Հակառակորդը խախտում է
մարդասիրական հրադադարը


Արցախի Պաշտպանության բանակը հայտնում է, որ հակառակորդը խախտում է ժամը 00:00-ին ուժի մեջ մտած մարդասիրական հրադադարը:

Հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ: Ժամը 07:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն ասում է, որ հյուսիսում հակառակորդը որեւէ արդյունքի չի հասել եւ հետ է շպրտվել։

Հարավում Ադրբեջանը գործողություններ է վարել երկու ուղղությամբ, որոնցից մեկում ունեցել է տեխնիկայի եւ զինամթերքի էական կորուստներ։ «Երկրորդ ուղղության վրա ունեցել են որոշակի տեղաշարժեր», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պատերազմի կրակային մեծ խտության պայմաններում «առանձին բնագծերի կամ տեղանունների քննարկումը ակտուալ չէ»։

 

 

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասում է, որ եթե այս անգամ եւս հակառակորդը չհարգի միջազգային հանրության ջանքերը եւ չեղյալ համարի հրադադարի ռեժիմը, ապա «երրորդ անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից շատ ավելի կոշտ եւ լրիվ այլ մեթոդներով է վերականգնվելու զինադադարը»:


«Կանգնելու ենք մինչեւ վերջ ու պաշտպանելու ենք մեր հայրենիքը, թող որեւէ մեկը կասկած չունենա: Գիտակցում ենք՝ ում հետ գործ ունենք, հետեւաբար՝ մեր բանակը շարունակելու է իր հերոսական առաքելությունը»


Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ «Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Ադրբեջանին պարտադրելու խաղաղության եւ հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման եւ ստուգման հստակ եւ գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ»:

«Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:


Հայաստանը դատապարտում է
Եվրամիության հայտարարությունը


Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է գալիս Եվրամիության դիրքորոշման քննադատությամբ:

«Եվրոպական միությանը մինչ օրս չի կարողացել հստակ եւ միանշանակորեն արձագանքել պատերազմի այս հանցագործություններին, որոնք իրականացվել են Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այդ թվում՝ Սիրիայից եւ Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխմամբ, եւ անտեսել է Արցախի ժողովրդի առջեւ ծառացած գոյաբանական սպառնալիքը, նրա կյանքի իրավունքի կոպիտ խախտումները եւ Արցախում զարգացող հումանիտար ճգնաժամը», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հոկտեմբերի 17-ին Արտաքին գործողության եվրոպական ծառայությունը հրապարակել է խոսնակի հայտարարությունը` այսպես կոչված «Գյանջա քաղաքի հրթիռակոծման» վերաբերյալ։

 

 

Արդեն երեք շաբաթ է, ինչ Ադրբեջանը վայրագորեն հրետակոծում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը՝ դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները, պատճառելով տասնյակ զոհեր խաղաղ բնակչության շրջանում եւ ստիպելով վերջիններիս լքել իրենց հայրենիքը։ Ավելին, Ադրբեջանն արդեն իսկ թիրախավորել եւ կորուստներ է պատճառել Հայաստանի տարածքում գտնվող քաղաքացիական բնակչությանը եւ ենթակառուցվածքներին։ Ներկայիս լայնածավալ ագրեսիային նախորդել են ադրբեջանական ապատեղեկատվության սադրիչ արշավներ, ինչպիսին է այսպես կոչված «Գյանջա քաղաքի հայկական հրթիռակոծման մասին» արշավը։

Տասնամյակներ շարունակ Ադրբեջանն իր հասարակությունը սնում է ատելությամբ եւ հայատյացությամբ, ինչի դաժան դրսեւորումն է Արցախի ռազմագերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների, անմարդկային վերաբերմունքի եւ սպանությունների դրվագներ պարունակող տեսանյութերը, որոնք հպարտությամբ շրջանառվում են ադրբեջանական սոցիալական մեդիայի հարթակում։

 

Զոհրաբ Մնացականյանը

 

Անհիմն մեղադրանքներ տարածելով՝ Ադրբեջանը հրաժարվում է պահպանել ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից միջնորդավորված կրակի դադարի շուրջ պայմանավորվածությունները եւ կտրականապես մերժում է հրադադարի վերիֆիկացիայի մեխանիզմների որեւէ հնարավորություն, որպեսզի շարունակի պատերազմը։

Հայաստանը դատապարտելի է համարում այս միակողմանի եւ կողմնակալ հայտարարությունը, որն Ադրբեջանին «կանաչ լույս» է տալիս անպատժելիորեն շարունակել միջազգային իրավունքի, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքի եւ միջազգային սովորութային իրավունքի խախտումները», - նշվում է հայտարարության մեջ:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հեռախոսազրույցում խորը մտահոգություն է հայտնում «միջազգային հանրության որոշ դերակատարների դրսեւորած ոչ հստակ դիրքորոշման առնչությամբ»:

 

Ժոզեպ Բորելը

 

Նա ընդգծում է, որ «նման քաղաքականությունն Ադրբեջանի կողմից դիտարկվում է որպես միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ ուղեկցվող ադրբեջանական ագրեսիայի շարունակման համար թողտվություն»:

ԱԳՆ ղեկավարը նշում է, որ ադրբեջանական կողմի ագրեսիան տեղի է ունենում Թուրքիայի ուղղակի ներգրավվածության պայմաններում, որն արտահայտվում է վերջինիս կողմից տարածաշրջան զինյալ ահաբեկիչների ներմուծմամբ, ինչն էլ լուրջ սպառնալիք է տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության համար:


Էրդողան. Ռուսաստանը,
ԱՄՆ-ն և Ֆրանսիան
զենք են տալիս Հայաստանին


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հայտարարում է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան զենք են մատակարարում Հայաստանին:

Իշխող կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանն Էրդողանն ասում է.


«Ի՞նչ է ասում Մինսկի եռյակը ՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ֆրանսիան: Նրանք սատարում են Հայաստանին: Նրանք Հայաստանին ամեն տեսակ աջակցություն են ցուցաբերում ՝ զենքի տեսքով»:


Ձեւավորումը՝ Աննա Աբրահամյանի, Թամար Դանիելյանի
Էջադրումը՝ Աննա Ալավերդյանի, Աննա Կրուտակովայի
Նախագծի պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Այս գլխում օգտագործվել են AFP-ի, Ջոնաթան Ալպեյրեյի լուսանկարները:

 

 

«2020 թվականի պատերազմը» Մեդիամաքս մեդիա-ընկերության հատուկ նախագիծն է:
Բոլոր իրավունքները պաշտպանված են:

«2020 թվականի պատերազմը» պատմում է Արցախյան երկրորդ պատերազմի մասին:

Նախագծի յուրաքանչյուր գլուխը ներկայացնում է պատերազմի մեկ օրվա ժամանակագրությունը՝ կազմված Մեդիամաքսի հրապարակումների հիման վրա: