Արարատ Միրզոյանի
«կանխատեսումը»
Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարում է, որ «այս պատերազմն ավարտվելու է Ադրբեջանի բանակի կամ առնվազն դրա ողջ հարվածային պոտենցիալի լիակատար ոչնչացմամբ»:
«Վերականգնվելու համար այդ երկրին մի քանի տասնյակ տարի է հարկավոր լինելու։ Եվ սա քարոզչական ու ոգեւորիչ նշանակության գրառում չէ»
Ալիեւը մերժում է բանակցությունները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասում է, որ «հաշվի առնելով Երեւանի ընթացիկ դիրքորոշումը՝ բանակցությունների մասին խոսք լինել չի կարող»:
Ռուսական հեռուստատեսության ուղիղ եթերում նա հերքում է Թուրքիայի մասնակցությունը պատերազմին եւ ասում, որ Թուրքիան «մեզ բացառապես բարոյական աջակցություն է ցուցաբերում, եւ մենք շնորհակալ ենք նրան համերաշխության համար»:
Իլհամ Ալիեւը հերքում է նաեւ Սիրիայից ժամանած վարձկանների մասնակցությունը պատերազմին, դա անվանելով «fake news»:
«Սպասեք կոշտ պատասխանի»
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ վաղ առավոտյան հարավային ուղղությամբ խոցվել է հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ։
Նա տեղեկացնում է, որ շփման գծի մի քանի ուղղություններով հայկական ստորաբաժանումներն այս պահի դրությամբ հետ են մղել Ադրբեջանի զինուժի գրոհները, առանձին հատվածներում ձեռնարկել պատժիչ գործողություններ՝ պատճառելով հակառակորդին կենդանի ուժի եւ տեխնիկայի զգալի կորուստներ։
***
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ Վարդենիսի ուղղությամբ արդբեջանական ԱԹՍ-ները եւ օդուժը հարված են հասցրել նաեւ խաղաղ բնակիչների, քաղաքացիական ավտոբուսի ուղղությամբ:
***
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Հայաստանի Զինված ուժերի Վարդենիսի զորամասի, ինչպես նաեւ օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ «Սպասեք կոշտ պատասխանի», - նշում է Շուշան Ստեփանյանը:
***
Հայաստանի ԱԳՆ-ն «բացարձակ սուտ» է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը Հայաստանի Վարդենիսի շրջանի տարածքից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու վերաբերյալ:
«Այս ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է եւ նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի Հանրապետության դեմ», - ասված էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
***
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ասում է, որ Ադրբեջանը ռազմաօդային եւ հրետանային ագրեսիվ հարձակումներով նպատակային թիրախավորում է Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակավայրերն ու կենսական նշանակության օբյեկտները։
Արման Թաթոյանն ասել է, որ ատելության եւ բռնության կոչեր են հնչում սոցցանցերում, որոնցից առավել վտանգավոր եւ անվերահսկելին Tik-Tok-ն է, որտեղ թիրախավորվում են երեխաները։ Նա նշել է, որ ընդհանուր առմամբ սոցցանցերում թուրք-ադրբեջանական համակարգված աշխատանք է տարվում։
***
Արցախի Պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի տարածած տեղեկությունը, թե իբր ադրբեջանական բանակի հարվածների հետեւանքով Մարտունիում զորամաս է ոչնչացվել:
***
ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն հայտարարում է.
«Հակառակորդի կողմից ՏՕՍ, Սմերչ եւ մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի: Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել՝ մեծ մակերեսների վրա կրակային խոցման եւ դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաեւ շարժական եւ անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության եւ ռազմական տեխնիկայի տեսակներ»:
***
Այցելելով Անկարայում Ադրբեջանի դեսպանություն՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն ասում է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում:
Նա ասում է, որ եկել է ի նշան համերաշխության Ադրբեջանի ժողովրդի հետ, որն «արդար պայքար է մղում երկրի տարածքային ամբողջականության համար»:
***
Արցախի պաշտպանության բանակը հայտնում է.
«Ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվում են: Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան ուղղություններով: ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ մարտ են վարում՝ հուժկու հարվածներ հասցնելով հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին»։
Հայկական օդանավի խոցումը
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
«Այսօր ժամը 10:30-ից Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչները օդ էին բարձրացել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանից եւ ապահովում էին Ադրբեջանի «Դալյար» օդանավակայանից ՀՀ Վարդենիսի տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիք, Սոթք տարածաշրջաններում տեղակայված ՀՀ բնակավայրերի եւ ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ Ադրբեջանի ՍՈՒ-25 եւ թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:
Տվյալ ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներին կրակային աջակցման մարտական խնդիրներ էր կատարում յուրային ավիացիան։
Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային եւ օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը:
Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:
Թուրքիայի Հանրապետության F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչը, ըստ օբյեկտիվ հսկման միջոցների, գտնվել է 60 կմ խորության, 8200 մետր բարձրության վրա», - ասված էր հաղորդագրության մեջ:
***
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն ասում է, որ ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ-ն ստորաբաժանումներն այսօր ունեցել են զգալի հաջողություններ, իսկ հակառակորդի զավթողական մտահաղացումները ձախողվել են:
«ՊԲ ստորաբաժանումները հետ են վերցրել նախորդ օրերին կորցրած որոշ դիրքեր՝ հիմնականում հյուսիսային եւ հարավային ուղղություններով։ Ամբողջ գիշեր եւ ցերեկվա ընթացքում ընթացել են ինտենսիվ ռազմական գործողություններ ամբողջ ռազմաճակատում։ Հակառակորդն այսօր եւս օգտագործել է ավիացիա, հարվածային անօդաչու թռչող սարքեր, հրթիռա-հրետանային ուժեր»
***
ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղակացնում է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր հակառակորդը 790 զինծառայողի կորուստ է ունեցել, որոնցից 190-ը՝ Քարվաճառի ուղղությամբ:
Սեպտեմբերից 27-ից ի վեր հայկական ստորաբաժանումները խոցել են 137 տանկ, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ եւ 1 ինքնաթիռ, ասել էր Արծրուն Հովհաննիսյանը:
«Առիթ են փնտրում, որպեսզի
զորքերը բերեն Նախիջեւան»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ շատ դժվար է խոսել բանակցությունների եւ հատկապես` դրանց բովանդակության մասին, երբ պատերազմ է ընթանում:
Ռուսական հեռուստատեսության «60» րոպե հաղորդմանը տված հարցազրույցում վարչապետն ասել է, որ Հայաստանի պատկերացմամբ` բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում:
«Նախեւառաջ, Ադրբեջանը պետք է հստակ ընդունի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ռազմական տարբերակ չկա: Այս պատերազմը զրոյից չի սկսել, երկար ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը զարգացնում էր հայերի դեմ ատելության հռետորաբանությունը եւ սպառնում է, ի հեճուկս միջազգային կոչերի, հարցը լուծելու է ռազմական ճանապարհով»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել էր, որ Ադրբեջանի զինված ուժերը տապալել են իրենց ռազմաքաղաքական ղեկավարության առաջադրանքը եւ որեւէ հաջողության չեն կարողացել հասնել ռազմաճակատում:
Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հիշեցրել եւ ընդգծել է իր դիրքորոշումը, ըստ որի ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի հակամարտության երեք կողմերի համար:
«Ցավոք, Ադրբեջանի նախագահն այնպիսի լուծում է ցանկանում, որը միայն Ադրբեջանի համար ընդունելի կլինի, ինչն անհնար է: Փոխզիջում է հարկավոր, իսկ դրա համար պետք է համապատասխան միջավայր լինի: Այդ միջավայրը կլինի, եթե Ադրբեջանը դադարեցնի նախապես պլանավորած ագրեսիան, որն, անկասկած, մանրամասնորեն պլանավորվել է Թուրքիայի զինված ուժերի հետ միասին` համատեղ զորավարժությունների ընթացքում»
Նա ավելացրել էր, որ Թուրքիան փաստացի ներգրավված է Արցախի եւ Հայաստանի դեմ վարվող ռազմական գործողություններում։
«Մեր հավաստի տեղեկություններով՝ թուրքական ռազմական հրահանգիչներն ու բարձրաստիճան զինվորականները գտնվում են Ադրբեջանում, անգամ ղեկավարում են ռազմական գործողությունները:
Նրանք առիթ են փնտրում, որպեսզի զորքերը բերեն Նախիջեւան: Չնայած՝ տեղեկություններ ունենք, որ այնտեղ արդեն թուրքական բանակի մի քանի ստորաբաժանումներ կան»,- ասել էր Փաշինյանը:
«Զինադադար չենք խնդրելու»
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է, որ մենք «զինադադար չենք խնդրելու»։
«Մենք պիտի պարտադրենք զինադադար։ Եթե մենք զինադադար խնդրենք, դա լինելու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի, որովհետեւ կռվում ենք ոչ թե Ադրբեջանի, այլ Թուրքիայի դեմ։ Թուրքիային Արցախը հետաքրքիր չէ, իրեն ամբողջ Հայաստան աշխարհն է հետաքրքիր՝ իր պանթյուրքիզմի ծրագրերն իրականացնելու առումով»
Արցախի նախագահը հանդիպում է Պաշտպանության բանակի ձեւավորման ու կայացման ակունքներում կանգնած մի խումբ նախկին բարձրաստիճան հրամանատարների:
«Հպարտ եմ, որ մեր ազգի հերոսները, հայոց զինված ուժերի հիմնադիր հրամանատարները, ովքեր զինվորական մեծ ճանապարհ ունեն անցած, ովքեր հաղթանակ եւ հպարտություն են պարգեւել հայ ժողովրդին, համախմբված ու միասնական կերպով իրենց վճռական խոսքը կրկին պիտի ասեն: Ձեր գիտելիքներն ու փորձառությունը, վստահ եմ, մեծ աջակցություն են լինելու Պաշտպանության բանակին ու նրա արհեստավարժ հրամկազմին, եւ թշնամին ստանալու է իր արժանի ու կործանիչ հակահարվածը»,- ասել էր Արայիկ Հարությունյանը:
«Էրդողանը ուժ է ցուցադրում
Եվրոպային»
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում քննարկում է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:
Վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասված էր, որ Մեծ Բրիտանիան կոչ է անում անհապաղ նվազեցնել լարումը տարածաշրջանում:
***
Գերմանական Die Welt թերթը գրում է, որ պատերազմ հրահրելով Լեռնային Ղարաբաղում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուժ է ցուցադրում Եվրոպային:
«Այս պատերազմը սպասելի էր: Սիրիայում եւ Լիբիայում թուրքական ներխուժումներն ապացուցում են, որ Էրդողանի սպառնալիքները դատարկ խոսքեր չեն: Պատերազմը նրա ծավալապաշտական արտաքին քաղաքականության տարրերից մեկն է, որի նպատակը «նոր Օսմանյան կայսրության ստեղծումն է», - գրում է Die Welt-ը:
«Լեռնային Ղարաբաղում Թուրքիան ցուցադրում է իր հեգեմոնիան նաեւ Կովկասում: Այնտեղ նա բախվում է Ռուսաստանի շահերի հետ, բայց Թուրքիային դա չի հուզում՝ այն արդեն մի քանի տարի դիմակայում է Մոսկվային Սիրիայում եւ Լիբիայում: Ուստի չի կարելի բացառել, որ Լեռնային Ղարաբաղում Անկարան չի վախենա Կրեմլի հետ առճակատումից», - գրում է հոդվածի հեղինակը:
***
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հեռախոսազրույցում նշում է, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ եւ կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:
***
Անտոնիո Գուտերեշին նամակ է գրում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը.
«Ադրբեջանի ագրեսիան եղել է նախապես ծրագրված, եւ ադրբեջանական կողմի հայտարարությունները ենթադրյալ հակահարձակման վերաբերյալ բացարձակ կեղծիք են: Ադրբեջանը երբեք չի քողարկել ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու իր ռազմավարական նպատակը՝ շարունակաբար պահպանելով լարվածությունը շփման գծի եւ հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով»:
***
Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարում է, որ «արհամարհելով ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ միջազգային հանրության շարունակական կոչերը՝ Ադրբեջանը Թուրքիայի ակտիվ քաջալերմամբ եւ ռազմաքաղաքական աջակցությամբ, ընդլայնում է ռազմական գործողությունների գոտին՝ դրա մեջ ներառելով նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքը»:
***
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն հեռախոսազրույց է ունենում Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի հետ եւ նշում է տարածաշրջանային անվտանգության վրա բացասական ազդեցություն ունեցող Թուրքիայի ապակայունացնող դիրքորոշման հանգամանքը:
***
ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստում ՀՀ ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը ներկայացնում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ շփման գծի երկայնքով սանձազերծված ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրադրությունը:
«Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ ռազմաքաղաքական աջակցությունը, որը նպաստում է նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի հետագա ապակայունացմանը, լուրջ սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի ժողովուրդների համար։
Ադրբեջանի զինված ուժերի կազմում ծառայում են թուրք մասնագետներ, օգտագործվում է թուրքական արտադրության զինտեխնիկա՝ այդ թվում ԱԹՍ-եր եւ ռազմական ինքնաթիռներ։ Թուրք-ադրբեջանական խմբավորումների կուտակումը ՀԱՊԿ անդամ պետության սահմանին չի կարող չանհանգստացնել մեզ։ Մենք վճռական ենք ամբողջ ուժով դիմադրել եւ չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները»,- նշում է Բիյագովը
***
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասում է, որ Ադրբեջանին եւ Հայաստանին հնարավոր ռազմական օգնության մասին հայտարարությունները միայն «յուղ են լցնում կրակի վրա»:
Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ-երկրները պետք է պատասխանատու, «արկածախնդրությունից զերծ» դիրքորոշում որդեգրեն ղարաբաղյան կարգավորման հարցում:
***
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կրեմլի հաղորդագրության մեջ ասված է.
«Շարունակվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի քննարկումը: Վլադիմիր Պուտինը լուրջ մտահոգություն է հայտնել ռազմական գործողությունների շարունակության կապակցությամբ: Շեշտադրվել է կրակի դադարեցման անհրաժեշտությունը եւ ճգնաժամի դե-էսկալացիային ուղղված միջոցների ձեռնարկումը»:
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Reuters-ի, ՀՀ կառավարության եւ Արցախի նախագահի մամուլի ծառայությունների լուսանկարները: