Ստիպված է լինելու պատասխան
հարվածներ հասցնել


ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական կողմը անօդաչու սարքերով (որոնցից մեկը ընկել է ՀՀ տարածքում) եւ հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը:


«Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը և ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ»


Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ օրվա ընթացքում Ադրբեջանը կրակի տակ է պահել Արցախի խաղաղ բնակավայրերը, ինչի հետեւանքով կան տուժածներ:

«Կեսօրին հրետանի է կիրառվել Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի վրա, կան բազմաթիվ ավերածություններ: Կեսօրից հետո թշնամին ռազմական ավիացիայով ռմբակոծել է Մարտունի քաղաքը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ:

 

Մարտունիում՝ հարվածներից հետո

 

Մարդկային կորուստներ չկան: Այստեղ եւս նյութական վնասները շատ են։

«Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով հրթիռակոծվել է նաեւ Մարտունու շրջանի Ննգի գյուղը: Կասետային ռումբերի հարվածի հետեւանքով երեք կին վիրավորում է ստացել: Ամբողջությամբ ավերվել է մեկ տուն, տարբեր աստիճանի վնաս է հասցվել համայնքի այլ տների ու ենթակառուցվածքների եւս»,- նշում են Արցախի ԱԻ պետական ծառայությունից:

Օրվա ավարտին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ այսօր ադրբեջանական զինված ուժերը շարունակել են գործողություններ իրականացնել տարբեր ուղղություններով՝ միաժամանակ հրետակոծելով խաղաղ բնակավայրերը:

«Այսօր նաեւ փորձել են Բերձորի ուղղությամբ որոշակի հարձակում իրականացնել եւ հարավային ուղղությամբ մոտենալ ՀՀ սահմանին, սակայն հակառակորդի ոտնձգությունը հետ է մղվել»,- նշում է Արծրուն Հովհաննիսյանը:

Նա ասում է, որ դիվերսիոն խմբերի դեմ պայքարը շարունակվում է եւ ոչնչացվել են դրանցից մի քանիսը:


Ջալալ Հարությունյանը
ազատվում է պաշտոնից


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին ազատում է Արցախի պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից:


«Ջալալ Հարությունյանի ազատման որոշումը պահի հրամայական է՝ պայմանավորված օրերս մարտական դիրքում նրա ստացած վիրավորումով եւ տարամեկնաբանությունների առիթ չպետք է հանդիսանա»


Մեկ այլ հրամանագրով գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվում է Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար: Նրան շնորհվում է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

 

Միքայել Արզումանյանը (աջից)

 

«Ապաքինում եմ մաղթում Ջալալ Հարությունյանին եւ համոզված եմ, որ նա շատ շուտով կվերադառնա հայրենիքին ծառայության: Վստահ եմ, որ Միքայել Արզումանյանը նոր պաշտոնում գիտակցում է պատասխանատվության աստիճանը եւ ջանք ու եռանդ չի խնայի, որպեսզի այդ վստահությունն արդարացնի», - ասում է Արցախի նախագահը:


«ՊԲ հակահարվածը
կործանարար է լինելու»


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ «մեկ ամիս առաջ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ուժերն Արցախն արագ նվաճելու եւ կործանելու խնդիր էին դրել իրենց առջեւ, բայց այսօր Արցախը, թեկուզ վիրավոր, սակայն կանգուն է»:


«Այս ամենն, առաջին հերթին, մեր հերոսական բանակի, հերոսական ժողովրդի շնորհիվ է: Այս դաժան, բայց հերոսական ընթացքը մեզ վստահություն է տալիս՝ Արցախը կանգուն է մնալու, որովհետեւ մեր ոգին անկոտրուն է, մեր կամքը՝ անսասան: Պատերազմը մտել է մի փուլ, երբ դրա շարունակության ամեն վայրկյանը տեղապտույտի մեջ է գցում ամեն անգամ հրադադարն ուխտադրուժ կերպով խախտող հակառակորդին՝ փլուզելով նրա ունեցած պատրանքները»

 

Նիկոլ Փաշինյանը

 

Ժողովրդին ուղղված ուղերձում վարչապետը նշում է, որ «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը այնքան է հաղթական լուրերով սնել սեփական հանրությանը, որ նրանք արդեն երկար ժամանակ ամեն վայրկյան սպասում են Արցախի անկման, իրենց վերջնական եւ անշրջելի հաղթանակի մասին լուրին»: Ադրբեջանի հանրությունը, սակայն, ըստ վարչապետի, այդ լուրը չի ստանալու:


«Այս լուրի անվերջ սպասումն է, որ քանդելու է Արցախը նվաճելու ադրբեջանական պլանները: Արցախի ժողովուրդը, ամբողջ հայությունը կռվելու է անմնացորդ, ամեն ծառի, ամեն քարի, ամեն սանտիմետրի եւ միլիմետրի համար: Անհրաժեշտ պահին ճշգրիտ հասցված հակահարվածը հակառակորդի համար կործանարար փլուզման էֆեկտ է ունենալու: Հենց այս պահը հասունացնելն է Արցախի Պաշտպանության բանակի խնդիրը, եւ մենք պետք է ամեն ինչով աջակցենք»




«Մենք չենք կարող թույլ տալ Արցախի կորուստ կամ հայաթափում։ Արցախի Պաշտպանության բանակն ունի բավարար չափով զենք ու ներուժ՝ իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար։ Մենք ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաեւ բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են ու կկանգնեն մեր կողքին»,- վստահեցնում է նա։

«Ադրբեջանը ինչպես առաջ, այնպես էլ հիմա պատրաստ չէ փոխզիջումների, իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչեւ վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու ու դրանք վայելելու՝ հայ ժողովրդի իրավունքը։ Մենք չենք վախենալու ոչնչից, թույլ չենք տալու ներքին եւ արտաքին որեւէ ուժի կասկած սերմանել ազատ եւ երջանիկ մեր ապագայի նկատմամբ»,- եզրափակում է Նիկոլ Փաշինյանը:


Զինվորականները
դատապարտում են
հակասություններ սերմանելու
փորձերը


ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի Գլխավոր շտաբն «խստորեն դատապարտում են ՀՀ քաղաքական ղեկավարության եւ Զինված ուժերի միջեւ հակասություններ սերմանելու որոշ քաղաքական շրջանակների փորձերը»:

«Առավել եւս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը եւ շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության եւ պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական եւ մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից եւ գործողություններից», - ասվում է ՀՀ Պաշտպանության նախարարության եւ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարության մեջ:


Ալիեւը կրկին մեղադրում է
Ռուսաստանին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ասում է, որ «Գյումրիում տեղակայված ռուսական բազայից պարբերաբար մատակարարումներ են իրականացվում հայկական զինված ուժերին»:

Իտալական Rai 1 հեռուստաալիքին տված հարցազրույցում նա պնդում է, որ «թուրքական զորքերի մասնակցությունը Ղարաբաղի գործողություններին սուտ է»:

 

Իլհամ Ալիեւը հարցազրույց է տալիս Rai 1-ին

 

«Մենք չենք ասում, թե քանի ռուսական ՄիԳ-29, Սու-30 ինքնաթիռ կա Հայաստանի տարածքում: Մենք չենք խոսում այն մասին, որ հինգ հազար ռուսական զինծառայող տեղակայված են Գյումրիի բազայում, եւ, մեր տվյալների համաձայն, այնտեղից պարբերաբար մատակարարումներ են արվում Հայաստանի զինված ուժերին: Ի տարբերություն նրա, ինչ ասում են, մեր մասին, սրանք փաստեր են»


Պոմպեոն զրուցում է
Փաշինյանի եւ Ալիեւի հետ


ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրտագուսի հաղորդագրության մեջ ասվում է.

«Քարտուղար Պոմպեոն պնդել է առաջնորդներին հավատարիմ մնալ ռազմական գործողությունները դադարեցնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո դիվանագիտական լուծում գտնելու իրենց հանձնառություններին եւ նշել է, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի:

 

Մայք Պոմպեոն եւ Մորգան Օրտագուսը

 

Պետքարտուղարն ընդգծել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռքբերված եւ հոկտեմբերի 17-ին Փարիզում վերահաստատված հրադադարի ամբողջական իրագործման կարեւորությունը՝ հոկտեմբերի 1-ի ԱՄՆ, ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության համապատասխան»:


Լավրովը զրուցում է
Չավուշօղլուի հետ


Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն հեռախոսազրույցում քննարկում են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

 

Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն

 

«Ընդգծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն հրադադարի հնարավորինս շուտ ապահովման անհրաժեշտությունը», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:

«Նախարարները շեշտել են, որ խնդրը խաղաղ լուծումն այլընտրանք չունի, ընդգծել են հրադադարի ռեժիմի անհապաղ հաստատման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մշակած մեխանիզմների շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու անհրաժեշտությունը: Հատկապես նշվել է օտարերկրյա զինյալների ներգրավման հաշվին ճգնաժամի միջազգայնացման անթույլատրելիությունը», - նշում են ՌԴ ԱԳՆ-ում:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Ֆոտոլուրի, REUTERS-ի, ՀՀ կառավարության եւ Արցախի նախագահի մամուլի ծառայությունների լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: