Արցախի նախագահի
«վերջին զգուշացումը» Ալիեւին


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է, որ հոկտեմբերի 3-ի ծանր մարտերից հետո Պաշտպանության բանակը բարելավել է իր դիրքերը եւ հող նախապատրաստել հետագա առաջխաղացման համար:


«Նեղն ընկնելով առաջնագծում՝ Ադրբեջանը սկսել է ավելի ուժգին հարվածներ հասցնել մեր խաղաղ բնակավայրերին՝ նաեւ հեռահար հրթիռների կիրառմամբ: Այդ ռազմական հանցագործությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանները, եւ այս առումով վերջին անգամ ենք զգուշացնում Ադրբեջանի իշխանություններին: Հաղթելու եւ պատժելու ենք մեր գոյությանը սպառնացող հանցագործներին»


«Մեր հաղթանակն անկասելի է»


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ վերադարձել է առաջնագծից:


«Եղել եմ տարբեր հատվածներում. ամենուրեք առկա է ոգեւորություն, սխրանք, հերոսություն: Մեր հաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հավաքական ուժի եւ հարատեւության բացառիկ դրսեւորում է: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Պաշտպանության բանակին եւ նրա հրամկազմին՝ իրենց առջեւ դրված խնդիրը փայլուն կատարելու համար»


«Հարվածելու ենք զինվորական
խոշոր օբյեկտներին»


Արայիկ Հարությունյանը հայտարարում է, որ Պաշտպանության բանակը հարվածելու է Ադրբեջանի մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտներին։

«Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին՝ Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախավորել Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը՝ օգտագործելով «Պոլոնեզ» եւ «Սմերչ» համակարգեր:

 

 

Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայված զինվորական խոշոր օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանության բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչությանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները՝ հնարավոր կորուստներից խուսափելու համար»,- ասում է Արայիկ Հարությունյանը:


«Գյանջայի ռազմական
օդանավակայանը հօդս ցնդեց»


Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնում է Գյանջայի ռազմական օդանավակայանի ոչնչացման մասին:


«Գյանջայի ռազմական օդանավակայանը հօդս ցնդեց: Առաջին»

 

Գյանջային հասցված հարվածի հետեւանքները

 

Հետագայում պարզ է դառնում, որ Գյանջայի օդանավակայանը հայկական կողմի հարվածներից չի տուժել:


Հարվածներ թշնամու թիկունքի
ռազմական օբյեկտներին


Արցախի Պաշտպանության բանակը հայտարարում է, որ հասցնում է «հզոր հարվածներ Ադրբեջանի խորը թիկունքում տեղակայված կարեւորագույն ռազմական օբյեկտներին»։


«Հակառակորդը շարունակում է խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը թիրախավորել միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զինատեսակներից: Լարվածությունը հակամարտության գոտում եւս մեկ աստիճանով բարձրացնելու ամբողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»

 

Արայիկ Հարությունյանը

 

Որոշ ժամանակ անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է.

«Իմ հրամանով այսօր Պաշտպանության բանակը Գյանջա քաղաքում տեղակայված ռազմական օբյեկտների վնասազերծման նպատակով հասցրել է մի քանի հրթիռային հարված: Այս պահի դրությամբ հանձնարարել եմ դադարեցնել կրակը՝ քաղաքացիական բնակչության շրջանում անմեղ զոհերից խուսափելու համար:

Թշնամու կողմից համապատասխան հետեւություններ չանելու պարագայում մենք շարունակելու ենք համաչափ ու հուժկու հարվածները՝ կազմալուծելով եւ կազմաքանդելով թշնամու բանակը եւ թիկունքը: Մենք մինչեւ վերջ վճռական ենք մեր գործողություններում: Կա՛նգ առեք, քանի դեռ ուշ չէ»:


«Պայքարենք Ադրբեջանի դեմ,
բայց ոչ ադրբեջանցիների»


Արայիկ Հարությունյանն ասում է.

«Ուզում եմ բոլորս միասին պայքարենք Ադրբեջանի դեմ, բայց ոչ ադրբեջանցիների: Ադրբեջանի ժողովուրդը բռնապետ իշխանության եւ Թուրքիայի ձեռքին գերի է, քանի որ նրանց կեղծ աշխարհաքաղաքական ձգտումների եւ իշխանությունը պահելու մոլուցքի պատճառով է տառապում նրանց ժողովուրդը, եւ այս ամբողջի հետեւանքները խաղաղ ժողովուրդն է քաղելու»:


Թուրքիան մեղադրում է Հայաստանին
Ժնեւյան կոնվենցիան խախտելու համար


Թուրքիան պնդում է, որ ադրբեջանական Գյանջա քաղաքի հրթիռակոծությունը Ժնեւյան կոնվենցիայի խախտում է:

«Այսպիսի գործողությունները ցույց են տալիս Հայաստանի անզորությունն ու մարդկության դեմ հանցագործություն կատարելու պատրաստակամությունը»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Թուրքիայի արտգործնախարարությունն ընդգծում է, որ «Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման ամենամեծ խոչընդոտը»:

 

Թուրքիայի ԱԳՆ շենքը

 

«Պատերազմի դաշտում կրած պարտությունների ֆոնին Հայաստանն անտեսում է միջազգային իրավունքի նորմերը, այդ թվում՝ խաղաղ բնակչության դեմ սպառնալիքի կիրառման անթույլատրելիության մասին Ժնեւյան կոնվենցիայի պահանջը: Թուրքիան սատարում է Ադրբեջանի արդար դիրքորոշմանը: Վստահ ենք, որ Բաքուն չի տրվի Հայաստանի սադրանքներին եւ կշարունակի իրացնել ինքնապաշտպանության իրավունքը՝ միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների շրջանակում: Թուրքիան խստորեն դատապարտում է Հայաստանի զինված ուժերի կողմից Ադրբեջանի քաղաքացիական բնակչության գնդակոծումը»,- ասվում է հայտարարության մեջ:


«Ադրբեջանի համար սարսափելի
հետեւանքներ են լինելու»


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանում է Ադրբեջանի պաշտպանության նախարարին, ով ասել էր, թե «Հայաստանի գործողությունների պատճառով մարտական գործողությունների գոտին ընդլայնվելու է»։

«Վարդենիսի շրջանի բնակավայրերը հրետակոծվել են՝ ծանր հրետանիով եւ անօդաչու թռչող սարքերով։ Եթե դա իր համար դեռեւս մարտական գոտու ընդլայնում չէ, թող մասնագետները դրա եզրակացություններն անեն»,- ասում է նախարարը։

Դավիթ Տոնոյանը շեշտում է, որ Հայաստանի տարածքից Ադրբեջանի տարածք հեռահար հրետակոծություն կամ հրթիռների օգտագործում դեռեւս չի իրականացվել։

 

Դավիթ Տոնոյանը

 

«Եթե Ադրբեջանի զինված ուժերի կամ ռազմաքաղաքական ղեկավարության համար Ստեփանակերտը, Մարտունին, Հադրութը, Մարտակերտը եւ այլ բնակավայրերը թույլատրելի մարտական գործողությունների անցկացման վայր են, ապա մեր Պաշտպանության բանակի, Արցախի զինված ուժերի արհեստավարժ, հմուտ ստորաբաժանումները շատ կտրուկ պատասխանում են, ու Ադրբեջանի համար սարսափելի հետեւանքներ են լինելու»


Ազգային հերոսի կոչումներ


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով 5 զինծառայողներ Արցախի հերոսի բարձրագույն կոչմանն են արժանանում, նրանցից երեքը՝ ժամկետային զինծառայողներ։

Դավիթ Գրիգորյանը սեպտեմբերի 27-ից ակտիվորեն մասնակցելով մարտերին՝ Ֆիզուլու Կարախանբեյլիի հատվածում խոցել էր 15 տանկ եւ մեկ ՀՄՄ։

Էդգար Մարկոսյանը Թալիշի ուղղությունում խոցել էր 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը։

Յուրա Ալավերդյանը Ֆիզուլու Կարախանբեյլիի հատվածում խոցել էր 9 տանկ եւ 1 միավոր ավտոտեխնիկա։

 

Սերգեյ Շաքարյանը

 

Գնդապետ Սերգեյ Շաքարյանը կազմակերպել էր բազմաթիվ գրոհներ՝ պատճառելով հակառակորդին մեծ կորուստներ։

«Պարո´ն Շաքարյան, Ձեզ հարգում է ամբողջ ազգը, Ձեր սխրանքը գնահատելու է ամբողջ ազգը, Դուք իրական Արցախի հերոս եք»,- ասում է Արայիկ Հարությունյանը: Գնդապետը «Ոսկե արծիվ» շքանշանը անձամբ ստանալ չի կարողանում. մարտը թեժ էր, հրամանատարը չէր լքում առաջնագիծը: Սերգեյ Շաքարյանը զոհվում է 2020 թվականի հոկտեմբերի 25-ին:

 

 

«Ոչ մի քայլ հետ» սկզբունքով մարտը վարած Դավիթ Ղազարյանը կոչումը ստանում է հետմահու։

Արայիկ Հարությունյանը շեշտում է, որ Արցախն ունի «ոչ թե սպառազինություններով զինված ամենաուժեղ բանակը, այլ ամենապրոֆեսիոնալ բանակը»։

«Ես ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առջեւ։ Ձեր ցավը տանեմ, դուք մեր ազգի պարծանքն եք։ Գտնվելով առաջնագծում, ամեն վայրկյան վտանգելով ձեր կյանքը՝ դուք պայքարում եք հայրենիքի համար։ Մեր սպայական կազմին եմ ուզում երախտիքի խոսքեր ասել։ Սպայական կազմն իրականում հրաշքներ է գործում՝ անտեսելով մահը։ Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք զոհվելու, եթե այդ բարդույթը հաղթահարենք, ուրեմն հաղթելու ենք»։


Հակառակորդի կորուստները


ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ հոկտեմբերի 4-ին մարտերը չեն ունեցել նույն համառ ու ծանր բնույթը, ինչ նախորդ երկու օրերին:


«Այսօր Ադրբեջանի զինված ուժերը որեւէ նշանակալի մարտական գործողություն չեն կարողացել իրականացնել, կրելով կորուստներ՝ հետ են շպրտվել, նաեւ այն պատճառով, որ թուրքական զինուժի գործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել էր՝ շնորհիվ մեր հակաօդային եւ այլ ստորաբաժանումների գործողությունների։ Թուրքական օդուժը, մասնավորապես ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել եւ դրանով պայմանավորված հակառակորդի կորուստներն ավելի շատ են եղել»


«Ալիեւը տեղեկատվական
բլոկադայի մեջ է սեփական երկրում»


Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիեւը ապատեղեկատվություն է տարածում «ազատագրված» բնակավայրերի մասին:


«Մենք ունենք հիմնավոր կասկածներն ենթադրելու, որ Ալիեւը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի կամ ապատեղեկատվության տիրույթում: Փաստացի Ադրբեջանի գերագույն գլխավոր հրամանատարը չի տիրապետում իրավիճակին կամ նրան զեկուցում են կեղծ տեղեկություններ, ինչի հետեւանքով նա սեփական բանակի պարտությունները ներկայացնում է իբրեւ հաղթանակ, ինչը շատ հեշտ հերքվում է մեր կողմից հրապարակվող տեսանյութերով մարտի դաշտից»


Հեռախոսազրույցներ
Լավրովի եւ Բորելի հետ


ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրուցում տեղեկացնում է Արցախի խաղաղ բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման մասին, որոնք հանգեցնում են մարդկային կորուստների եւ ավերածությունների։

Զոհրաբ Մնացականյանը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի ագրեսիայում Թուրքիայի անմիջական ներգրավվածության կապակցությամբ, այդ թվում՝ Ադրբեջանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների տեղակայման միջոցով, ինչը հղի է տարածաշրջանային անվտանգության խաթարման եւ լայնածավալ պատերազմի վերածվելու վտանգով:

 

Ժոզեպ Բորելը

 

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնում խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ:

«Ընդգծվել է կրակի անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: Հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի քաղաքական-դիվանագիտական գործընթացին վերադառնալու հարցում կողմերին աջակցելու պատրաստակամությունը՝ Ռուսաստանի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի համատեղ հայտարարության համաձայն», - ասվում ՌԴ ԱԳՆ հայտարարությունում:


Ալիեւը Մակրոնից
ներողություն է պահանջում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներողություն է պահանջում Ֆրանսիայից Էմանյուէլ Մակրոնի՝ Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողություններում սիրիացի զինյալների մասնակցության մասին հայտարարության համար:

 

Իլհամ Ալիեւը եւ Էմանյուէլ Մակրոնը

 

«Մենք վարձկաններ չունենք, մենք ունենք 100 հազար մարտիկներից բաղկացած բանակ: Ես Ֆրանսիայից պահանջում եմ ներողություն խնդրել եւ ավելի պատասխանատու կեցվածք դրսեւորել», - ասում է Ալիեւը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Reuters-ի, Ֆոտոոլուրի եւ Արցախի նախագահի մամուլի ծառայության լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: