Արայիկ Հարությունյանի ուղերձը
Առավոտյան Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ տեղային նշանակության մարտեր են ընթանում ճակատային գծի բոլոր ուղղություններում:
Օրվա ավարտին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ հակառակորդը Արցախի սահմանի ողջ երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները, իսկ առավել ակտիվ մարտերն ընթացել են հյուսիսային, կենտրոնական եւ հարավային ուղղություններում:
«Կենտրոնական մասում կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ օջախային մարտեր են ընթացել ներթափանցումների փորձեր կատարած դիվերսիոն խմբերի հետ: Դրանք այս պահին էլ շարունակվում են: Հարավի տարբեր հատվածներում հակառակորդի տարբեր զորախմբեր փորձել են առաջխաղացում ապահովել, սակայն բոլոր փորձերը կասեցվել են, որոշ տեղերում էլ հետ են շպրտվել՝ կրելով զգալի կորուստներ, այդ թվում՝ նաեւ զրահատեխնիկայի»
Մեկնաբանելով Իլհամ Ալիեւի հայտարարությունը Ադրբեջան-Իրան սահմանի վերահսկողության լիակատար վերականգման մասին, ՊՆ ներկայացուցիչն ասում է.
«Եթե որոշակի հատվածներում հակառակորդը տեսնում է Արաքս գետը, դա ամենեւին սահմանի վերահսկողության վերականգնում չէ»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հատուկ տեսաուղերձով դիմում է ժողովրդին.
«Յուրաքանչյուրիս անհատական մասնակցությամբ կկարողանանք պատվով դուրս գալ այս փորձությունից: Ուզում եմ ժամ առաջ, օր առաջ կատարեք ձեր հայրենիքի նկատմամբ պարտքը, հնարավորության դեպքում այն կատարել առաջնագծում:
Սահմանում ձեզ սպասում են ավելի, քան երբեւէ: Սա հայրենական պատերազմ է»,- ասում է նախագահը:
Փաշինյանը՝ խաղաղապահների
տեղակայման մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ հայկական կողմի համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը, եւ դրանք կարող են ռուսաստանյան խաղաղապահներ լինել:
«Խաղաղապահների տեղակայումը մեզ համար ընդունելի է: Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չի համընկնելու Հայաստանի տեսակետնի հետ: Եթե խոսելու լինենք փոխզիջումների մասին, ապա փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը:
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս Ինտերֆաքսին
Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ: Շատ կարեւոր է հաշվի առնել տարածաշրջանային մյուս երկրների տեսակետները, կարեւոր է, որ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը եւ ոչ թե հակառակը», - ասում է Փաշինյանը Ինտերֆաքսին տված հարցազրույցում:
Ալիեւը չի համաձայնի Արցախում
հանրաքվեի անցկացմանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, որ պատրաստ է Մոսկվայում հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից հրավեր չի ստացել:
Ճապոնական Nikkei թերթին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը հավելում է, որ Հայաստանի ներկայիս կառավարության հետ կարգավորման հասնելու հեռանկարը «շատ հեռավոր» է համարում:
Իլհամ Ալիեւը նաեւ հայտարարում է, որ չի համաձայնի Լեռնային Ղարաբաղում ինքնորոշման հանրաքվեի անցկացմանը:
«Ահաբեկիչների հարցը մեր
փորձագետների հսկողության տակ է»
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասում է, որ Ռուսաստանի համապատասխան կառույցների ռազմական փորձագետները Լեռնային Ղարաբաղում ահաբեկիչների առկայության հարցը պահում են ամբողջական հսկողության տակ:
«Դա մեզ անհանգստացնում է, մենք այդ մասին խոսել ենք, այդ թվում՝ հրապարակայնորեն: Կարող եմ վստահեցնել, որ ոչ հրապարակային աշխատանքը տարվում է շատ ակտիվ, քանի որ դա մեզ համար լուրջ խնդիր է»
Մարիա Զախարովան
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ իմաստ ունեն Ռուսաստանի կոչերն այն պետություններին, որոնք օգնում են ահաբեկիչներին հասնել այնտեղ, Մարիա Զախարովան ասում է.
«Ռուսական դիվանագիտությունն իր հույսը դնում է այն գործիքակազմի վրա, որին տիրապետում է, եւ դրանք պարզապես հույսեր ու երազանքներ չեն, այլ կոնկրետ աշխատանք: Այն միայն երկրորդ հերթին է բաղկացած հանրային հայտարարություններից, իսկ առաջին հերթին՝ գործողություններից: Այդ աշխատանքում ներգրավված են ռուսական ռազմական փորձագետները: Այդ աշխատանքը, ինչպես հասկանում եք, իր վրա լրացուցիչ ուշադրություն գրավելու կարիք չունի: Հասարակությունը պետք է համոզված լինի, որ աշխատանք է տարվում եւ մենք հրաշալի պատկերացնում ենք հնարավոր հետեւանքները, հաշվարկում ենք դրանք»:
Պուտինի ելույթը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն նշում է, որ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում սկսվել է հայ ժողովրդի դեմ գործած հանցագործություններից:
Այսօր ելույթ ունենալով «Վալդայ» քաղաքագիտական ակումբի հանդիպմանը, Ռուսաստանի նախագահն ասում է.
«Այս հակամարտությունը սկսվեց ոչ թե որպես միջպետական հակամարտություն եւ տարածքների համար պայքար, այն սկսվեց էթնիկ դիմակայությունից: Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ էին իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հանրագումարում հաշվի առնենք»:
Վլադիմիր Պուտինը
Միեւնույն ժամանակ, նշում է Պուտինը, «այն իրավիճակը, երբ Ադրբեջանի տարածքի զգալի մասի կորսված է, չի կարող հավերժ շարունակվել»:
«Երկար տարիներ Ռուսաստանը առաջարկում էր կարգավորման ամենատարբեր տարբերակներ՝ պատմական երկար ժամանակահատվածի համար իրավիճակը կայունացնելու համար: Դա մերձեցմանն ուղղված լարված աշխատանք էր: Որոշ պահերին թվում էր, թե ահա մի քիչ էլ, եւս մեկ քայլ, եւ մենք լուծում կգտնենք: Ցավոք, դա տեղի չունեցավ, եւ այսօր մենք ունենք հակամարտություն իր ամենավատ դրսեւորմամբ»
«Ես շատ սերտ կապի մեջ եմ նախագահ Ալիեւի եւ վարչապետ Փաշինյանի հետ: Ես նրանց հետ օրը մի քանի անգամ հեռախոսով եմ խոսում: Օրական մի քանի անգամ», - շեշտում է Պուտինը:
Ռուսաստանի նախագահն ասում է, որ «մեր տվյալների համաձայն, ղարաբաղյան հակամարտության գոտում զոհվածների ընդհանուր թիվը մոտենում է 5 հազարին»:
Վլադիմիր Պուտինը նաեւ ասում է, որ Հարավային Կովկասում Մոսկվայի եւ Անկարայի դիրքորոշումները չեն համընկնում:
«Հարավային Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ մեր դիրքորոշումները չեն համընկնում, քանի որ մենք կարծում ենք, որ, ի վերջո, անհրաժեշտ է այսպիսի վիճահարույց հարցերը լուծել ոչ թե ուժի եւ զենքի միջոցով, այլ բանակցային սեղանի շուրջ: Իհարկե, կարելի է ասել, որ բանակցությունները շարունակվում են 30 տարի, բայց արդյունք չկա: Սակայն իմ կարծիքով, դա չի նշանակում, որ պետք է սկսել կրակել»:
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են ՀՀ կառավարության, Արցախի նախագահի մամուլի ծառայությունների եւ REUTERS-ի լուսանկարները: