ԱՄՆ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի
համատեղ հայտարարությունը

ԱՄՆ-ը, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարում են, որ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին, ուժի մեջ կմտնի հումանիտար հրադադարը։

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցան ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ եւ վերահաստատեցին իրենց երկրների հանձնառությունը կյանքի կոչելու եւ պահպանելու հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին եւ վերահաստատվել հոկտեմբերի 17-ին՝ համահունչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հոկտեմբերի 1-ին արված հայտարարության:

Միացյալ Նահանգները խթանեցին ինտենսիվ բանակցություններ ԱԳ նախարարների եւ Մինսկի խմբի համանախագահների միջեւ՝ Հայաստանին եւ Ադրբեջանին ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը մոտեցնելու նպատակով»,- նշվում է համատեղ հայտարարության մեջ:


Հրադադարը չի պահպանվում

 

Առավոտյան ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ «կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի ուղղությամբ»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հայկական կողմը խստորեն պահպանում է ժամը 08:00-ից սահմանված հումանիտար հրադադարի ռեժիմը:


«Ադրբեջանական կողմի հայտարարությունները, թե, իբր, հայկական կողմը խախտել է հումանիտար հրադադարի ռեժիմը, չեն համապատասխանում իրականությանը եւ ունեն ակնհայտ սադրիչ բնույթ»


Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ թշնամին Արցախի Մարտունի քաղաքի վրա կիրառել է ռազմական ավիացիա:

Ցերեկը Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արեւելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաեւ խաղաղ բնակավայրերը:

 


«Մասնավորապես, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից մեկ հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում թշնամական ուժերի գրոհները կասեցնելու եւ վերջինիս ելման դիրքեր հետ շպրտելու համար»,- ասում է Շուշան Ստեփանյանը:

Քիչ անց նա տեղեկացնում է, որ ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է՝ հակառակորդը կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաեւ` տանկեր:


«Վիճակը ծանր է, բայց
անելանելի չէ»


Օրվա ավարտին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ

«հակառակորդին չի հաջողվել ճեղքել ռազմաճակատը՝ չնայած որոշ տեղերում ունեցած թվացյալ հաջողությանը»:

«Մեր ստորաբաժանումներին հաջողվել է հակագրոհով հետ վերցնել եւ վերականգնել առաջնագիծը: Նախկինում նշված՝ Հադրութից հյուսիս գտնվող գյուղերի անտառների հատվածում շարունակվել է դիվերսիոն խմբերի որոնման եւ ջախջախման գործողությունը: Որոշ դիվերսիոն խմբեր՝ նույնիսկ թողնելով մեքենաներ, փախել են: Շեխեր, Ազոխ, Ջիվանիկ եւ հարակից այլ գյուղերում մարտերը շարունակվել են»


Նա հայտնում է, որ հոկտեմբերի 25-ին ուշ երեկոյան մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվել է գրավել Կուբաթլուն եւ որոշ ուղղություններով առաջանալ:

«Այո, նրանք մոտեցել են Սյունիքի դարպասներին, բայց իրավիճակը ծայրահեղ չէ: Հայ զինվորն այսօր էլ, երեկ էլ, նույնիսկ եթե ինչ-որ տեղեր նահանջել է, շատ տեղերում էլ փախուստի է մատնել հատուկ ջոկատայիններին: Վիճակը ծանր է, մարտերը՝ դաժան, պատերազմը՝ սաստիկ, բայց անելանելի չէ»,- ասում է Արծրուն Հովհաննիսյանը:


«Հայ ժողովուրդը ոչ մի պարագայում
պատրաստ չէ կապիտուլյացիայի»


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հայկական կողմն ամեն ինչ արել է, որպեսզի արցախա-ադրբեջանական շփման գծում արդեն երրորդ անգամ հայտարարված հրադադարը պահպանվի:

«ԱՄՆ նախագահն անձամբ էր շնորհավորել ձեռք բերված պայմանավորվածության կապակցությամբ: Մենք, իհարկե, դեռ չգիտենք, թե ինչպես նա կարձագանքի հրադադարի ձախողմանը»,- ասում է Փաշինյանը:

Նա հայտնում է, որ կեսգիշերին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

«Իրեն ուղիղ ասել եմ՝ քանի որ սա իրենց համար առաջին հրադադարն է, իսկ մեզ համար՝ արդեն երրորդը, կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը: Գլխավոր հարցը, որ դրել եմ ԱՄՆ պետքարտուղարի առաջ. եթե հրադադարը չպահպանվի, ինչպե՞ս ենք պարզելու, թե ով է դրա մեղավորը, եւ ինչ հետեւանքներ է ունենալու հրադադարի խախտումը խախտող կողմի համար: Ես հիմա կոռեկտ չեմ համարում ասել, թե ինչ պատասխան է տվել Պոմպեոն, բայց հույս ունեմ, որ այս հարցերի պատասխաններն այսօր հրապարակային ամերիկյան կողմից կստանանք»,- ասում է Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը


Վարչապետն ընդգծում է, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահներն ամենայն անկեղծությամբ ուզում են այդ հրադադարը հաստատվի, իրենց անունն են դնում այդ ջանքերի տակ:

«Միացյալ Նահանգների դեպքում այս հարցն ավելի է սրվում, որովհետեւ այնտեղ հիմա նախընտրական արշավ է, եւ խոսքը, ըստ էության, գնում է միջազգային իրավիճակի վրա ազդելու նախագահ Թրամփի կարողության մասին»,- նկատում է Փաշինյանը:

Նա ասում է, որ այս ողջ ընթացքում Հայաստանը եղել է առավելագույն ճկուն, սակայն այլեւս ակնհայտ է, որ «Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում, այլ Արցախի կապիտուլյացիա է ուզում»:

«Հայ ժողովուրդը պատրաստ է անգամ ցավոտ փոխզիջումների, բայց ոչ մի պարագայում պատրաստ չէ կապիտուլյացիայի: Պետք է դիմակայելու, մեր իրավունքները պաշտպանելու ռեսուրսներ գտնենք, որպեսզի իրավիճակի վրա ազդենք այնպես, որ Ադրբեջանը եւս պատրաստ լինի փոխզիջումների»


Թրամփն ասում է, որ
հրադադարը «պահպանվում է»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասում է, որ հրադադարը ղարաբաղյան հակամարտության գոտում պահպանվում է։

Դոնալդ Թրամփը


Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին հրադադարի պահպանման մասին, ԱՄՆ նախագահն ասում է․ «Այն պահպանվում է։ Հրադադարը պահպանվում է»։


Ալիեւն «արդեն հոգնել է
պատասխանելուց»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, որ Բաքուն կօգտագործի թուրքական F-16 կործանիչները Ադրբեջանի դեմ «արտաքին ագրեսիայի դեպքում»:

Ժողովրդին ուղղված ուղերձում նա նշում է, որ «ամեն հարցազրույցում լրագրողները հարցնում են, թե որտեղից Ադրբեջանին թուրքական F-16-ները»:

Իլհամ Ալիեւը եւ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը


«Արդեն հոգնել եմ պատասխանելուց: Դուք արբանյակներ ունեք, չգիտե՞ք՝ ինչ ենք անում: Բացեք եւ տեսեք ՝ օդում թե գետնին են հիմա F-16-ները: Բոլորն էլ գիտեն, որ դրանք գետնին են, որ եկել են զորավարժությունների ժամանակ, իսկ պատերազմի մեկնարկից հետո մնացել են այստեղ», - ասում է Ալիեւը:

Նրա խոսքով ՝ կործանիչները օգնություն են Թուրքիայի կողմից:

«Եթե մեր նկատմամբ իրականացվի արտաքին ագրեսիա, նրանք կտեսնեն այս F-16- ները», - սպառնում է Ալիեւը:


Ռազմական լուծումն ընդունելի չէ
Ռուսաստանի համար


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարում է, որ Ռուսաստանը չի սատարում ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հնարավորության մասին դիրքորոշումը:

«Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի եւ Թուրքիայի ներգրավվածության բնույթն ունի իր նրբությունները: Չենք թաքցնում, որ չենք սատարում դիրքորոշումը այս խնդրի ռազմական լուծման հնարավորության եւ ընդունելի լինելու վերաբերյալ», - ասում է Լավրովը:

Սերգեյ Լավրովը


«Ռուսաստանը եւ Թուրքիան աշխատում են ձեր կողմից նշված լարվածության օջախներում հակամարտությունների կարգավորման ուղղությամբ (Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում եւ Լիբիայում-խմբ.): Միեւնույն ժամանակ, գաղտնիք չէ, որ տարածաշրջանային մի շարք վիճահարույց հարցերի լուծման շուրջ մեր մոտեցումները՝ օբյեկտիվ պատճառներից ելնելով, կարող են էապես տարբերվել», - նշում է Ռուսաստանի արտգործնախարարը:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Արիս Մեսինիսի, REUTERS-ի եւ ՀՀ կառավարության մամուլի ծառայության լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: