Օդում են F-16 կործանիչները


ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ գիշերվա ընթացքում Ստեփանակերտի երկնքում հակառակորդի երկու ԱԹՍ է խոցվել։

***

Արցախի Պաշտպանության բանակից հայտնում են, որ գիշերվա ընթացքում առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան հատվածներում:


«Մարտավարական նախաձեռնությունն իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ մարդկային լուրջ կորուստներ»


***

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից հայտնում են, որ օդում են Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները։

«Հակառակորդի օդուժը գործում է հեռվից՝ չմտնելով ՀՕՊ միջոցների խոցման տիրույթ։ Կիրառվում են օդ-ցամաք հեռահար հրթիռներ։ Օդաչուների թուրքերենով խոսակցությունները արձանագրված են», - ասված էր հաղորդագրության մեջ:

***

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ F-16 կործանիչներից բացի Ադրբեջանը թուրքական օդուժից ստացել էր նաեւ այլ սարքեր՝ «Բայրաքթար» ու այլ տեսակի ԱԹՍ-ներ, որոնց աշխատանքի համադրումն իրականացվում է F-16-ի հետ:

 

 

«Բացի դրանից, սահմանից այն կողմ թուրքական ռադիոտեխնիկական կապի եւ կառավարման ինքնաթիռ է թռչում: Ապացույցները պատրաստ ենք տրամադրել միջազգային փորձագետներին»,- նշել էր Հովհաննիսյանը:

***

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարում է, որ «Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին»:

Խոսնակը նշում է, որ ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաեւ ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ը մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հադրութի եւ Մարտունու շրջանների բնակավայրերին:

«Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում-Կարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:

 

 

Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ եւ ավիացիայի միացյալ հրամանատարական կետից»,- ասել էր Շուշան Ստեփանյանը:


«Նկատելի հաջողություններ»


Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ասում է, որ Պաշտպանության բանակը կարողանում է ինտենսիվ կերպով կասեցնել Ադրբեջանի հարձակողական գործողությունները:


«Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ գործողությունները, չենք բացառում, որ ՊԲ-ն միայն իր նախկին բնագծերը վերականգնելով չի բավարարվելու»


***

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ մի շարք ուղղություններում ունի «նկատելի հաջողություններ»:

***

Վահրամ Պողոսյանը հայտնում է, որ թշնամու ռազմական ինքնաթիռը ռմբակոծել է Մարտակերտ քաղաքը, որի հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, կան վիրավորներ:

***

Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է, որ հակառակորդը վերջին 24 ժամվա ընթացքում իր տապալված հարձակողական գործողությունների արդյունքում կորցրել է 130 զինծառայող եւ ունեցել է շուրջ 200 վիրավոր:


Խաղաղ գործընթացի
վերսկսման պայմանը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում չի քննարկվել ղարաբաղյան հակամարտության գոտում Ռուսաստանի հնարավոր ռազմական միջամտության հարցը:

«Բացի այդ, մենք դեռ կարիք չունենք օգտագործել ՌԴ 102-րդ ռազմաբազայի ներուժը, բայց նման անհրաժեշտության դեպքում կան բոլոր իրավական հիմքերը»,- ռուսաստանցի լրագրողներին ասում է Փաշինյանը:

«Հայաստանը ցանկանում է որակապես նոր հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ: Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում ոչինչ չի փոխվել, եւ չկան նրբերանգներ, որոնք նախկինում չեն եղել: Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր նպատակը նոր մակարդակի եւ որակի հարաբերությունների կառուցումն է», - ասում է վարչապետը:

***

Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանը նշում է խաղաղ գործընթացի վերսկսման պայմանը.

Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների դադարեցումն է եւ Թուրքիայի ներգրավվածության իսպառ բացառումը տարածաշրջանում:


«Մոսկվան պետք է
խոսի Էրդողանի հետ»


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնաբանում է պատերազմական գործողությունները դադարեցնելու գործում Ռուսաստանի հնարավոր դերակատարությունը:

Լրագրողների խնդրանքով զուգահեռներ անցկացնելով 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հետ, որն ավարտվեց Ռուսաստանի միջնորդությամբ, Արայիկ Հարությունյանն ասում է.

«Այն ժամանակ ռուսը ի վիճակի էր համոզել Ադրբեջանին եւ խնդրել Հայաստանին: Այսօր Ռուսաստանը պետք է խոսի Հայաստանի եւ Էրդողանի հետ: Ես չգիտեմ, թե որքանով են իրենք պատրաստ խոսել Էրդողանի հետ»:


«Թուրքիայի ուղիղ մասնակցությունն այս պատերազմին պատահականություն չէ, վերջին մի քանի ամիսների կամ տարիների ընթացքում չի ձեւավորվել: Թուրքիայի ամբիցիաները Հարվային Կովկասի տարածաշրջանի եւ Հայաստանի վերաբերյալ շատ երկար ժամանակ են ձեւավորվել: Բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվելու, որովհետեւ ունենք հերոսական ժողովուրդ, հերոսական երիտասարդություն, որը պատրաստ է կյանքի գնով պաշտպանել հայրենիքը»


***

Արցախի նախագահն ասում է, որ զարմացած է Ադրբեջանի իշխանության մարդկային որակներից:

 

 

«Առաջնագծում հարյուրավոր դիակներ են թողել եւ շատ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի հանդեպ: Դա ոչ մարդկային, բարբարոսի կերպար է», - ասել է Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ 4 օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է գրեթե նույնքան տեխնիկա, որքան 1990-1994 թվականների ընթացքում:


«Հասցեատերերից մեկն Իրանն է»


Արցախի նախագահը թվարկում է այն գործոնները, որոնք կարող են բերել պատերազմի դադարեցմանը.

«Գլխավոր գործոնը խելքի գործոնն է, որն Ադրբեջանի ղեկավարության մոտ բացակայում է: Երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ իր իշխանությունը հակաադրբեջանական նպատակներ եւ հետաքրքրություններ ունի, գուցե պատերազմն ավարտվի: Պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի պարտությամբ կամ, լավագույն դեպքում, Ադրբեջանի ոչ հաղթանակով: Հետեւանքները՝ հազարավոր կամ տասնյակ հազարավոր զոհեր, բազմակի անգամ ավելի շատ վիրավորներ իրենց կողմից: Տնտեսության քայքայում, որը շատ երկար ժամանակով՝ տասնամյակներ, հնարավոր չի լինելու վերականգնել: Ադրբեջանի ժողովուրդը տասնամյակներ ունենալու է սոցիալական լուրջ խնդիրներ եւ լարվածություն: Նավթի պաշարները նվազում են, ֆինանսական ռեսուրսները, պահուստները վերջանում են, իհարկե, հասկանում ենք, որ պետք է արդարացնեն այս ժամանակահատվածում փոշիացված հարյուրավոր միլիարդ դոլարները: Ցավոք, իշխանությունների այդպիսի պահվածքի հետեւանքով Ադրբեջանի ժողովուրդն է տառապելու»:

***

Արայիկ Հարությունյանն ասում է, որ «այս պատերազմի հասցեատերերից մեկն Իրանն է»:

Խոսելով Իրանի դերակատարության մասին պատերազմի մեկնարկից ի վեր, Արցախի նախագահ ասել է, որ «բացի մի քանի սովորական հայտարարություններից, այլ որեւէ կոնկրետ քայլ չենք տեսել Իրանի կողմից»:


Մակրոնի եւ Պուտինի զրույցը


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները մտահոգություն են հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին տեղեկությունների կապակցությամբ:

«ԱԽ անդամները խստորեն դատապարտում են ուժի գործադրումը եւ ցավում են խաղաղ բնակչության շրջանում զոհերի համար: Անվտանգության խորհրդի անդամները աջակցություն են հայտնել գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, վերջ տալ էսկալացիային եւ վերադառնալ բովանդակային բանակցությունների: Անվտանգության խորհրդի անդամներն իրենց լիակատար աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առանցքային դերին եւ կողմերին կոչ են անում սերտորեն համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության շտապ վերսկսման համար», - ասված էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:

***

Ֆրանսիայի նախագահ Էմանյուէլ Մակրոնն ասում է, որ մտադիր է Արցախում ստեղծված իրավիճակը քննարկել Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների հետ:


«Մենք մեր գործընկերների հետ կապի մեջ ենք իրավիճակի լարման առաջին ժամերից՝ ԱԳՆ եւ իմ մակարդակներում: Այսօր երեկոյան ես նախատեսում եմ կապվել նախագահ Պուտինի, վաղն ել, կարծում եմ, նախագահ Թրամփի հետ, որպեսզի կարծիքներ փոխանակենք ու հանգուցալուծման տարբերակներ առաջարկենք»


***

Սեպտեմբերի 30-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահները «հանգամանորեն քննարկել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը»:

«Լուրջ մտահոգություն է արտահայտվել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ:

 

 

Վլադիմիր Պուտինն ու Էմանյուէլ Մակրոնը հակամարտող կողմերին կրակի շուտափույթ եւ ամբողջական դադարեցման, լարվածության թուլացման եւ առավելագույն զսպվածության դրսեւորման կոչ են արել: Շեշտվել է, որ ճգնաժամի կարգավորումը քաղաքական-դիվանագիտական միջոցներով այլընտրանք չունի:

Այս համատեքստում քննարկվել են հետագա փոխգործակցության չափորոշիչները, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Պատրաստակամություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների անունից հայտարարություն անել զինված հակամարտության անհապաղ դադարեցման եւ բանակցային գործընթացի վերսկսման օգտին», - ասվում է Կրեմլի հայտարարությունում:

***

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտում է Թուրքիայի սադրիչ գործողությունները եւ պահանջում է թուրքական զինուժի, ներառյալ՝ օդուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց»:

 

 

«Սեպտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական եւ քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է օդաչու, մայոր Վալերի Դանելինը:

Սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացիորեն Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում: Թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաեւ հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով եւ խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը եւ հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ», - ասված էր ԱԳՆ հայտարարության մեջ:


Նամակներ
արաբ առաջնորդներին


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ ունեցած հեռախոսազրույցում տեղեկացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած նոր պատերազմի եւ ներկա իրավիճակի մասին:

Արմեն Սարգսյանը Հայաստանի հետ սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում Ադրբեջանի սանձազերծված պատերազմական գործողությունների առնչությամբ նամակներ է Եգիպտոսի նախագահ Աբդալ Ֆաթթահ Ալ Սիսիին եւ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյնին:

***

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ուշադրությունը հրավիրել է ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա:


Մոսկվան չի խրախուսում


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ Մոսկվան չի խրախուսում Թուրքիայի՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ կապված Ադրբեջանին աջակցության մասին հայտարարությունները:

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն ասել էր.

«Ինչպիսի աջակցություն էլ հարկավոր լինի Ադրբեջանին, մենք պատրաստ ենք տրամադրել: Մենք ասել ենք, որ Ադրբեջանի հետ ենք եւ՛ բանակցությունների սեղանի շուրջ, եւ՛ ռազմի դաշտում: Դրանք դատարկ խոսքեր չեն»:


«Անկասկած, մենք չենք խրախուսում նման հայտարարությունները, մենք համաձայն չենք դրանց հետ», - ասել է Պեսկովը՝ հիշեցնելով իր խոսքերն այն մասին, որ «պետք չէ կրակի վրա յուղ լցնել»:


***

Ռուսաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է տեղեկություններով Սիրիայից եւ Լիբիայից ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայիներրի փոխադրման մասին՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար:

«Խորապես մտահոգված ենք այս գործընթացներով, որոնք ոչ միայն նպաստում են լարվածության աճին տարածաշրջանում, այլեւ երկարաժամկետ անվտանգության սպառնալիքներ են ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների համար: Կոչ ենք անում շահարրգիռ պետությունների ղեկավարներին գործուն քայլեր ձեռնարկել օտարերկրյա ահաբեկիչների եւ վարձկանների մասնակցությունը հակամարտությունում թուլ չտալու եւ տարածաշրջանից նրանց անհապաղ հեռացման համար», - նշվում է Ռուսաստանի ԱԳՆ մեկնաբանության մեջ:

Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խստորեն դատապարտում է Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական եւ ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում ինչպես Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին:

***

Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ կայացած առանձին հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ Մոսկվան պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպում:

***

Ռուսաստանի Դաշնության Դաշնակի Խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովն ասում է, որ «այս փուլում միայն Հայաստանը կամ Ադրբեջանը կարող են նախաձեռնել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժեր տեղակայելու հարցը»:


«Մեկ կամ երկու կրակոց, եւ
այդ նավթամուղը այդտեղ չէր լինի»


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մեկնաբանում է Թուրքիայի պնդումներն այն մասին, որ Հայաստանն իբր թիրախավորում է միջազգային նշանակության նավթամուղերն ու գազամուղները Ադրբեջանում:

 

 

«Եթե հայերը մտադրություն ունենային հարվածել նավթամուղի, որը Բաքվից գնում է Ջեյհան, ինչո՞ւ նրանք դա չարեցին 20 տարի առաջ, երբ այն կառուցման գործընթացում էր: Մեկ կամ երկու կրակոց, եւ այդ նավթամուղը երբեք էլ այդտեղ չէր լինի: 20 տարի առաջ կրակելով՝ նրանք թույլ չէին տա Ադրբեջանին Թուրքիայի միջոցով միջազգային հանրությանը վաճառել միլիարդավոր դոլարների նավթ ու օգտագործել այդ գումարն իրենց բանակն ուժեղացնելու, ողջ աշխարհից զենքեր գնելու ու հիմա էլ հայերի դեմ կրակելու համար»

 


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Reuters-ի, Արցախի նախագահի մամուլի ծառայությունների լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: