Լայնածավալ հարձակում
հյուսիսում


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ ինտենսիվ հրետակոծությունից հետո հակառակորդը հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։


«Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել` կրելով մեծ կորուստներ»


Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտեր, որոշ ուղղություններով հայկական զորքերը կատարել են վերախմբավորումներ։ Նա նաեւ ասել է, որ հարավային ուղղությամբ շարունակվում են ծանր ու դժվար մարտերը։


Իրանին տեղեկացնում են
հնարավոր հարվածների մասին

 

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գլխավոր վարչության պետ Լեւոն Այվազյանն Իրանի դեսպանության ռազմական կցորդ Բահման Սադեղինին տեղեկացնում է, որ, չնայած հայկական կողմի բազմաթիվ հորդորներին. Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են կուտակումները եւ գործողությունների իրականացումը Իրանի սահմանի երկայնքով` այդպիսով պատսպարվելով պետական սահմանով:

 

Լեւոն Այվազյանի եւ Բահման Սադեղինի հանդիպումը


«Իրանական կողմին եւս մեկ անգամ ներկայացվել է Ադրբեջանի Զինված ուժերի գործողությունների` Իրանի հետ սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտությունը: Արցախի պաշտպանության բանակի անունից փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում, ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, որի հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը», - հայտնում են ՀՀ ՊՆ-ից:


«Տեր կանգնենք մեր
նահատակների հեղած արյանը»


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է զոհված շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին:


«Ցավակցեցի, լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, եւ այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի: Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը: Ու մեր նահատակների հեղած արյանը: Այլ տարբերակ չկա: Խնամենք, ուժեղացնենք մեր կամքը հաղթանակի», - ասում է վարչապետը:


«Աշխարհի մեր բարեկամները
կպաշտպանեն մեր ընտրությունը»


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «մենք աշխարհում ունենք բարեկամներ, որոնք կպաշտպանեն մեր ընտրությունը»:





«Եթե մենք որոշենք պարտվել, նրանք կպաշտպանեն պարտվելու մեր ընտրությունը:
Եթե մենք որոշենք հաղթել, նրանք կպաշտպանեն հաղթելու մեր որոշումը: Համոզված եմ, որ մենք ունենք կամք՝ հաղթելու դժվար որոշումը կայացնելու համար»


Փաշինյանն
«ավելի գործուն եւ կոնկրետ քայլեր» է
ակնկալում Մոսկվայից


Ֆրանսիական Libération թերթին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսում է Ռուսաստանի կողմից իր ակնկալվող քայլերի մասին.

«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է եւ նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Մեր ակնկալիքն այն է, որ Ռուսաստանն ավելի գործուն եւ կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ տարածաշրջանում Ադրբեջանի եւ Թուրքիայի այս հարձակվողական գործողությունները կասեցնելու համար: Եվ, կարծում եմ, այդ ջանքերում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները եւ ընդհանրապես միջազգային հանրությունը պետք է օգնեն նրան»:


Թուրքիայի մասնակցության
մանրամասները


Ռուսական «Կոմերսանտ» թերթը «Հակամարտության պարտադրումը» հոդվածում մանրամասն տեղեկություններ է հաղորդում պատերազմում Թուրքիայի մասնակցության մասին:

 


«Մեր ռազմա-դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության ներկայիս լուրջ սրումը Թուրքիան պլանավորել եւ հրահրել է միտումնավոր»


Ըստ թերթի, հուլիս-օգոստոս ամիսներին, թուրք-ադրբեջանական զորավարժությունների ավարտից հետո, Ադրբեջանի տարածքում մնացել է էական թուրքական խմբավորում, որը կոչված էր համակարգող եւ ուղղորդող դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում հարձակողական գործողությունների պլանավորման եւ իրականացման գործում:

«Խոսքը 600 զինծառայողների մասին է, ներառյալ 200 հոգանոց գումարտակային տակտիկական խումբը, 50 հրահանգիչ Նախիջեւանում, 90 ռազմական խորհրդական Բաքվում (նրանք կապ էին ապահովում բրիգադ-կորպուս-գլխավոր շտաբ շղթայում ռազմական գործողությունների վարման ընթացքում), 120 հոգի թռիչքա-տեխնիկական մասնագետ Գաբալայի ավիաբազայում, Դալյար օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի 20 օպերատորներ, 50 հրահանգիչ Եվլախի օդանավակայանում, 50 հրահանգիչ 4-րդ բանակային կորպուսում (Փիրեշեքուլ) եւ 20 հոգի ռազմածովային բազայում եւ Բաքվի Հեյդար Ալիեւի ռազմական ուսումնարանում», - գրում է «Կոմերսանտ»-ը:

Խմբավորման մեջ ներառված էր նաեւ 34 միավոր ավիացիոն տեխնիկա (ներառյալ 6 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, մինչեւ 20 անօդաչու թռչող սարք), որոնք ռազմական հետախուզություն էին ապահովում ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքում:

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, ըստ «Կոմերսանտ»-ին տրամադրված տվյալների, կտրուկ աճել էր Թուրքիայի ռազմական տրանսպորտային ավիացիայի թռիչքների քանակը դեպի Ադրբեջան (հիմնականում Վրաստանի տարածքով):

 




Մարդկանց եւ զինամթերքի առաքումն իրականացվել էր սեպտեմբերի 4-ին ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռով, սեպտեմբերի 18-ին ՝ CN-235 ինքնաթիռով, սեպտեմբերի 25-ին՝ A400M ինքնաթիռով:

«Սեպտեմբերի 28-ից 30-ը ռազմական գործողությունների ամենաթեժ պահին, բացի նախկինում եկած ռազմական խորհրդականներից, Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը եւ պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: «Կոմերսանտի» աղբյուրները պնդում են, որ նրանք տեղում իրականացրել են գործողությունների ընդհանուր կառավարումը», - գրում է թերթը:

Հուլուսի Աքարը (ձախից)


Հոդվածում մանրամասն տեղեկություններ են ներկայացվում նաեւ Թուրքիայի կողմից ներգրավված սիրիացի զինյալների եւ ռազմաճակատում նրանց տեղակայման վայրերի մասին:

Ակնհայտ էր, որ տեղեկությունները թերթին փոխանցվել էին Ռուսաստանի հետախուզական ծառայությունների կողմից:


«Ադրբեջանն ավելի խորը
ճգնաժամ է ունենալու»


Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է, որ հակամարտության գոտում Թուրքիայի եւ միջազգային ահաբեկիչների գործոները Բաքվում պատրանք են ստեղծել առ այն, որ իրենք կարող են արհամարհել միջազգային հանրությանը:

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ համատեղ մամուլի ասուլիսում Զոհրաբ Մնացականյանն ասում է, որ հայկական կողմը շարունակելու է աշխատել բոլոր գործընկերների եւ միջազգային հանրության հետ եւ հավատարիմ է մնալու Մոսկվայում հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը։

 

Զոհրաբ Մնացականյանը

 



«Ուժի միջոցով այս խնդիրը չի լուծվելու: Մեր զինվորներն Արցախում ի ցույց են դնում մեր վճռականությունը՝ պաշտպանելու հողը, հայրենիքը, կյանքը, ընտանիքը եւ թույլ չեն տալու թշնամուն ենթադրել, որ իրենք երբեւէ ունենալու են ռազմական լուծում այս հարցում։ Իրենք ավելի խորը ճգնաժամ են ունենալու իրենց գործողությունների հետեւանքով»


Զոհրաբ Մնացականյանը «անդառնալի» է որակում Ադրբեջանի ղեկավարության որոշումը՝ «իշխանությունը պահելու համար երկիրը վերածել Թուրքիայի ազդեցության գոտու եւ միջազգային ահաբեկչական խմբավորումների օջախի»:

Նիկոս Դենդիասը

 

Նիկոս Դենդիասը նշում է, որ պետք է վերջ դնել օտար միջամտությանը, շեշտելով, որ Անկարայի միջամտությունը եւս մեկ կոնֆլիկտում շատ մտահոգիչ է։

«Սիրիայում, Իրաքում, Կիպրոսում, Լիբիայում լարումներն ունեն մեկ աղբյուր, որը Թուրքիան է։ Այդ երկիրն անտեսում է միջազգային նորմերը հարգելու մասին Եվրամիության կոչերը»,- ասում է նա։


Բաքուն քննադատում է
Պոմպեոյի հայտարարությունը


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի խոսքերը «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի կարգավիճակին անհամապատասխան» է որակում:

«Հոկտեմբերի 15-ին Պոմպեոն WSB Atlanta հեռուստաալիքի եթերում մի շարք մտքեր է հայտնել հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Ադրբեջանական կողմը կարծում է, որ ԱՄՆ պետքարտուղարի կարծիքը չի համապատասխանում ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշմանը, որը Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է: Բացի այդ, այդ մտքերը չեն համապատասխանում ԱՄՆ-ի ՝որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկի կարգավիճակին», - ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են ՀՀ կառավարության, ԱԳՆ եւ ՊՆ մամուլի ծառայությունների լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: