Հարձակում՝ երեք
ուղղություններով
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ գիշերվա ընթացքում ՊԲ ստորաբաժանումները շարունակել են հակառակորդի խմբավորումների տեղաբաշխման շրջաններում լրահետախուզման եւ կրակային խոցման գործողությունները, որոնց շնորհիվ ոչնչացվել է մեծ քանակությամբ թշնամական զինամթերք եւ մարդկային ուժ:
Օրվա ավարտին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերը հարձակում են ձեռնարկել հյուսիսային, հարավային ու կենտրոնական ուղղություններով:
Արծրուն Հովհաննիսյանը
Հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս մի քանի բարձունքների ուղղությամբ, մեր զինված ուժերն ունեն որոշակի դիրքային առավելություններ, բայց մարտերը շարունակվում են: Կենտրոնական ուղղությամբ՝ դեպի Մարտունի, Ճարտար, որեւէ դիրքային փոփոխություն չկա, բայց մարտերը համառ են»
Նա նշում է, որ Շուշիի մերձակա անտառային գյուղերի ուղղությամբ՝ Կարմիր Շուկայից դեպի արեւմուտք, փոքր խմբավորումների դեմ մարտերը եւս շարունակվում են՝ չնայած նրան, որ հակառակորդի զգալի խմբեր ու ռազմաբազա է չեզոքացվել:
Տեր-Պետրոսյանը եւ Քոչարյանը
առաջարկել են Մոսկվա մեկնել
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը մանրամասներ է հայտնում կառավարության ղեկավարի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին:
«Ի պատասխան լրատվամիջոցների հարցերի տեղեկացնում եմ, որ ԼՂՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը հոկտեմբերի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի ներկայացուցիչների հետ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու եւ քննարկումների արդյունքում Հայաստանի կառավարությանը ստեղծված իրավիճակից կոնկրետ լուծումներ առաջարկելու համար:
ԼՂՀ պաշտոնաթող նախագահները առաջարկել են, որ հնարավոր այցի արդյունքները քննարկվեն Հայաստանի եւ ԼՂՀ նախկին եւ ներկա ղեկավարների հանդիպման ժամանակ: Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով, որ չի կարող խոչընդոտ հանդիսանալ ի նպաստ Հայաստանի եւ Արցախի հնարավոր որեւէ քայլի՝ համաձայնել է առաջարկությանը:
Մեր տեղեկություններով պաշտոնաթող նախագահները դեռեւս Հայաստանից չեն մեկնել: Ամեն դեպքում, վարչապետը եւ կառավարությունը բաց են ստեղծված իրավիճակի հանգուցալուծման առաջարկների համար եւ երբեք չեն հրաժարվել նման առաջարկների քննարկումից», - ասում է Մանե Գեւորգյանը:
«Եվրամիությունն ինքն
իր համար պետք է անի»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնաբանում է Եվրամիության հնարավոր դերակատարությունը Արցախում պատերազմի դադարեցման գործում:
Մի խումբ միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ասում է.
«Մենք աշխատում ենք մեր հույսը մեզ վրա դնել եւ այն երկրների, որոնք ունեն դաշնակցային պարտավորություններ Հայաստանի նկատմամբ: Բայց դուք ինձ հարց եք տալիս տեղի ունեցողի մասին, ես պատասխանում եմ՝ ինչ է տեղի ունենում: Որովհետեւ այն, ինչ ես ասում եմ, Եվրամիությունը մեզ համար պետք է չանի, ինքն իր համար պետք է անի: Ցանկանում է անել՝ թող անի, չի ցանկանում անել՝ թող չանի: Ես պետք է մտածեմ Երեւանի, Հայաստանի եւ հայ ժողովրդի անվտանգության մասին, Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում: Բայց հետո թող հանկարծ չասեն՝ չզգուշացրեցինք:
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է
արտասահմանցի լրագրողների հետ
Այս պատերազմը Եվրոպայում շուտ է սկսել: Եթե Դուք չեք նկատում այն, եթե այնտեղ հեռահար հրետանի չի աշխատում, դա դեռ չի նշանակում, որ այդ պատերազմը չի սկսվել: Այդ պատերազմը տեղի է ունենում»:
Փաշինյանը զրուցում է
ամերիկացիների եւ
իրանցիների հետ
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի հետ հեռախոսազրույցում Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Ադրբեջանը՝ ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը եւ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը՝ երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում:
Նիկոլ Փաշինյանը նշում է, որ այդ հարցում Ադրբեջանին սատարում է Թուրքիան եւ հնարավոր չէ ապահովել հրադադարի պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտել այն եւ ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ:
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Սեյյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետն ասում է, որ բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված եւ կառուցողական մոտեցումը տարածաշրջանային խնդիրների նկատմամբ:
Նիկոլ Փաշինյանն ընդունում է
Իրանի ԱԳ փոխնախարարին
Միջնորդների
հայտարարությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են գալիս հայտարարությամբ՝ հոկտեմբերի 30-ին Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով.
«Համանախագահները առանձին եւ միասին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Համանախագահները կրկին կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել իրենց պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը՝ Մոսկվայի հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության համաձայն, որը կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 17-ին Փարիզում եւ հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում:
Կողմերը պայմանավորվել են շտապ կարգով մի շարք քայլեր ձեռնարկել.
- Կողմերը դիտավորյալ չեն թիրախավորի քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները՝ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն;
- կողմերը ակտիվորեն կմասնակցեն են ռազմի դաշտում աճյունների հավաքագրման եւ փոխանակման իրականացմանը՝ ԿԽՄԿ-ին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրելով անվտանգության անհրաժեշտ երաշխիքներ;
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
- կողմերը ԿԽՄԿ-ին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին մեկ շաբաթվա ընթացքում կփոխանցեն ռազմագերիների ցուցակը՝ ապահովելու նրանց հասանելիությունը եւ հետագա փոխանակումը;
- կողմերը գրավոր կներկայացնեն իրենց մեկնաբանություններն ու հարցերը՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետին համապատասխան հրադադարի պահպանման վերահսկողության հնարավոր մեխանիզմների հետ կապված:
Կողմերը մտքերի բաց եւ առարկայական փոխանակում են անցկացրել՝ համապարփակ կարգավորման առանցքային տարրերի շուրջ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցման նպատակով՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետին համապատասխան։
Համանախագահները շարունակելու են ինտենսիվ աշխատանքը կողմերի հետ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու համար»։
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են REUTERS-ի, Ֆոտոլուրի եւ ՀՀ կառավարության մամուլի ծառայության լուսանկարները: