Արցախի նախագահն այցելում է
Ստեփանակերտը պաշտպանող դիրքեր


Արցախի ԱԻՆ-ից հայտնում են, որ կեսգիշերից հետո թշնամին մի քանի կասետային հեռահար հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ՝ վնասելով քաղաքացիական ենթակառուցվածքները։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեղեկացնում է, որ վաղ առավոտյան այցելել է Ստեփանակերտը պաշտպանող մարտական դիրքեր:


«Զրուցել եմ Պաշտպանության բանակի մարտիկների ու աշխարհազորայինների հետ, ովքեր ավելի քան մեկ օր է, ինչ ետ են մղում մայրաքաղաքի վրա Շուշիից գրոհող թշնամու հրոսակախմբերին: Շրջայցի ընթացքում հանդիպել եմ նաև գեներալ Մնացականյանին: Այն մեծածավալ ու անգնահատելի ծառայությունը, որն այս օրերին նա մատուցում է Հայրենիքին, կներկայացվի պատերազմից հետո»

 

Արայիկ Հարությունյանը եւ Լեւոն Մնացականյանը

 

Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ նոյեմբերի 8-ին եւ լույս 9-ի գիշերը ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական մարտեր են վարել ճակատային գծի հարավ-արեւելյան, հարավային եւ հարավ-արեւմտյան ուղղություններում:

«Շուշի-Քարին Տակ հատվածում ինտենսիվ մարտեր են ընթացել թշնամական հայտնաբերված խմբավորումների դեմ, որի արդյունքում վերջիններս, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել են: Հայկական զորքերը զբաղեցրել են առավել նպաստավոր բնագծեր»,- ասվում է հաղորդագրությունում:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ «թշնամու հարձակման փորձերը տապալված են Մարտունու եւ Մարտակերտի ուղղությամբ, Թաղավարդի վրա եւ այլ տեղերում»։


Վահրամ Պողոսյանի
գրառումը


Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը գրառում է կատարում, որը տարբեր մեկնաբանությունների առիթ է դառնում: Շատերը համոզված էին, որ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջը հայտնվել է հակառակորդի ձեռքում: Սակայն Պողոսյանը հաստատում է, որ ստորեւ ներկայացվող գրառումը հենց ինքն է կատարել.

«Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո'չ հաջողությունը, ո'չ անհաջողությունը: Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, եւ այս մասին հուսադրող կամ ոգեւորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս: Գոտիները եւս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, եւ արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված…

 

 

Եթե ուզում ենք, որ Շուշին նորից մերը լինի, Արցախը պահպանվի, այսօր պետք է գործադրենք բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Սա է հաջողությունների իրական եւ հուսալի գրավականը: Հաղթանակի կեղծ կոչերն ու ֆեյսբուքյան շահարկումները հասցնելու են հատիկ առ հատիկ ամեն ինչի կորստի: Իսկ պատմությունը մեզ դա չի ներելու… Կռվում ենք մինչեւ վերջ»:


«Պատերազմի ելքը
որոշում է ժողովրդի ամուր կամքը»


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրում է.

«Պատերազմական գործողությունները Հանրապետության ամբողջ ճակատով շարունակվում են: Պաշտպանության բանակը եւ աշխարհազորն ամուր կանգնած են Հայրենի հողի վրա, եւ թշնամու դեմ մեր պայքարը վարելու ենք մինչեւ վերջ:
Մեր համախմբված պայքարը կարող է փոխել իրավիճակը, մենք կարող ենք թշնամուն դուրս շպրտել մեր Արցախից, քանի որ պատերազմի ելքը որոշում է ժողովրդի ամուր կամքը:

 

 

Հայ ժողովուրդը դեռեւս կարող է դրսեւորել այդ կամքն ու վճռականությունը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է ամուր կանգնի իր դիրքերում, եւ դրական արդյունքը երաշխավորված կլինի: Ես հավատում եմ»:


«Շուշիի համար մարտերը
շարունակվում են»


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»:

Քիչ անց ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ «ՊԲ ստորաբաժանումները շարունակում են համառ մարտերը Շուշիի համար»:
«Հակառակորդի խմբավորումներին հասցվում են կրակային հարվածներ: Գերեվարվել է թշնամու երկու զինծառայող», - նշում է նա:

Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը հայտնում է, որ Շուշիի ուղղությամբ մարտական գործողությունները շարունակվում են:


«Մարտական գործողությունների արդյունքների մասին կարելի է խոսել դրանց ամբողջության մեջ, երբ դրանք մոտենում են ավարտին կամ ավարտվել են:
Մարտական գործողությունների աշխարհագրությունը ենթադրում է նաեւ գաղտնիություն եւ երբեմն նպատակահարմար չէ խոսել նույնիսկ տարածքային ձեռքբերումների մասին»


Սուրեն Սարումյանը շեշտում է, որ «հայկական ուժերը վճռականորեն պաշտպանել ու պաշտպանում են Շուշին եւ տրամադրված են պատվով կատարել իրենց խնդիրը»:


Ռուսական ուղղաթիռի
խոցումը


Sputnik Armenia-ն հայտնում է, որ Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է խոցվել: Վկայակոչելով ՌԴ ուժային կառույցների աղբյուրները, այն գրում է, որ ռուսական ուղղաթիռը ենթադրաբար խոցվել է Նախիջեւանի տարածքից:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատում է տեղեկությունը ռուսական ուղղաթիռի կործանման մասին:

«Նոյեմբերի 9-ին, ժամը 18։39-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղից Պարույր Սեւակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել եւ բռնկվել», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում՝ Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցելու վերաբերյալ:

 

 

Հայտարարության մեջ ասվում է.

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից Ադրբեջանի պաշտպանության նախարարություն տրամադրված տեղեկատվության համաձայն, ս.թ. նոյեմբերի 9-ին, ժամը 18: 30-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Նախիջեւանի հատվածում խոցվել է Ռուսաստանի Դաշնության Մի-24 ռազմական ուղղաթիռը:

Այս առիթով պետք է ընդգծել հետեւյալը.

- ուղղաթիռի թռիչքը տեղի է ունեցել հայ-ադրբեջանական պետական սահմանի անմիջական մոտակայքում՝ այն դեպքում, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվում են ակտիվ ռազմական բախումները:

- թռիչքը տեղի էր ունենում մութ ժամին, ցածր բարձրության վրա, հակաօդային պաշտպանության ռադարների հայտնաբերման գոտուց դուրս:

- ՌԴ օդուժի ուղղաթիռներ նախկինում նշված տարածքում չէին նկատվել:

Այս գործոնների համատեքստում, տարածաշրջանում լարված իրավիճակի եւ հայկական կողմի հնարավոր սադրանքներով պայմանավորված ուժեղացված մարտական պատրաստականության պայմաններում, հերթապահ մարտական հաշվարկը որոշել էր կրակ բացել՝ խոցելու նպատակով:

Ադրբեջանական կողմը ներողություն է խնդրում ռուսական կողմից այս դժբախտ պատահարի կապակցությամբ, որը պատահականություն էր եւ ուղղված չէր ռուսական կողմի դեմ:

Ադրբեջանական կողմը իր անկեղծ ցավակցությունն է հայտնում զոհված անձնակազմի անդամների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում է շուտափույթ ապաքինում:

Ադրբեջանական կողմը հայտարարում է համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին»:


Մոսկվան չի կիսում
Անկարայի տեսակետը


Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասում է, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ Մոսկվան չի կիսում Անկարայի տեսակետն այս հարցում:

«Մենք շատ հստակ ձեւակերպել ենք մեր մոտեցումը՝ ասելով, որ չենք տեսնում այս խնդրի ուժային, ռազմական լուծում: Ինչպես, երեւի, բազմիցս լսել եք, Անկարայից հնչել են այլ հայտարարություններ այդ կապակցությամբ: Ես կարող եմ եւս մեկ անգամ վերահաստատել ռուսական տեսակետը, որ մեր երկիրը չի աջակցում այս հարցի ուժային լուծմանը, եւ մենք ձգտում ենք եւ կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ դադարեցնել ռազմական գործողությունները», - ասում է Զախարովան:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են Լորեն Վան դեռ Ստոկտի, Գիլադ Սադեի, Արցախի նախագահի մամուլի ծառայության լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: