Ճակատամարտ
Շուշիի համար


Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ գիշերը հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։

Պաշտպանության բանակը հայտնում է, որ գիշերը մարտերը շարունակվել են ճակատային գծի բոլոր ուղղություններում:


«Առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում եւ հարավարեւելյան հատվածում: ՊԲ ստորաբաժանումները թշնամուն հասցրել են թիրախային հարվածներ` հետ մղելով առաջխաղացման բազմակի փորձերը:
Տարբեր ուղղություններում ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է թշնամու մեծաթիվ կենդանի ուժ, 4 տանկ, 20 միավոր այլ զրահատեխնիկա, 11 միավոր ավտոտեխնիկա, 2 ԱԹՍ»


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ Շուշիում եւ քաղաքի մերձակայքում հայկական կողմը պայքար է մղում թշնամու ոչ թե դիվերսիոն խմբերի, այլ կանոնավոր ուժերի հետ, որոնք իրենց տրամադրության տակ ունեն նաեւ տեխնիկա եւ հրետանի։

Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ Շուշիի համար մարտերն ընթանում են 4-5 օր, եւ եթե առաջին օրերին ներթափանցման փորձեր էին ձեռնարկում դիվերսիոն խմբերը, ապա նախորդ գիշեր հակառակորդը վերախմբավորում է կատարել եւ ավելի մեծ ուժեր կենտրոնացնել Շուշիի ուղղությամբ։

 

 

«Շուշիի համար ճակատամարտի արդյունքը, վաղը, ենթադրում եմ, պարզ կլինի»,- նշում է ՊՆ ներկայացուցիչը։

Օրվա ավարտին Արծրուն Հովհաննիսյանը վստահություն է հայտնում, որ «հայոց բանակը փառքով է ավարտելու Շուշիի ճակատամարտը»։

«Իրավիճակը ռազմաճակատում շարունակում է լարված մնալ, սակայն այն կարելի է համարել բավականին դրական», - ասում է Արծրուն Հովհաննիսյանը, նշելով, որ մեր զորքերը թշնամուն թույլ չեն տալիս հաջողություն զարգացնել որեւէ ուղղությամբ։

«Ողջ գիշեր եւ այսօր օրվա ընթացքում ռազմաճակատի տարբեր ուղղություններով մարտերը շարունակվել են, եղել են ինտենսիվ, այս պահին էլ շարունակվում են։ Հյուսիսում թշնամու զորքերը՝ հիմնականում փոքր մարտավարական խմբեր, հրետանու կրակի աջակցությամբ, փորձել են հարձակվել մեր դիրքերի ուղղությամբ, սակայն կորուստներ են կրել ու հետ շպռտվել։ Մարտունու ուղղությամբ վաղ առավոտյան որոշակի հաջողություններից հետո՝ մեր զորքերին հաջողվել է թշնամուն կանգնեցնել, հետ շպռտել ելման բնագծել ու պատճառել զգալի կորուստներ»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հավելում է, որ թշնամու ուժերը մի քանի անգամ փորձել են դուրս գալ դեպի Բերձոր, սակայն կրելով զգալի կորուստներ՝ դիմել են փախուստի։


Պուտինը զրուցում է
Էրդողանի հետ


Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ նոյեմբերի 7-ին կայացել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը:

 

Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը

 

«Մանրամասնորեն քննարկվել է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում։ Ռուսաստանի նախագահը թուրք պաշտոնակցին տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ իր հեռախոսազրույցների մասին։ Այդ շփումներն ուղղված էին մարտական գործողությունների անհապաղ դադարեցման ու քաղաքական-դիվանագիտական կարգավորման տարբերակների որոնմանը։

Հաստատվել է փոխգործակցության փոխադարձ պատրաստակամությունը՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով»


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Դավիթ Ղահրամանյանի եւ REUTERS-ի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: