«Դժոխքի ձոր»
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ գիշերը եւ լուսաբացին Մարտունի քաղաքի վրա ադրբեջանական ուժերը կիրառել են ռազմական ավիացիա, ինչի հետեւանքով քաղաքում կան բազմաթիվ ավերածություններ։
Մարտունին
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ գիշերվա ընթացքում մարտերը շարունակվել են հարավ-արեւմտյան, հարավ-արեւելյան եւ հյուսիսային ուղղություններում:
Թշնամական ուժերը շուրջ 10 միավոր տեխնիկայի միջոցով առաջանալու փորձ են ձեռնարկել Ավետարանոց-Սղնախ հատվածում, սակայն, կրելով մեծաթիվ կորուստներ, հետ են շպրտվել, հայտնում է ՊԲ-ն:
«Մարտունու ուղղությամբ ՊԲ ստորաբաժանումները կատարել են մարտավարական խուսավարումներ՝ առաջնագիծը մարտ վարելու համար ավելի հարմար դարձնելու նպատակով։ Երկրորդ ուղղությամբ ՊԲ-ին հաջողվել է գուշակել հակառակորդի հավանական գործողությունները, առաջ եկող շարասյուններն ու կենդանի ուժը ոչնչացնել մեկ վայրում: Այդ վայրն այսուհետ ադրբեջանցիները կարող են անվանել Դժոխքի ձոր, որովհետեւ այստեղ ունեցել են մեծաթիվ կորուստներ, եւ լիովին ձախողվել է նրանց մտահղացումը»
«Ադրբեջանի հիմնական
հույսը վարձկաններն են»
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ օրվա ընթացքում որեւէ նշանակալի դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել:
«Այսօր առավոտից թշնամու զորքերն ու ահաբեկչական խմբավորումները տարբեր ուղղություններով շարունակել են հարձակողական գործողություններ հիմնականում փոքր խմբերով՝ տեղ-տեղ կիրառելով հրետանի, որոշ տեղերում՝ նաեւ օդային հարձակման միջոցներ, մարտավարական օդուժ», - ասում է Հովհաննիսյանը։
Խոսելով Պաշտպանության բանակի կողմից գերեվարված երկրորդ վարձկան-ահաբեկչի մասին, ՊՆ ներկայացուցիչը նշում է․
«Նրանցով առաջին գծում կոնկրետ խնդիրների կատարման փորձերը վկայում են նաեւ այն մասիս, որ Ադրբեջանի զինված ուժերի ցամաքային պոտենցիալը լրջագույնս վնասված է, եւ հիմնական հույսը մնացել են այս վարձկանները»:
Իրանը չի հանդուրժի
ահաբեկիչների ներկայությունը
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածքում ահաբեկչական խմբավորումների առկայության կապակցությամբ:
Մոհամադ Ջավադ Զարիֆը
Նա ասում է, որ «այսօր ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչները Իրանի սահմանամերձ շրջաններում չեն, բայց սահմանի անմիջական հարեւանությամբ նրանց ներկայության հավանականությունը մեծ է, եւ Թեհրանը դրա վերաբերյալ հատուկ մտահոգություն է հայտնել»:
«Բանակցությունների ընթացքում մենք տեղեկացրել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչներին, որ Իրանը դա չի հանդուրժի»,- Իրանի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում է ՏԱՍՍ-ը:
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել Էրիկ Գրիգորյանի, REUTERS-ի լուսանկարները: