանքով վիրավորվում են եկեղեցու ներսում գտնվող ռուսաստանցի ռազմական լրագրողները:

 

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին

 

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի կողմից Շուշիի կրոնական պաշտամունքի վայրերի եւ մշակութային հուշարձանների թիրախավորումն անվանում է «հրեշավոր հանցանք, որը միաժամանակ նաեւ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ մարդկությանը»։

«Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերն օդային հարվածներ են հասցրել հայկական ճարտարապետության գոհար՝ Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ պատճառելով նրան զգալի ավերածություններ։ Սա Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հերթական հանցագործությունն է, որը բացահայտում է նրա հակամարդկային Էությունը։ Այնուհանդերձ, այս քայլը լիովին տեղավորվում է տասնամյակներ ի վեր իրականացվող հայատյացության քաղաքականության մեջ։ Ադրբեջանը, որն ամբողջովին բնաջնջել է հայկական մշակութային ժառանգությունը Նախիջեւանում եւ հայ ժողովրդի պատմական հայրենիքի այլ մասերում, այժմ փորձում է Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի շրջանակներում հայրենիքից եւ պատմական հիշողությունից զրկել արցախահայությանը։

 

Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում՝ հարվածներից հետո


Իր այս գործողություններում Ադրբեջանն ուղղակիորեն ընդօրինակում է իր նորօրյա դաշնակիցների՝ միջազգային հայտնի ահաբեկչական կազմակերպությունների գործելաոճը, որի արդյունքում Մերձավոր Արեւելքում ոչնչացվել են բազմաթիվ պատմամշակութային կոթողներ։

Այս առիթով հիշեցնում ենք Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ կրոնական պաշտամունքի վայրերի եւ մշակութային հուշարձանների թիրախավորումն ամրագրված է միջազգային հումանիտար իրավունքում՝ որպես պատերազմի հանցագործություն, որի համար պատասխանատվությունը չունի վաղեմության ժամկետ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։


Էրդողան. «Հայաստանը ջախջախիչ
պարտություն է կրում»

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում է, որ «Հայաստանը մարտի դաշտում ջախջախիչ պարտություն է կրում, ուստի փորձում է կարծիք ձեւավորել ռազմական գործողություններում Թուրքիայի մասնակցության մասին»:

Քաթարական The Peninsula թերթին տված հարցազրույցում նա ասում է, որ «Անկարայի դեմ հարձակումները Երեւանի հուսահատության նշան են»:

 


«Հայաստանը փորձում է ընդլայնել հակամարտության շրջանակը: Միջազգային հանրությունը վերջապես պետք է հասկանա իրողությունը եւ հրաժարվի երկակի ստանդարտների քաղաքականությունից: Ես կոչ եմ անում համաշխարհային հանրությանը քայլեր ձեռնարկել Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի հողերն ազատագրելու համար»

 

Փաշինյան. «Թուրքիան կլանել է
Ադրբեջան պետությունը»


Գերմանական Spiegel-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասում է, որ
«Թուրքիան կլանել է Ադրբեջան պետությունը».

«Այլեւս Ադրբեջանը չէ, որ որոշումներ է կայացնում սեփական ճակատագրի վերաբերյալ, Թուրքիան է կայացնում այդ որոշումները»:

Խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին, վարչապետն ասում է, որ Երեւանն ու Մոսկվան անվտանգության ոլորտում դաշնակիցներ են եւ ունեն որոշակի պայմանագրային փոխհարաբերություններ:

 

Նիկոլ Փաշինյանը

«Եվ ես համոզված եմ, որ համապատասխան իրավիճակներ ձեւավորվելու դեպքում Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի», - ասել է Փաշինյանը:


Վարչապետը հայտնում է առաջնագծում
դավաճանության դեպքի մասին

 
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացնում է, որ առաջնագծի հատվածներից մեկում դավաճանության դեպք է արձանագրվել, ինչի առնչությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հետաքննություն է սկսվել։

 


«Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:



Ըստ որոշ տեղեկությունների, զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն: Իմ հանձնարարությամբ ԱԱԾ-ում սկսվել է հետաքննություն, եւ գործող գլխավոր անձանցից մեկը, որ Ստեփանակերտի բնակիչ է, հայտնաբերվել եւ ձերբակալվել է Երեւանում:

Հարուցված քրեական գործի շրջանակներում ընթանում է քննություն, որի արդյունքում կպարզվի, թե վերը նշված տեղեկություններից որն է իրական, որը՝ մտացածին: Այս պահին քննվում են տարբեր վարկածներ՝ ներառյալ քաղաքական ուղղորդման վարկածը, բայց դեռեւս շատ բան պարզ չէ:

Մեր այն հայրենակիցներին, ովքեր ունեն համանման տեղեկություններ, կոչ եմ անում դիմել ԱԱԾ: Դավաճանները չպետք է տեղ ունենան մեր շարքերում, եւ մեր հերոսական զինվորաների, կամավորների, ազատամարտիկների թիկունքը պետք է մաքրել համանման տարրերից»,- ասում է Փաշինյանը:

Քիչ հետո ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ձերբակալվել է «ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու» մասին կեղծ տեղեկություն տարածող անձը։

«Ն. Մ.-ն, 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախում եւ Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում, նշանակված լինելով ՊԲ N զորամասի գումարտակում որպես կապի դասակի հրամանատարի տեղակալ եւ ծառայություն իրականացնելով զորամասի պահպանությանը հանձնված N մարտական դիրքում, նույն դիրքի ավագի հետ մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ եւ ստահոդ լուրեր է տարածել ՀՀ իշխանությունների կողմից իբրեւ հողերը հանձնելու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածության մասին՝ կարծիք հայտնելով, որ նման պայմաններում իրենք անիմաստ են կռվում եւ իրենց առջեւ դրված մարտական խնդիրը կատարելն իմաստազուրկ է:

Հիշատակված գործողությունների արդյունքում էականորեն խաթարվել է իրենց մարտական խնդիրները կատարող զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը, վերջիններիս մոտ առաջացել է վախի, տագնապի եւ անպաշտպանվածության զգացողություն, որի արդյունքում մարտական ծառայություն իրականացնող զինծառայողներից ոմանք, տրվելով սադրանքներին, լքել են ծառայության վայրը՝ հրաժարվելով կատարել իրենց զինվորական պարտականությունները», - ասվում է հաղորդագրության մեջ:


Արգիշտի Քյարամյանն ազատվում է
ԱԱԾ տնօրենի պաշտոնից

 

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրում Արգիշտի Քյարամյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին:

 

Արաայիկ Հարությունյանն ու Արգիշտի Քյարամյանը

 

Արգիշտի Քյարամյանի ազատման պատճառները չեն նշվում:

Միքայել Համբարձումյանը նշանակվում է ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող:

 

Մնացականյանին եւ Բայրամովին
Մոսկվա են հրավիրում

 

Հոկտեմբերի 8-ի երեկոյան Կրեմլի կայքում հայտարարություն է հրապարակվում.

 



«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսային բանակցությունների շարքից հետո ՌԴ նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինների եւ գերիների փոխանակման համար:

Այս հարցերի վերաբերյալ խոհրդակցություններ անցկացնելու համար ՌԴ արտաքին գործերի նախարարի միջնորդությամբ հոկտեմբերի 9-ին Մոսկվա են հրավիրվում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները»:

 

Մարիա Զախարովան

 

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասում է, որ Մոսկվան քննարկում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններ կազմակերպելու հնարավորությունն ու հնարավոր ժամկետը:

«Մշակվում են գործողությունների տարբեր սխեմաներ: Ի դեպ, մենք առաջարկել ենք մոսկովյան պլատֆորմ տրամադրել՝ կազմակերպելու Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ»,- ասում Զախարովան:


Զասը վստահ է, որ Ադրբեջանը
չի հարվածի Հայաստանի տարածքին

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ասում է, որ Ադրբեջանը հարված չի հասցնի Հայաստանի տարածքին:

 


«Համոզված եմ, որ նման զարգացում տեղի չի ունենա, քանի որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ: Բացի այդ, ինձ թվում է՝ իրենք ունեն բավականաչափ ողջամտություն եւ պատասխանատվություն իրենց ժողովրդի հանդեպ նման որոշումներ չկայացնելու համար` գիտակցելով, որ դա անմիջապես կփոխի իրավիճակը»


«Հայերն այդ մասին մեզ
չեն էլ խնդրում»

 

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանն ասում է.

«Մեծ թվով զոհեր կան խաղաղ բնակչության շրջանում` Ադրբեջանի տարածքային փոքր նվաճումների դիմաց, քանի որ հենց Ադրբեջանն է նախաձեռնել հակամարտությունը համեմատաբար փոքր տարածքային ձեռքբերման համար։
Ցանկանում ենք, որ կողմերից յուրաքանչյուրը գիտակցի, որ իր շահերից է բխում անհապաղ, առանց նախապայմանների վերջ դնել ռազմական գործողություններին եւ արդյունավետ մեկնարկել բանակցությունները եռակողմ հովանավորության ներքո»:

«Ես չեմ փորձում հրաժարվել Մինսկի գործընթացի շրջանակում մեր ստանձնած դերից: Տարբեր հանրային կարծիքներ եմ կարդացել առ այն, որ Ֆրանսիան պետք է մի կողմ թողնի անկողմնակալությունը, որ նրան վերապահված է Մինսկի խմբում իր ստանձնած դիրքով: Յուրաքանչյուրը գիտի հայերի հետ պատմական, բարեկամական, եղբայրական հարաբերությունների մասին, սակայն վստահ չեմ, որ սա հայերին ծառայություն մատուցել է: Ի դեպ, նրանք այդ մասին մեզ չեն էլ խնդրում: Ես ամենօրյա կապի մեջ եմ իմ հայ գործընկերոջ հետ: Իրեն շատ լավ եմ ճանաչում:

 

Ժան-Իվ Լը Դրիանը

 

Նրանք մեզանից դա չեն խնդրում։ Պարոն Փաշինյանը եւ իմ գործընկեր արտաքին գործերի նախարարը հորդորում են, որպեսզի Ֆրանսիան իր դերակատարումն ունենա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հետ համատեղ, որպեսզի միաժամանակ հաստատվի հրադադարի ռեժիմ եւ սկսվի բանակցային գործընթաց: Սխալը, որ գործել ենք երեք կողմերս, ինչպես նաեւ հայերն ու ադրբեջանցիները, կայանում է նրանում, որ լրջորեն չենք ներգրավվել տարածքների վերաբերյալ բանակցություններում: Ոմանք ասում են. «Հրադադար կհաստատենք, այսքանով կավարտենք, կլինի բաժանարար գիծ եւ կձգվի եւս 10 տարի»: Պետք է բոլորը համոզված լինեն, որ հաստատված է հրադադար եւ կա տարածքների վերաբերյալ բանակցություններն անհապաղ սկսելու հանձնառություն: Քաջատեղյակ եք, որ Լեռնային Ղարաբաղի կենտրոնական քարտեզում միայն վերջինիս հստակ տարածքը չէ, կան նաեւ հարակից տարածքներ, որ մարտերի առարկա են հանդիսանում:

Վերադառնանք բանակցային սեղանին եւ սկսենք բանակցությունները հրադադարի հիմքի վրա` ներկայիս կարգավիճակով, պահանջելով արտաքին ուժերից չմիջամտել, նկատի ունենք Թուրքիային՝ հաշվի առնելով, որ պետք է դադարեցվի Թուրքիայի միջամտությունը տվյալ գոտում, ինչպես նաեւ զենքի մատակարարումը եւ, մասնավորապես, որպեսզի տեղափոխված սիրիացի վարձկանները վերադառնան այնտեղ, որտեղից եկել են: Ինչ վերաբերում է խաղաղ բնակչությանը, ճշմարիտ է, որ հակամարտությունը ընթանում է, ռմբակոծությունները շարունակվում են, մասնավորապես հրետակոծվում է մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչը հանգեցնում է արտագաղթի, շատ բարդ իրավիճակների», - ասում Ժան-Իվ Լը Դրիանը:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Էրիկ Գրիգորյանի, Reuters-ի, Ֆոտոլուրի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: