«Մենք մեզ երբեք
պարտված չենք ճանաչի»


Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անում է հետեւյալ գրառումը.

«Սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ. անձամբ իմ եւ բոլորիս համար ծանր, չափազանց ծանր որոշում եմ կայացրել:

Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:

Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:

 

Նիկոլ Փաշինյանը

 

Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:

Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար:

Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:

Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եվ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է:
Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը»:


Ալիեւի, Փաշինյանի եւ Պուտինի
հայտարարության 9 կետերը


«1. 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ին հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին: Ադրբեջանական Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:

2. Աղդամի շրջանը վերադարձվում է ադրբեջանական կողմին մինչեւ 2020թ. նոյեմբերի 20-ը:

3. Լեռնային Ղարաբաղում շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներ, 90 միավոր զրահամեքենաներով, 380 միավոր ավտո եւ հատուկ տեխնիկայով:



4. Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Հայաստանի զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման տեղակայման ժամկետը 5 տարի է`հաջորդ 5-ամյա ժամանակահատվածների ավտոմատ երկարաձգմամբ, եթե Կողմերից ոչ մեկը չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ:

5. Հակամարտության կողմերի կողմից համաձայնությունների կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար տեղակայվում է խաղաղապահ կենտրոն:

6. Հայաստանը կվերադարձնի Ադրբեջանին Քելբաջարի շրջանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ չի տարածվի Շուշի քաղաքի վրա, մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի համաձայնությամբ, առաջիկա երեք տարիներին որոշվելու է Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման պլանը, որը կապահովի կապը Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ՝ հետագայում այդ երթուղին պաշտպանելու համար ռուսական խաղաղապահ զորախմբի վերաբաշխմամբ:

Ադրբեջանի երաշխավորում է երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների երթեւեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:

7. Ներքին տեղահանված անձինք եւ փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք եւ հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո:

8. Իրականացվում է ռազմագերիների եւ այլ պահվող անձանց եւ զոհվածների մարմինների փոխանակում:



9. Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում»:


«Բանակը կռվեց
երեք ուժի դեմ»


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է, թե ինչ պայմաններում է որոշել ստորագրել եռակողմ հայտարարությունը։

Նա խոսում է պատերազմի ընթացքում առաջացած զորահավաքային խնդիրների մասին:

«Մեր զորահավաքային համակարգի հետ կապված խնդիրներ կան։ Փորձը ցույց տվեց, որ քաղաքացիական կյանքից եկած մարդիկ, ցավոք, այնքան էլ պատրաստ չէին ռազմական գործողություններին լիարժեք մասնակցելուն եւ արագ կորցնում էին մարտունակությունը։ Նույնը վերաբերում է կամավորների որոշակի շերտի, որոնց մոտ ինչ-որ պահի մարտունակության խնդիրներ են առաջանում։ Սա չի նշանակում, որ այս բոլոր մարդիկ նույն վիճակում են եղել։ Մենք ունեցել ենք մոբիլիզացիոն ռեսուրսից մարդիկ, որոնք հերոսական կռիվ են տվել։

Բախվել ենք նաեւ դասալքության խնդրին։ Ներգրավված ամբողջ ռեսուրսն արդյունավետ չի եղել, լավ կռվող զինվորները, կամավորները շատ հաճախ իրենց փոխարինող չեն ունեցել։ Արդյունքում ունեցել ենք խնդիրներ առաջնագծում», - ասում է վարչապետը:


«Սեպտեմբերի 27-ին զինադադարի պայմանները շարունակում էին մնալ նույնը, այսինքն՝ եթե մենք զինադադար էինք խնդրում, ապա այն կարող էր ընդունվել միայն յոթ շրջանները վերադարձնելու կամ հանձնելու պայմանով։ Մենք նման քայլի չէինք կարող գնալ, որովհետեւ հավատում էինք, որ Արցախի ՊԲ-ն, հայ ժողովուրդը, մենք բոլորս կկարողանանք այնպես անել, որ ոչ թե մենք շահագրգռված լինենք հրադադարի ռեժիմի մեջ, այլ կարողանանք պարտադրել հրադադար։ Մենք չէինք կարող մտածել, որ տարածքներ հանձնելը հրադադարի հասնելու ճիշտ ճանապարհ է։ Նման քայլի որոշեցինք գնալ, որովհետեւ մեր բանակը եւ Արցախի քաղաքական ղեկավարությունը շատ հստակ խնդիր էր ձեւակերպել, որ պետք է ժամ առաջ, րոպե առաջ կանգնեցնել պատերազմը: Հակառակ դեպքում՝ հետեւանքները կլինեն շատ ավելի ծանր եւ պետք էր ընդունել պայմաններ, որոնց առնվազն մի մասը անխուսափելիորեն տեղի կունենային ռազմական գործողություների շարունակության պարագայում»

 

Նիկոլ Փաշինյանը

 

«Մենք, իհարկե, գիտեինք, որ կարող է լինել պատերազմ, մենք, իհարկե, պատրաստվում էինք Ադրբեջանի դեմ պատերազմին: 2020թ. թվականի հուլիսը ցույց տվեց, որ զինված ուժերը պատրաստ են պատերազմին, Ադրբեջանն ինքն էլ տեսավ, որ իր զինուժը չի կարող հաջողություն ունենալ այդ պատերազմում: Եվ դրա համար տեղի ունեցավ այն, ինչի մասին խոսվել է. Թուրքիան ներգրավվելով եւ վարձկաններ ներգրավելով՝ ստեղծեց մի իրավիճակ, որ այս պատերազմում մեր բանակը կռվեց երեք ուժի դեմ: Մեր բանակը կռվեց անձնուրաց, հերոսության աննկարագրելի օրինակներ ցույց տվեցին, բայց, ի վերջո, եկանք այն կետին, որ բանակը հարց դրեց քաղաքական ղեկավարության առաջ, որ պետք է այս խնդիրը րոպե առաջ լուծել», - նշում է վարչապետը:


Զինվորականների ուղերձը


ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Զինված ուժերի Գլխավոր շտաբը հանդես են գալիս ուղերձով.

«Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաեւ այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլեւ Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության եւ լիարժեք ու անվերապահ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական աջակցության, ինչպես նաեւ մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ։

Մեր բանակը, այս պայմաններում, արեց հնարավորն ու անհնարինը՝ հակառակորդին դիմագրավելու համար։ Հայկական բանակի ամեն մի զինվոր, սպա ու գեներալ Հայրենիքի պաշտպանության համար արեց առավելագույնը՝ անմնացորդ նվիրվելով այդ պայքարին ու կերտելով բազմաթիվ հերոսական պատմություններ։

 

 

Այս պատերազմը մեզանից խլեց մեր լավագույն որդիներին, որոնց հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում՝ որպես մեր ժամանակների իրական հերոսների։

Ձեզանից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որեւէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը։ Մենք եւս մեկ անգամ փաստեցինք, որ ունենք ոգով անկոտրում զինվորներ, սպաներ ու գեներալներ, որոնք պատրաստ են առանց վայրկյան անգամ մտածելու իրենց կյանքը զոհաբերել մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար։

Բայց ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, եւ մարտական գործողություններն Արցախում դեռեւս շարունակվում են։

Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք եւ պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության եւ գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արյունահեղությունը։ Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։

Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։ Մեր անելիքները չափազանց շատ են։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է եւ շարունակելու է անել անմնացորդ։

Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը եւ, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը»։


«Զինված ուժերն
արել են անհնարինը»


Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասում է, որ Արցախում մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցված են:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրուցում պաշտպանության նախարարը նշում է, որ շատ արագ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը:

Պաշտպանության նախարարն ասել է, որ վիրավորական է դիտարկում «պարտվողական» պիտակավորումները, «որովհետեւ ՊՆ-ն՝ իր ողջ զինվորականներով եւ քաղաքացիական համակարգով, ողջ զորահավաքային ռեսուրսը, ՀՀ կառավարությունը, Սփյուռքն արել են առավելագույնը, որպեսզի մենք կարողանանք հաջողության հասնել»:


«Աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ապահովման, մատակարարումների առումով մենք գործել ենք տոտալ բլոկադայի պայմաններում: Այն, ինչ կատարվել է թիկունքային ապահովման, սպառազինության եւ մարտական տեխնիկայի ապահովման տեսանկյունից, կարելի է հերոսամարտ համարել: Արվել է անհնարինը»

 

Դավիթ Տոնոյանը

 

«Մենք դիմակայել ենք շատ մեծ ուժի: Ադրբեջանին բացահայտ աջակցել Թուրքիան եւ վերջինիս կողմից ներգրավված վարձկան ահաբեկիչները: Սա միայն Ադրբեջանի հետ պայքար չի եղել։ Մենք առնչվել ենք աշխարհաքաղաքական մի նոր իրավիճակի հետ, ընդ որում՝ տարածաշրջանային, այլ ոչ միայն Հարավային Կովկասին վերաբերող»


«Հայկական կողմն ունեցել է մեծ խնդիր հակառակորդի օդային գերակայության տեսանկյունից, որը ժամանակ առ ժամանակ հաջողվել է չեզոքացնել, բայց 5-րդ սերնդի միջոցները, որ Ադրբեջանն օգտագործել է Թուրքիայի օգնությամբ, գրեթե որոշ դեպքերում անհնարին է դարձրել մեր արձագանքը», - ասում է Տոնոյանը։

Անդրադառնալով Շուշիի շուրջ իրականացված գործողություններին, նա նշում է, որ դրանք եղել են դինամիկ.

«Ինտենսիվ իրականացվոմ էր հրթիռա-հրետակոծություն, օգտագործվում էին հատուկ ուժեր, վարձկաններ, քաղաքը պաշարված էր: Հերոսամարտը շարունակվում էր, մի պահ ունեցել ենք առավելություն, մինչեւ վերջին օրը Շուշիում եղել են մեր ուժերը, բայց սա չի նշանակում, որ նրանք կարող էին ազդեցիկ լինել քաղաքի նկատմամբ ամբողջական վերահսկողությունը վերականգնելու համար»։


«Որոշմանը ստիպված ենք գնացել,
բայց չենք պարտվել»


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ասում է, որ «Շուշիի նկատմամբ հիմնական վերահսկողությունը կորցրել ենք նոյեմբերի 5-ից, իսկ ամբողջությամբ՝ նոյեմբերի 8-ից»:

«Չէինք ուզում հավատալ, որ կորցնում ենք հայրենիքն ամբողջությամբ, չէինք ուզում հավատալ, որ անհնարին էր արդեն կռվել այն եղած ռեսուրսներով, որոնք կային: Շատ երկար փորձում էինք բանակցության սեղանի շուրջ քննարկել եւ կանգնեցնել, բայց խնդիրները մեծ էին: Մարտերն ընթանում էին Ստեփանակերտի մատույցներում՝ 2-3 կմ հեռավորության վրա։ Եթե մարտական գործողությունները շարունակվեին այդ տեմպերով, օրերի ընթացքում մենք կկորցնեինք ամբողջ Արցախը, կունենայինք շատ ավելի զոհեր։ Մարտական գործողությունները՝ տեղափոխվելով մեր առաջնագծի թիկունք, անդառնալի հետեւանքներ կունենային առաջնագծում այդ 43 օրը հերոսաբար պայքարող զինծառայողների համար։ Շրջափակման մեծ հնարավորություններ կառաջանային»,- ասում է Արայիկ Հարությունյանը։

Նա հայտարարում է, որ պատերազմում չհաջողելու պատասխանը «բոլորս ենք տալու»։


«Մենք գիտեինք, որ մեր Պաշտպանության բանակում խնդիրեր կային։ Զորքի բարոյահոգեբանական վիճակը շատ լավ չէր, հանգստանալու, բուժելու հնարավորություն չունեինք, ամեն օր մարտական գործողությունների մեջ, ամեն օր զոհեր, վիրավորներ, հրետակոծություն։ Եվ այդ ամենով հանդերձ՝ կարողանում էինք դիմակայել։ Ես առաջին հերթին խոնարհվում եմ մեր ժամկետային զինծառայողների, ինչպես նաեւ բոլոր զոհվածների ընտանիքիների առջեւ։ Ստիպված էինք գնալ այս որոշմանը, որպեսզի այդ նույն զինծառայողների կյանքը խնայեինք»


«Իսկ ո՞վ է ասել, որ սրանով է ավարտվում ամեն ինչ։ Մենք ավելի սթափ որոշումներ կայացնելու հնարավորություն ունենալու ենք, դրա համար մեզ պետք է համերաշխություն։ Մեր ամենամեծ հակառակորդը եղել է պառակտումն ու խուճապը։ Համազգային խնդիրները դեռեւս առջեւում են, մեր տեսիլքը չի խամրել, ունենք երազանք, երազած հայրենիք»,- նշում է Արայիկ Հարությունյանը։


Արմեն Սարգսյանը նախաձեռնում է
քաղաքական խորհրդակցություններ


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է գալիս հայտարարությամբ.

«Մամուլից տեղեկացա, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ստորագրվել է ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն։ Մամուլից տեղեկացել եմ նաեւ պատերազմի դադարեցման պայմանների մասին։

Որպես Հանրապետության նախագահ այս փաստաթղթի վերաբերյալ ինձ հետ որեւէ խորհրդակցություն կամ քննարկում, ցավոք, չի եղել, որեւէ բանակցության չեմ մասնակցել։

 

Արմեն Սարգսյանը եւ Նիկոլ Փաշինյանը

 

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը համազգային նշանակության եւ կարեւորության հարց է։ Հայաստանի, Արցախի, ողջ հայ ժողովրդի կենսական անվտանգային շահերին եւ իրավունքներին առնչվող ցանկացած քայլ, գործողություն, ցանկացած որոշման ընդունում, առավել եւս որեւէ փաստաթղթի ստորագրում պետք է լինի համապարփակ խորհրդակցությունների եւ քննարկումների առարկա։

Ընդգծում եմ, որ Արցախի, հետեւաբար՝ հայ ժողովրդի ճակատագիրը կարող է լուծվել միմիայն հաշվի առնելով մեր համազգային շահերն ու միմիայն համազգային կոնսենսուսի հիման վրա։

Հաշվի առնելով առկա իրավիճակով պայմանավորված՝ ժողովրդի ստվար զանգվածի խոր մտահոգություններն, անհապաղ նախաձեռնում եմ քաղաքական խորհրդակցություններ՝ համազգային շահերի պաշտպանության մեր օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով

Որպես Հանրապետության նախագահ, ազգապահպանության կարեւորագույն այս պահին համազգային միասնության ձեւավորումը համարում եմ իմ այժմեական առաքելությունը։ Հուսով եմ, որ տասնօրյա ժամկետում բոլորիս կհաջողվի ձեւավորել այդպիսի միասնություն, որի պարագայում ես կհամարեմ, որ օգտագործել եմ հայրենիքիս ծառայելու հնարավորությունները»։


Կրեմլը հուսով է, որ
Հայաստանում «պատշաճ կընկալեն»
ձեռք բերվածը


Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասում է, որ Մոսկվայում չեն ցանկանում գնահատել այն ելույթները, որոնք հնչել են Հայաստանում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո:

«Մենք գիտենք, որ վարչապետ Փաշինյանը բավականաչափ ջանքեր է գործադրում այս պայմանավորվածությունների էությունն ու իմաստը բացատրելու համար: Հուսով ենք, որ այդ բացատրությունները պատշաճ կերպով կընկալվեն», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունն որակում է իբրեւ «Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաղթանակ»:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են REUTERS-ի, Արցախի Պաշտպանության բանակի, ՀՀ նախագահի եւ կառավարության մամուլի ծառայությունների լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: