«Երեք բրիգադների մնացորդները
դիմել են փախուստի»


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ «գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ եւ ամրանալ հարավարեւելյան ուղղությամբ (Ջաբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են»։

«Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով եւս 60 զոհ, ինչպես նաեւ 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Տեսագրությունն առկա է։

Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարեւելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։



Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար», - հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը:


Թշնամին կուտակվում է
Իրանի սահմանի երկայնքով


Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ չունենալով արդյունավետ հարձակողական գործողություններ վարելու բավարար կարողություններ, հակառակորդը դիմում է ակնհայտ սադրանքների:


«Մասնավորապես, հարավային ուղղության վրա ադրբեջանական ստորաբաժանումները մեծաթիվ խմբերով կուտակվում են անմիջապես արցախա-իրանական սահմանի երկայնքով (Արաքս գետի երկայնքով) եւ փաստացիորեն պատսպարվելով այդ սահմանով՝ փորձում են առաջ շարժվել: Այդպես փորձում են հրահրել արցախյան կողմին կրակ բացել կամ հարվածներ հասցնել սահմանի երկայնքով՝ փաստացի Իրանի ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ մարտական գործողությունների արդյունքում ադրբեջանական ստորաբաժանումները, այլընտրանք չունենալով, նահանջեն կամ փախչեն իրանական տարածք: Այս ամենից խուսափելու համար, կարծում ենք, իրանական կողմը, որն, անշուշտ, տեսնում է այդ ամենը, պետք է կանխի կամ պարտադրի ձեռնպահ մնալ այդպիսի կուտակումներից»


«Բեկումնային մարտեր»


Արծրուն Հովհաննիսյանն օրվա ավարտին ասում է, որ «այսօր եւ երեկ բեկումնային մարտեր են եղել՝ շատ համառ եւ մեծաքանակ ուժերի կիրառմամբ»:

«Հենց այդ պատճառով էլ դրանք կարող են առաջիկա օրերին ամեն ինչ իր տրամաբանական ավարտին հասցնել», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

Արծրուն Հովհաննիսյանը

 

«Ողջ օրվա ընթացքում հատկապես հարավային ուղղությամբ ընթացել են համառ եւ դժվարին մարտեր, որոնք այս պահին էլ շարունակվում են: Մեր զինուժն ունի հաջողություններ, բայց մարտերը դժվար ու ծանր են: Մեր զորքերը շարունակում են փայլուն կատարել իրենց խնդիրները»,- նշում է նա:


«Մարտադաշտում
դաշնակցի կարիք չունենք»


Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ հայկական կողմն ունի դաշնակիցներ, սակայն «մարտադաշտում մեր կողքին չեն, որովհետեւ մենք դրա կարիքը չունենք»։


«Մեր բանակը մարտական գործողությունները վարում է եւ հաղթանակները տանում է միայնակ՝ հենվելով միայն մեր զինված ուժերի եւ ժողովրդի բարձր մարտունակության ու մոբիլիզացիոն բարձր ցուցանիշների վրա։ Ընդամենը 48 ժամվա ընթացքում մեր տասնյակ հազարավոր քաղաքացիներ կամավոր ներկայացել են, զինվորագրվել, կազմավորել են նոր ստորաբաժանումներ ու մարտի են նետվել»


«Ցավոտ կորուստներ ենք
հասցնում թշնամուն»


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով շարունակվում են թեժ եւ ծանր մարտերը:

«Արցախի Պաշտպանության բանակը անընդհատ նոր ու ցավոտ կորուստներ է հասցնում թշնամու զորքերին, որոնց հարձակման նպատակը պարզ է ամբողջ աշխարհին: Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարություն կոչվող ահաբեկչական հանցախումբն ու նրան անթաքույց աջակցող Թուրքիան ամեն կերպ փորձում են ներխուժել Արցախի Հանրապետության տարածք՝ այն ամբողջությամբ օկուպացնելու եւ հայ ժողովրդին ֆիզիկապես բնաջնջելու նպատակով:

 

Արայիկ Հարությունյանը

 

Համոզված եմ, որ աշխարհում այլեւս չկա որեւէ մեկը, որ վերջնականապես չի համոզվել այս ճշմարտության մեջ։ Այդ հակամարդկային ոճրագործությունը կանխող ուժն այսօր մեր բանակն է, որը սխրանքներ է գործում մարտի դաշտում, ստիպում մեր թշնամուն հաշվի նստել իր իսկ ստեղծած առասպելների տապալման հետ։

Ես վստահ եմ, որ մեր այս ազատամարտն ըստ արժանվույն է գնահատվելու մեր ժողովրդի ապագա բոլոր սերունդների կողմից: Վստահեցնում եմ, որ միասնաբար անելու ենք ամեն ինչ մեր համազգային իղձերն ու նպատակները իրականացնելու համար»,- ասվում է Արցախի նախագահի հայտարարության մեջ:


Քաղաքում է մնացել Ստեփանակերտի
բնակիչների կեսը


Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն ասում է, որ Արցախի մայրաքաղաքի բոլոր ենթակառուցվածքները շարունակում են բնականոն աշխատել։

«Միայն գազամատակարարումն է անջատված, ինչը պայմանավորված է անվտանգության նկատառումներով, իսկ հրթիռակոծությունների հետեւանքով առաջացող խափանումների վերացման ուղղությամբ աշխատանքներ կատարվում են, մեր բոլոր խմբերն աշխատում են, որպեսզի որեւէ ծառայություն չդադարի գործել։ Անգամ աղբահանությունը կատարվում է ըստ սահմանված գրաֆիկի», - ասում է նա։

Փոխքաղաքապետը տեղեկացնում է, որ Ստեփանակերտի բնակիչների 50-60%-ը քաղաքում է մնացել։ Մայրաքաղաքում է պատսպարվել նաեւ Արցախի այլ շրջանների խաղաղ բնակիչների մի մասը։


Փաշինյանը նորից հնչեցնում է
զինադադարի պայմանը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այս պահին Ադրբեջանում կան 1 500-ից 2 000 միջազգային ահաբեկիչներ:

Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Փաշինյանն ամերիկյան Time հանդեսի հետ զրույցում ասում է, որ Թուրքիան ռազմական միջամտություն է իրականացնում հօգուտ Ադրբեջանի, իսկ նախագահ Էրդողանը պայքարում է տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու համար:

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որպես զինադադարի պայման, Հայաստանը պնդում է, որ Թուրքիան «դադարեցնի իր ներգրավվածությունը» եւ «դուրս բերի կամ չեզոքացնի վարձկաններին ու ահաբեկիչներին»:


Փաշինյանը եւ Պուտինը՝ Մոսկվայի
պարտավորությունների մասին


BBC-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Մոսկվան երաշխավորել է հավաքական անվտանգության ոլորտում իր պարտավորությունները, եթե ՀՀ տարածքը հարձակման ենթարկվի:

«Կա իրավական հիմք, եւ այդ փաստաթղթերում ֆիքսված է, որ մի շարք չափորոշիչներով ՀՀ տարածքին ուղղակի սպառնալիքի առաջացման պարագայում Ռուսաստանը պետք է որոշակի պարտավորություններ կատարի», - ասում է վարչապետը:

Նույն օրը, РТР հեռուստաընկերության «Մոսկվա.Կրեմլ.Պուտին» ծրագրին տված բացառիկ հարցազրույցում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին նշում է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ այս պայմանագրի շրջանակներում Ռուսաստանը որոշակի պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ:




«Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից այս պայմանագրի շրջանակներում իր պայմանագրային պարտավորությունների կատարմանը, մենք միշտ կատարել ենք, կատարում ենք եւ շարունակելու ենք կատարել մեր պարտավորությունները»


Նա նկատում է, որ «մշտական կապի մեջ է» Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, «եւ Հայաստանի ղեկավարությունը որեւէ հարց չունի Ռուսաստանի՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ»:

Նա կոչ է անում որքան հնարավոր է շուտ դադարեցնել կրակը՝ շեշտելով, որ հակամարտության կողմերը «մեզ համար օտար չեն»:

«Ռուսաստանում ապրում է շուրջ 2 միլիոն ադրբեջանցի եւ ավելի քան 2 միլիոն հայ: Ռուսաստանի հսկայական թվով քաղաքացիներ սերտ բարեկամական եւ նույնիսկ ընտանեկան կապեր են պահպանում երկու հանրապետությունների հետ: Մարդկանց մահը, երկու կողմերի ծանր կորուստները հսկայական ողբերգություն է», - նշում է Պուտինը:


Պուտինի եւ Ալիեւի առաջին զրույցը


Հոկտեմբերին 7-ին կայանում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջին հեռախոսազրույցը պատերազմը սկսվելուց հետո՝ Իլհամ Ալիեւը շնորհավորում է Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Պուտինի ու Ալիեւի զրույցի մասին լուրերը, ասում է.

 

Իլհամ Ալիեւը եւ Վլադիմիր Պուտինը

 

«Դա հեռախոսային խոսակցություններից մեկն է եւ, իրոք, Ադրբեջանի նախագահը շնորհավորեց Վլադիմիր Վլադիմիրովիչին ծննդյան օրվա առթիվ, նրանք հակիրճ քննարկել են Ղարաբաղին վերաբերող հարցեր: Երկխոսությունը կշարունակվի»:

Մեկնաբանելով Սիրիայից բերված զինյալների մասնակցությունը պատերազմին՝ Պեսկովն ասում է.

«Իհարկե, այս օրերին թեժ հակամարտության գոտում զինյալների ներկայությունը մեծ վտանգ է եւ Ռուսաստանի խորը անհանգստության պատճառ»:


Բաքուն «անհրաժեշտ չի համարում»
Ռուսաստանին ներգրավելը


Բաքուն անհրաժեշտ չի համարում ներգրավել երրորդ կողմին, այդ թվում` Ռուսաստանին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար:

Այդ մասին ասում է Ադրբեջանի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Հուսեյն Մահմուդովը:


«Ադրբեջանական բանակը հաջողությամբ կատարում է գրավյալ տարածքների ազատագրման խնդիրները: Հակահարվածն իրականացվում է Ադրբեջանի տարածքում՝ մեր երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Այս իրավիճակում մենք երրորդ կողմ ներգրավելու անհրաժեշտություն չենք տեսնում »


Գերմանիան չի բացառում իր
չեզոք դիրքորոշման վերանայումը


Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն չի բացառում իր երկրի չեզոք դիրքորոշման վերանայումը Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ:

Բունդեսթագում ղարաբաղյան խնդրին վերաբերող հարցուպատասխանի ժամանակ Ձախերի կուսակցությունից Գրեգորի Գիզին հարցնում է նախարարին. դաշնային կառավարությունը շարունակելո՞ւ է միջնորդական դիրքից չեզոքություն պահպանելով հանդես գալ կողմերին հրադադարի եւ բանակցությունների վերադարձի կոչելով, թե՞ պատրաստ է համերաշխություն ցուցաբերել հայերի հետ:

Գերմանիայի արտգործնախարարն ի պատասխան ասում է.

«Ոչ միայն մենք, այլեւ շատ այլ երկրներ ու միջազգային կազմակերպություններ պատրաստ են միջնորդական դեր ստանձնել: Եվ նման դերը որպես կանոն պարտավորեցնում է չեզոքության որոշակի չափ, այլապես որպես միջնորդ չեք ընդունվի: Եթե ներկա իրավիճակը շարունակվի, երբ Հայաստանը կրակը դադարեցնելու առաջարկ է արել, իսկ Ադրբեջանը՝ մերժել է, ապա մենք պետք է մեզ հարցադրում անենք, որքանո՞վ է հնարավոր նման դեպքում շարունակել երկու կողմերի հանդեպ հավասարապես չեզոք դիրքորոշում պահպանել»:

 

Հայկո Մաասը

 

«Եթե այնպիսի իրավիճակ ունենանք, որ մի կողմը մերժի կրակի դադարը, ապա Եվրամիության շրջանակում պիտի խոսենք, թե ինչպես պիտի վարվել եւ ճնշումն Ադրբեջանի վրա մեծացնել: Մենք խոսում ենք նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ, որոնք ավելի մեծ ազդեցություն ունեն հակամարտության կողմերի վրա: Այս պահին մենք Ադրբեջանից սպասում ենք, որ նա Հայաստանի նման սկզբունքորեն հրադադարի պատրաստակամություն հայտնի: Եթե նա դրան պատրաստ չլինի՝ ԵՄ-ի կողմից պետք է ճնշումը մեծացվի», - նշում է Մաասը:

Գերմանացի նախարարը նաեւ ասում է, որ «Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկում է որպես ոչ պիտանի ֆորմատ»:

«Թուրքիան Մինսկի խումբը դիտարկում է որպես այս խնդրի լուծման ոչ պիտանի ֆորմատ, դա ինձ հեռախոսազրույցում ասաց իմ գործընկերը: Այդ պատճառով հիմա ԵԱՀԿ-ի եւ միգուցե նաեւ այլ կազմակերպությունների հովանու ներքո որոնվում է հարցի պատասխանը, թե այս կոնֆլիկտի լուծման համար պահանջվող ո՞ր կողմերի հետ իմաստ ունի նստել, քննարկել եւ հակամարտության կողմերին բանակցության սեղանի մոտ բերել: Այս պահին Մինսկի ֆորմատն այն ֆորմատը չէ, որի մասին խոսվում է: Այս պահին փորձ է արվում ներգործել հակամարտող երկրների վրա մեծ ազդեցություն ունեցող կողմերի վրա: Սա մի գործընթաց է, որը դեռ չի ավարտվել», - նշում է գերմանացի նախարարը:


«Ադրբեջանը անիրագործելի
պայման է դնում»


ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելը «գրեթե անիիրագործելի» է անվանում Ադրբեջանի պահանջը հայկական ուժերը Լեռնային Ղարաբաղից դուրս բերելու ժամանակացույց տրամադրելու մասին:

Ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, որտեղ լսումներ են անցկացվում Ղարաբաղի թեմայով, Բորելն ասել է.


«Իրավիճակը տարածաշրջանում վատթարանում է: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հեռախոսազրույցում ինձ բարձրաձայնեց իր պահանջները Հայաստանին՝ Ղարաբաղում հակամարտությունը վերջ տալու համար: Խոսքը տարածաշրջանից հայ զինվորականների դուրս բերման ժամանակացույցի տրամադրման մասին է, որը գրեթե անիիրագործելի է»:


«Փաշինյանը հոգնեցրել է աշխարհի
առաջնորդներին իր զանգերով»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, որ Թուրքիան պետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության քաղաքական եւ հետկոնֆլիկտային կարգավորմանը:

«Այսօր, երբ հակամարտությունը տեղափոխվել է ակտիվ փուլ, եւ երբ Հայաստանի վարչապետը, ինչպես տեսնում եմ, արդեն հոգնեցրել է աշխարհի առաջնորդներին իր հեռախոսազանգերով, պարզ է, թե ով ունի կարգավորման ներուժ:

Եվ նրանք, ովքեր ունեն կարգավորման ներուժ, ւմ Ադրբեջանը հարգում է արժանապատվության, արդարության, անկեղծության համար, պետք է լինեն երկարաժամկետ խաղաղության երաշխավորները»,- ասում է Ալիեւը:

«Այսօր մեծ տերություն Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի անդամ մեծ տերություն Թուրքիայի համագործակցությունը շատ ավելի անկեղծ, ուժեղ եւ արդյունավետ է, քան Թուրքիայի համագործակցությունը ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի հետ, որն անընդհատ մեղադրում է Թուրքիային ինչ-որ բաներում»,- նշուն է Ալիեւը՝ ամենայն հավանականությամբ, ի նկտաի ունենալով Ֆրանսիային:


Տարբեր մեկնաբանություններ՝
Ժնեւում կայանալիք
բանակցությունների մասին


Ֆրանսիայի Եվրոպայի գործերով եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ լը Դրիանն ասում է, որ հոկտեմբերի 8-ին Ժնեւում Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ բանակցություններ կլինեն: Նա ավելացնում է, որ բանակցությունների երկրորդ փուլը կանցնի Մոսկվայում հոկտեմբերի 12-ին:

Ելույթ ունենալով Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումներին՝ Ժան Իվ լե Դրիանն ասում է.

 

Ժան Իվ լը Դրիանը

 

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ նորությունն այն է, որ հստակ երեւում է Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը: Դա սպառնում է հակամարտության միջազգայնացմանը, ինչից մենք ամեն գնով ուղում ենք խուսափենք: Կողմերի առաջ քաշված ցանկացած նախապայման թույլ չի տա արդյունքի հասնել: Անհրաժեշտ է ապահովել հրադադարի ռեժիմ եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- շեշտում է նախարարը:

Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների միջեւ հոկտեմբերի 8-ին Ժնեւում հանդիպում նախատեսված չէ:

«Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն է, որ չի կարող լինել այնպիսի իրավիճակը, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեն, իսկ մյուս ձեռքով՝ վարվեն ռազմական գործողություններ Արցախի եւ Հայաստանի դեմ: Ներկա պահի հրամայականն է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական լայնածավալ ագրեսիայի դադարեցումը: ՀՀ ԱԳ նախարարը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ մշտական կապի մեջ է»,- նշում է խոսնակը: Նա հաստատում է, որ հոկտեմբերի 12-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կայցելի Մոսկվա:

Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: