Հակառակորդին չի հաջողվում
առաջանալ դեպի Բերձոր


Առավոտյան Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ Ադրբեջանը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից հարվածներ է հասցնում Շուշիին եւ Ստեփանակերտին:

Ցերեկը օդային հարվածների է ենթարկվում Ստեփանակերտի բժշկական կենտրոնը:

Ստեփանակերտի բժշկական կենտրոնը՝
հարվածներից հետո

 

Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանն ասում է, որ «մեր խաղաղ բնակավայրերին հասցված ոչ մի հարված անպատասխան չի մնում եւ չի մնալու»։

«Ադրբեջանական բնակավայրերի այն բնակչությանը, որոնց տներին մոտ են տեղակայված ռազմական օբյեկտները, եւս մեկ անգամ հորդորում ենք հեռանալ, որպեսզի ադրբեջանական իշխանությունների պատերազմական հանցագործությունների պատճառով եւ մեր պատասխան գործողությունների արդյունքում չդառնան կենդանի վահան»

 

Շուշին


Օրվա ավարտին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատները եւ ահաբեկչական խմբավորումները շարունակել են հարձակողական տարաբնույթ գործողությունները։

Արծրուն Հովհաննիսյանը


«Բերձորի ուղղությամբ ու հարավային հատվածում որոշակի ոչ լայնամասշտաբ գործողություններ են ընթացել, հակառակորդին չի հաջողվել առաջանալ դեպի Բերձորի ուղղություն։ Այս ուղղությամբ մեր ստորաբաժանումներին հաջողվել է որոշակի դիրքային բարելավումներ ունենալ»,- նշում է Հովհաննիսյանը։


Ջալալ Հարությունյանն
արժանանում է «Արցախի հերոս»
կոչմանը


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին շնորհել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում:


«Ջալալ Հարությունյանի առողջությունը, բժիշկների հավաստմամբ, շուտով կվերականգնվի: Նա ապաքինման փուլում է եւ շուտով կմիանա ծառայակից ընկերներին: Համոզված եմ` հրամանատարի հարուստ փորձն ու գիտելիքները դեռ երկար են ծառայելու մեր Հայրենիքին»


Պուտին-Էրդողան հեռախոսազրույցի
տարբեր մեկնաբանությունները


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խորը մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների շարունակվելու կապակցությամբ:

Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը


«Ռուսական կողմից խորը մտահոգություն է հայտնվել ռազմական գործողությունների շարունակվելու, ինչպես նաեւ դրանցում Մերձավոր Արեւելքի ահաբեկիչների առավել ծավալուն ներգրավման կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հետ շփումների եւ հրադադարի շուտափույթ ձեռքբերմանը եւ ճգնաժամի դեէսկալացիային ուղղված քայլերի մասին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համակարգումը ՌԴ եւ Թուրքիայի արտաքին քաղական եւ պաշտպանական գերատեսչությունների, ինչպես նաեւ երկու երկրների հատուկ ծառայությունների միջեւ», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:


Ելույթ ունենալով իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ՝
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնում է, որ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում Ռուսաստանի նախագահին առաջարկել է համատեղ կարգավորել ղարաբաղյան ճգնաժամը:

«Մենք Պուտինի հետ քննարկել ենք Ղարաբաղյան իրադարձությունները: Մենք ասացինք. եկեք Կովկաս, լուծեք այդ հարցը: Եթե ուզում եք, միասին լուծենք: Դուք կխոսեք ձեր գործընկերների հետ, մենք ՝ մեր: Թող մեր արտգործնախարարներն ու մյուսները նույնպես խոսեն: Կարեւորը հասկանալն է ՝ կլուծե՞նք արդյոք այս հարցը, թե՞ ոչ: Եկեք սա արդեն ավարտենք: Մենք անկեղծ ենք: Եվ ես հավատում եմ, որ դուք նույնպես անկեղծ եք»:

 

Վլադիմիր Պուտինը եւ
Ռեջեփ Թայիփ Էրդողանը

 

Թուրքիայի նախագահն ավելացնում է.

«Մեզ ասում են. դուք Մերձավոր Արևելքից զինյալներ եք ուղարկում Ադրբեջան: Ես հարգարժան նախագահ Պուտինին ասացի. Հիմա Քրդստանի Աշխատավորական կուսակցության մոտ 2 հազար անդամներ կռվում են Հայաստանի կողմում, նրանցից յուրաքանչյուրին վճարում են 600 դոլար: Նա պատասխանեց, որ ոչինչ չգիտի այդ մասին: Ուստի ես նրան տեղեկացրեցի»:


«Պատվազուրկ էություն»

 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ասում է, որ «Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին եւ Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը»:

«Այլեւս անկարող լինելով կոծկել Սիրիայից եւ Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ եւ սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությանը:

Աննա Նաղդալյանը


Հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման եւ տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություն հովանավորող երկրներ Թուրքիայի եւ Ադրբեջանի՝ իրենց երկրները միջազգային ահաբեկչության կենտրոն դարձնելու եւ այդ ժանտախտը տարածաշրջանով սփռելու համատեղ ջանքերը, որոնց դիմակայումն անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանային անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ուժերի սերտ համագործակցությունը:


Հայաստանը եւ Արցախը, ի տարբերություն մեր երկու հարեւանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ», - ասում է Աննա Նաղդալյանը։


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Արիս Մեսինիսի եւ Ֆոտոլուրի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: