Մարտեր
Շուշիի համար
Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ կեսգիշերից հետո թշնամական դիվերսիոն խումբը փորձել է հաջողության հասնել Շուշիի ուղղությամբ:
«Հանդիպելով բանակային ստորաբաժանումների եւ կամավորականների կազմակերպված դիմադրությանը եւ կրելով մեծաթիվ կորուստներ, հետ է շպրտվել:
Թշնամական խմբի շրջափակման ու ոչնչացման գործողությունները շարունակվում են: Գիշերվա ընթացքում հարաբերական կայուն լարվածությունը պահպանվել է ճակատային գծի բոլոր ուղղություններում: Թշնամին շարունակել է, բացի պաշտպանության բանակի դիրքերից, հրթիռահրետանային կրակի տակ պահել նաեւ խաղաղ բնակավայրերը: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ»
Ավելի ուշ ՊԲ հայտնում է, որ ժամը 10:30-ի սահմաններում Բերձոր քաղաքից հարավ-արեւելք ընկած ճակատային գծի հատվածում թշնամական ուժերը զրահատեխնիկայի ներգրավմամբ նախաձեռնել են հերթական հարձակումը, որը ՊԲ ստորաբաժանումները կասեցրել են: Ժամը 12:55-ի սահմաններում թշնամին նույն ուղղությամբ ձեռնարկել է հերթական հարձակումը եւ, կորցնելով եւս 2 տանկ ու 2 հետեւակի մարտական մեքենա, դարձյալ հետ է մղվել ելման դիրքեր:
Երեկոյան Պաշտպանության բանակից հայտնում են, որ Շուշի-Բերձոր ավտոճանապարհի որոշ հատվածներ քաղաքացիական բնակչության համար ժամանակավորապես փակ են:
«ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի հավանական ներթափանցման ուղղություններում ընթանում են որոնողական գործողություններ»
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի բնակավայրերի թիրախավորվան հետեւանքով առնվազն 46 քաղաքացիական անձ է զոհվել եւ 144-ը՝ վիրավորվել:
Մնացականյանը ԵԽ-ին
վճռականության կոչ է անում
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ասում է, որ Եվրոպայի խորհուրդը պետք է վճռականություն ցուցաբերի եւ պաշտպանի Արցախի քաղաքացիների ապրելու իրավունքը:
Եվորպայի Խորհրդի Նախարարների խորհրդի նստաշրջանի իր ելույթում Մնացականյանը հորդորում է «վճռորոշ քայլեր ձեռնարկել եւ արժանի լինել ԵԽ հիմնադիր հայրերի ժառանգությանը»:
«Շարունակվող պատերազմի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու կամ նույնիսկ հակամարտության գոտիներում բնակվող մարդկանց սանիտարական կարիքներն ընկալելու անկարողությունը վկայում է առկա խորը ճգնաժամի մասին: Կոմիտեն պետք է գործողություններ ձեռնարկի, այլապես կարող է առերեսվել ժամանակավրեպ դիտարկվելու վտանգին: Սա համաշխարհային կարգի համար վճռորոշ պահ է: Բազմակողմանիությունը կոչված է եղել ապահովել գլոբալ խաղաղությունը։ Այսօր բազմակողմանիությունը ճգնաժամի մեջ է: Դրա ապագան կախված է յուրաքանչյուր պետության ավելի լայն միասնությունից, եւ դա է Եվրոպայի խորհրդի նպատակը: Այս հարցում մենք բոլորս ունենք պատասխանատվության մեր բաժինը եւ պետք է արագ գործենք: Հակառակը՝ ճգնաժամն է, Եվրոպայի Խորհրդի բարոյական ճգնաժամը եւ արժեհամակարգի ճգնաժամը»,- ասում է Հայաստանի արտգործնախարարը:
Պուտին. Ռուսաստանն անում է
իրենից կախված ամեն ինչ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հավաստիացնում է, որ ռուսական կողմն անում է եւ անելու է իրենից կախված ամեն ինչ` Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դադարեցնելու համար:
Կրոնական միությունների ներկայացուցիչների հետ հեռավար հանդիպմանը նա
համոզմունք է հայտնում, որ հակամարտող կողմերի նպատակներին հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով:
«Մենք կապի մեջ ենք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Հուսով եմ, որ կկարողանանք հասնել այնպիսի արդյունքի, որը կբավարարի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց»
Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան
Այս գլխում օգտագործվել են Գիլադ Սադեի լուսանկարները: